Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պե՞տք է խմբագրվի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը

Պե՞տք է խմբագրվի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը
13.01.2018 | 09:57

Այս տարի նշվելու է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակը: Ոմանք առաջարկում են խմբագրել այդ փաստաթուղթը: Ֆրանսուա դե Վարգասի` Կտտանքների կանխարգելման ասոցիացիայի նախկին գլխավոր քարտուղարի կարծիքով` դա կարող է վտանգավոր նախաձեռնություն լինել:
Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-րդ` հոբելյանական տարում, վատ չէր լինի վերանայել փաստաթղթի հիմնական տեքստը: Անկասկած, շատ իրավունքներ ձևակերպվել են 1948-ի դեկտեմբերի 10-ից շուտ իրավական, կրոնական ու սահմանադրական փաստաթղթերում: Բայց 70 տարի առաջ մարդու իրավունքներն առաջին անգամ հայտարարվեցին համընդհանուր: Հռչակագիրը մշակել էր մի հանձնաժողով, որի անդամներից ոչ ոք սևամորթ, մուսուլման կամ հնդիկ չէր: Հռչակագիրն ընդունեցին ՄԱԿ-ի այդ ժամանակվա 58 անդամներից 50-ը: 8-ը` Հարավային Աֆրիկան, Սաուդյան Արաբիան և կոմունիստական պետությունները, ձեռնպահ մնացին: Հայտարարվեց, որ հռչակագիրն ավելին չէ, քան նամակը Ձմեռ պապին` չունենալով պարտադիր իրավական ուժ: Բայց արդեն 1948-ին որոշվեց, որ Հռչակագիրը պետք է ներառի քաղաքացիական, քաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավունքների պայմանագրեր, որ կառաջարկվեն պետություններին վավերացման: Քննարկումը շատ երկար տևեց, պայմանագրերն ընդունվեցին միայն 1966-ին` կոմունիստական պետությունների որոշ հոդվածներին անհամաձայնության պատճառով: Ստեղծվեցին հատուկ հանձնաժողովներ` ուսումնասիրելու այդ պայմանագրերի կիրառման հաշվետվությունները: 1951-ին ընդունվեցին մարդու իրավունքների մի շարք կոնվենցիաներ` այդ թվում փախստականի կարգավիճակի (1951), ռասայական խտրականության (1965), կանանց իրավունքների (1979), կտտանքների (1984), երեխայի իրավունքների (1989), բռնի անհետացումների (2006) վերաբերյալ: Եվրոպայի խորհուրդը, որի անդամ է Շվեյցարիան, ընդունեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (1950), հետագայում ևս մի քանի կոնվենցիաներ, մասնավորապես` կտտանքների կանխարգելման (1987):


Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 30 հոդվածները որևէ երկրում ամբողջությամբ չեն կիրառվել (նույնիսկ Շվեյցարիայում), չեն կարողացել կանխել լրջագույն խախտումները բազմաթիվ պատերազմների ժամանակ, որոնց մեծ մասը վարել են Հռչակագիրն ընդունած երկրները (պատերազմներն Ալժիրում ու Վիետնամում): Շարունակվել են անմարդկային երևույթները` ԽՍՀՄ ԳՈՒԼԱԳ-ներում ու Չինաստանի մշակութային հեղափոխության ժամանակ, լատինամերիկյան բռնապետություններում (Չիլի, Արգենտինա, Հոնդուրաս, Գվատեմալա): Հետո եղան պատերազմներ Հարավսլավիայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում: Նույնիսկ եթե Հռչակագիրը պարտադիր ուժ չի ունեցել, ազդարարել է որոշակի հիմնական սկզբունքներ` գենդերային հավասարությունը, երեխաների իրավունքները, ընտանիքի, առողջության, կրթության, մշակույթի իրավունքները: Հռչակագիրը դատապարտել է կտտանքները, դաժան վերաբերմունքը, ռասիզմը, շահագործումը: Հռչակագիրը հաստատել է, որ մարդիկ ունեն պարտականություններ: Հռչակագրի պրեամբուլայում արձանագրված է, որ մարդը կարող է հարկադրված լինել շահագործման դեմ ապստամբության դիմելու:


Փաստաթղթի վերաբերյալ բազում քննադատական դիտողություններ են արվել.
*Փաստաթղթի մշակման ժամանակ գաղութացված երկրների ներկայացուցիչների, մուսուլման խմբագրի բացակայությունը:
*Պայմանագրերը ընդունվել են շատ դանդաղ և ոչ բոլոր երկրներն են վավերացրել:
*Գերակայում են անհատական իրավունքները, ոչ թե խմբային (արհմիություններից բացի), ժողովուրդների իրավունքները, որ գաղութացված են եղել:
*Դեռ մինչև վերջերս չկային խմբային իրավունքներ բոլոր մարդկանց համար` խաղաղության մեջ ապրելու իրավունքը, առողջ միջավայրում ապրելու իրավունքը, բնությունը հարգելու:
*Մարդու իրավունքների վատագույն խախտումները կատարում են ոչկառավարական կազմակերպությունները (ահաբեկչական խմբավորումները, մաֆիան):
Շրջադարձային էր 2001-ի սեպտեմբերի 11-ը: Ոմանք առաջարկեցին Հռչակագիրը վերախմբագրել: Դա կարող է վտանգավոր նախաձեռնություն լինել` ռիսկ կա, որ կամրագրվի ազատ ձեռներեցության, կլոնավորման, մեծամասնության կամքը փոքրամասնությանը պարտադրելու իրավունքը: Ավելի լավ է փաստաթուղթը պահպանել այն տեսքով, որ ընդունվել է 1948-ին և հասնել բոլոր երկրներում Հռչակագրի կատարմանը:


Երբ ես սկսեցի աշխատել մարդու իրավունքների ոլորտում 1970-ականներին, հույս կար, որ աշխարհի բոլոր երկրներում կամաց-կամաց կսկսեն պահպանվել Հռչակագրի հիմնական սկզբունքները: Բեռլինի պատի քանդվելը 1989-ին և ապարտեիդի անկումը 1994-ին այդ հույսերը մեծացնում էին: Բայց մեզ հիասթափություն էր սպասում: Ամենամռայլ օրը դարձավ 2001-ի սեպտեմբերի 11-ը, երբ մարդու իրավունքների խնդիրները հետ մղվեցին` ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: ԱՄՆ-ը, ՌԴ-ն, եվրոպական, արաբական, աֆրիկյան, լատինամերիկյան երկրները և անգամ Շվեյցարիան մարդու իրավունքների խնդիրները հետին պլան մղեցին հանուն անվտանգության: Այդ պատճառով հիմա շատ կարևոր է վերհիշել 1948-ին հռչակված մարդու իրավունքները:
Ֆրանսուա դե ՎԱՐԳԱՍ, L'Opinion, Ֆրանսիա


Հ.Գ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակը իսկապես հոբելյան է, որ ոչ միայն շնորհավորելու, այլև մտածելու տեղիք է տալիս: 70 տարում աշխարհում կատարված փոփոխությունները չեն կարող չազդել մարդու կյանքի կազմակերպման` նրա իրավունքների ու պարտականությունների վրա, ուստի, որքան էլ 70-ամյա փաստաթուղթը արժանի է հարգանքի ու շնորհակալության, նույնքան վերանայման կարիք ունի: Մասնավորապես` խմբային իրավունքների մասով: Ստացվում է, որ մարդն ունի բնականոն կյանքի իրավունք, իսկ մարդկանց հանրությունը այդ իրավունքը չունի` խոսքը ազգերի ինքնորոշման իրավունքի մասին է, որ հատկապես վերջերս` Կատալոնիայի ու Իրաքյան Քրդստանի հանրաքվեներից հետո, արդիական է: Միջազգային իրավունքը պետք է ընդունի, որ տարածքային ամբողջականության սկզբունքը այլևս չի ապահովում մարդու ու մարդկանց որոշակի ընդհանրություններով իրար շաղկապված մեծ խմբի իրավունքների իրականացումը: Իսկապես աբսուրդ է` պաշտպանել մարդուն ու անպաշտպան թողնել ազգին, որ քաղաքական վիճահարույց հանգամանքներով հայտնվել է սահմանից այն կողմ:

Բացի 70 տարի առաջ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից` վերանայման ու վերախմբագրման անհրաժեշտություն ունի և 1975-ին ընդունված Հելսինկյան եզրափակիչ ակտը: Կոսովոյի անկախության ճանաչումը նախադեպ է, որ հիմք է տալիս շրջանառության մեջ դնել ևս մեկ սկզբունք` ազգի ֆիզիկական գոյության վտանգվածությունը, որի առաջ ժամանակակից աշխարհը չի կարող աչք փակել` դատապարտելով ֆիզիկական ոչնչացման: Եվ սա այն փաստարկն է, որ պետք է շրջանառության մեջ դնել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում: Ապացույցներ Ադրբեջանը տալիս է ամեն օր` սկսած Ռամիլ Սաֆարովից մինչև 2016-ի քառօրյա պատերազմի ընթացքում հակամարդկային բարբարոսությունները խաղաղ բնակիչների ու սպանված զինվորների անդամատման դեպքերով, վերջացրած շփման գծում հրադադարի խախտումներով ու դիպուկահարներին հետ չքաշելով, անվերջ սպառազինվելով: Սա փաստարկ է, որ չի կարող չաշխատել: Որևէ իրավական փաստաթուղթ չի կարող հավերժական ու ժամանակի մեջ անփոփոխ ճշմարտություններ արձանագրել: Եվ որպեսզի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը դադարի նամակ լինել Ձմեռ պապին, անհրաժեշտ է սահմանել պատժամիջոցներ այն պետությունների դեմ, որտեղ խախտվում են մարդու ու ազգի իրավունքները: Դա հենց ապացուցել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70 տարիների պրակտիկան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ