Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հին հայկական դադաիզմ

Հին հայկական դադաիզմ
19.01.2018 | 01:03

Ա՜յ-ա՜յ-ա՜յ` ու՞ր հասանք: Օրը բացվում է` չգիտես` ինչպե՞ս կմթնի: Մի կողմ թողնենք, որ մենակությունը երազանքի անհագուրդ ծարավն է, որ քաղաքականությունը սարդոստայն է` ինչքան շատ ես ուզում ձերբազատվել, այնքան կաշկանդում է, որ ընտելանալու ամենաարագ միջոցն ուրիշներին ընտելացնելն է, որ մարդու համար ամենակարևորը հասարակությունը չէ, այլ մարդը. եթե մարդը վատ է, նրան ի՞նչ օգուտ իդեալական հասարակությունից, որ քաղաքական գործիչ դառնալն ամենամեծ եսասիրությունն է` խաղավար դառնալով փորձում ես անձեռնմխելի դառնալ մյուս խաղավարներից: Մի կողմ թողնենք: Թե՞ չթողնենք: Հնդկաստանն ունի երջանկության նախարար, Մեծ Բրիտանիան` մենակության: Ամեն ինչ պտտվում է մարդու, մենակության ու քաղաքականության մերձակայքում: Կամ` շուրջբոլորը: Ոմանց` ներսում:


Սա սյուրռեալիզմ չէ: Դադաիզմ է: Սյուրռեալիզմն ինչ-որ իմաստ, այնուամենայնիվ, ուներ, դադաիզմի իմաստը իմաստի բացառումն էր:
Դադայական մեր հունվարի առանձնահատկությունները.
1. Վարչապետի թեկնածուն մնաց նախագահի թեկնածուի ստվերում:
Նախագահականում ընտրյալ մտավորականների հետ թեյասեղանի շուրջ գործող նախագահը ուրվագծեց ապագա նախագահի պատկերը` «Խոսքը մի մարդու մասին է, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և երկրի ներսում, և դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել ներկայացուցչական ֆունկցիաները և երկրի ներսում, և երկրից դուրս: Ապագա նախագահը պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե սփյուռքում, թե Հայաստանում, վայելի հեղինակություն և, որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, որ երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել»: Փաստացի` խոսքն այլմոլորակայինի մասին է: Հայաստանում չկա մարդ, որ երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, ինչպես Հայաստանից դուրս ՀՀ քաղաքացի հայերը, որ կարող են այս չափանիշներին զուգորդվել: Այսինքն` նախագահի թեկնածուների փաղանգից սլացիկ հեռանում են բոլորը, ում անունը շրջանառվել է: Եվ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ում կյանքն անցնում է քաղաքականության մեջ, և ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որ քաղաքականության «զոհերից» է, և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որ քաղաքականության մեջ է հենց հիմա, և Հայաստանում միշտ ու բոլոր պաշտոնների հավերժական թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, որ ևս քաղաքականության մեջ է, և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որ ոտքից գլուխ քաղաքականության պատմություն է: Հավելեք` անցած ճանապարհը (50-ն անց պիտի լինի նվազագույնը), ճանաչումը ներսում ու դրսում (բոլորս նրա մասին գոնե մի անգամ լսել ենք, եթե չենք տեսել), վայելում է հեղինակություն (Լուսնից է իջել), և` անկողմնակալ է (տեսակետ չունի), կուսակցության անդամ չի եղել (Հայաստանում քանի՞ մարդ կա): Եվ` գիտի օտար լեզուներ (սա էլ նոր պատիժ): Նախագահի գծած պատկերը հերքում է Արմեն Սարգսյանի թեկնածությունը, բայց նրա անունն առավել համառ է պտտվում` հավելելով, որ նա արդեն Երևանում է: Ի վերջո` անցած դարում կես տարվա վարչապետությունն ի՞նչ քաղաքական գործունություն է, մանավանդ այդ ընթացքից պետությանը վերաբերող ոչ մի քայլ չի հիշվում, կամ էլ` դեսպանի գործունեությունը բացարձակ ապաքաղաքական է, չէ՞: Հատկապես Մեծ Բրիտանիայի: Դարից դար` Արմեն Սարգսյանը նաև բիզնեսմեն է դարձել` ֆինանսապես անկախ է: Կարևորը` Սարգսյան է: Ի՞նչ մնաց: Ընտրությունը, որ մարտի 2-ին կարող է վերաբերել բոլորովին այլ մարդու:

2. Նոր նստաշրջանի երկրորդ օրը ԱԺ-ում անակնկալ (ոմանք կառարկեն` խիստ ծրագրված) հայտնվեց Գագիկ Ծառուկյանը: Մինչ այդ ԱԺ-ն մերժել էր օրակարգ ներառել գյուղացիներին հողի հարկից ազատելու և հարկային օրենսգրքում փոփոխությունների դաշինքի օրինագծերը: Հակասությունների հմայքի օրենքը, որով առաջնորդվում է Գագիկ Ծառուկյանը, նրան հուշել էր, որ երբ իրեն մերժում է ՀՀԿ-ն (հընթացս` ՀՅԴ-ն), ինքը պետք է մերժի «Ելքին»: Չմանրամասնելով «Ծառուկյան» խմբակցության ղեկավարի ԱԺ-ում հայտնության նրբությունները, ստացվեց, որ նա եկել էր ասելու` ինքը կտրականապես դեմ է փողոց դուրս գալուն և ԲՀԿ-ն չի մասնակցելու «Ելքի» հունվարի 19-ի երթին թանկացումների դեմ. «Դուք ո՞նց եք մտածում, եթե այսօր Ծառուկյանը հայտարարում է, մեր ընտրողները դուրս են գալիս փողոց, հարցի լուծումը ո՞րն է: Մենք պետք է աղմու՞կ բարձրացնենք, թե հարցը կարգավորենք»: Կարգավորումը կառուցողական է` մասնակցելու են ԱԺ լսումներին, իրենց կարծիքը կասեն, հետո կտեսնեն: Ընդհանրապես` «Ելքի» հետ չհամագործակցելը քաղաքական հարց չէ, պրագմատիկ հաշվարկ է. «Եթե մենք և «Ելքը» իրար հետ վերցրած, դա չի կազմում այն ցուցանիշը, որ մենք կարողանանք հաղթենք, ինչի՞ համար մասնակցենք»: Տրամաբանական հարցին` հնարավո՞ր է ՀՀԿ նախագահի թեկնածուին աջակցեն, Ծառուկյանը հոդաբաշխ պատասխան չտվեց. «Ամեն ինչ հնարավոր է: Մենք չգիտենք թեկնածուն ով ա: Եթե այսօր մեր ժողովուրդը լիարժեք իրավունք է տվել ՀՀԿ-ին որոշելու, ներկայացնելու, ընտրելու առանց մեզ և առանց «Ելքի», ինչի՞ մասին է խոսքը»: Իսկապես` ինչի՞ մասին է խոսքը, եթե հակասությունների հմայքի օրենքն ասում է` տրամաբանություն մի որոնեք այնտեղ, որտեղ գահավորակին քաղաքական նպատակահարմարություն է: Այդ գիշատիչը և պարգևատրում, և պատժում է:


3. Գագիկ Ծառուկյանը նոր էր խորհրդարանում ասել «Իմ համար անփոխարինելի մարդ չկա», հաջորդ օրը կրկնեց Գալուստ Սահակյանը. «Քաղաքականության մեջ անփոխարինելի մարդիկ չեն լինում»: Թեպետ մինչ այդ ասել էր, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ճշտեց. «Անփոխարինելի պաշտոններ չկան քաղաքականության մեջ: Քաղաքականության մեջ երբևիցե Գալուստ Սահակյանն անփոխարինելի մարդ չի տեսնում»: Եվ նա լիովին ճիշտ է:
Փոխարինելի-անփոխարինելիի փիլիսոփայաքաղաքական կատեգորիան այս շաբաթ վերջնական գործնական տեսքը ստացավ Հայաստանում նախկին, ներկա ու ապագա ընդդիմության առումով: Նախ ինքն իրեն ընդդիմադիր կարծող կամ երբևէ ընդդիմադիր համարված բոլոր ուժերը բաժանվեցին երկու մասի` նրանք, որ միայն խոսում են, և նրանք, որ գերադասում են գործել: Սա այնքան հստակ ու պարզ բաժանում է, որ այլևս այլ բնորոշումների կարիք չկա, բայց հանուն որոշակիության հավելեմ, որ թանկացումների դեմ երթ կազմակերպելու կոչով «Ելքը» գուցե ակամա ի հայտ բերեց համայն ընդդիմության սնանկությունն ու պարպվածությունը: Ինչ փաստարկներ ու մեղադրանքներ ասես ասպարեզ չնետվեցին` ապացուցելու, որ եթե իրենք ոչինչ չեն ուզում անել, «Ելքն» էլ չպիտի անի: Կամ` ի՞նչ պիտի անի «Ելքը» ու ի՞նչ չպիտի անի: Դա ճիշտ այն օրենքի գործարկումն էր` երբ չգիտես ինչ անել, սովորեցնում ես ուրիշներին: Հաջողության հասնեն` կասես, որ դու ես սովորեցրել: Ձախողվեն` կասես, որ չեն սովորել: Իսկ «Ելքը» ի սկզբանե ուսուցչի կարիք չի ունեցել: Հստակ դիրքորոշում է` եթե թանկացումները հնարավոր է կանխել օրենսդրական փոփոխություններով, 9 պատգամավորով ԱԺ-ում անհնար է` ՀՀԿ+ՀՅԴ մեծամասնության դեմ մենակ (ԲՀԿ-ն ՀՀԿ-ի շարունակությունն է): «Թանկացումները վերաբերում են բոլորին, մտնում են բոլորի գրպանը, և ում մտահոգում են թանկացումները, ով տեսնում է, որ այդ թանկացումների արդյունքում ինքը նորանոր պարտքերի տակ է մտնելու և չի կարողանալու հանապազօրյա հարցերը լուծել, այդ մարդկանց մենք ասում ենք՝ ձեզ հնարավորություն ենք տալիս մեր միջոցով այս օրենքները հետողորմյա անել, բայց դրա համար դուք պետք է մեզ հետ գաք փողոց, որ մենք ցույց տանք, որ մենք այս 9-ը չենք»,- ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: «Եթե ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ մեր պահանջը պաշտպանեն, ես կարող եմ երաշխավորել, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ տեղի կունենան»` ասուլիսում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Երբ սեղմված գազի ակցիզային հարկը 8000 դրամից դարձնում էիք 25000 դրամ, 3 անգամ թանկացնում էիք, չէի՞ք մտածում, որ դա ունենալու է դոմինոյի էֆեկտ, շղթայական թանկացում է լինելու: Երբ բենզինի ակցիզային հարկը 25 000-ից 40000 դրամ էիք դարձնում, չէի՞ք մտածում այդ մասին»,- ասել է Էդմոն Մարուքյանը: Հունվարի 19-ին` այսօր, «Ելքն» առաջարկում է փողոց դուրս գալ ընդդեմ թանկացումների, երբ ԱԺ հարթակում բոլոր ճանապարհները սպառվել են, հարկային օրենսդրության փոփոխության առաջարկները` մերժվել: Բացահայտորեն` իշխանությունը ևս սպասում է, թե ինչքան ժողովուրդ փողոց դուրս կգա, այսինքն` որքա՞ն է վտանգը: Մի քանի հարյուրի՞, հազարի՞, թե՞ մի քանի հարյուր հազարի: Ըստ այդմ էլ` կկայացվի որոշումը: Մի քանի հարյուրը կլինի ձմեռային զբոսանք քաղաքում, հազարի համար իշխանությունն օրենք չի փոխի և իր գերշահույթից չի հրաժարվի` հանուն մի քանի հազար մարդու չարտագաղթելու: Մի քանի հարյուր հազարը փաստարկ է, որ փչացնում է անցնցում իշխանափոխության հեռանկարը և ստիպում է օրենք փոխել: Թանկացումները վերաբերում են բոլորիս, որ ամեն օր տնից դուրս ենք գալիս` տրանսպորտ նստելիս (որ չի կարող չթանկանալ, երբ թանկանում է վառելիքը) ու խանութ մտնելիս (առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը կշարունակվի` ներառելով թանկացած փոխադրավարձը), նույնիսկ տանը նստած (եթե դեռ հացադուլ ու նստացույց չենք հայտարարել մենք մեզ): Եվ այնպես չէ, որ արդեն բարձրացած գները կանգ են առնելու ու ասելու են իրենք իրենց` մեզ նոր բարձունքներ պետք չեն: Դա համարյա նույն դադաիզմն է` պետական քաղաքականության մակարդակում: Հատկապես տանը նստած կյանքից նվնվալու կամ դեպի անհայտություն տոմս գնելու դադաիզմի ընտրության պարագայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հունվարի 19-ին վարչապետը ԱԺ-ում գնաճը համարյա հերքեց. «Էդ որ ասում եք՝ 2,5 տոկոս գնաճ։ Էդ ո՞ր գինն ա չոքել մեր դռանը»: Հետո էլ ասաց, որ ունենք արտաքին վարկերի պարտավորություններ, տնտեսությունը զարգացնելու խնդիր ու լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն։ «Մենք քննարկել ենք այն բոլոր տարբերակները, որոնք մինիմալ բեռ են ստեղծում մեր քաղաքացու բիզնեսի համար։ Եթե այստեղ չանեինք, մեկ այլ տեղ պետք է անեինք»: «Մեր պաշտոնական գնաճը 2,6 % է, 6,7 % Վրաստանում է, 7,9 % Ադրբեջանում է։ Ինչ վերաբերում է դիզվառելիքի թանկացմանը` բենզինը թանկացել է 20 դրամով՝ 430 է։ Բենզին օգտագործողն ալտերնատիվ ունի գազ օգտագործելու։ Գազը թանկացել է 25 դրամով, վերականգնվել է այն գինը, որը եղել էր 2015-ին»։ «Որտեղ բեռ է առաջանում, սուբսիդավորելու ենք, մնացած տեղերում բեռ չեմ տեսնում: Ասում եք` գնաճը սարսափելի է, ես էլ ասում եմ` սարսափելի չէ: Տարին կամփոփենք, տարածաշրջանում մեր աճի տեմպերը երեք երկրներից ամենաբարձրն են: Ամենաբարձր աճ, ամենացածր գնաճ, դա աճի տեմպե՞ր են, թե՞ չէ»` հայտարարեց Կարեն Կարապետյանը։ Փաստացի` նա հանգիստ ու գոհ է իրենից, և չի պատրաստվում որևէ փոփոխության ԱԺ լսումներից հետո էլ ու համարում է, որ թանկացումները հարուցել են անցողիկ ու տուրբուլենտ դժգոհություն, պատճառ չկա սոցիալական բունտի: Գոնե այս պահին: Բայց պատահում է՝ երկուշաբթին ուրբաթից է սկսվում:

Դիտվել է՝ 3417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ