«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Փոքր շարժումները չեն կարող փոփոխություններ առաջացնել Իրանի նման մեծ և խոր ավանդույթներ ունեցող երկրում»

«Փոքր շարժումները չեն կարող փոփոխություններ առաջացնել Իրանի նման մեծ և խոր ավանդույթներ ունեցող երկրում»
16.01.2018 | 12:02

«Մամուլի արձագանքները 2018-ի առաջին օրերին Իրանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ավելին էին, քան այն, ինչ իրականում տեղի ունեցավ 80 միլիոն բնակչություն ունեցող այդ երկրում։ Եվ հասկանալի է, թե դա որտեղից է գալիս»,- մեզ հետ զրույցում նշեց պատմական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ։ Ինչ վերաբերում է զանգվածային ցույցերից հետո տարածաշրջանում Իրանի դերի թուլացմանը, ապա, նրա համոզմամբ, տեղի ունեցածը չի անդրադառնա այդ երկրի դիրքերի վրա։


«Իրականում ցույցերը տևեցին ընդամենը մի քանի օր։ Կանխատեսելի էր, որ ընդվզումները շատ արագ մարվելու են։ Այդ իրադարձությունները բացարձակապես չթուլացրին Իրանի դիրքերը տարածաշրջանում։ Հատկապես 2017 թվականին սիրիական բանակի հաջողություններն ավելի են ամրապնդել Իրանի և իրանամետ ուժերի դիրքերը տարածաշրջանում։ Բայց վերջին դեպքերը Սիրիայում, Ասադի բանակի մեծ կորուստները, այդ թվում՝ չորս գեներալների կորուստը, վկայում են, որ իրականում սիրիական հակամարտությունում դեռևս խաղաղությունը շատ հեռու է, և Իրանը շարունակելու է պահպանել իր ազդեցությունն այդ տարածաշրջանում։ Իհարկե, դրա պատասխան արձագանքը եղավ այն, որ արևմտյան երկրները սկսեցին օգտագործել Իրանում սկսված սոցիալական խնդիրները»,- նշեց մեր զրուցակիցը։


Գևորգ Մելքոնյանի փոխանցմամբ` ոմանք իրանյան զարգացումների հետևում տեսնում են Արևմուտքի ստվերը, սակայն Արևմուտքը նշում է, որ եթե ինքն Իրանում նման բան ձեռնարկեր, ապա դեպքերն այլ զարգացում կունենային. «Շատ դժվար է հասկանալ բուն ակունքը՝ սա սոցիալական ընդվզու՞մ էր, թե՞ սոցիալականի տակ թաքնված քաղաքական խնդիր։ Կարծում եմ՝ փորձ արվեց օգտագործել սոցիալական խնդիրը։ Սակայն ԱՄՆ-ի փորձառու վերլուծաբանները նույնպես հասկանում էին, որ նման փոքր շարժումները չեն կարող փոփոխություններ առաջացնել Իրանի նման մեծ և խոր ավանդույթներ ունեցող երկրում։ Շատ դժվար է ասել՝ շարժման ակունքներում կա՞ր Արևմուտքը, թե՞ շարժումը սկսելուն պես Արևմուտքը փորձեց այն օգտագործել»։


Պատմաբանի դիտարկմամբ` Իրանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Հայաստանն այս երկրի հետ ունի շատ սերտ հարաբերություններ, և մեծ հնարավորություն ու անհրաժեշտություն կա այդ հարաբերությունները խորացնելու. «Իրանում տեղի ունեցող յուրաքանչյուր ցնցում մեզ համար անցանկալի է, քանի որ կարող է հանգեցնել անկանխատեսելի գործընթացների։ Բացի այդ, մենք Իրանում ունենք շատ կազմակերպված մեծ համայնք, որը դարերի ավանդույթներ ունի։ Այն, հատկապես սիրիական համայնքի կորստից հետո, Մերձավոր Արևելքում մեր եզակի համայնքներից մեկն է մնացել։ Իրանը նաև մեր հարավային դարպասն է, հետևաբար մեր քաղաքական իշխանության ընտրած չեզոք դիրքորոշումը շատ ճիշտ էր։ Մեզ հարկավոր է առաջին հերթին կայուն հարևան, և դա վերաբերում է ոչ միայն Իրանին, այլև Թուրքիային, Ադրբեջանին և Վրաստանին»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ