USD480.58
EUR593.23
RUB8.47
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Որտեղի՞ց ձեր մեջ էս պոլիտբյուրոն»

«Որտեղի՞ց ձեր մեջ էս պոլիտբյուրոն»
16.01.2018 | 12:00

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, թե մեր երկրում առկա տնտեսական իրավիճակում երկար հանգստանալը ճոխություն է, ուստի առաջարկել էր հանդես գալ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ, որով 2019 թվականից սկսած Ամանորի տոները կկրճատվեն:

Կառավարությունն այս որոշումը հիմնավորում է հետևյալ կերպ. «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոների ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ ՈՒստի առաջարկվում է տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը, այսինքն` ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը»։ Բացի այդ, կառավարության համոզմամբ, նախածննդյան տոների ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից, ուստի իր հիմնավորման մեջ նշում է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացուցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Սրան գումարենք 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան»:
Գործադիրը, հղում անելով տարբեր երկրներում տարվա ընթացքում ոչ աշխատանքային օրերի վիճակագրությանը, եզրակացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվն արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած ու առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը, ուստի համարում է, որ հայ աշխատավորը հանգստյան օրերի պակաս չունի:


«Իրատեսի» հետ զրույցում Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների արհմիության նախագահ ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ նշեց, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով դեռ 2010 թվականին սահմանվել է ամենամյա վճարովի արձակուրդի տևողությունը, որը կազմում է 20 աշխատանքային օր, և ոչ թե 28 օրացուցային, ինչպես նշված է կառավարության հիմնավորման մեջ:
«Աշխատողը ստանում է արձակուրդային գումար այդ 20 աշխատանքային օրերի համար, հետևաբար շաբաթ և կիրակի օրերի համար, որոնք ընդհանուր հանգստյան օրեր են, արձակուրդային գումար չի հաշվարկվում: Նույն տրամաբանությամբ կառավարությունը կարող էր հաշվարկել նաև ամբողջ տարվա շաբաթ և կիրակի օրերը և նշել, որ մենք ունենք ևս 100-ից ավելի արձակուրդային օրեր։ Կառավարության ներկայացրած այլ երկրների արձակուրդների չափերի վերլուծությունը վստահություն չի ներշնչում»,- համոզված է Ա. Ասատրյանը:


Անդրադառնալով եկեղեցական տոներից հետո, ըստ ավանդույթի՝ Ննջեցյալների հիշատակման օրվա փոխարեն շաբաթ օրերին աշխատելու պարտադրանքին, Ա. Ասատրյանը նշում է, որ այդ կապակցությամբ արհմիության անդամներից բազմաթիվ բողոքներ են ստանում:
«Կարծում ենք, որ դրանք չպետք է փոխարինվեն շաբաթ օրերով։ Քանի որ քաղաքացին և նրա ընտանիքը պետության հիմքն են, ուրեմն այն, ինչ որ արվում է, ի վերջո պետք է արվի հօգուտ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, իսկ քաղաքացին ունի իր անձնական կյանքը, ընտանիքի անդամների հետ ունի պլանավորված միջոցառումներ, ծնունդ, կնունք, հարսանիք, ի վերջո շաբաթ-կիրակնօրյա հանգստի իրավունք և այլն։ Մեռելոց է՝ շատ լավ, բայց աշխատողի շաբաթ օրը թող մնա շաբաթ, որպես հանգստի հնարավորություն: ՈՒստի այն կարծիքին եմ, որ Ննջեցյալների հիշատակության օրվա (մեռելոց) կապակցությամբ տրամադրված հանգստյան օրվա փոխարեն շաբաթ օրն աշխատելու պարտադրանքով խախտվում է աշխատողի հանգստի իրավունքը»:


Ա. Ասատրյանը աշխատողի հանգստի իրավունքի խախտում է համարում նաև հանգստյան օրերին իրականացվող շաբաթօրյակները, որոնց շատ հաճախ հարկադրաբար մասնակցում են հիմնականում պետական հիմնարկների, ուսումնական հաստատությունների, քաղաքապետարանի աշխատակիցները: «Ես ամենևին դեմ չեմ, որ համայնքի բնակիչները միահամուռ օգտակար գործ անեն իրենց համայնքի համար: Բայց իրականում շաբաթօրյակները բոլորովին այլ բնույթ են կրում: Համայնքի բնակիչների մեծ մասը չի էլ ուզում մասնակցել շաբաթօրյակներին, փոխարենը դրանց հարկադրաբար մասնակցում են աշխատողները: Համոզված եմ, որ այդ շաբաթօրյակները ոչ մի օգուտ չեն տալիս հանրությանը, քանի որ մաքրությունը կամ ծառատունկը շատ ավելի լավ կարող են իրականացնել այն մարմինները, որ կոչված են դրա համար։ Ինչպես մեր վարչապետը կասեր՝ «որտեղի՞ց ձեր մեջ էս պոլիտբյուրոն», եկեք վերջ տանք անիմաստ շաբաթօրյակներին, որովհետև երբ մի բան մարդկանց սրտից չի բխում, այլ պարտադրվում է, երբեք չի կարող արդյունավետ լինել»,- համոզմունք հայտնեց Ա. Ասատրյանը:


Ինչ վերաբերում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ կառավարության հիմնավորմանը, ապա նա վստահեցնում է, որ օրենքի նախագծի փոփոխությամբ աշխատողների սոցիալական վիճակն էլ ավելի կվատանա:
«Եթե այժմ աշխատողը երկու օր ավելի հանգստանալով ստանում է այդ օրերի աշխատավարձը, ապա այսուհետ այդ նույն գումարի համար քրտինք պետք է թափի, հավելյալ ծախսեր անի աշխատանքի գնալ-գալու, ընդմիջմանը սնվելու համար, բացի դրանից զրկվելու է նաև ամանորյա լիարժեք հանգստի հնարավորությունից: Բազմիցս ականատես եմ եղել, երբ երկարատև տոն օրերին չեն աշխատում նաև այն ծառայությունները, որոնք պետք է անխափան աշխատեն, որպեսզի երկիրը ապրի իր բնականոն կյանքով։ Այստեղ, իրոք, խնդիր կա, որն արժանի է ուշադրության, չպետք է սահմանափակվել միայն ձևական հերթապահություններ սահմանելով: Ի դեպ, հարկ է հիշել, որ տոնական օրերին աշխատողները ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185 հոդվածի համաձայն պետք է վարձատրվեն կրկնակի»:


Սովորաբար, աշխատողների շահերին առնչվող առաջարկություններն ու նախագծերը հարկ է որ քննարկվեն աշխատողների ներկայացուցիչների՝ արհմիությունների և շահագրգիռ կողմերի հետ: Ա. Ասատրյանի փոխանցմամբ` Հանրապետական եռակողմ կոլեկտիվ պայմանագրով հստակ ամրագրված է, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը մինչև համապատասխան մարմնի կողմից դրանց ընդունումը ներկայացվում են Հանրապետական եռակողմ հանձնաժողովի կարծիքին, սակայն շատ օրենքներ և նախագծեր բոլորովին չեն քննարկվում եռակողմ ձևաչափով։ Այս նախագծի մասին նա տեղեկացել է կառավարության նիստից մեկ օր առաջ, կառավարության կայքից։ «Քանի որ եռակողմ հանձնաժողովը նախագահում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, և օրակարգն էլ նա է ձևավորում, եռակողմի քննարկմանը հիմնականում դրվում են այն նախագծերը, որոնք կամ մշակվում են այդ նախարարության կողմից, կամ գտնվում են այդ նախարարության իրավասության ներքո: Սակայն կառավարության պարտականությունն է մնացած նախագծերը ներկայացնել եռակողմ հանձնաժողովի քննարկմանը: Իսկ երբ դա չի արվում, արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք. ժողովրդավարական պետությունում ընդունվում են իրավական ակտեր, որոնց ժողովուրդը մինչև վերջին պահը տեղյակ էլ չի լինում»,- զրույցի ավարտին ասաց Անահիտ Ասատրյանը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ