Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեր շրջակա աշխարհը

Մեր շրջակա աշխարհը
19.01.2018 | 13:28

(Նախորդ մասը)

Ահա դրանից հետո էլ ԻՀՊԿ-ն «խաղաղ ցուցարարներին» սպառնաց «երկաթե բռունցք» ցույց տալ: Եվ դա լիարժեքորեն ցուցադրվեց. չէ՞ որ ամերիկամետ խամաճիկները բացահայտորեն ինչ-որ բանի հույսեր ունեին: Ճիշտ է, եթե հավատալու լինենք Իրանի ՆԳՆ-ի տվյալներին, բողոքի ցույցերի բոլոր օրերին փողոց էր դուրս եկել ոչ ավելի, քան 42-45 հազար մարդ: Դա հարյուր անգամ քիչ է, քան միայն Թեհրանում 2009-ին, այսպես կոչված, «կանաչ ալիքի» ժամանակ: Երևում է, խամաճիկներին, ինչպես նաև արևմտյան ու իսրայելական հատուկ ծառայություններին ինչ-որ բան չէր հաջողվել: Ամերիկացիներն ու իսրայելցիները իրենց շտապողականությամբ օգնեցին Իրանի ՆԳՆ-ին ու հատուկ ծառայություններին ի հայտ բերելու այն «քնածներին», որոնք, հնարավոր է, տարիներով սպասել էին տխրահռչակ «կենտրոնի ազդանշաններին»: Հնարավոր է, որ Իրանի իշխանությունները երբևէ ասեն աշխարհին, թե իրենց ինչպես է հաջողվել հրահրել ԱՄՆ-ի և Իսրայելի գործակալներին: Իսկ հիմա տեսնենք, թե Իրանն ինչպես է ԱՄՆ-ին ու Իսրայելին դրդել հապճեպ և սխալ որոշմամբ 2017 թ. վերջերին փորձել ներսից պայթեցնել Իրանը:


Եվ այսպես, մենք գրել էինք, որ Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշման հրապարակումը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին, և դա արդեն սադրանք էր, քանի որ այդ օրը համարվում է մուսուլմանական մարգարե Մուհամեդի ծննդյան օրը: Սակայն, բացի պաղեստինյան «ինթիֆադայի» (անջատական շարժման- խմբ.) վերսկսումից, առարկայական պատասխան չեղավ: Փոխարենը Իրանն ու իրանամետ ուժերը հանդես եկան հատկանշական քայլերով ու հայտարարություններով: Քննության առնենք դրանք: Դեկտեմբերի 18-ին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար, դերծովակալ Ալի Շամհանին Քրդստանի օստանում հայտարարեց, որ ոչ ոք ի զորու չէ ազդելու Թեհրանի վճռականության վրա՝ «շարունակելու խորհրդատվական ծառայություններ առաջարկել Սիրիայի կառավարությանը՝ մինչև բոլոր ահաբեկչական խմբավորումների լիակատար վերացում, և անկախ սիոնիստների անհիմն պահանջներից», և որ «սիոնիստական վարչախմբի և այլ երկրների պահանջները չեն ազդում ազգային շահերի ու տարածաշրջանային անվտանգության իրականացման ուղղությամբ Իրանի հաստատակամ որոշման վրա»: Նույն օրը այաթոլահ Խամենեիի գլխավոր խորհրդական, միջազգային գործերով Իրանի առաջնորդի օգնական, արտաքին գործերի նախկին նախարար Ալի Աքբար Վելայեթին Թեհրանի իսլամական «Ազադ» համալսարանի գիտահետազոտական մասնաճյուղի «Սրբազան պաշտպանության ասացողներ» խորհրդաժողովում հայտարարեց, որ «Սիրիայի, Լիբանանի և Իրաքի պաշտպանությունը նույնն է, ինչ Իսլամի ու Իրանի պաշտպանությունը»: Այսինքն, իրանցիները հասկանալ տվեցին, որ գոյություն ունի այաթոլահ Խամենեիի բարձրագույն որոշումն այն մասին, որ իրանցիները կմնան Սիրիայում և որ այսուհետ ամեն մի շիադավանի համար Սիրիայի, Լիբանանի ու Իրաքի ազատությունը նշանակում է Իսլամի պաշտպանություն և, բնականաբար, Իրանի պաշտպանություն: Հիմա արագ դառնանք իրանցի բողոքավորների առաջադրած քաղաքական թեմաներով «սոցիալական» կարգախոսներին. «Թողեք Սիրիան, հիշեք մեր մասին», «Գազան չէ, Լիբանանը չէ, իմ կյանքը Իրանն է» և այլն: Սա համադրեք դերծովակալ Շամհանիի նախազգուշացման հետ. Իրանը թքած ունի այն բանի վրա, ինչ բազմացնում ու տարածում է Իսրայելը: Մի՞թե տեսանելի չեն Իրանում ներկա «հավկիթների հեղափոխության» գոնե երկու պատվիրատուներ:


Այնուհետև. դեկտեմբերի 24-ին Իրանի իշխանությունները հայտարարեցին, թե բացահայտվել է իսրայելական գործակալական ցանց, և «մի լրտես, որն օգնել է Մոսադին (իսրայելական հատուկ ծառայություն-խմբ.) սպանելու իրանական ատոմագետներին, դատապարտվել է մահապատժի, Իրանի Գերագույն դատարանը հաստատել է դատավճիռը»,- հաղորդում է «Mehr News» գործակալությունը: Դա արդեն մի հարված էր, որն ԱՄՆ-ի և Իսրայելի պոռոտախոս ու գոռոզ իշխանությունները չէին կարող կուլ տալ: Կտրել էին գրեթե ուղղակիորեն Իրանի գիտական շրջանակներից ու միջուկային հետազոտական կենտրոններից տեղեկություններ բերող ձեռքը: Իսկ Իրանը, ասես դիտավորյալ, շարունակում էր մեծացնել խուճապը Թել Ավիվում ու Վաշինգտոնում: Դեկտեմբերի 26-ին Իրանի նպատակահարմարության խորհրդի քարտուղար, ԻՀՊԿ-ի նախկին գլխավոր հրամանատար գեներալ Մոհսեն Ռըզային ԻՀՊԿ-ի օդային անվտանգության ստորաբաժանումների ստեղծմանը նվիրված արարողության ժամանակ ողջունեց Իրանի հետախուզական ծառայությանը, հայտարարելով, որ երբ կհրապարակվեն ԻՊ-ի հետ կապված փաստաթղթերը, աշխարհը կգիտակցի, որ իրանական հատուկ ծառայությունները թափանցել են այդ ահաբեկչական խմբավորման մեջ մինչ նրա կործանումը, հաղորդել է «Mehr News»-ը: «Մենք ահաբեկչության դեմ պայքարում ենք մեր սահմաններից դուրս, որովհետև Իրանի անվտանգությունը կախված է տարածաշրջանի երկրների անվտանգությունից»,- նշեց նա: Նույն օրը Իրանի Մեջլիսը քվեարկեց «կրկնակի հրատապություն ունեցող» օրինագծի օգտին, որը «Ալ-Կուդսը (Երուսաղեմը) ճանաչում է Պաղեստին պետության մշտական մայրաքաղաք»,- հաղորդել է «Tehran Times» թերթը:


Վերջապես, նույն օրը, ինչպես հաղորդել է Իրանի անգլալեզու «Press-TV» հեռուստաալիքը՝ վկայակոչելով լիբանանյան մի քաջատեղյակ աղբյուր, «լիբանանյան ու պաղեստինյան դիմադրության շարժումները, «Հըզբոլլահն» ու ՀԱՄԱՍ-ը ստեղծում են մի համատեղ մարմին՝ դիմակայելու Երուսաղեմը (Ալ-Կուդսը) սիոնիստական վարչակազմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վիճելի որոշմանը»: Անվտանգության ոլորտի լիբանանյան աղբյուրը «The Daily Star» թերթին հաղորդել է, որ համատեղ «համակարգող պալատը» գործելու է քաղաքական, ռազմական մակարդակով և անվտանգության ոլորտում: Այդ կառույցը, նրա ասելով, ի մի կբերի «Հըզբոլլահի» ու ՀԱՄԱՍ-ի, ինչպես նաև Իրաքի ժողովրդական հավաքագրման ուժերի (PMU), Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի դիմադրության մյուս խմբերի ներկայացուցիչներին: «Շուտով կարող է պաշտոնական հայտարարություն արվել դիմադրության ուժերի կողմից, որոնք պատրաստվում են դիմակայելու Իսրայելի ու Թրամփի որոշմանը»,- ավելացրել է աղբյուրը:
Դե, իսկ հիմա, Երուսաղեմի առնչությամբ Թրամփի դեկտեմբերի 6-ի որոշմանն ի պատասխան Իրանի ու նրա դաշնակիցների արած քայլերի ու հայտարարությունների ժամանակագրության անցկացումից հետո թող ցանկացած անկանխակալ ընթերցող ձեռքը դնի խղճին ու ասի. հավատու՞մ է, արդյոք, որ միայն ձվի թանկացումն էր փողոց հանել այն 42 հազար իրանցիներին: Հավատու՞մ է, արդյոք, որ ձվերն էին դրդել բողոքավորներին պահանջելու այաթոլահ Խամենեիից ու նախագահ Ռոհանիի կառավարությունից հեռանալ Սիրիայից, Լիբանանից, Պաղեստինից, այլ ոչ թե ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայություններից եկող ինչ-որ «ազդակներ»:


Ես առաջարկում եմ հավատալ, որ, քթներին ստանալով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ առաջին ձեռքից ԱՄՆ-ին ու Իսրայելին տեղեկություններ տրամադրող կարևորագույն գործակալի մահապատժի դեպքում, իմանալով ամբողջ ցանցի ձախողման մասին (քանի որ լրտեսը մատնել է բոլորին, և եթե նա իսրայելցի լիներ, նրա կյանքը կպահպանեին սիոնիստների հետ ապագա «սակարկումների» համար, իսկ էապես, չէ՞ որ մերկացվածը նաև դավաճան է...), Վաշինգտոնում ու Թել Ավիվում կորցրել էին գլուխները կատաղությունից ու վրեժի ծարավից: Ամերիկացիներն ու իսրայելցիները ուզում էին «հասցնել Իրանի մռթին և ցույց տալ, թե իրենք ցանկացած ժամանակ կարող են պայթեցնել երկիրը: Չստացվեց: Իրանի իշխանությունները համբերատար սպասեցին, մինչև փողոց դուրս եկան հենց ԱՄՆ-ի ու Իսրայելի գործակալական ցանցի անդամները, սկսեցին «Կիևի մայդանյան կապիկությունները» (կրակոցներ, սադրիչ սպանություններ, ոստիկանների և «Բասիջի» վրա հարձակումներ...), և դրանից հետո միայն «ջարդեցին դավաճանների մռութները»: Դա, ըստ էության, իրանական «փոքր Տյանանմին» էր. որ հետո չլինեին ավելի ծանր միջադեպեր ու ավելի մեծաթիվ զոհեր, որ չկրկնվեին Եգիպտոսի, Լիբիայի, Իրաքի, Սիրիայի ու Եմենի ողբերգությունները:


ԱՄՆ-ի փորձն արդեն հունվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «ընթացք տալու» «Իրանի հեղափոխության» հարցին, մեղմ ասած, ոչ միայն պարտություն է, այլև Ամերիկային հասցված դիվանագիտական ապտակ: Ըստ որում, անգամ նվաղկոտ և իրանական հարցում սեփական կարծիքը չունեցող Եվրոպայից: Ե՛վ Ֆրանսիան, և՛ Անգլիան (ոչ միայն Ռուսաստանն ու Չինաստանը) զգուշացրել են Իրանի ներքին գործերին միջամտելուց: Այս ֆոնին, պատկերավոր ասած, ստիպված էր «լեզուն իրեն քաշել» Իսրայելը, իսկ թուրք Էրդողանը շրջահայացորեն առհասարակ հայտարարեց, որ լիովին պաշտպանում է Թեհրանին: Եվ ահա հունվարի 7-ին ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ստախոս տնօրեն Մայքլ Պոմպեոն «Fox News» հեռուստաալիքի եթերում ըստ էության սպառնաց Իրանին. «Ես ակնկալում եմ, որ իրանցիները կշարունակեն խռովություններ բարձրացնել իշխանության դեմ: Ես կարծում եմ, որ բողոքի այդ ելույթները դեռ չեն ավարտվել», հընթացս վերստին Թեհրանին մեղադրելով «ահաբեկչությանն աջակցելու» մեջ: Ափսոս, որ Պոմպեոն անմիջապես էլ չասաց, թե ինչպես, սկսած Օբամայից, ԱՄՆ-ը փողով ու զենքով օգնում էր «Սիրիայի չափավոր ընդդիմությանը», որի մեջ հիմա ներառում են նաև հանրաճանաչ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման սիրիական բաժանմունքը: Իսկ այ, ովքե՞ր են ստեղծել ու ֆինանսավորել հենց «Ալ-Քաիդան», միստր Պոմպեո: Չէ՞ որ դա ամբողջ աշխարհին է հայտնի՝ ԱՄՆ-ն ու նրա արբանյակները: Կատարի կառավարող դինաստիան արդեն խոստովանել է, թե ով է ֆինանսավորել (կարդա՝ և ստեղծել) նաև ջախջախված ԻՊ խմբավորումը: Իրանը այդ ահաբեկչական կառույցի հովանավորների թվում չի հիշատակվում: Իսկ դուք՝ ԱՄՆ, Արևմուտքի երկրներ, Թուրքիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա, այնպիսի «ժառանգություն եք թողել», որ, ինչպես դեկտեմբերի 26-ին սպառնաց գեներալ Մոհսեն Ռըզային, եթե «հրապարակվեն ԻՊ-ի հետ կապված փաստաթղթերը, մոլորակը սարսափ կապրի Մերձավոր Արևելքում Արևմուտքի ու Իսրայելի վարած քաղաքականությունից»:


Իսկ Մայքլ Պոմպեոն աշխարհին պարզորոշ հասկանալ տվեց, որ ԱՄՆ-ն այսուհետ ևս կփորձի խոցելի տեղեր և «ցավոտ կետեր» գտնել Իրանի ազգային անվտանգության ու պաշտպանության այն համակարգում ու կառուցվածքում, որը, եթե մշտապես հիշենք Ալի Աքբար Վելայեթիի դեկտեմբերի 18-ի նախազգուշացումը, սկսվում է «Սիրիայի, Լիբանանի և Իրաքի պաշտպանությունից, և միաժամանակ նշանակում է «Իսլամի պաշտպանություն»: Բայց ԱՄՆ-ին ու Իսրայելին առանձնապես վախեցնում է «Հըզբոլլահ» կուսակցության և ՀԱՄԱՍ շարժման «համակարգման պալատի» ստեղծումը. դա նշանակում է, որ պաղեստինցիները, այնուամենայնիվ, որոշել են համաձայնել Պաղեստինին օգնություն ցուցաբերելու իրանական պայմաններին: Եվ այդ «պալատում» Իրաքի ժողովրդական հավաքագրման ուժերի (PMU)՝ «Ալ աշ-Շաաբիի (հիշեցնեմ, ԻՊ-ի զինյալներից Իրաքի «մաքրման» և... Իրաքյան Քրդստանում Բարզանիի կլանի ճնշման առաջատար ուժի) ներկայացուցիչների մասնակցությունը աշխարհին նաև ասում է այն մասին, որ Պաղեստինում իրական դիմադրության կազմակերպման հարցը այնքան մոտ է «արմատական վիրահատական միջամտության», որքան, հնարավոր է, չեն էլ պատկերացնում Իսրայելի «ամենագետ» հատուկ ծառայությունները: Ինչպես տեսնում ենք, Իրանը նույնիսկ կարիք չունի անձամբ մասնակցելու և միջամտելու Պաղեստինի ու Երուսաղեմի ազատագրման հետ կապված որևէ բանի: Չէ՞ որ «Հըզբոլլահի» մարտական ջոկատներն ու «Ալ հաշդ աշ-Շաաբիի» աշխարհազորայինները 2014-2017 թթ. ինչպես ահաբեկիչների, այնպես էլ օտարերկրյա (այդ թվում՝ իսրայելական) վարձկանների ու հատուկ ծառայությունների դեմ Սիրիայում և Իրաքում մարտեր մղելու այնպիսի հսկայական փորձ են կուտակել, որ Իրանը լիովին կարող է իրեն թույլ տալ ստանձնել սովորական դիտորդի դեր, թեկուզև իբրև շահագրգռված կողմ:


Իրանի և նրա դաշնակիցների կողմից վառ արտահայտված հակաամերիկյան ու հակաիսրայելական գործողությունների ու հայտարարությունների սաստկացումը հրահրեց ասես շահեկան վիճակում գտնվող ԱՄՆ-ին և Իսրայելին, և Թեհրանի թշնամիները ռիսկ արեցին: Բայց ռիսկ արեցին բացահայտորեն ավելի շուտ, քան նախօրոք ենթադրում էին, և հատուցումն անխուսափելի կլինի: Իսկ հիմա դառնանք մեր երկրին ու նրա «իմաստուն ղեկավարությանը»: ԵՄ-ի հետ «ինտեգրման» կապակցությամբ մսուրային տարիքի երեխաների բերկրանք, սիրախաղ Իսրայելի ու ՆԱՏՕ-ի հետ, ամերիկացիների ցանկացած ամեն ինչում ներողամտություն ԱՄՆ-ի հանդեպ... Ի՞նչ պիտի անեն գործող նախագահը կամ ապագա վարչապետը, ի՞նչ պիտի անի կառավարող ՀՀԿ-ն, եթե Իրանի և ԱՄՆ-Իսրայել դաշնազույգի պլանները 2018 թ. բախվեն բազմիցս: Պիտի երգեն «հին երգերը գլխավորի մասի՞ն». տեսեք, թե մենք որքա՜ն «կոմպլեմենտար» ենք: Կամ «տակները լցրած» վազեն Արևմուտքի-Իսրայելի մոտ և իրենց հետ կործանման տանեն ամբողջ երկիրն ու ժողովրդի՞ն: Մի բան լինի, Իրանը երկար ժամանակով կվերանայի իր հայեցակարգը Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Իրենց ինչպե՞ս կդրսևորեն Հայաստանի իշխանությունները, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Երևանից պահանջեն միանալ հերթական հակաիրանական պատժամիջոցներին: Ի միջի այլոց, ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը շատ մոտ է այն ժամանակվան, երբ, այնուամենայնիվ, հարկ կլինի պատասխանել այդ հարցերին, ընդ որում՝ հրապարակավ, առանց ուսերը բարձրացնելու և քթի տակ մռթմռթալու. «Դե դուք մեզ հասկանում եք...»:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ