«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ոմանց վրա շպրտվում է մեծություն

Ոմանց վրա շպրտվում է մեծություն
19.01.2018 | 13:39

Շեքսպիրն իր «12-րդ գիշեր» կատակերգության մեջ տվել է մարդկանց մեծ լինելու մի հիանալի գաղափար: Որոշ մարդիկ մեծ ծնվում են, ոմանք էլ հասնում են մեծության, իսկ ոմանց վրա էլ շպրտվում է մեծությունը: Այդ հիանալի ձևակերպման մեջ ինձ ավելի շատ հետաքրքրեց երրորդ պարագան, որով էլ կարելի է հիմնականում բնութագրել քաղաքական այն դատարկություններին, որոնց վրա շպրտվում է մեծությունը:

Գեներալ դը Գոլն իր աշխատասիրությամբ, քաղաքական համառությամբ, ստացած հիանալի դաստիարակությամբ, անսահման հայրենասիրությամբ, անկեղծությամբ, ժուժկալությամբ և քաղաքական գործչին վայել ամենակարևոր հատկանիշով՝ անկաշառությամբ, հասել է մեծության:
Հետխորհրդային որևէ պետության մեջ (բացառությամբ Ռուսաստանի նախագահի) գործող քաղաքական որևէ գործիչ իր գործելաոճով չի հասել մեծ մարդ լինելուն, նրանց վրա պարզապես կամ ամբոխն է շպրտել մեծության գաղափարը, կամ նրա դրսևորած ուզուրպատորական էությունից ելնելով` վերագրվել է մեծություն: Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովը թերևս ասվածի ամենաէական ներկայացուցիչը կարող է լինել: Կենդանության ժամանակ փողոցներ էին կոչվել նրա անունով, արձաններ էին կանգնեցվել, պոեմ էր գրել, որը դարձել էր թուրքմեն ժողովրդի համար մի իսկական Ղուրան: Մեռավ նա, և նրա վրա ամբոխի շպրտած մեծությունը կարճ ժամանակում շագրենի կաշվի պես կրճատվեց և անհետացավ: Ի տարբերություն այդ քաղաքական գործչի, հայ իրականությունում քաղաքականություն մուտք գործելու առաջին օրվանից նրա վրա «ժողովուրդը» շպրտեց մի մեծության պիտակ և տարիներ շարունակ «ժողովուրդը» (չեմ օգտագործում «ամբոխ» բառը, որովհետև մի ամբողջ ժողովուրդ չէր կարող ամբոխի վերածվել, և ժողովուրդ բառն էլ առնում եմ չակերտների մեջ, որովհետև մի ամբողջ ժողովուրդ չէր, որ գնում էր նրա հետևից) անսահման հավատով ու սիրով էր տալիս նրա անունը և նրա հետ էր կապում ազգային վերածննդի և երկրի զարգացման հետագա բոլոր հույսերը: Ընդամենը ինքնուրույն կառավարման (ասում եմ ինքնուրույն, որովհետև ԽՍՀՄ-ը ֆիզիկապես դեռևս շնչում էր մինչև 1990 թվականի Բելովեժյան պուտչը) մեկ տարի և մինչ այդ ժողովրդին պատած ամբոխի հոգեբանությունը սկսեց վերանալ և ժողովուրդը զգաց իր կուռքի հոգու ողջ դատարկությունը: Ասել, թե նախագահը կառավարման փորձ չուներ և դա էր ողջ խնդիրը, կնշանակի մեղանչել ճշմարտության դեմ, որովհետև այստեղ էականը ոչ միայն կառավարման փորձի, այլև որպես պետական, ազգային մտածողի բացակայությունն էր: Նրա կառավարող ողջ թիմի հոգեբանությունը կարելի է բնութագրել հայտնի երգի տողերով. «Կեր, խմի, քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտքիդ տակ»:


Նա մեջքով շրջվել էր դեպի ժողովուրդը և նրան նայում էր վերևից, որպես ամբոխի: Այդ կառավարողը նաև փառամոլ էր և կարծում էր, թե ինքն անփոխարինելի է, ազգի ուղեղն է ու միտքը, նրան սնուցող պորտալարը: Նա ժողովրդին պարտադրեց մի Սահմանադրություն, որի հանրաքվեի արդյունքները ավելի քան բացասական էին:
Փոքր-ինչ առաջ անցնեմ և ասեմ, որ մեր երկրի Սահմանադրությունն էն գլխից և հետագա սահմանադրական բոլոր բարեփոխումների համար անցկացված հանրաքվեները բացահայտ կեղծված են: Եվ այդ կեղծված Սահմանադրությամբ էլ կառուցում ենք մեր պետական կյանքն առայսօր:
Նրա վրա ժողովրդի շպրտած մեծությունը օր օրի ճաք էր տալիս, իսկ նախագահական երկրորդ ընտրության արդյունքները կեղծելու համար ժողովուրդը մերկ ձեռքով գնաց գրավելու «Բաստիլը», բայց ապարդյուն, որովհետև ժողովրդի ցասումը կառավարող անհատի մեջ ևս բացակայում էր պլեբեյին գնահատելու և հանուն նրա արարելու էությունը:
Նախագահական երկրորդ ընտրություններից հետո ժողովրդի համար բացահայտվեց իր երբեմնի կուռքի կերպարը: Քանի որ նա ժողովրդասեր մարդ չէր ի սկզբանե, նախագահական ընտրություններից հետո էլ ավելի խորացավ նրա և ժողովրդի միջև արդեն ստեղծված անդունդը: Պատկերացնել կարելի է, երբ ժողովուրդն անսահմանորեն սիրում էր նրան, իսկ նա բացարձակ՝ ոչ, որովհետև այդ էր վկայում նրա կառավարման սկզբնական տարիներին ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, էլ ու՞ր մնաց նա սիրեր այն ժողովրդին, որն ընտրություններում նրան ասել էր` ոչ: Եվ երբ երեք տարի հետո նրա «հավատարիմ» պարտայգենոսները նրան քշեցին իշխանությունից, ժողովուրդը ոչ միայն դուրս չեկավ իր երբեմնի կուռքին պաշտպանելու, այլև ողջունեց նրա անկումը, թեպետ հոգու խորքում տագնապում էր նոր եկողների համար: Եվ չսխալվեց:


Երկրորդ նախագահը փառքի չէր ձգտում, ինքնախաբեությամբ չէր զբաղվում, հոդվածներ չէր գրում, հոդվածներով բախտագուշակությամբ չէր զբաղվում: Նա պրակտիկ աշխատանքի մարդ էր: Ավելին, պաշտոնաթողությունից հետո ժողովրդին ահաբեկող հոդված չգրեց, այլ պրակտիկորեն ահաբեկեց նրան, արյուն թափելով: Երկրի թալանի գործում նրանք միմյանց չէին զիջում, լոկ տարբերությամբ, որ առաջինը գործում էր հարազատ եղբոր, իսկ երկրորդը՝ մեր օրերի հայտնի օլիգարխի միջոցով: Երկրորդ նախագահը լավ գիտեր, որ ինքը ազգի պորտալարը չէ և ճակատագրի կանչով հասել է բարձր պաշտոնի: Ասում եմ ճակատագրի կանչով, որովհետև լինելով էությամբ իր հայրենի հողի իսկական զավակ, չէր կարող հեռու մնալ, երբ դրված էր այդ հատվածի ժողովրդի լինել-չլինելը: Մեկ բան է ճակատագրով կոչված լինել այդ պայքարում որպես զինվոր և բոլորովին այլ բան, երբ այդ նույն ճակատագրի հեգնանքով երկրի բարձրագույն պաշտոնը կպնում է քեզ: Մեկ բան է վառ հայրենասիրությունը և բոլորովին այլ բան, երբ քեզ է վստահված տնօրինելու տարիներ շարունակ այս մի թիզ հողի վրա մարդկանց արյամբ ու քրտինքով կուտակված ծով հարստությունը: Մեկ բան է սեփական վաստակով, սովորական կյանքով, ինչպես քեզ նման միլիոնավորներն են ապրում, և բոլորովին այլ բան է, երբ կողքիդ հավաքված ստորները քչփչում են ականջիդ, թե դու ընտրյալ ես, դու արժանի ես բոլորից վեր լինելուն: Մեկ բան է, երբ դու հագնվում էիր ինչպես միլիոնավոր մահկանացուներ, և բոլորովին այլ բան, երբ քեզ հրամցնում են ճոխ կարված տղամարդու վերնազգեստ և ոչ թե դերմատինից, այլ նուրբ կաշվից կարված բաճկոն կամ կոշիկներ: Իսկ այլ հագուստ-կապուստների մասին խոսելն ավելորդ է: Եվ հենց այդ պահից էլ նա սկսում է օտարանալ նրանցից, ովքեր իրեն բերել էին իշխանության, և հանուն այդ իշխանության պահպանման նա թքած ունի ժողովրդի կարծիքի, ժողովրդական ընտրության հասկացությունների վրա:


Դու՛ ես երկրի տերը և կարող ես նույնիսկ այնքան մեծամտանալ, որ պետությունների միջև պատմականորեն ստեղծված եռակազմ բանակցություններից դուրս ես շպրտում այդ բանակցությունների հիմնական դերակատարին այն հանցավոր ինքնասիրությամբ, թե` ամեն ինչ ես եմ որոշում: Այդ մարդը ո՛չ մեծ էր ծնվել, ո՛չ հասավ մեծության և ո՛չ էլ ժողովուրդը նրա վրա մեծություն շպրտեց: Նա հասավ այն բանին, որ կուտակեց ծով հարստություն և, ամենակարևորը, ապահովեց իր որդիների արտոնյալ լինելը և որևէ մեկի, անգամ հայրենիքի նկատմամբ պարտք չունենալը:
Հայրենիքի հանդեպ պարտք ունեն պլեբեյները, բայց ոչ երբեք պատահականորեն ընտրյալ դարձածների զավակները: Մարդկային պատմությունը չի հիշում մի դեպք, որ իսկական ընտրյալների զավակները հայրենիքի օրհասական պահերին ռազմադաշտում չլինեին: Նրանց զավակների ճանապարհը դեպի իշխանության վերին օղակներ անցնում էր առաջին հերթին զինվորական ծառայությունից: Իսկ մերոնց մոտ…


Հանրապետության երրորդ նախագահը երբեք չի տառապել ինքնամեծարմամբ: Նա իրեն լավ է ճանաչել ի սկզբանե և գիտե, թե ովքեր են իսկական մեծությունները: Նա որևէ տեղ չի փորձել մեծություն երևալ: Շուրջ երեսուն տարվա իր քաղաքական կյանքում նա ինքնագովեստով չի զբաղվել, չի փորձել հռետորական արվեստով գերել իր ունկնդրին, ցանկացած բնագավառ կառավարելիս չի կորցրել չափի զգացողությունը: Նրա միակ ամենակարևոր որակը թերևս լռել կարողանալն է եղել: Նա երբեք և ոչ մի տեղ չի փորձել մեծ երևալ, պատմության էջերը շուռ չի տվել ինչ-որ տեղ ցիտելու և մեծի տպավորություն թողնելու համար: Կառավարման ոլորտում լինելով, տարիներ շարունակ լռել է, մեջքով շրջվել է դեպի այն ամեն բացասականը, ինչ կատարել են իր նախորդները երկրի, ժողովրդի հանդեպ:
Կարելի է շարունակել խոսքը մարդու վրա շպրտված մեծության մասին։ Բա՞յց... Մեր օրերի համար դա էական արժեք չունի, որովհետև մեր օրերում իրեն մեծություն համարող յուրաքանչյուր ոք կոյաբզեզի պես իր կոյն է առաջ մղում:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 6003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ