Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ինչու՞ է ԵՄ-ն հակադրվում ԱՄՆ-ի քաղաքականությանը Իրանի հարցում

Ինչու՞ է ԵՄ-ն հակադրվում ԱՄՆ-ի քաղաքականությանը Իրանի հարցում
18.01.2018 | 23:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կարող է տարօրինակ թվալ, որ ԵՄ-ն Իրանը համարում է կայունության հենասյուն աշխարհաքաղաքականորեն անկայուն Մերձավոր Արևելքի քարտեզի վրա: Զարմանալի չէ, որ ԵՄ-ը չի ցանկանում փոխել ՄԱԿ-ի աջակցությունը ստացած միջուկային գործարքի պայմանագիրը Թեհրանի հետ կամ նպաստել քաղաքական վարչակարգի փոփոխությանը Իրանում` գրում է Էմանուել Սկիմիան Asia Times-ում: Այդ հանգամանքը հակասում է Թրամփի արտաքին քաղաքական օրակարգին: Հունվարի 12-ին ԱՄՆ նախագահը կասեցրեց Իրանի դեմ պատժամիջոցները, բայց մի վերապահությամբ` Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս կգա միջուկային գործարքից, եթե պայմանագիրը ստորագրած եվրոպական երկրները հրաժարվեն փոխել Թեհրանի հետ պայմանագրի ՙհրեշավոր բացթողումները»: 2015-ին Իրանի և 6 տերությունների` ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև կնքված պայմանագրի նպատակը Իրանի միջուկային ծրագիրը ռազմական հավակնություններից հետ պահելն է` պատժամիջոցների նվազման դիմաց: Դոնալդ Թրամփն ուզում է լրացուցիչ համաձայնագիր կնքել, որը անժամկետ կսահմանափակի ուրանի հարստացումն Իրանում: Ընթացիկ սահմանափակումների ժամկետն ավարտվում է 2025-ին: Նա նախատեսում է նոր պատժամիջոցներ, եթե Թեհրանը շարունակի մշակել ու փորձարկել մեծ հեռահարության հրթիռները: Անցած շաբաթ ԵՄ-ն հայտարարեց, որ միջուկային համաձայնագիրը ստորագրած պետությունները ի գիտություն ընդունեցին Թրամփի առաջարկը և կքննարկեն հնարավոր հետևանքները ԵՄ մյուս անդամների հետ: Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու Իրանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հաստատել էր դաշինքի հակվածությունը միջուկային պայմանագրի ամբողջական կատարմանը: Թեպետ եվրոպացիները ժամանակ առ ժամանակ անհանգստություն են հայտնել Իրանի վերազինումից, Մոգերինին մերժել է Թրամփի փաստարկը, որ միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների մշակումը «անբաժանելի են իրարից»: ԵՄ-ն քանիցս մատնանշել է, որ միջուկային գործարքն աշխատում է: Այդ տեսակետին համամիտ են Չինաստանն ու Ռուսաստանը, որ մտադիր չեն գործող պայմանագրի փոփոխության բանակցություններ վարել: ԵՄ-ն վստահ է, որ Թեհրանի միջուկային գործունեության սահմանափակումը ամրապնդում է Առաջավոր Ասիայի և համապատասխանաբար` հարևան Եվրոպայի անվտանգությունը: Ինչպես Պեկինն ու Մոսկվան, եվրոպական երկրները Իրանը դիտարկում են իբրև հեռանկարային շուկա ու ձգտում են առևտրական կապեր հաստատել: Մասնավորապես` ԵՄ-ը ծրագրում է մեծացնել էներգառեսուրսների ներկրումը մերձավորարևելյան երկրներից, որ նվազեցնի ռուսական նավթից ու գազից կախումը:


Ավելին` Իրանի հետ միջուկային համաձայնագիրը ԵՄ-ն օգտագործում է առաջ մղելու իր դիվանագիտական օրակարգը միջազգային ասպարեզում: Եվրոպական խումբը գլխավորում է համաձայնագրի կատարման վերահսկողության միջազգային հանձնաժողովը: Գործնականում դա միակ տեղն է, ուր Բրյուսելը կարող է դրսևորել իր գլոբալ ազդեցությունը: Այս փաստը նախագահ Թրամփը հավանաբար հաշվի չի առել: Քանի որ եվրոպական տերությունները Իրանի ներքին կայունությունը կապում են իրենց սեփական անվտանգության հետ, երբեք չեն աջակցի Թրամփի դիրքորոշմանը Իրանի զանգվածային անկարգությունների վերաբերյալ, իհարկե, եթե Իրանը թույլատրելի սահմաններից դուրս չգա: Իրանի զանգվածային բողոքների ժամանակ ԵՄ-ն զգուշավոր դիրքերում էր: 2018-ի հունվարի 2-ի իր հայտարարության մեջ Մոգերինին բոլոր կողմերին կոչ արեց ձեռնպահ մնալ բռնություններից և ապահովել խոսքի ազատությունը: Նա հավելեց, որ ԵՄ-ը հետևելու է Իրանի ներքին իրավիճակին: Եվրոպայի ղեկավարները տագնապում են, որ 7 տարի առաջ սկսված արաբական գարունը կարող է Թեհրան հասնել: Իրանի ապակայունացումը կարող է անկայունության միջանցք ստեղծել Աֆղանստանից Սիրիա, ներառյալ` Իրաքը: Եվրոպական պետությունների ղեկավարները աշխատում են թույլ չտալ իրադարձությունների նման զարգացումը, քանի որ փախստականների, զենքի ու թմրամիջոցների, և որ ամենավտանգավորն է, արմատական զինյալների հորձանքը կհասնի եվրոպական մայր ցամաք` պատերազմի մեջ հայտնված տարածաշրջանային երկրներից: ԵՄ-ն առանձնահատուկ սեր չի տածում Իրանի նկատմամբ: Սակայն արաբական գարնանը հետևած իրադարձությունները ԵՄ-ին համոզեցին, որ Թրամփի հակաիրանական ռազմավարությունը չի բխում իրենց շահերից:
Asia Times


Հ.Գ. Կհամոզե՞ն Բրյուսելը, Պեկինն ու Մոսկվան Վաշինգտոնին` հանգիստ թողնել Թեհրանին մինչև 2025-ը, թե՞ անդադրում Դոնալդ Թրամփը կշարունակի միջազգային պայմանագրերից դուրս գալու իր քաղաքականությունը: Հուլիսին այս հարցը նորից է հրատապ դառնալու: Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ԱՄՆ-ին հակադրվելու բոլոր հիմնավորումներն ունեն, և սա այն հարթակն է, որտեղ նրանք չեն նահանջի: ԱՄՆ-ին մնում են իրավիճակ փոխելու այլ տարբերակներ գտնելու հնարավորությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ