Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կքննարկեն, կխոսեն` խնդիրը կլուծվի՞

Կքննարկեն, կխոսեն` խնդիրը կլուծվի՞
19.01.2018 | 01:24

Հունվարի 23-ը թեժ կլինի խորհրդարանում` գնաճի վերաբերյալ լսումներն իշխանությանն ու ընդդիմությանը կստիպեն «հին ու նոր» անել։ Սակայն շատ կարևոր է, որ այդ թոհուբոհի մեջ չմոռանան, թե ինչի համար են հավաքվել։ Իհարկե, իշխանական թևը խնդիրը մոռացության չի տա, քանի որ կա լսումներ կազմակերպելու ՀՀ նախագահի առաջարկը։ Ով ում ինչ կապացուցի այս լսումներում, թերևս, այնքան չի հետաքրքրում ժողովրդին, որքան այն, թե կնպաստե՞ն դրանք գնաճի նվազմանը, թե՞ ոչ։ Այս հարցի շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավորների հետ։

«ԼՍՈՒՄՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄՆ ԵՆ»

ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ (ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար)
-Գնաճի հետ կապված մեր մտահոգությունները և կանխատեսումները ներկայացրել ենք 2017-ին, թեև մեր այդ վերլուծությունները շատերին զարմանալի էին թվում։ Այժմ տեսնում ենք, որ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գնաճի մասով շղթայական գործընթացը սկսված է։ Այս իրավիճակում պետական պատասխանատու մարմինների ղեկավարները որպես պատճառ մատնանշում են միջազգային շուկայի գները, սակայն իրականում տեսնում ենք, որ մի շարք ապրանքների գնաճի նկատմամբ ոչ օբյեկտիվ մոտեցում կա։ Ըստ իս, ԱԺ լսումներ կազմակերպելու գործընթացը խորհրդարանական լավագույն գործիքակազմերից է, որի կիրառումը նման իրավիճակներում անհրաժեշտություն է։ Սրա հետ մեկտեղ պետք է կարողանանք ապահովել լսումների լայն սպեկտր` ընդգրկելով ՀԿ-ները, այն շահառուներին, որոնք ունեն խոր վերլուծություններ խնդրի վերաբերյալ։ Այսինքն, շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում` պետական պատկան մարմինների ներգրավմամբ իրականացնել բովանդակային քննարկում, որից հետո պարզ կդառնա, թե ինչ է կատարվում։ Համոզված եմ, որ այս գործընթացը պետք է իրականացվի ժողովրդի համար բաց և թափանցիկ, քանի որ իրավունք ունեն իմանալու, թե որոնք են այս գնաճի պատճառները։ Եթե կան պետական կառույցների ղեկավարներ, որոնք կարող էին, բայց չեն կիրառել գնաճը զսպող մեխանիզմներ, կամ եթե կան գործարարներ, որոնք պահի ազդեցության տակ փորձել են գերշահույթներ ստանալ և շուկայում ավելի լավ տեղ գրավել, ապա այս մասին ժողովուրդը պետք է իմանա։
-Ակնհայտ է, որ վառելիքի գնի բարձրացումն առաջացնելու էր գնաճ, սակայն չե՞ք կարծում, որ որոշ ապրանքների գնաճը համարժեք չէ վառելիքի գնի բարձրացմանը։
-Կարծիքներն այս հարցի վերաբերյալ տարբեր են։ Խոսել եմ տարբեր տնտեսական փորձագետների հետ խնդրի շուրջ, որպեսզի ստանամ այլընտրանքային մասնագիտական եզրակացություն, և համոզվել եմ, որ, իրոք, անհրաժեշտ է իրականացնել խորքային վերլուծություն խնդիրը ճշտելու համար։ Այսինքն, թե որքանով է գնաճը փոխկապակցված վառելիքի գնի բարձրացման հետ, և ովքեր են փորձում առիթից օգտվել, պետք է պարզել։
-Մի կողմից` Դուք խորքային վերլուծության անհրաժեշտություն եք տեսնում խնդիրը պարզելու համար, մյուս կողմից` ասում եք, որ 2017-ից կանխատեսել էիք այս իրավիճակը։ Հետևաբար, պետք է իմանաք գնաճի պատճառը։
-Երբ իշխանությունը փոփոխություններ էր իրականացնում հարկային օրենսգրքում, և քննարկումների ժամանակ մենք ասում էինք, որ այդ փոփոխությունները հանգեցնելու են գնաճի, մեզ չլսեցին։ Այժմ պետք է այս ամենը վերլուծել և տալ հստակ գնահատական, ինչը, կարծում եմ, կիրականացվի ԱԺ լսումներում։

«ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԶԳԱՍՏԱՑՆՈՒՄ Է»

ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Տիկին Աճեմյան, նախագահի հանձնարարականով ԱԺ լսումների կազմակերպումը կնպաստի՞ գնաճի նվազմանը (չմոռանանք, որ անկախությունից ի վեր գնաճ է լինում, և ԱԺ լսումներ են կազմակերպվում, սակայն մեզ մոտ ապրանքային շուկան, կարծես, չի արձագանքում ինչպես այդ, այնպես էլ միջազգային գների նվազման գործընթացին)։
-Համոզված եմ, որ ՀՀ նախագահի խոսքը և ԱԺ լսումներն անպայման կանդրադառնան գնաճի վրա։ Այսօր ամենակարևոր խնդիրը տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումն է և նրա վերահսկողական մեխանիզմների տեղին կիրառումը։ Կարծում եմ, եթե խնդիրն արհեստական է, ապա տնտեսավարողների կողմից կամայականորեն գների բարձրացումը կարելի է կանխել, զսպել, կիրառել պատժամիջոցներ։ Ինչ վերաբերում է միջազգային ապրանքային շուկայում գնային տենդենցներին հայաստանյան շուկայի գների համապատասխանությանը, ապա այդ հարցը ևս կարելի է վերահսկել։ Սակայն կան ապրանքներ, որոնց գները մենք չենք կարող նվազեցնել, այսօր միջազգային շուկայում նկատվում է սննդամթերքի գների բարձրացման միտում։ Աշխարհում սննդամթերքի գները բարձրանում են, իսկ որակը` իջնում, և այս խնդրի դեմն առնել որևէ երկիր չի կարող։ Սրան զուգահեռ, չեմ բացառում գնաճի առաջացման հարցում կամայական մոտեցումները, ինչը մեր երկրում մշտապես տեղ է գտնում։ Հենց սրա դեմ պետք է պայքարել, և դա պետք է իրականացնի տնտեսական մրցակցության հանձնաժողովը։ Իհարկե, երբ ՀՀ նախագահը հանձնարարական է տալիս, բոլորն ավելի են զգաստանում և ավելի պարտավորված են զգում իրենց։ ԱԺ լսումները ևս կնպաստեն խնդրի կարգավորմանը, քանի որ դա մի հարթակ է, որտեղ հարցը կարժանանա մասնագիտական վերլուծության։
-ԲՀԿ-ն համոզված է, որ գնաճին նպաստել են հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ինչի մասին զգուշացրել է օրենսդրին 2017-ին։ Համամի՞տ եք այդ տեսակետին։
-Այդ հարցերի պատասխանը պետք է տան մասնագետները, և ԱԺ լսումները դրա ամենալավ միջոցն են։ Բոլոր դեպքերում, ցանկացած օրենքի խութերն ու խնդիրներն ի հայտ են գալիս դրա կիրարկման ժամանակ, և դրանք շտկելու համար իրականացվում են փոփոխություններ։ Այսինքն, դոգմատիկ ոչինչ չկա։
-Հնարավո՞ր է, որ հարկային օրենսգրքում նոր փոփոխություններ կատարվեն։
-Եթե պարզվի, որ հարկային օրենսգրքում կան դրույթներ, որոնք վնասում են, ապա դրանք պետք է վերանայվեն։ Իհարկե, ԱԺ-ն միշտ հետամուտ է օրենսդրական դաշտի բարելավմանը։


Ճեպազրույցները`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ