Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կարեն Կարապետյանն այցելել է ՊԵԿ

Կարեն Կարապետյանն այցելել է ՊԵԿ
16.01.2018 | 12:46

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017-ի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, 2018-ի անելիքներին: Վարչապետը հանդիպումներ է նախատեսում բոլոր նախարարությունների և գերատեսչությունների հետ՝ ամփոփելու 2017-ը ու խոսելու 2018-ի անելիքների մասին: «Այս տարի սկզբունքները նույնն են՝ ինչպիսի պայմաններ ստեղծենք, որ գործարարը լավ զգա, ձեռնարկատիրությունը հեշտ լինի, օրինապահ դաշտում աշխատող մարդկանց համար խաղի կանոնները հավասար լինեն»,- նշել է Կարեն Կարապետյանը:


ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը վարչապետին ներկայացրել է 2017-ին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները, որոնք կազմել են 1 տրիլիոն 201,6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները, որ նախորդ տարվա համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11,6 %-ով: Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ, հետևաբար նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 78,7 մլրդ դրամ կամ 7,3 %: ՊԵԿ նախագահը վարչապետին զեկուցել է, որ 2017-ին ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձված գումարը կազմել է ավելի քան 60,6 մլրդ դրամ, ինչը 24,6%-ով կամ 12 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:


ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը զեկուցել է, որ 2017-ին հարկային վարչարարության բարելավման աշխատանքներն իրականացվել են հիմնականում հարկային ստվերի բացահայտման, կանխարգելման և հարկային մարմնի կառավարման կառուցվածքի փոփոխության ու կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման ուղղությամբ: 2017-ին «խոշոր և միջին» հարկ վճարողների մասով ներդրվել է «Անհատական վերլուծությունների և հսկողության համակարգը», որի միջոցով ամենօրյա դիտարկման և վերլուծությունների արդյունքում հարկային մարմինը կանխարգելում ու բացահայտում է յուրաքանչյուր հարկ վճարողի հարկային խախտումները: «Փոքր» հարկ վճարողների մասով ներդրվել է «Ոլորտային վերլուծությունների և հսկողության համակարգը», որի միջոցով հարկային մարմինը նույնականացնում է ընդհանուր օրինաչափություններից շեղվող հարկ վճարողներին: Նախ՝ հարկ վճարողին առաջարկվում է շտկել վարքագիծը և հետագայում բացառել խախտումները, որից հետո՝ խախտումը կրկնվելու դեպքում, անկախ հարկ վճարողի «փոքր» լինելու հանգամանքից, ինտենսիվ կերպով իրականացվում են հսկողական միջոցառումներ՝ մինչև խախտումները բացառվեն: Նա նշել է, որ մինչև կառուցվածքային փոփոխությունների իրականացումը, նախ ուսումնասիրվել են հարկային տեսչությունների կողմից իրականացվող բոլոր գործընթացները: Բացահայտվել է, որ առանձին դեպքերում տեսչությունները գործել են ոչ միասնական կարգով, տարբեր տեսչությունների և հարկային տեսուչների ծանրաբեռնվածությունը, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը տարբեր է եղել՝ կախված տեսչության ղեկավարության հայեցողությունից և կարողություններից: Ըստ Կարեն Բրուտյանի՝ այս հանգամանքներից ելնելով՝ տարածքային հարկային տեսչությունները լուծարվել են, և ստեղծվել է Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը: Վարչապետին զեկուցվել է, որ ստուգումների հասցեականությունն ապահովելու նպատակով վերանայվել են ռիսկային չափանիշները, ավելին՝ 25 %-ով կրճատվել է թեմատիկ ստուգումների քանակը: ՊԵԿ փոխնախագահն ավելացրել է, որ 2018-ին շարունակելու են սկսված բարեփոխումները: «Նախատեսում ենք 2019-ի փաստացի կատարողական 10 տոկոս աճով հասնել մեր ծրագրային առաջադրանքին, որ ստանանք մեկ տրիլիոն 325 մլրդ դրամ, արդյունքում՝ հարկային հատվածում առևտրային հարկ վճարողների մոտ աճը կկազմի միջինը 13 տոկոս: Հաշվի առնելով 2017-ի դինամիկան և վիճակագրությունը՝ այդ թիրախն իրատեսական ենք գնահատում»,- ասել է Բրուտյանը:


Կարեն Կարապետյանը ևս իրատեսական է գնահատել և ավելացրել. «Կարծում եմ, որ հունվարի վերջին կամփոփենք 2017-ի տնտեսական ցուցանիշները: Այս պահին տեսնում ենք, որ դրանք լինելու են բարձր՝ քան նախատեսել ենք 2016-ին: 2018-ին ունենք նախադրյալներ, որ այդ տենդենցը պահպանվի: Այսինքն, տնտեսության առումով որոշակի դրական ազդակներ ունենք և այն ինչ պլանավորել ենք՝ պետք է միանշանակ կատարենք»,- ընդգծել է վարչապետը:
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը զեկուցել է, որ պետական բյուջեի եկամուտներից 318 մլրդ դրամն ապահովվել է մաքսային մարմինների կողմից, այսինքն՝ մաքսային մասով աճը կազմել է 60 մլրդ դրամ կամ 23,3 %: Նրա խոսքով, մաքսային եկամուտներն աճել են հիմնականում ներմուծման ծավալների աճի և վարչարարության շնորհիվ: «Կառավարության ծրագրերի իրականացման շրջանակում ՊԵԿ-ի և բիզնեսի միջև փորձել ենք ձևավորվել փոխադարձ վստահության մթնոլորտ, ինչի արդյունքը նախորդ տարվա կատարողականի ցուցանիշն է: Ներմուծման ծավալների ավելացումը փաստում է, որ բիզնեսի մոտ վստահություն է ձևավորվել, որ ցանկացած ժամանակ ապրանքներ ներկրելու պայմաններում չեն ունենալու խոչընդոտ: Բիզնեսի շրջանում մեծացել է նաև մրցակցությունը, սպառման լայն ապրանքների մասով արձանագրվել է գնանկում, ինչը վերաբերում է հիմնականում կենցաղային էլեկտրատեխնիկային, կահույքին, ավտոմեքենաներին և այլն»,- ասել է Ավետիքյանը՝ ավելացնելով, որ ներմուծման ցուցանիշները բացառիկ են վերջին տարիների համար, ինչին նպաստել է ընթացակարգերի պարզեցման և կոշտ քաղաքականության մեղմացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Որպես օրինակ, Ավետիքյանը ներկայացրել է, որ 2017-ին ներկրվել է 39 հազար 270 ավտոմեքենա, այն պարագայում, երբ 2016-ին այդ թիվը կազմել է 16 հազար 887: Արդյունքում պետական բյուջե լրացուցիչ փոխանցվել է ավելի քան 11 մլրդ 660 դրամ հարկ:


Մաքսային ոլորտում մի շարք միջոցառումներ են իրականացվել էլեկտրոնային հարթակը բարելավելու ուղղությամբ, էապես նվազեցվել են մաքսային մարմնի և քաղաքացիների շփումները՝ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով: «Մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում ներդրվել է էլեկտրոնային տարբերակով մաքսային հայտարարագրերի ներկայացման, մշակման և բացթողնման «կանաչ ուղու» ավտոմատ բացթողման հնարավորություն: Մաքսային մուտքի անդորրագրերի մշակման և ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգերի շնորհիվ մաքսային ձևակերպումներն իրականացվում են տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Բացի այդ, ըստ Սամվել Ավետիքյանի, ոչ ռիսկային երկրներից ներկրվող ապրանքների մասով գործարկվել է գործարքի գնի մեթոդը: «Ճիշտ փաստաթղթերի ներկայացման միտում է նկատվում նաև ռիսկային երկրներից ներկրվող ապրանքների մասով: 2017-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ ՊԵԿ պաշտոնական կայքէջում տեղադրվել են առաջին 250 անուն ապրանքների վիճակագրական արժեքները և դրանց ներկրողների թվաքանակը: Աշխատանքներ են տարվում ներկրվող բոլոր ապրանքների հետ կապված տվյալները հրապարակելու ուղղությամբ: Արդեն իսկ տեղադրվել են նաև մաքսային համակարգի կողմից ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքները»,- ասել է Ավետիքյանը: Կարեն Կարապետյանը ողջունել է իրականացվող աշխատանքները, հատկապես ապրանքների մատակարարումների քանակի, ներկրողների տվյալների հրապարակման հետ կապված: «2017-ին իրականում շատ բան եք իրականացրել ու դեռևս շատ բան ունենք անելու: Սահման անցնելը պետք է մաքսիմալ հեշտացնել, խաղի կանոնները հստակ հրապարակել, բոլոր խոչընդոտները, կնճռոտ հարցերը լուծել: Այս լիբերալ դաշտը բերելու է տնտեսության ակտիվացման, և մենք, անպայման, հետևողական պետք է գնանք դրան: Ռեգուլյար պետք է բիզնեսի հետ հանդիպել, լսել ազդակները»,- ասել է վարչապետը և հանձնարարել հանրությանը հնարավորինս արագ և մանրամասն ներկայացնել բոլոր բարեփոխումներն ու դրական փոփոխությունները:


ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը վարչապետին զեկուցել է, որ 2017-ին չկատարված հարկային ու մաքսային պարտավորությունների մասով գանձվել է 25,5 մլրդ դրամ, ապահովվել է հայցային աշխատանքները դատական պաշտպանության գործընթացում: Նա հատկանշական է համարել, որ պարտավորությունների գանձման գործընթացում լիարժեք ապահովվել է սահմանադրությամբ պարտադիր լսված լինելու իրավունքը, ինչի ապահովման արդյունքում էապես նվազել են դատական կարգով բողոքարկման դեպքերը: Ըստ նրա, արձանագրվել է դատական գործերի 50 տոկոսով բեռնաթափում: Տեղեկացվել է նաև, որ նախատեսվում է ապաքրեականացնել քրեական օրենսգրքի մի շարք արարքներ, վերանայել դրանցով նախատեսված պատասխանատվության միջոցները: Վարչապետը ողջունել և կարևորել է վերը նշված նախաձեռնությունները և հանձնարարել սերտորեն աշխատել մյուս գերատեսչությունների հետ՝ բարեփոխումները համատեղ հնարավորինս արագ առաջ մղելու համար:


ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն օրենսդրական դաշտի բարեփոխումներից առանձնացրել է արտադրական նշանակության մեքենաների, սարքավորումների և հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու նախաձեռնությունը՝ նշելով նաև, որ ԱԱՀ-ի վերադարձի հնարավորություն է ընձեռվել նաև երկրի ներքին տարածքում գործունեություն իրականացնողներին: «Հատուկ ուշադրության է արժանացել միկրոձեռնարկատիրության ոլորտը 2000 ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից, իսկ հարկային համաներում նախատեսող օրենքներով հարկ վճարողներն ազատվել են տույժերից ու տուգանքներից՝ հաշվարկներն ինքնուրույն ճշգրտելու դեպքում: 2017 թ. հաշվարկների ճշտման արդյունքում հարկ վճարողները 7 մլրդ դրամի չափով լրացուցիչ հարկ են վճարել»,- ընդգծել է Վախթանգ Միրումյանը: Նա նշել է, որ օտարերկրյա ֆիզիկական անձանց ԱԱՀ-ի վերադարձի կիրառության շրջանակի ընդլայնման նպատակով՝ գնումների մեծության նվազագույն սահմանաչափը 2 անգամ իջեցվել է՝ 100 հազ դրամի փոխարեն սահմանվելով 50 հազ. դրամ: Արդյունքում 2017 թվականի ընթացքում ՀՀ-ում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս օտարերկրյա անձանց վերադարձվել է դրանց համար վճարված ավելացված արժեքի հարկը՝ 665,725.2 հազ. դրամ գումարի չափով:


ՀՀ վարչապետին նաև զեկուցվել է, որ 2017 թ. ապրիլ ամսից գործարկվել է «Հետադարձ կապի համակարգ» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում հարկ վճարողին հեռախոսազանգից հետո գնահատել տվյալ հարցման արդյունքում կենտրոնի աշխատակցի տրամադրած պատասխանի որակը: Հարցմանը մասնակցած հարկ վճարողների 73,5 %-ը դրական է գնահատել կենտրոնի աշխատանքը: Առհասարակ, 2017 թ. ընթացքում հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնից ստացվել է 156 767 հարցադիմում՝ հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրության և վարչարարության վերաբերյալ: Անդրադարձ է եղել հարկային և մաքսային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների բարելավմանն ուղղված վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը:


Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «ՊԵԿ-ի 2017-ի աշխատանքը գնահատում եմ դրական և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: 2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետևողական աշխատենք: Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր: Եթե այդ դաշտն ապահովենք, մնացած բոլոր խնդիրները որպես ածանցյալ լուծվելու են: Եվ վստահ եմ, որ մենք դա կարող ենք անել»:

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ