Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աստված օգնական, կամ` ինչո՞ւ էր Գագիկ Ծառուկյանը գնացել ԱԺ

Աստված օգնական, կամ` ինչո՞ւ էր Գագիկ Ծառուկյանը գնացել ԱԺ
16.01.2018 | 14:10

Ինչո՞վ են Հովիկ Աբրահամյանն ու Արա Բաբլոյանը տարբերվում Գալուստ Սահակյանից: Բազում տարբերություններով հանդերձ` մի հարցում նրանք նույնական են` ներկա խորհրդարանում Գագիկ Ծառուկյանի 157 բացականերից 121-ը հարգելի է համարվել: Բազմամյա պատգամավոր Ծառուկյանը չէր գալիս ու չի գալիս խորհրդարան` խմբակցության ղեկավար լինելով: Նրա ամեն գալուստ վերածվում է պաշտոնական այցի ԱԺ, մինչդեռ պարտականություն է, որ նա պարտավոր է կատարել: Երբ զարմացած լրագրողները հարցնում են, թե ինչու՞ չի գալիս Ազգային ժողով, Գագիկ Ծառուկյանը զայրանում է: «Հիմա որ դուք նայում եք, Ծառուկյանի աշխատանքը՝ որպես մարդ, դրական ես գնահատում, թե՞ բացասական: Հիմնականում քո պատճառով ա, որ երկիրն էս օրին ա: Մարդկանց ոչ ճիշտ տեղեկություն եք տալիս, պատվերներ եք կատարում, դուք ապրում եք այս երկրում, պետք է մարդու գործը նայել: Ծառուկյանին սիրես, թե չսիրես, նայելով իրա կատարած գործը, այցելությունները, դու դրական ես համարում, թե՞ բացասական»` ահա այսպիսի հռետորական, դեմագոգիկ պատասխան է տվել խմբակցության ղեկավարը հարցին` լրագրողներին մեղադրելով:

Այսինքն` այդ տրամաբանությամբ ԱԺ լավագույն պատգամավորը ԱՄՆ-ում բնակված, հանգուցյալ Քըրք Քըրքորյանն է` նայելով նրա գործերին: Ոչ: Ծառուկյանը հակադարձում է` «Ես գիտեմ ով եմ, դու իմացի`դու ով ես»: Մարդը փաստացի նույնականացման խնդիր է դնում ոչ միայն լրագրողների, այլև խորհրդարանի առաջ` հայտարարելով, որ պատգամավորների 90 տոկոսը գալիս են աշխատանքի, հետո ներկա են ստանում ու արագ հեռանում ԱԺ-ից: Եվ ո՞վ են նրանք, ուրեմն: «Իսկ Ծառուկյանը գործով է զբաղվում, Ծառուկյանի միայն կատարած գործը մեկ ամիս առաջ, որ Եվրախորհրդարանից բերեց 70 պատգամավոր, որից 20-ին տարավ Ղարաբաղ, ինձ թվում է որևէ խորհրդարանի պատգամավոր իրա ամբողջ կյանքում այդպես արդյունավետ աշխատանք չի կատարել»: Փաստացի` Գագիկ Ծառուկյանը պատգամավորի իր աշխատանքը պատկերացնում է ուղևորությունների կազմակերպիչ` վստահ ուղևորությունների քաղաքական դրական արդյունքներին: Աստված օգնական:
Բայց դա միակ գյուտը չէ, որ ԲՀԿ խմբակցության ղեկավարն արել է հունվարի 16-ին: Ավելին` նա արել է դարակազմիկ, առանցքային, սկզբունքային բացահայտում Կարեն Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի միաժամանակ վարչապետի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ` «Երբ որ իրենք համապատասխան թեկնածուն կառաջարկեն, մենք կքննարկենք»: Տողատակերում, այնուամենայնիվ, չի զսպել իրեն` «Ուրեմն, մենք ոչ թե անձնական խնդիրներ ունենք, մենք իրականությանը տիրապետում ենք»: Ավելին, երբ հարցրել են, թե գործող վարչապետի աշխատանքն արդյունավե՞տ է գնահատում, պատասխանել է. «Այդ հարցի պատասխանը դուք ձեր վրա զգացեք՝ անցյալ տարի էիք դուք լավ ապրում, թե՞ այս տարի: Կարող եք դուրս գալ փողոց ու այդ հարցը տաք»:


Բայց լրագրողներին փողոց ուղարկելով` ինքը կտրականապես դեմ է փողոց դուրս գալուն` ինչու՞ իր ղեկավարած դաշինքը չի մասնակցելու «Ելքի» հունվարի 19-ին երթին թանկացումների դեմ, հարցին նա պատասխանել է. «Դուք ո՞նց եք մտածում, եթե այսօր Ծառուկյանը հայտարարում է, մեր ընտրողները դուրս են գալիս փողոց, հարցի լուծումը ո՞րն է: Մենք պետք է աղմո՞ւկ բարձրացնենք, թե հարցը կարգավորենք»: Կարգավորումը շատ կառուցողական է` մասնակցելու են այդ թեմայով խորհրդարանական լսումներին, իրենց կարծիքը կասեն, հետո կտեսնեն, թե ինչ որոշում է ընդունվում: Գագիկ Ծառուկյանը նաև վիրավորված է` սեպտեմբերին դաշինքը նիստ էր հրավիրել՝ ուղղված Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելուն, որ գնաճը մեղմվեր, բայց ոչ մի քաղաքական ուժ չաջակցեց:


Ըստ նրա՝ իրավիճակը կարող էր մեղմել թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը, որ 2015-ից չեն բարձրացել ու կա որոշում, որ մինչև 2020-ը չեն բարձրանալու: «Ելքի» հետ չհամագործակցելը, պարզվում է, քաղաքական հարց չէ, զուտ պրագմատիկ հաշվարկ է. ՙԵթե մենք և «Ելքը» իրար հետ վերցրած, դա չի կազմում այն ցուցանիշը, որ մենք կարողանանք հաղթենք, ինչի համար մասնակցենք»: Տրամաբանական հարցին` հնարավո՞ր է ՀՀԿ նախագահի թեկնածուին աջակցեն, Ծառուկյանը դարձյալ հոդաբաշխ պատասխան չի տվել. «Ամեն ինչ հնարավոր է, նայած թե… Մենք չգիտենք թեկնածուն ով ա: Եթե այսօր մեր ժողովուրդը լիարժեք իրավունք է տվել ՀՀԿ-ին որոշելու, ներկայացնելու, ընտրելու առանց մեզ և առանց ՙԵլքի՚, ինչի՞ մասին է խոսքը»: Բայց այդ դեպքում առավել պրագմատիկ ու ռացիոնալ կլիներ, եթե ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլև դաշինքի ոչ մի պատգամավոր Աժ չգար` չէ որ «ժողովուրդը լիարժեք իրավունք է տվել ՀՀԿ-ին որոշելու, ներկայացնելու, ընտրելու»:


Ահա այսպես` Գագիկ Ծառուկյանը կատարել է իր ԱԺ պաշտոնական այցի պատմական առաքելությունը` հայտարարել է, որ դաշինքը չի միանալու հունվարի 19-ի «Ելքի» երթին` թանկացումների դեմ: Թեպետ նույն ՀՀԿ-ն հաճույքով օրակարգ չի ներառում ու մերժում է դաշինքի օրինագծերը` թանկացումների դեմ: Կա՞ տրամաբանություն «Ծառուկյան» դաշինքի գործողություններում: Կա: Վերին, ուրեմն` անբացատրելի: Աստված օգնական:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մի հարց էլ է եղել Ծառուկյանին տեսած երջանիկ լրագրողների կողմից` հնարավո՞ր է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեն, պատասխանը, սակայն, տրիվիալ էր` Ծառուկյանը եթե-ներով հարցին չի պատասխանում, այդ հարցը չի քննարկել: Իսկ երբ հարցրել են` Սերժ Սարգսյանն իր համար անփոխարինելի՞ է, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է. «Իմ համար անփոխարինելի մարդ չկա»: Ընդունեք, որ անկեղծ չի եղել: Առավելևս որ Գագիկ Ծառուկյանը շատ նուրբ տարբերություններն էլ է ընկալում: Օրինակ` ինչո՞ւ էր գնացել նախագահական ՀՀ նախագահի հետ հանդիպման, հարցին պատասխանել է. «Սերժ Սարգսյանը հրավիրել էր նաև խմբակցությունների ղեկավարներին ու հանձնաժողովների ղեկավարներին, որը համապատասխան ինքը ներակայացրել էր, ասել էր: ՀՀԿ-ն իր տեսակետն ա ասել, ՀՅԴ-ն իր, Բարգավաճ Հայաստանն էլ իր: Եթե լիներ պատգամավորների հետ հանդիպում, Սերժ Սարգսյանը կգար Ազգային ժողով»: Այսինքն` կամ խմբակցությունների ու հանձնաժողովների ղեկավարները պատգամավոր չեն, կամ պատգամավորները շարքային մահկանացուներ են, որ նախագահական գնալ չեն կարող` Սերժ Սարգսյանը նրանց հետ ԱԺ-ում է հանդիպում: Ասեք, որ մտքի գլխապտույտ թռիչք է և ամեն մեկին հասու չէ: Մնում է հավելել` Աստված օգնական:

Դիտվել է՝ 3760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ