Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գործարարները հաշվի կնստեն

Գործարարները հաշվի կնստեն
16.01.2018 | 00:27

Կհասցնե՞ն գործարարներն իջեցնել իրենց ապրանքների գները հունվարի 13-ից հետո, դժվար է ասել, սակայն որոշ ապրանքների գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու ՀՀ նախագահի հանձնարարականը միանշանակ շփոթեցրել է ապրանքարտադրողներին:


Եվ այսպես, տարին սկսվել է գնաճը նվազեցնելու մտահոգությամբ, ինչը լավ է, իսկ ապրանքային շուկայում ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, ժամանակը ցույց կտա: Իհարկե, գնաճի զսպման թեման արդիական է և ունի սոցիալական լուրջ ուղղվածություն, իսկ սա նշանակում է, որ ԱԺ լսումների ժամանակ օրենսդրի ընդդիմադիր թևի համար իշխանություններին քննադատելու լայն հնարավորություն կստեղծվի: Սակայն, ինչպես ասում են, խոսելով խնդիրը չի լուծվում, անհրաժեշտ են լուրջ գործողություններ։


Այն, որ Հայաստանում գնաճը հաճախ որևէ կապ չունի միջազգային գների հետ, նորություն չէ: Նորություն չէ այն, որ միջազգային շուկայում որևէ ապրանքատեսակի թանկացումն իր արձագանքն է ունենում նաև մեր երկրում, բայց, արի ու տես, որ հետո նույն ապրանքի միջազգային գնի իջեցումը որևէ կերպ ազդեցություն չի ունենում այդ նույն ապրանքի գնի վրա մեր տեղական շուկայում: Երևի թե «իջնելը» ցավոտ գործընթաց է նաև գների համար:
Առևտրի կանոններին հակասող այս քաղաքականությունն այսօր չի ձևավորվել, այս արատը ժամանակին չբուժվեց և գնալով կարծրացավ` վերածվելով օրինաչափության: Նկատենք, որ այս հիվանդության ախտորոշումը պետք է փնտրել տնտեսական մրցակցության դաշտում: Եթե Հայաստանում ձևավորված լիներ առողջ մրցակցություն, ոչ թե գործեր այս կամ այն «տանիքի» գործոնը, որը եղանակ ստեղծող գործարարների մեջ առաջացրել է գների շուրջ պայմանավորվածությունների դաշտ, ապա այսօրվա պատկերը չէր լինի: Ավելին, մեզ մոտ էլ գները ուղղակիորեն կարձագանքեին միջազգային գների նվազմանը:
Այսօր կառավարությունը փորձում է վերը նշված քաղաքականությունը «կոտրել», սակայն բնական է, որ 20 տարուց ավելի ձևավորված քաղաքականությունը 1-2 տարում կտրուկ չես փոխի: Ամեն դեպքում, այն, որ կա իրավիճակի փոփոխության քաղաքական որոշում, արդեն լավ է: Եվ կարծես թե այդ որոշումը տալիս է իր դրական արդյունքները, ինչը նկատելի է հարկային, մաքսային ոլորտներում: Օրինակ, բանանի, շաքարավազի ներմուծման շուկաները, ըստ ՊԵԿ-ի, ազատականացվել են, և արդյունքը զգացվում է. այս ապրանքների, հատկապես բանանի գինը կտրուկ չաճեց անգամ նոր տարվա նախաշեմին, իսկ շաքարավազի գինը մնում է անփոփոխ:


Վերը նշված խնդրից բացի, կան գնաճի օբյեկտիվ պատճառներ։ Նոր տարուց առաջ` դեկտեմբերի կեսերին, օրենսդիրը վավերացրեց վառելիքի ակցիզային հարկի բարձրացման մասին որոշումը: Բնականաբար, հարկի բարձրացումը պետք է հանգեցներ վառելիքի գնի բարձրացման, սակայն, սրա հետ մեկտեղ, պետք է հասկանալ` արդյո՞ք որոշ ապրանքների և վառելիքի գնի բարձրացումը համարժեք են: Չի բացառվում, որ վառելիքի գնի բարձրացման անվան տակ որոշ գործարարներ իրենց ապրանքատեսակի վրա սահմանեն խելքից դուրս գին:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ