Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նախագահը հանդիպել է Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ

Նախագահը հանդիպել է Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ
13.01.2018 | 10:12

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱԺ ղեկավար կազմի հետ: Նախագահի խոսքից հետո Արա Բաբլոյանը ներկայացրել է Սահմանադրությամբ ԱԺ-ին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ԱԺ բնականոն գործունեության ապահովման ու արդյունավետության բարձրացման նպատակով ԱԺ 6-րդ գումարման գործունեության ընթացքում իրականացված աշխատանքները, հանրությանը հետաքրքրող կարևորագույն և արդիական հարցերի շուրջ խորհրդարանում կայացած լսումները, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների գործունեության հիշյալ ժամանակահատվածի արդյունքները, այդ թվում` խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ:


Խորհրդարանի նախագահը, նրա տեղակալները և հանդիպմանը ներկա մյուս պատգամավորները` ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների նախագահները քննարկման ժամանակ իրենց տեսակետներն ու առաջարկություններն են ներկայացրել նախագահի կարևորած խնդիրների և առաջիկա անելիքների, խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ԱԺ-ի աշխատանքի առաջնահերթ ուղղությունների, խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ: Խորհրդարանականները համակարծիք են եղել, որ պետության համար կարևորագույն հարցերում ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը մշտապես ցուցաբերել են միասնականություն և համախմբել են ուժերը ինչպես միջազգային խորհրդարանական կառույցներում աշխատանքի ժամանակ, այնպես էլ երկրի պաշտպանությանը, անվտանգությանը վերաբերող հարցերում: Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում նրանք ընդգծել են ԱԺ աշխատակազմի հատկապես վերլուծական, փորձագիտական կարողությունների հզորացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, տարբեր երկրների հետ բարեկամության խմբերի աշխատանքի որակի բարելավումը: Նախագահը գոհունակությամբ է խոսել ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանի աշխատանքի մասին` միաժամանակ ընդգծելով, որ չպետք է բավարարվել արվածով, այլ անհրաժեշտ է պահպանել աշխատանքի տեմպը, որ բոլոր խնդիրներին ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տրվեն:


Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը
Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ
Այս հանդիպումը որոշ չափով աննախադեպ է: Թեև ես պարբերաբար հանդիպում եմ ԱԺ նախագահի, այլ պատգամավորների հետ, բայց անհրաժեշտություն համարեցի այսօր հանդիպում կազմակերպել այս ձևաչափով: ԱԺ գործունեության իմ տեսլականը մանրակրկիտ ներկայացրել եմ անցյալ տարվա մայիսի 18-ի ծավալուն ելույթում և բնականաբար այսօր չեմ կրկնի այդ ուղերձի դրույթները, այլ կկենտրոնանամ բոլորիս հուզող այլ հարցերի վրա: Մեզ յուրահատուկ առաքելություն է վիճակվել Հայաստանի կառավարման համակարգը վերափոխելու ուղղությամբ: Ապրիլի 9-ից ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, և պետք է ասեմ, որ բավարարված եմ այս ուղղությամբ ԱԺ-ի իրականացրած աշխատանքներով. անցած տարվա մայիսի 18-ից ի վեր դուք ընդունել եք 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են:
Սրանք լավ և, իհարկե, դրական միտումներ են, այդուհանդերձ, չպետք է պարզապես արձանագրենք այս ցուցանիշը և բավարարվենք արվածով: Պարտավոր ենք պահպանել աշխատանքի այս տեմպը, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տալ առկա բոլոր խնդիրներին:


Կարճ ժամանակում էլի պետք է ահռելի օրենսդրական աշխատանք կատարվի, ուստի աշխատանքի արդյունավետությունը դառնում է խիստ կարևոր: Պետք է նոր և ամբողջական տեսքի բերվի Դատական օրենսգիրքը, նոր օրենքներ պետք է ընդունվեն Սահմանադրական դատարանի մասին, կառավարության մասին, անվտանգության խորհրդի մասին, և այս անցումային շրջանը պետք է հաջողությամբ ավարտենք, իսկ հաջողության չափանիշն այս պարագայում լինելու է սահուն, հարթ և անցնցում ընթացքը:
Ձեր աշխատանքի անցած գրեթե 8 ամիսները ցույց տվեցին, որ Ազգային ժողովը հիրավի հանդիսանում է Հայաստանի հասարակական և քաղաքական գործընթացների կենտրոնական և հիմնական հարթակը: Այս հանգամանքը լիովին արտացոլվեց ոչ միայն Ազգային ժողովի լիագումար նիստերում, այլև մշտական հանձնաժողովների աշխատանքներում, ինչպես նաև տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում:
Կարևոր դերակատարություն է վերապահված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր մարմնին` Ազգային ժողովի խորհրդին: Այն պետք է զարգանա և ամրապնդվի՝ էապես նպաստելով ձեր աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը:
Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ: Այս առումով, ինչպես և աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ և սահուն է ընթանում: Լիագումար նիստերում երբեմն ոչ միայն ընդդիմությունը, այլև կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին և շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման և աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են:


Գնահատում եմ ԱԺ նախագահի հետևողականությունը և համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում: Բոլոր պարագաներում մենք պետք է շարունակենք ամրապնդել հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը ծավալվող քաղաքական քննարկումներում: Կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը:
Դեպի ապագան միտված այս անցումային շրջանում մեր ուշադրությունից չպետք է վրիպեն նաև երկրի առօրյայի և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները: Մի քանի օր առաջ խորհրդակցություն էի հրավիրել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների շուրջ: Խորհրդարանը պետք է իր ձեռքը պահի երկրի զարկերակի վրա, և սա բնական է: Ազգային ժողովն արդեն մի քանի ուշագրավ խորհրդարանական լսումներ է անցկացրել, և գուցե արժե նաև այս հարցի շուրջ նման լսումներ կազմակերպել, որպեսզի հարցը հանգամանորեն հրապարակավ քննարկվի, և մարդիկ տեսնեն իրողությունները: Ինքներդ տեսեք նպատակահարմարությունը, բայց կարծում եմ, որ օգտակար կարող է լինել:


Հուսով եմ, որ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները ևս չեն տուժի այս ընթացքում՝ լինեն դրանք բազմակողմ կառույցներ, թե երկկողմ համագործակցություն: Այս հարցին դեռևս մանրակրկիտ անդրադառնալու, իհարկե, առիթներ մենք ունենալու ենք: Եթե կուզեք այսօր էլ կարող ենք այս հարցերին անդրադառնալ, եթե ոչ՝ ապագա քննարկումների ընթացքում: Տարեվերջին՝ դեկտեմբերին տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, որի կազմակերպման և անցկացման գործում Ազգային ժողովը, ըստ ավանդույթի, իր յուրահատուկ ներդրումը պետք է կատարի:
Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է:
Դրան զուգահեռ նաև ամրապնդվում է ԱԺ աշխատակազմը: Ապագայում ՀՀ նախագահի աշխատակազմն էապես ներգրավված չի լինելու օրենսդրության մշակման և սրբագրման գործընթացին, ուստի պատասխանատվության առյուծի բաժինն ընկնելու է հենց խորհրդարանի աշխատակազմի վրա: Սա էլ շատ կարևոր հանգամանք է, և մենք շատ ուշադիր պետք է լինենք սրա նկատմամբ:


Ազգային ժողովի աշխատակազմը նաև պետք է փորձագիտական աջակցություն տրամադրի ոչ միայն օրենսդրության մշակման, այլև գործադիր իշխանության հանդեպ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ: Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի ՀՀ չորրորդ նախագահին: Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին ԱԺ բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ: Եվ իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում:
Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին: Դժվար է գերագնահատել այս մարմնի կարևորությունը՝ հաշվի առնելով նրան վերապահված լիազորությունները դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու գործում: Այս մարմինը վճռորոշ նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար:
Գալիք ամիսներին անհրաժեշտ է լինելու նաև լրացնել սահմանադրական դատարանի կազմում առաջացող թափուր տեղերը: Ազգային ժողովը նաև պետք է նշանակի նորաստեղծ ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: Կարիք չկա բացատրելու, թե որքան կարևոր է մեր երկրի և տնտեսության ապագայի համար այդ չարիքի դեմ պայքարելը:


Եվ, անշուշտ, ապրիլի 9-ից հետո ԱԺ-ն պետք է ընտրի նաև ՀՀ վարչապետին:
Ես նշեցի որոշ ուղենիշներ դեպի կառավարման նոր համակարգ տանող մեր ճանապարհային քարտեզի վրա: Այսօր գուցե արժե կենտրոնանալ և անդրադառնալ ընդհուպ մինչև մարտի կեսը կամ ապրիլի սկիզբը տեղի ունենալիք զարգացումների վրա: Ակնկալում եմ, որ դուք ակտիվ և անկաշկանդ կլինեք այս քննարկման ընթացքում:
Այս տարի մենք տոնելու ենք Հայաստանի անկախ պետականության վերականգնման 100-րդ տարեդարձը, և մենք պատասխանատվություն ենք կրում ոչ միայն ժամանակակիցների, այլև Հայաստան աշխարհի հազարամյակների պատմության և մայիսյան մարտերի հերոսների հիշատակի հանդեպ: Վստահ եմ, որ այս հանգամանքի գիտակցումը ուղեկցելու է մեզ գալիք ամիսների ընթացքում:


Շնորհակալ եմ ուշադրության համար, այժմ անցնենք քննարկումներին:

Դիտվել է՝ 1197

Մեկնաբանություններ