«Արցախն արդեն 26 տարի անկախ հանրապետություն է փաստացի ու Արցախի հանրապետության դեյուրե միջազգային ճանաչումը ժամանակի հարց է՚` ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա պետք է լուծվի ղարաբաղյան խնդիրը»: Շարմազանովն ընդգծեց՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս ու Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ արցախյան խնդրի կարգավորումը տարածքային ամբողջականության հետ նույնացնելու հետ որևէ առնչություն չունի:
Նա հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահությունը նշել է 3 սկզբունքները, որտեղ, բացի տարածքային ամբողջականությունից, կա խաղաղ կարգավորման ու ինքնորոշման սկզբունքի իրացման խնդիրը: «Մենք ասում ենք՝ Արցախը երբեք չի եղել, չի լինելու անկախ Ադրբեջանի մաս, Արցախի ճակատագիրը որոշել է Արցախի ժողովուրդը հանրաքվեով, և մեր սուրբ պարտականությունն է պաշտպանել այդ աստվածատուր իրավունքը մինչև լիակատար անկախություն»,- հավելեց նա:
Ադրբեջանի` Արցախի 1991 -ի հանրաքվեի արդյունքները չճանաչելու վերաբերյալ ԱԺ փոխնախագահն ասաց. «Ես ակամայից հիշում եմ ԽՍՀՄ-ը, որն էլ չէր ճանաչում ԽՍՀՄ նախկին երկրների անկախությունը, հիմա ու՞ր է Խորհրդային Միությունը, չկա, Արցախն էլ համալրելու է ՄԱԿ-ի լիարժեք անդամների թիվը»: