«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Եվ նույնիսկ մեկ «անգլիական թագուհի» Անգլիայից

Եվ նույնիսկ մեկ «անգլիական  թագուհի» Անգլիայից
19.01.2018 | 13:31

Ամիսներ շարունակ ինտրիգների հարթակում քրոնիկ բնույթ կրող ներքաղաքական հնարավոր վերադասավորումների հարցն աստիճանաբար, կարծես, ավելի գործնական և ուրվագծվող դաշտ է տեղափոխվում։


Գլխավոր ինտրիգը, իհարկե, ապագա վարչապետի հարցն է, բայց միևնույն ժամանակ, օրակարգում է նաև ՀՀ նոր նախագահի թեկնածությունը, որը, թեև, ըստ սահմանադրության, համարվում է երկրի գլուխը, սակայն կարծես թե ավելի շատ արարողակարգային գործառույթներ է ունենալու։ Այս մասին վկայում է թեկուզ այն, որ, սահմանադրական նոր «խաղի կանոնների» համաձայն, ապագա նախագահն այլևս առաջնային ընտրական մանդատ չունի. ոչ թե ընտրվելու է ուղղակի ժողովրդի, այլ միայն խորհրդարանական մեծամասնության կողմից։
Ինչ վերաբերում է գլխավոր ինտրիգին, ապա, ինչպես և սպասվում էր, որոշակի ակնարկներ պետք է որ պարունակեն մինչև ապրիլ ամիսն ընդունվող նոր օրինագծերի դրույթները։ Խոսքն առաջին հերթին այն օրինագծերի մասին է, որոնք պետք է համահունչ լինեն փոփոխված Սահմանադրությանը։ Սահմանադրությանը պետք է համապատասխանեցվեն կառավարության կառուցվածքի, ուժային կառույցների, անվտանգության խորհրդի մասին օրենքները։


Այն պահից, երբ շրջանառության մեջ դրվեց Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով ամրագրվել են Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթն ու լիազորությունները, ակնառու դարձավ այն փաստը, որ կառավարության կառուցվածքում, բացի վարչապետից, փոխվարչապետների հետ միասին կա նաև առաջին փոխվարչապետի հաստիք։ Հատկանշական է, որ այս պահի դրությամբ ՀՀ Սահմանադրությամբ առհասարակ չկա առաջին փոխվարչապետի կարգավիճակ։ Գործող սահմանադրության մեջ ամրագրված են վարչապետի և մինչև երեք փոխվարչապետների պաշտոնները։ Այս փաստը, թերևս, բավականին լայն եզրակացությունների տեղիք է տալիս։ Սա այն թափանցիկ ակնարկն է, որ, այնուամենայնիվ, սահմանադրության մեջ փոփոխություն պետք է մտցվի։ Ընդ որում՝ սա սահմանադրական այն կետն է, որը հնարավոր է փոխել ոչ թե համաժողովրդական հանրաքվեով, այլ խորհրդարանում։ Փաստորեն, մինչև մայր օրենքում համապատասխան փոփոխությունը չկատարվի, չի կարող ընդունվել Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքը։


Բնականաբար, այս փաստը վերլուծական և լրատվական շրջանակներին առիթ տվեց եզրակացնելու, թե վարչապետի հարցը որոշակիանում է։ Ենթադրվում է, որ առաջին փոխվարչապետի պաշտոն չէր ներմուծվի, եթե վարչապետի շուրջ համաձայնություն չլիներ որոշում ընդունող շրջանակների գլխավոր անձերի միջև։ Իսկ այս պարագայում ենթադրվում է, որ գլխավոր անձինք են գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը, որոնք ամիսներ շարունակ ընկալվում են վարչապետի թեկնածուի հավակնորդներ, համենայն դեպս, մամուլն ու փորձագիտական շրջանակներն այդ հարցի վերաբերյալ բավականին լուրջ քննարկումներ են ծավալում։ Փորձագիտական շրջանակների կարծիքով՝ հասկանալի է, որ այս հարցի շուրջ քաղաքական և գործադիր իշխանությունների տանդեմը` նախագահ Սարգսյան ու վարչապետ Կարապետյան ձևաչափով, որ ստեղծվել է 2016 թ. սեպտեմբերից հետո, և որտեղ կա դերերի հստակ բաժանում, շարունակելու է գործել նաև 2018 թվականի ապրիլից հետո՝ վարչապետ-փոխվարչապետ ձևաչափով։ Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը հետագայում նույնպես զբաղվելու է արտաքին և ներքին քաղաքականությամբ, ուժային և անվտանգության հարցերով, իսկ Կարեն Կարապետյանը՝ տնտեսական խնդիրներով։ Պատահական չէ, որ անընդհատ լրատվական արտահոսքեր են լինում, թե անգամ այս երկու գործիչների նստավայրերը չեն փոխվելու, պարզապես Բաղրամյան 26-ը այսուհետ վերածվելու է վարչապետի նստավայրի՝ իր աշխատակազմով, իսկ առաջին փոխվարչապետն ու մյուս փոխվարչապետները շարունակելու են գործունեություն ծավալել կառավարության շենքում՝ իրենց աշխատակազմերով։


Սա այժմ քննարկվողներից ամենատարածված տարբերակն է, թեև կան փորձագիտական շրջանակներ, որոնք կարծում են, թե նշվածը դեռ փաստ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը և այլ որոշում ընդունողները կարող են ունենալ իրենց տարբերակը, այսպես ասած՝ ջոկերը։ Պարտադիր չէ, որ փոխվարչապետի պաշտոնը ներմուծվի Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տանդեմի համար։ Չի բացառվում, որ վարչապետ դառնա Կարեն Կարապետյանը, իսկ առաջին փոխվարչապետ՝ Սերժ Սարգսյանի վստահությունը վայելող մի մարդ, որը կառավարությունում կհավասարակշռի Կարեն Կարապետյանի ազդեցությունը։ Այս պարագայում Սերժ Սարգսյանը, իր խոստման համաձայն, առնվազն որոշ ժամանակահատված չի ստանձնի ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի պաշտոնը։ Իհարկե, այս տարբերակն այժմ այնքան էլ հավանական չի համարվում, սակայն, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի անսպասելի քայլեր անելու աշխատաոճն ու տարիների վարքագիծը, չի կարելի բացառել, որ կա նաև պահեստային ու շատ ավելի բարդ կոմբինացիաներով տարբերակ, որը կապահովի և՛ նրա խոստման կատարումը, և՛ դիրքերի ու ազդեցության փաստացի պահպանումը կառավարության կառուցվածքում։


Ինչպես ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է նշում, ժամանակ արդեն չկա, և հարահոսային սկզբունքով խորհրդարանը շատ արագ պետք է ընդունի համապատասխան օրենքները՝ դրանք համահունչ դարձնելով սահմանադրությանը։ Առաջիկայում, իհարկե, կլինեն նաև այլ օրինագծեր, որոնք ավելի լուրջ ակնարկներ կպարունակեն ապագա հնարավոր վերադասավորումների, հատկապես Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տանդեմի վերաբերյալ։
Ի դեպ, ուշադրությունից չի վրիպում նաև այն հանգամանքը, որ նշված երկու գործիչներն էլ իրենց հրապարակային ելույթներում, խորհրդակցություններում հետևողականորեն ակնարկում են երկարաժամկետ ծրագրերի մասին։ Սա նույնպես առավել քան թափանցիկ հաղորդագրություն է այն մասին, որ տանդեմը պատրաստվում է շարունակելու իր գործունեությունը։


Երկրորդ ինտրիգը, որ աստիճանաբար սկսում է կոնկրետ բովանդակություն ստանալ, վերաբերում է Հայաստանի ապագա նախագահի պաշտոնին։ Վերջին շրջանում այս թեմայի վերաբերյալ նույնպես խոսակցությունները բավականին ակտիվացել են, հնչում են տարբեր թեկնածուների անուններ։ Այստեղ հետաքրքրությունը, իհարկե, շատ ավելի փոքր է, քանի որ համարվում է, որ այս պաշտոնն ավելի շուտ արարողակարգային է, ապագա նախագահը նույնիսկ դիտարկվում է որպես յուրահատուկ «անգլիական թագուհի»։ Սահմանադրությունից բխող գործողությունների ժամանակացույցից ելնելով՝ հանրապետության նախագահի պաշտոնի համար արդեն մոտակա օրերին կոնկրետ թեկնածուներ կառաջադրվեն։ Այստեղ ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչ իրական գործառույթներ են դրվելու ապագա նախագահի առջև։ Եթե ապագա նախագահը դերակատարում է ունենալու արցախյան բանակցային գործընթացում, ապա հավանական է Էդվարդ Նալբանդյանի թեկնածությունը։ Եթե խնդիրը զուտ արարողակարգային է, ապա շատ հնարավոր է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, ինչպես վերջերս արծարծվեց մամուլում։ Եթե ապագա նախագահը զբաղվելու է Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու ու ներդրումներ ներգրավելու հարցերով և մեծ դերակատարում է ունենալու Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրի շրջանակներում, ապա չի բացառվում, որ իրականանա օրերս ասպարեզ նետված լուրը Անգլիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի նախագահ դառնալու մասին։ Այսինքն, գործ կունենանք Անգլիայից «անգլիական թագուհու» տարբերակի հետ։ Այնպես որ, ամեն ինչ կախված է լինելու իշխանության վերադասավորումից, և պահանջվելու է փաթեթային ու իրավիճակային լուծում՝ պայմանավորված նախագահի, վարչապետի, առաջին փոխվարչապետի և վարչապետների թեկնածություններից։
Ամեն դեպքում, լուծումը, թերևս, լինելու է իրավիճակային, և աստիճանաբար տեսանելի են դառնում հնարավոր տարբերակները։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1996

Մեկնաբանություններ