Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կովկասյան գարունն ընդառաջ է գնում արաբականին

Կովկասյան գարունն ընդառաջ է գնում արաբականին
15.01.2018 | 22:48

Թուրքական Milli Gazete-ը, վերլուծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրանական քաղաքականությունը, կանխատեսում է, որ հետագայում «առավել կոշտ» կլինի` Վաշինգտոնը Իրանն ընկալում է «Մեծ Մերձավոր Արևելք նախագծի իրականացման ճանապարհին երկու մեծ թիրախներից մեկը»: Առաջին թիրախը` Թուրքիան, արդեն վարակված է իրականացվող քրդական նախագծով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասում է, որ Արևմուտքը «ցանկանում է իրականություն դարձնել 100 տարի առաջ բաժանված քարտեզները»` նկատի ունենալով 1916-ին Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ստորագրած Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, որ ենթադրում էր Օսմանյան կայսրության տարածքի նշանակալից մասի բաժանումը դաշնակիցների միջև Առաջին աշխարհամարտից հետո: Թուրքիայի արագ մասնատման մասին բացահայտ գրում են ԱՄՆ փորձագետները` և Foreign Policy in Focus-ը (առավել հայտնի իբրև FPIF), և Federation of American Scientist-ը (FAS), և Bipartisan Policy Center-ը: Իզուր չէ Անկարան լրջորեն անհանգստացած սիրիացի քրդերին ԱՄՆ-ի աջակցությամբ: Ֆրանսիացի հայտնի փորձագետ, Քաղաքական հետազոտությունների Փարիզի ինստիտուտի դոցենտ Ֆրեդերիկ Անսելը Le Figaro-ում 2018-ի հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունները Մեծ Մերձավոր Արևելքում կանխատեսելիս` հայտարարել է, որ «արաբական գարունը» շարունակվում է և աշխարհագրորեն ընդլայնվելու է: Իսկ հիմա պետք է միջանկյալ կատարված փաստ ընդունել «արաբական աշխարհի բալկանացումն ու կործանարար աղետը»:

Նրա կարծիքով` իրանական խնդրի ներկա արդիականացումը, աշխարհաքաղաքական դեգրադացիայի ալիքների մոտենալը Անդրկովկասին, որ ԱՄՆ ռազմավարները ներառել են Մեծ Մերձավոր Արևելքում, ենթադրում են տարածաշրջանում իրադարձությունների զարգացման նոր դինամիկա, որ առաջ դիտարկվում էր արվարձանային օղակ: Կա մի կարևոր առանձնահատկություն: Անդրկովկասը միայն վերջերս է ներառվել ԱՄՆ-ի «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծում: Մինչ այդ տարածաշրջանը համարվում էր հետխորհրդային տարածքի մաս, որտեղից հարևան Մերձավոր Արևելք կարելի էր փոխադրել ռազմաքաղաքական բարձր տուրբուլենտություն: Այդ տարածքը տարբեր ժամանակներում եղել է մեկ Պարսկական, մեկ Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Այն, ինչ հետո Ռուսական կայսրությանը հասավ, շաղկապված էր պատմական, սոցիալ-տնտեսական, ազգային-տարածքային, կրոնական, աշխարհաքաղաքական և այլ խնդիրներով: Առաջին անգամ դա զգացվեց Ռուսական կայսրության անկումից հտո, երբ 1918-ին հայտնվեցին անկախ պետություններ` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը: Այդ ժամանակ տարածքային վեճերի պատճառներով նրանց միջև տարածաշրջանային պատերազմներ բռնկվեցին, որ հաճախ նման էին միջէթնիկ բախումների: Դրանք «սառեցրեց», բայց ոչ վերացրեց 1920-ականների սկզբին ստեղծված նույնականությունը, որ ձևավորվել էր սովետական օրինակով: Երկրորդ անգամ ամեն ինչ նորից ջրի երես դուրս եկավ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` 1991-ին, երբ Անդրկովկասում հերթական անգամ ստեղծվեցին նոր անկախ պետություններ` շաղկապված ուժեղ անջատողական միտումներով: Դա` մի կողմից: Մյուս կողմից` Բաքուն, ինչպես 1918-ին, թուրքական կուրս վերցրեց` ելնելով «մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքից, որ նախատեսում էր հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխություններ տարածաշրջանում` արդեն սահմաններից դուրս գալով (հաշվի առնելով Իրանական Ադրբեջանի գործոնը):


Եթե 1991-ից հետո Անդրկովկասում զարգացող իրադարձությունները պայմանականորեն անվանենք «կովկասյան գարուն», արդյունքը հետևյալն է` Ադրբեջանն ու Վրաստանը կորցրին վերահսկողությունը նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի ու Վրացական ԽՍՀ-ի տարածքների նշանակալից մասի վրա, մինչդեռ Հայաստանը ոչ միայն պահպանեց նախկին Հայկական ԽՍՀ-ի տարածքը, այլև ընդլայնեց իր վերահսկողության գոտին: Երևանը հիմա գործնականում բոլոր ինտեգրացիոն կառույցների մասնակից է, որ ձևավորվել են հետխորհրդային տարածքում, մինչդեռ Թբիլիսին դուրս է եկել ԱՊՀ-ից և փորձում է միանալ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին: Ադրբեջանի թուրքական ճակատը ձախողվում է` կորցնելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հենարանը: Բաքվի, Անկարայի, գուցե նաև Թեհրանի համար, հնարավոր էքզիստենցիալ աշխարհաքաղաքական մարտահրավերներ կարող են հայտնվել միաժամանակ, երբ Վաշինգտոնը սկսի հարևան Մերձավոր Արևելքից Անդրկովկաս ու Իրանի հյուսիսային սահման մղել «աշխարհաքաղաքական ալիքները»: ԱՄՆ ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկի կարծիքով` «իրավիճակը կարող է փոխել ինչ-որ կտրուկ իրադարձություն»: Թրամփը մտադրություն չունի քողարկել Թուրքիայի քաղաքականությունը, որ փորձում է իրականացնել իր երկու արտաքին քաղաքական վարդապետությունները` պանթուրքիզմն ու նեոօսմանիզմը, որոնք չեն համապատասխանում Արևմուտքի խմբային պահանջներին: Այդ առումով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարտվում են: ԱՄՆ նախագահի քաղաքականությունը նրանց համար անակնկալ էր բոլոր առումներով: Առաջիկա հեռանկարում ԱՄՆ-ը Անդրկովկասի նկատմամբ քաղաքականությունը չի փոխի: Առավել հեռավոր ապագայում տարածաշրջանը կարող է պլացդարմ ու ցատկահարթակ դառնալ ամենատարբեր սցենարների համար Անդրկովկասի ու Մերձավոր Արևելքի հատման կետում Մեծ Մերձավոր Արևելքի ձևաչափում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Հարց է ծագում` իսկ Ռուսաստանը արդեն չի՞ խառնվում Անդրկովկասի ու Մերձավոր Արևելքի` փոքր կամ մեծ գործերին: Թե ամբողջ իմաստն այն է, որ եթե Մոսկվան չխառնվի, այս տարածքում ու տարածաշրջանում բոլորը կորած են: Իրականում Հայաստանը ոչ մի տարածք իր վերահսկողության տակ չի վերցրել, որովհետև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս չի եղել, այլ` ինքնավար մարզ: Եվ այնպես չէ, որ մենք տարածքային կորուստներ չենք ունեցել` ռուսական «Կոլցո» գործողության հետևանքով, որ դեռ չենք վերականգնել: Իսկ թե ինչ ալիքներ կգան ու կանցնեն կամ չեն անցնի Մեծ Մերձավոր Արևելքի շրջագծում, ոչ ոք չի կարող կանխատեսել: Օրինակ` ինչու՞ է Թուրքիան նոր պատերազմ սկսում Սիրիայում` Մանբիջում, ի՞նչ հայտարարություններ է անում Էրդողանը` քրդերի գլուխները կտրելու մասին և ի՞նչ հետևանքներ կունենա զորքի ու տանկերի կուտակումը Թուրքիա-Սիրիա սահմանին` ի վերջո չի՞ վերաճի ռուս-թուրքական բախման: Խաղաղություն կհաստատվի՞ Սիրիայում: Ինչպե՞ս կլուծվի Սիրիայի քրդերի հարցը: Բաղդադն ու Էրբիլը որևէ քաղաքական համաձայնության կգա՞ն: Քրդերի ինքնավարություն կստեղծվի՞ Իրաքում: 6 ամիս հետո ի՞նչ կանի ԱՄՆ նախագահը Իրանի միջուկային համաձայնագրի հետ: Վերջապես ո՞վ կլինի Ադրբեջանի նախագահը 2018-ի վերջին և ո՞վ կլինի Թուրքիայի նախագահը 2019-ի վերջին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ