Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էդվարդ Նալբանդյանը Կրակովում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Էդվարդ Նալբանդյանը Կրակովում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
18.01.2018 | 13:31

Հունվարի 17-ին Կրակովում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել համանախագահներին՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու նախաձեռնության համար և ընդգծել, որ ինչպես միշտ հայկական կողմը կառուցողական տրամադրվածությամբ է մասնակցում բոլոր հանդիպումներին։ Նա շեշտել է, որ Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է ուղիներ փնտրել բանակցությունների առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման շուրջ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովների պայմանավորվածությունների և եռանախագահների առաջարկությունների իրագործման ուղղությամբ, որոնք վերաբերում են հակամարտության գոտում լարվածության թուլացմանը, 1994-95 թթ. եռակողմ զինադադարի անշեղ պահպանմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։ ԱԳ նախարարը նշել է, որ եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին, հնարավոր կլինի ճանապարհ հարթել խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:

«Բաքուն հաճախ է խոսում թե իբր շահագրգռված է, որ ստատուս քվոն փոխվի։ Ակնհայտ է, որ դրան հասնելու գործնական ճանապարհը հենց վերոհիշյալի իրականացումն է։ Համանախագահները տարիներ շարունակ հայտարարում են, որ իրենց կողմից՝ փուլային իրականացմամբ փաթեթային հանգուցալուծման նպատակով, առաջարկվող սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են հանդիսանում, և դրանից մեկին նախապատվություն տալու փորձերը անհնար կդարձնեն կարգավորումը։ Որքան շուտ Բաքուն գիտակցի այս իրողությունը, այնքան շուտ հնարավոր կլինի գործնական հունի մեջ դնել կարգավորման գործընթացը»,- շեշտել է նախարար Նալբանդյանը։ Նա ընդգծել է նաև, որ մշակութային ժառանգության պահպանման մասին վերջերս Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները կարող են միայն տարակուսանք հարուցել, քանի որ հենց Ադրբեջանն է տարիներ ի վեր հետևողականորեն ոչնչացնում հայկական հուշարձաններն ու կոթողները, միաժամանակ մերժելով Ջուղայում և այլ վայրերում միջազգային փաստահավաք առաքելությունների իրականացումը։


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հունվարի 18-ին Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ