Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էրդողան․ Չեմ պատրաստվում զանգահարել Դոնալդ Թրամփին

Էրդողան․ Չեմ պատրաստվում զանգահարել Դոնալդ Թրամփին
17.01.2018 | 14:04

«Թուրքիան բնում կխեղդի իր սահմանների երկայնքով քրդական զինված ուժերի ստեղծման ցանկացած փորձ»` Անկարայում նոր էլեկտրակայանի բացման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` մեկնաբանելով երկու օր առաջ հայտնված տեղեկությունները, թե ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայի հյուսիսում 30- հազարանոց սահմանապահ ուժեր ստեղծել` Սիրիայում և Իրաքում իրականացվող Inherent Resolve գործողության հրամանատարներից գնդապետ Թոմաս Վիլի, սիրիացի քրդերից կազմված ջոկատներից: Նրա համոզմամբ, սակայն, ամերիկացիները սահմանապահ ուժերի ստեղծման ընթացքում պատրաստվում են համագործակցել քրդական այն կառույցների հետ, որոնց Անկարայում ահաբեկիչ են համարում: «Ահաբեկիչներին տրամադրվելիք այդ համազգեստների վրայից հանեք ԱՄՆ տարբերանշանները, որ մենք հետագայում ստիպված չլինենք թաղել ահաբեկիչների հետ միասին: Աստծո օգնությամբ, Թուրքիայի զինված ուժերը շուտով Աֆրինում և Մանբիջում ավարտին կհասցնեն իրենց առաքելությունը: Բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, և ռազմական գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի»,- հայտարարել է Էրդողանը` ընդգծելով, որ արդեն մի քանի օր է, ինչ Սիրիայի հետ սահմանի երկայնքով գործի է անցել թուրքական հրետանին: «Մենք հրետակոծում ենք քրդական ուժերի դիրքերը և շարունակելու ենք հրետակոծել»,- հայտարարել է նա:


Haber Turk պարբերականի տեղեկություններով, քրդական ուժերի կենտրոնացման հիմնական շրջաններից մեկում` Աֆրինում ծրագրվող գործողությանը նախորդելու է լայնածավալ օդային հարված, որի թիրախն են դառնալու քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի» մոտ 150 ռազմական օբյեկտներ: Թերթի տեղեկություններով, Սիրիայի քրդերի դեմ ուղղված այս գործողության առաջին փուլը կշարունակվի վեց օր: Դրանից հետո Սիրիայի հյուսիս մուտք կգործեն թուրքական բանակի էլիտան համարվող հատուկջոկատայինները:
«Չի բացառվում, որ նրանք ստիպված լինեն դիրքային մարտեր վարել»,- գրում է թերթը: ՆԱՏՕ-ի դաշնակիցների, նախ և առաջ ամերիկացիների դիրքորոշման մասին Էրդողանը խոսեց «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ընթացքում:


Էրդողանը նախ նշեց, որ ռազմական գործողությունների փուլին անցնելուց առաջ ինքը չի պատրաստվում դիվանագիտական շփումների մեջ մտնել Վաշինգտոնի հետ` «Չեմ կարծում, թե ես պետք է զանգահարեմ Դոնալդ Թրամփին»: Նրա խոսքով, մեծ է հավանականությունը, որ քրդերի դեմ իրականացվող գործողություններին մասնակցեն նաև սիրիական զինված ընդդիմության ջոկատները: «Շատ կարճ ժամանակահատվածում մենք կոչնչացնենք Աֆրինում և Մանբիջում գտնվող ահաբեկչության բոլոր օջախները` մեկը մյուսի հետևից»,- հայտարարել է Էրդողանը: Հետաքրքիր է` իսկ Էրդողանը չի՞ պատրաստվում զանգահարել Բաշար Ասադին:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ