Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հաղթողը կորոշվի «Էմիրեյթսում»

Հաղթողը կորոշվի «Էմիրեյթսում»
12.01.2018 | 11:02

Անցած օրերին գավաթային կրքեր էին եռում եվրոպական ֆուտբոլային գերտերություններից միանգամից երեքում: Ճիշտ է՝ դրանք տարբեր փուլեր էին ներկայացնում, սակայն դրանից այդ հանդիպումների արժեքը բնավ չի նսեմանում, մանավանդ որ, ոնց էլ լինի, դրանցից գոնե մեկ-երկուսում անակնկալ հաշիվ գրանցվելու էր: Ասածս աքսիոմ չէ, սակայն պակաս աքսիոմատիկ էլ չէ:

ԱՆԳԼԻԱ
Մառախլապատ Ալբիոնում լիգայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումների փուլն էր, այդ փուլում՝ առաջին խաղերի շրջափուլը: Ինչ խոսք՝ «Չելսի»-«Արսենալ» զույգի կողքին հավասար մեծություն չի դիտվում «Մանչեստր Սիթի»-«Բրիստոլ» զույգը, սակայն այս դիմակայությունը եկավ ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ գավաթային հանդիպումներում ֆավորիտ ասված բանը խիստ պայմանական հասկացությունների շարքից է: Չէ, ինչ խոսք, որ «Բրիստոլը» չհաղթեց ահեղ մրցակցին, սակայն մինչև խաղի վերջին րոպեներն առկախված էր թողնում հաղթող կողմ լինելու պարագան: Այստեղ վճռորոշ է եղել խաղավարտին փոխարինման ելած Սերխիո Ագուերոյի պարագան, որը «քաղաքաբնակների» համար վաղուց որպես փրկօղակ է ծառայում՝ 2:1: Բնականաբար մտածել, թե պատասխան հանդիպումում «Բրիստոլն» առավել հանդուրժող կլինի, միամտության շարքից է, մանավանդ որ թիմը եկել-հասել է հանգուցային կետի ու այն ևս հաղթահարելու համար ունեցած-չունեցած ամեն ինչ կդնի: Այնպես որ այս դիմակայության ելքի վճռված լինելու առնչությամբ եկեք իլյուզիաների գիրկը չընկնենք:
«Չելսի»-«Արսենալ» գավաթային դիմակայությունն օրերի առումով այնքան էլ հեռու չի կանգնած առաջնության շրջանակներում այս նույն թիմերի ֆանտաստիկ լարվածությամբ ու գեղեցկությամբ առճակատումից, որը ֆուտբոլային կատարյալ ներկայացում էր: Ինչպես առաջնության, այնպես էլ գավաթային այս մրցակցությունում չեղավ հաղթող, սակայն եթե այն մեկում կողմերը երկուական գոլ էին փոխանակել, այս մեկում դարպասի գրավում առհասարակ չգրանցվեց: Փաստը մնում է փաստ, որ ուժեղագույնին որոշելու հարցը թողնվեց «Էմիրեյթսին»: Սեփական մարզադաշտում «զինագործները» կփորձեն զրոյացնել վերջին շրջանում իրենց համար «Չելսիի» անհաղթահարելի լինելու միֆը:


ՖՐԱՆՍԻԱ
Լիգայի մեկ քառորդի խաղերն առանձնապես հաջող ընթացք են ունեցել հյուրերի համար, որոնք չորսից երեքում հաղթանակ են տոնել: «Մոնակոն» դա արել է «Նիցցայի» (2:1), «Պարի Սեն Ժերմենը»՝ «Ամիենի» (2:0), «Մոնպելիեն»՝ «Անժի» (1:0) նկատմամբ: Անհամեմատ լարված է եղել «Ռեն»-«Թուլուզ» դիմակայությունը, որտեղ տանտերերը հյուրերի դիմադրությունը վերջնականապես կոտրել են խաղավարտին մոտ՝ հեղինակելով ևս երկու գոլ՝ 4:2:

ԻՍՊԱՆԻԱ
«Լևանտե»-«Էսպանյոլ», «Սևիլիա»-«Կադիս», «Բարսելոն»-«Սելտա» հանդիպումներով երեկ ամբողջացավ երկրի գավաթի մեկ ութերորդ եզրափակիչ խաղերի շարքը: Դրանց ուշ ժամի ավարտված լինելը հնարավորություն չի տալիս ներկայացնելու գրանցված արդյունքները, նշելու, թե որ թիմը որի հետ է կազմել մեկ քառորդի զույգ, ուստի անդրադառնանք, թե մինչ այդ որ թիմերն են նվաճել հաջորդ փուլ դուրս գալու ուղեգիր: Գրանդ ակումբներից այդ բանն արել են «Ռեալն» ու «Աթլետիկոն»: Ընդ որում, եթե առաջինը «Նումանսիայի» հետ պատասխան խաղում գոհացել է ոչ-ոքիով՝ 2:2 (արտագնայում հաղթել է երեք անպատասխան գնդակի առավելությամբ), ապա «Աթլետիկոն» «Լլեյդայի» նկատմամբ անհանդուրժող է եղել և հյուրընկալելիս: Տարբերությունն այն է, որ Սիմեոնեի սաները երկրորդում մեկ գնդակ պակաս են խփել՝ 3:0:
Մեկ քառորդ տանող ճանապարհն առանձնակի բարդ չի եղել և «Ալավեսի» համար: Երկու խաղում էլ այն «Ֆորմենտերայի» նկատմամբ եղել է առավել (3։1 և 2:0):
«Վալենսիայի» համար փոքր-ինչ ջղաձիգ ընթացք է ունեցել «Լաս Պալմասի» հետ առաջին հանդիպումը (1:1), սակայն երկրորդում այն իրավիճակը արմատապես է շտկել՝ կասկածի նշույլի տեղ իսկ չթողնելով (4:0):
Խոր մրցակցություն է ծավալվել «Վիլյառեալ»-«Լեգանես» դիմակայությունում, որի առաջին փուլն ավարտվել է վերջինիս հաղթանակով՝ 1:0: Հենց այդ գոլն էլ երկխաղ մրցակցության համար եղել է վճռորոշ, քանզի սեփական հարկի տակ «Վիլյառեալը» պահանջված 3:1-ի փոխարեն առավելության է հասել 2:1 հաշվով ու դուրս մնացել հետագա պայքարից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ