Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եվրոպան սիրու՞մ են, թե՞ լքում

Եվրոպան սիրու՞մ են, թե՞ լքում
18.01.2018 | 22:55

Եվրոպան կամ սիրում են, կամ հեռանում են Եվրոպայից: 2018-ին այլևս ոչ ոք չի ուզում հեռանալ: ՈՒ՞ր կորավ եվրահոռետեսությունը` հարցնում է Սիլվիա Կաուֆմանը Le Monde-ում: Նորից հայտնվեց Նայջել Ֆարաժը: Քիչ էր, որ նա իր երկիրը քաոսի մեջ սուզեց` 20 տարի առաջ ԵՄ-ի դեմ խռովություն նախաձեռնելով, բրիտանական ազգայնական կուսակցության նախկին ղեկավարը բրեկզիտի հարցով երկրորդ հանրաքվեն է պահանջում: Ֆարաժն ասում է` Մեծ Բրիտանիայի ԵՄ-ում մնալու կողմնակիցները ջանում են փոխել հասարակական կարծիքը և նույնիսկ սպառնում են 2016-ի հանրաքվեի արդյունքները կործանել խորհրդարանում քվեարկությամբ: Խառնակչի այդ նոր գյուտի մեջ, որ մեդիաուշադրությանն է արժանանում, հետաքրքիր է խոստովանությունը, որ բրեկզիտականները տանուլ են տվել «սրտերի ու մտքերի» համար ճակատամարտը: Իրականում Եվրոպան գոյություն ունի և պայքարում է:


Մի քանի անհանգիստ տարիներից հետո Եվրոպան ստիպեց ոչ միայն Ֆարաժին ու նրա բրեկզիտական ընկերներին, այլև տարատեսակ ազգայնականներին, պոպուլիստներին, եվրահոռետեսներին, որ ջրի երես դուրս լողացին 2014-ին ընտրախավային բուռն դժկամության ալիքին: Նրանք գերզգույշ են և արդեն բոլորովին չեն ուզում ԵՄ-ից դուրս գալ: Այդ դասը ստացան նրանք, որ չկարողացան դժկամությունն օգտագործելով իշխանության գալ: Օրինակ` Մարին լը Պենը, գիտակցեց 2017-ին իր ֆիասկոյի պատճառներից մեկը` անպատրաստությունը եվրագոտուց դուրս գալու հարցին նրան վարկաբեկեց այնքան, որ «Ազգային ճակատը», ի վերջո, այդ նպատակից հրաժարվեց: Իշխանության ղեկին գտնվող եվրահոռետեսների նվիրվածությունը Եվրոպային նվազ զարմանալի չէ: Նրանցից ամենահինը` Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, կարողանում է սադրել Բրյուսելին` չանցնելով չվերադարձի կետը: Բայց ի՞նչ կլիներ փոքրիկ Հունգարիայի հետ, եթե ԵՄ-ում չլիներ: Կարո՞ղ էր ռուսական արջի հետ այդքան ազատ խաղեր տալ` վտանգից չվախենալով: Ավստրիացի Սեբաստիան Կուրցը եվրահոռետես չէ, բայց վերջերս կոալիցիոն կառավարություն կազմեց ծայրահեղ աջ նախարարների հետ, որ բացահայտորեն թշնամանքով են լցված ԵՄ-ի նկատմամբ: 2017-ի նոյեմբերին նա մեկ նախադասությամբ ջրեց բոլոր տագնապալից հարցերը. «Իմ կուսակցությունը մեծ գերազանցություն ունի, մենք եվրոպամետ ենք: Դա ձեզ պետք է ուրախացնի»: Մեկ այլ հետաքրքիր ֆիգուր` Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիչը պնդում է, որ իր միակ գաղափարախոսությունը պրագմատիզմն է և չի պատկերացնում, որ իր երկիր կարող են այլ միգրանտներ գալ` բացի ուկրաինացիներից: Բայց նա բուռն կբողոքի, եթե կասկածի տակ դնեք իր նվիրվածությունը ԵՄ-ին: Առավել բարդ դեպք է Լեհաստանը` իրավական պետության սկզբունքների խախտման համար Եվրահանձնաժողովի դատական գործընթացներում հայտնված: Ինչ արգահատանք էլ հարուցի Բրյուսելի պահվածքը իշխող ազգայնական «Իրավունք ու արդարություն» կուսակցության մեջ, նրանք չեն կարող անտեսել, որ լեհերի 88 %-ը աջակցություն է հայտնել ԵՄ մտնելուն: Նրանք պետք է հաշվի նստեն և այն կարևոր դերի հետ, որ ունեցան եվրոպական կապիտալի ներդրումները լեհական տնտեսության վերափոխման մեջ:


Եվրոպան սիրու՞մ են, թե՞ լքում: Վերջին ժամանակներս չեն լքում, բայց դա չի նշանակում, որ անպայման սիրում են` դա ԵՄ-ի նոր մարտահրավերն է: Խռովարարները մնում են և փորձելու են ներսից փոխել: Բայց ո՞վ է ասել, որ Հին աշխարհում հնարավոր է ձանձրանալ:
Սիլվիա ԿԱՈՒՖՄԱՆ, Le Monde


Հ.Գ. Հին աշխարհում տեղ կա ամեն ինչի, բայց ոչ ձանձրույթի: Եվ նրանք պիտի վավերացնեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Ի վերջո` բաժանումը ոչ միշտ է սիրո բացակայություն, երբեմն հենց բաժանումն է դառնում վերադարձի ու սիրո պատճառ: Կյանքում: Իսկ քաղաքականությունը կյանքի շարունակությունն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ