Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ոսկի մարդ է, ինչ ասես

Ոսկի մարդ է, ինչ ասես
16.01.2018 | 17:29

Այսօր խորհրդարան էր եկել նիստերից մշտապես բացակայող «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նրան շուրջկալած լրագրողներին, բնականաբար, հետաքրքրում էր, թե ինչպես է պատահել, որ Ծառուկյանն աշխատանքի է եկել: Բայց չգիտես ինչու ԲՀԿ առաջնորդին նյարդայնացրել է իր բացակայությունների մասին հարցը և նա մեղադրանք է հնչեցրել լրագրողների հասցեին: «Հիմա որ դուք նայում եք, Ծառուկյանի աշխատանքը՝ որպես մարդ, դրական ես գնահատում, թե՞ բացասական: Հիմնականում քո պատճառով ա, որ երկիրն էս օրին ա: Մարդկանց ոչ ճիշտ տեղեկություն եք տալիս, պատվերներ եք կատարում, դուք ապրում եք այս երկրում, պետք է մարդու գործը նայել: Ծառուկյանին սիրես, թե չսիրես, նայելով իրա կատարած գործը, այցելությունները, դու դրական ես համարում, թե՞ բացասական»,- ասել է պատգամավորը:


Այստեղ մի փոքր «բայց» կա: Դեռ մի կողմ թողնենք, որ լրագրողներն իրենց աշխատանքն են կատարում ու լիովին տրամաբանական հարց են հնչեցնում՝ հաշվի առնելով Ծառուկյանին նիստերից ամիսներով բացակայելու փաստը, պարզվում է, որ երկիրը «էս օրին» է լրագրողների պատճառով: Խնդիրը շատ հեշտ շրջանցելու ձև է գտել «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը: Ավելի առաջ է գնացել ու «անգործության» մեջ մեղադրել նաև իր մյուս գործընկերներին՝ հավելելով, որ պատգամավորների 90 տոկոսը գալիս է աշխատանքի, հետո ներկա է ստանում ու արագ հեռանում ԱԺ-ից: Ինչ կարող ես ասել, մարդը ճիշտ է ասում, բայց ինչ է ակնարկում Ծառուկյանը, որ խորհրդարան գալու իմաստ չկա՞: Դա է պատճառը, որ որպես իր «օրենսդրական» աշխատանքի արդյունք կրկին երրորդ դեմքով ներկայացնում է հետևյալ փաստը. «Իսկ Ծառուկյանը գործով է զբաղվում, Ծառուկյանի միայն կատարած գործը մեկ ամիս առաջ, որ Եվրախորհրդարանից բերեց 70 պատգամավոր, որից 20-ին տարավ Ղարաբաղ, ինձ թվում է որևէ խորհրդարանի պատգամավոր իրա ամբողջ կյանքում այդպես արդյունավետ աշխատանք չի կատարել»: Հասկացա՞ք, ինչ արդյունավետություն է ապահովում այս գործունյա մարդը, իսկ մենք՝ լրագրողներս, անընդհատ հարցնում ենք, թե ուր է նա, ինչու աշխատանքի չի գալիս: Պարզվում է՝ «որևէ խորհրդարանի պատգամավոր իրա ամբողջ կյանքում այդպես արդյունավետ աշխատանք չի կատարել»:

Ոսկի մարդ: Ընդամենը նկատենք (եթե, իհարկե, դրանում ևս Ծառուկյանը մեզ չի մեղադրի), թե ինչու է այս մարդը պատգամավորի մանդատը պահում գրպանում, եթե կարող է մի ողջ խորհրդարանի աշխատանք միայնակ անել, մարդկանց տանել ու բերել Ղարաբաղ: Նրան ասեք, որ մանդատ ստանում են նաև խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու և օրենսդրական գործունեություն ապահովելու համար: Վատ չէր լինի էլի, որ ձեռքի հետ մեկ-մեկ էլ հիշեր, որ պատգամավոր է ընտրված ու աշխատանքի ներկայանալու պատասխանատվություն ունի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ