Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆրանսիացի հացթուխները ուզում են բագետը հավասարեցնել Էյֆելյան աշտարակին

Ֆրանսիացի հացթուխները ուզում են բագետը հավասարեցնել Էյֆելյան աշտարակին
15.01.2018 | 10:15

Ֆրանսիական բագետը կարող է մտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչնյութական ժառանգության ցանկ: Ֆրանսիայի հացթուխների ու հրուշակագործների ասոցիացիայի նախագահ Դոմինիկ Անրակտը հունվարի 12-ին նախագահ Էմանուել Մակրոնին է հանձնել հայտը և խնդրել նրա աջակցությունը միջազգային մակարդակում: Հացթուխների պատվիրակությունը գնացել է շնորհավորելու Մակրոնի Նոր տարին և ավանդույթի համաձայն` նվեր է տարել «արքայական գալետը», որ թխվում է նշի խյուսով` ներսում ունենալով հախճապակե արձանիկ: Այս տարի 1,2 մետր տրամագծով «արքայական գալետը» թխել է Վոկրեսոնի հրուշակագործ Ժոել Պիկենարը: Դոմինիկ Անրակտի հետ Ելիսեյան պալատ էին գնացել 130 հրուշակագործներ: Նրանք էլ Մակրոնին խնդրեցին աջակցել, որ բագետի պատրաստման արվեստը դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչնյութական ժառանգություն: Դոմինիկ Անրակտը, որ Փարիզի La Pompadour հրուշակարանի տերն է, հույս ունի, որ բագետի ներառումը համաշխարհային ոչնյութական ժառանգության ցանկում կօգնի պահպանել հացաթխման ավանդույթները, կնպաստի մասնագիտական կրթության զարգացմանը ու մասնագիտական աշխատանքով կապահովի ֆրանսիացի 33 000 հացթուխներին: 2017-ի դեկտեմբերի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառվեց իտալական պիցցան: Հենց դա էլ ֆրանսիացիներին մղեց բագետի դոսիեն ստեղծելու: Բագետը, որ սովորաբար անվանում են ֆրանսիական, մի քանի ավանդական անվանում ունի` փարիզյան բագետ կամ ուղղակի բագետ հաց, որի պատճառը հացին տրվող երկարուկ ձևն է: Ստանդարտ բագետը պետք է լինի 5-6 սմ լայնությամբ, 3-4 սմ բարձրությամբ և 65 սմ երկարությամբ: Քաշը 250 գրամ է: Սպիտակ փափկահացը պատված է ոսկեգույն կեղևով: Լավ բագետի նշանն է` մատներով սեղմված միջուկը անմիջապես վերականգնում է ձևը, երբ հեռացնում եք մատները: 1993-ի օրենքով` ավանդական բագետը կարող է բաղկացած լինել միայն ցորենի ալյուրից, ջրից, դրոժից ու աղից: Թույլատրվում է հավելել 0,5 % բակլայի ալյուր, 0,5 % սոյայի ալյուր, 0,3 % ցորենի թթխմորի ալյուր: Որտեղի՞ց է հացի երկարուկ ձևը, հայտնի չէ: Գրավոր աղբյուրները վկայում են, որ բագետները առաջին անգամ հայտնվել են Փարիզում` 19-րդ դարում Փարիզ այցելած ճանապարհորդներն արդեն հիշատակում են բագետը: Մինչև այդ հացը կլոր էր, որ թույլ էր տալիս փափկահացը ավելի երկար թարմ մնա:

Տեսակետ կա, որ «ձողի» (այդպես է թարգմանվում բագետը) ձևը նապոլեոնյան պատերազմների ժամանակ են հացին տվել, որ զինվորները կարողանան երկարատև արշավների ժամանակ հացը ամրացնել ազդրին` սուսերի ու հրացանի հետ: Առավել հավանական է, որ երկար-բարակ հացը հայտնվել է հրամանագրից հետո, որ արգելում էր հացթուխներին առավոտյան 4-ից շուտ սկսել աշխատանքը` չխանգարելու փարիզեցիների քունը: Դա սովորական, կլոր հացի համար ժամանակ չէր թողնում, որի խմորն ավելի երկար է հասունանում: Փարիզի մետրոյի արխիվները վկայում են, որ գլխավոր ինժեներ Ֆուլժանս Բիենվենյուն ստիպված էր միջոցներ ձեռնարկելու` դադարեցնելու Բրետանի ու Օվերնի բանվորների ծեծկռտուքները, որ իրենց հետ հաց կտրելու դանակներ էին պահում` ըստ ավանդույթի: Դանակներն արգելվեցին, իսկ մետրոյի շինարարներին տրվեց հաց, որ հեշտությամբ կտրվում էր ձեռքով: Այդ ժամանակից ընդունված է, որ բագետը պետք է ոչ թե կտրել, այլ ձեռքով մասնատել:


Ֆրանսիայում 180 000 հացթուխներ կան, ամեն օր 30 միլիոն բագետ է թխվում (65 միլիոն բնակչության համար), որի միայն 30 %-ն է արդյունաբերական արտադրություն: 1994-ից Փարիզում անցկացվում է լավագույն բագետի մրցույթ, որի հաղթողը իրավունք է ստանում ամբողջ տարին բագետ մատակարարել Ելիսեյան պալատին: 2017-ին մրցույթում հաղթել է Boulangerie Brun հացի խանութը` Տոլբաիկ փողոցից: Մրցույթի ժյուրիում հացթուխներ են, գաստրոնոմիայի ոլորտի լրագրողներ և 6 գաստրոնոմիկ բլոգերներ, որ ընտրվում են վիճակահանությամբ: «Բագետը Ֆրանսիայի նույնպիսի խորհրդանիշ է, ինչպես Էյֆելյան աշտարակը: Մեր երկրում 12 միլիոն մարդ ամեն օր բացում է հացի խանութի դուռը»` ասում է Դոմինիկ Անրակտը` պնդելով բագետի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում լինելու իրավունքը: Հացթուխների պատվիրակությանը ընդունել է և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Լորան Ստեֆանինին:
RFI


Հ.Գ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հացթուխներին ընդունելով` ասել է. «Մեր բագետը ամբողջ աշխարհի նախանձի առարկա է» և խոստացել է աջակցել: Ամբողջ աշխարհը գուցե, բայց մեր լավաշը (եթե կարգին են թխում), որ բագետի հետ նույն բաղադրությունն ունի ու համարյա նույն ձևը (բարձրությունը ու լայնությունը չհաշված), չի զիջում ֆրանսիական հացին: Եվ` արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչնյութական ժառանգության ցանկում է: «Վարպետությունը և փորձը պետք է պահպանել ու հենց այդ պատճառով պետք է բագետը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում»` հացթուխներին ասել է Մակրոնը: Հացթուխները հացի մասսայական արտադրությանը դեմ են` նրանք կարծում են, որ գնորդը ստանում է ոչ թե հաց, այլ` հացի իմիտացիա: Հացթուխի վարպետությունը արհեստ է ու արվեստ, որ սերնդեսերունդ է փոխանցվում ու չպետք է մասսայական արտադրության մեջ կորչի: Ընդունեք, որ նույն խնդիրը վերաբերում է և լավաշին: Մեր հացթուխների մտքով չի անցնի մասնագիտական պատվախնդրությունը բարձրացնել արվեստի ու ազգային ավանդույթի պահպանման մակարդակի: Կարևորը` թխելուց հետո հացը գոնե մեկ ժամ հացանման լինի և չզգացվի, որ գինը չի բարձրանում, բայց քաշը պակասում է: Խնդիրների տարբերությունը ստեղծում է աշխարհընկալման տարբերություն: Թե՞ հակառակն է` ինքդ քեզ պիտի հարգես, որ գործդ հարգես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ