Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Երբ վարչապետը արձակուրդում էր

Երբ վարչապետը արձակուրդում էր
16.01.2018 | 00:15

Բայց Կարեն Կարապետյանի ինչի՞ն էր պետք տարեմուտի 8-օրյա պարապուրդից հետո 4 օրով արձակուրդ գնալը: Եվ ի՞նչ 4 օր, կարծես, դիտմամբ էր գնացել, որ ընդգծեր` ես պատասխանատու չեմ: Կամ` ձեր կյանքն առանց ինձ:
Իսկ կյանքը քաղցր չէ: Անհամ է: Ավելի ճիշտ` դառը: Տտիպ:
Հունվարի 11-ին կառավարությունը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի նախագահած նիստում հավանություն տվեց պահուստային ֆոնդի թանկարժեք իրերի օտարման 2018-2021-ի ծրագրին: Ինչու՞ են ծախում ոսկին, որ չի հնանում, որակները չի կորցնում, միշտ գին ունի: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ 1996-ից թանկարժեք քարերն ու պետական գանձերը կուտակվել են, բազմաքանակ զարդերը ժամանակի մեջ կորցնում են արժեքը: Պատկերացնու՞մ եք աբսուրդը: Հայաստանը կրակն է ընկել իր զարդերի ձեռքը, որ նաև չափազանց թանկ է պահելը: ՈՒրեմն` բացեք թանգարան, ինչպես անում են այլ երկրներում, և ցուցադրեք` փող աշխատելով զբոսաշրջիկների հաշվին, նաև ոչ պահուստային ոսկե զարդեր գնելու հնարավորություն տվեք նրանց: Այդպես անում են Պրադոն, Վատիկանը: Հաստատ հայ բարձրաստիճան պաշտոնյաները Մոսկվա այցերի ընթացքում առիթ ունեցել են լինելու «Ալմաստի թանգարանում», վա՞տ է: Կազմակերպեք ցուցահանդեսներ այլ երկրներում` ներկայացնելով եղածը և հավելելով հայ ոսկերիչների նոր աշխատանքը: Բրենդ ստեղծեք: Պատմություն: Ավանդույթ: Գովազդեք պետությունն ու նրա ունեցվածքը: Ոչ, Հայաստանի կառավարությունը գնում է նախնադարյան ճանապարհով` հանրային աճուրդներ կազմակերպել ու զարդեր վաճառել: Եթե թանկարժեք իրերը չվաճառվեն սահմանված գնով, արժեքը կարող է նվազել միջազգային գներից ոչ պակաս: Ծրագրի իրականացման արդյունքում պետական գանձարանը կստանա բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտի ձուլակտորներ, որ ժամանակի ընթացքում չեն կորցնում արժեքը: Հասկացա՞ք: Ոսկեզարդը ծախում ենք, որ ոսկի գնենք: Համարյա այն անեկդոտն է` ինչպես դառնալ միլիոնատեր, երբ միլիարդատեր ես: Ավելի ճիշտ չէ՞ր պարզ ասել` փող է պետք, ժողովուրդ, փող չունենք, ոչ թե հնարել անհեթեթ պատումներ ու անվանել «Ծրագիր»: Տեղյա՞կ էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Իհարկե: Նույն նիստում նախարար Վահան Մարտիրոսյանը համոզում էր, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր են երթևեկության համար: Ոչ ոք չհարցրեց Սարգիս Վարդանյանի` Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում վթարը աջ ղեկով մեքենայո՞վ էր, թե՞ ղեկը «ճիշտ» էր, վարորդն էր սխալ: Կամ` վթարից մահացած ոստիկանները: Ինչու՞ ոստիկանների մահը, տարբեր փողոցներում պարբերաբար վթարներից մահացող միջին վիճակագրական հայերի համեմատությամբ` այդքան աղմկահարույց դարձավ: Վարորդի՞, թե՞ նրա զոհերի պատճառով: Սխալ է, չէ՞, մեղավորին անպատիժ թողնելը` բումերանգը վերադառնում է, բայց ոչ միշտ նետողին: Վարչապետը, որ անաչառ հետաքննության վստահություն էր հայտնում, ու՞մ էր պաշտպանում` ոստիկանների՞ն, վարորդի՞ն, ճշմարտությու՞նը:


Հունվարի սկիզբը միանշանակ Սերժ Սարգսյանինն էր` խորհրդակցություններ, հանդիպումներ, ելույթներ, և բոլորը` խիստ արդիական թեմաներով: Կամ` նա բարձր նոտայի վրա է ուզում ավարտել նախագահությունը, կամ` սահուն անցնում է պետության ղեկավարի դերին` վարչապետի պաշտոնում: Լեգիտիմ վարչապետության համար կարևոր է անցումն անցնցում, սահուն ու առանց այլընտրանքի ապահովելը: Եվ` նվազագույնը տարօրինակ է, որ ոչ թե ապրիլից հետո, այլ հիմա են սկսվել թանկացումները: Նախկինում էլ եղել են թանկացումների օբյեկտիվ պատճառներ, որոնց հետևանքները տարիներ անց են հայտնի դարձել: Ավելի ժողովրդավա՞ր, թե՞ թույլ ենք հիմա, որ նախագահ, վարչապետ, կառավարություն փոխելուց առաջ հանրությանը, որ այդ գործընթացներին այլևս չի մասնակցելու, հրամցնում են օբյեկտիվ ընդվզման պատճառներ: Թե՞ հույսը ավանդույթի վրա է` սոցիալական հարցերով հայերը փողոց դուրս չեն գալիս: Իսկ եթե գա՞ն: Ո՞վ է «նշանակվելու» քավության նոխազ:

Դուրս գալը կասեցնելու համա՞ր են` համատեղ իշխանությունից` հնացած ու մոռացված ընդդիմություն, գրոհում «Ելքի» վրա, որ հունվարի 19-ին թանկացումների դեմ երթ է կազմակերպում: Թե՞ վախից: Փողոցի` իրենք իրենց համոզելով, որ «Ելքն» այլևս փողոցի հետ կապ չունի` ժողովուրդ չունի: Կամ էլ` փողոց դուրս գալը հարցի լուծում չէ: Իսկ ո՞րն է հարցի լուծումը:
Հունվարի 10-ին Սերժ Սարգսյանը 9 պաշտոնյաների խորհրդակցության հրավիրեց «առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով»: Ասաց` պատասխանատուներից ակնկալում է, պահպանելով մրցակցության պայմանները, իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման ամենախիստ մշտադիտարկում, որի համար պետությունն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները, պահանջեց գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ` գների բարձրացման հետևանքները մեղմելու ու հանրությանը մշտապես տեղեկացնելու սպառողական շուկաների վիճակի մասին: Նրա ամբողջ ելույթից ստեղծվում էր տպավորություն, որ կառավարության խնդիրը ոչ թե գնաճը կանխելն է, այլ մարդկանց բացատրելը, թե ինչու է ամեն ինչ թանկանում, երբ իրենց եկամուտները չեն ավելանում: Լավ բացատրելը` հիմնավոր ու համոզիչ: Իսկ գները կիջնե՞ն բացատրությունից: Փոխվու՞մ է միջին վիճակագրական հայի գրպանի պարունակությունը, երբ նա իրավունք ունի «ամբողջական պատճառների մասին ստույգ տեղեկություն ունենալու»: Եթե կառավարությունը կազմի սոցիալապես կարևոր ապրանքների ցանկ և շարունակ ուսումնասիրի այդ ապրանքների գների դինամիկան, ներկայացնի գնային փոփոխությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, գնահատի թանկացման ռիսկերը, ի՞նչ կփոխվի: Չի՞ ստացվի, որ սոցիալապես խոցելի խավը աճում է թվի մեջ, տարբերությունն այն է, որ պատճառը գիտի: Իսկ հետո նախագահը ընդունեց գլխավոր հարկահավաքին ու Վարդան Հարությունյանին հանձնարարեց բյուջեով նախատեսված մուտքերն ապահովել` առանց խոչընդոտելու տնտեսավարողների բնականոն գործունեությունը, կենտրոնանալ փաստաթղթային ստուգումների վրա՝ բացահայտել ռիսկային տնտեսավարողներին: Շարունակել հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացումը, հատուկ ուշադրություն դարձնել մաքսային ձևակերպումների պարզեցմանը: Արագ գործարկել էլեկտրոնային հարթակը:


ՈՒ` ի՞նչ: Ո՞վ է գնաճի պատասխանատուն: Նախագա՞հը, որ վարչապետի բացակայությամբ խորհրդակցություն է հրավիրում, թե՞ կառավարությունը, որ վաղուց պիտի իմանար օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները և իր գործն աներ` չսպասելով հանձնարարականների: Բայց մե՞ծ գաղտնիք է, որ Հայաստանում գնագոյացումից մինչև տնտեսական քվոտաներ ու արտոնություններ, որոշում են ոչ թե օրինաչափությունները, այլ մեկ կամ մի քանի մարդ: Պատրա՞ստ են այդ մարդիկ իրենց շահույթի հաշվին չբարձրացնել գները, վճարել հարկերը` դուրս գալով ստվերից, իրական մրցակցային պայմաններ ստեղծել: Պատրա՞ստ է պետությունը որոշ հարկերից հրաժարվել` հանուն տնտեսության զարգացման: Կամ` ակցիզային բարձրացված հարկը գանձել ոչ թե սպառողից, այլ ընկերությունների շահույթից: Թանկացումները վտանգավոր չեն, նպաստում են տնտեսական զարգացմանն ու պետության եկամուտների ավելացմանը, եթե զուգահեռ աճում են սպառողների եկամուտները, ապահովվում է տնտեսական մրցակցությունը, գործում է բաշխման այլ համակարգ: Դա Հայաստանի՞ մասին է, թե՞ տեսություն է, որ մեզ համար պրակտիկա չէ:
Գլխավոր հանդիպումը հունվարի 12-ին էր` նախագահը ընդունեց ԱԺ ղեկավար կազմին: Նախագահականում: Պատվավոր հանդիպման միակ բացական «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր, որ կանխավ ասել էր` ԱԺ նկատմամբ հարգանքը՝ խորհրդարանական կառավարման մոդելի անցման պայմաններում, պահանջում է, որ Սարգսյանը գա ԱԺ, ոչ թե ԱԺ խորհուրդը գնա Բաղրամյան 26: Հարգանք չկա, կա սեր ու նվիրում: ՈՒ ի՞նչ իմացանք:


1. Նախագահը բավարարված է ԱԺ-ի աշխատանքներով, բայց պետք է պահպանել տեմպը, ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տալ բոլոր խնդիրներին: Նախագահը բարձր է գնահատում ԱԺ նախագահի հետևողականությունը և համբերությունը, ԱԺ-ն ճիշտ ճանապարհի վրա է: Թարգմանաբար` երիտասարդ և ոչ երիտասարդ կարիերիստներ, ԱԺ նախագահի փոփոխություն չի լինելու, ջուր մի պղտորեք:
2. ԱԺ-ն պետք է ձեռքը պահի երկրի զարկերակի վրա և գնաճի վերաբերյալ լսումներ հրավիրի: Թարգմանաբար` դուք էլ քննադատեք ու կրկնեք ինչ ես եմ ասել:
3. Մինչև մարտի 9-ը ԱԺ-ն պետք է ընտրի 4-րդ նախագահին, և ցանկալի է, որ նախագահը ընտրվի ԱԺ «ընդարձակ համաձայնության պայմաններում»: Թարգմանաբար` ազգային համաձայնությունը մոռացեք, կազմում ենք ընդարձակը` ՀՀԿ+ՀՅԴ+ԲՀԿ: Դա արդեն պարզ էր, երբ Գագիկ Ծառուկյանը մերժում էր «Ելքի» նախագահի թեկնածուին աջակցելն ու հունվարի 19-ին թանկացումների դեմ «Ելքի» երթին միանալը: ԲՀԿ-ի ընդդիմադիրոտ շրջանն ավարտվեց: Նպատակասլաց: Մնացածը տեխնիկական հարցեր են` ԱԺ-ն կընտրի Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, կլրացնի Սահմանադրական դատարանի թափուր տեղերը, կնշանակի նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ: Ապրիլի 9-ից հետո` կընտրի վարչապետ: Այս հարցը Սերժ Սարգսյանը թողեց կուսական վիճակում` ծանրանալով ճանապարհային քարտեզի և հոբելյանի վրա` Հայաստանի անկախ պետականության վերականգնման 100-րդ տարեդարձի, բայց չանդրադառնալով Ֆրանկոֆոնիային: Այդ նիստին անդրադառնալու առիթ նա դեռ կունենա` հունվարի 22-26-ին, Ստրասբուրգում, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ նախագահը ելույթ է ունենալու, մինչև Ստրասբուրգ մեկնելը Փարիզում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որ Ֆրանկոֆոնիայի օրերին պատասխան այցն է կատարելու Հայաստան: Ի՞նչ են պատգամավորներն ասել Սերժ Սարգսյանին: Բացարձակապես ոչինչ նոր: Համակարծիք են եղել: Բաղրամյան 26-ում հանդիպումը ապացույց է, որ մինչև ապրիլ ու հետո Հայաստանը նույնիսկ կիսանախագահական հանրապետություն չէ, այլ` նախագահական: Դեֆակտո: ԱԺ-ն խորհրդարանական կառավարման մոդելում` ունենալով թիվ 1 մանդատը, գործելու է Սերժ Սարգսյանի «ճանապարհային քարտեզով»: Իսկ նա, ունենալով նույն իշխանությունը, պատասխանատվությունը ցրելու է ԱԺ-ի ու կառավարության միջև: Եվ` կա ընդարձակ ու համակարծիք մեծամասնություն, որ հետո նույն համամասնություններով ձևավորելու է կառավարություն: Ամեն ինչ որոշված է: Ֆորս մաժորների տեղ չկա: Անակնկալներն ու սկանդալները լինելու են շրիշակի մակարդակի: Դուք Դեղին շան տարում պնդելու՞ եք, որ 2+2=4: Ես համաձայն չեմ: Թվաբանությունը ոչինչ է, երբ ելակետ է փոխվում: Իսկ դա միշտ անակնկալ է` ինչպես ձմռանը` ձյունը: Համենայն դեպս` այս տարի: Երևանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Իսկ վարչապե՞տը: Նա վերադարձել է արձակուրդից ու աշխատում է: Ավելին` հունվարի վերջին սխրանք է գործելու` 23-26-ին մեկնելու է Դավոս և մասնակցելու է Միջազգային տնտեսական ֆորումին: Դոնալդ Թրամփի հետ, բայց առանց Վլադիմիր Պուտինի: Մեր կողմերից` Ալիևն է ոտքի տակ ընկնելու Էրդողանի հետ: Կարո՞ղ եք նրան հետայսու մեղադրել, որ միայն ԱՊՀ տարածքում է Հայաստանի տնտեսությամբ զբաղվում: Այո, եթե նա Դավոսում ներկայացնի ԵԱՏՄ-ն, ոչ թե Հայաստանը: Այնուամենայնիվ, վարչապետի ինչի՞ն էր պետք 4 օրվա արձակուրդը:
Ալիբի՞ էր, թե՞ստ, քմահաճու՞յք, թե՞ հույժ կարևոր հանդիպում հույժ անհրաժեշտ մարդկանց: Երկրում ոչինչ չպակասեց, երբ վարչապետը արձակուրդում էր: Եվ` չավելացավ` երբ վերադարձավ: Թեստի պատասխանը կա, իսկ հա՞րցը:

Դիտվել է՝ 2703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ