«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հունվարի 8-ի «ապրիլի 2-ը» (ենիչերիների քավարանը սահմանի գլխին)

Հունվարի 8-ի «ապրիլի 2-ը» (ենիչերիների քավարանը սահմանի գլխին)
19.01.2018 | 14:09

ՆԱԽԵՐԳ


Ձյունը, որ ավելի ստույգ անձրև էր, ժամանեց ուշացած շոգեքարշի նման հևիհև: Ձյունը, սա հանրահայտ է, բնաշխարհի անաղարտության խորհրդանշանն է: Ինչպիսի՞ն կլինի գալիք խորհրդարանական աշունը երկրում, մենք կիմանանք առաջիկա վարդայտ մայիսին: Գուցե քիչ ավելի վաղ, ծաղկազարդ ապրիլին: Ապրիլն ու մայիսը մեր պատմության փարոսներն են: Այո, այսպես է գոնե վերջին 100 տարում կամ 1 դարում: Փարոսները, ցավոք, երբեմն անսպասելի մթագնել են, երբեմն էլ անկասելի հուրհրացել են: Նայած թե որ անձնակազմն է հերթապահել փարոսում՝ ազգային-պետակա՞ն վաշտը, թե՞ խառնածինների դասակը: Միով բանիվ, ձմեռ է, փակ են որոշ լեռնանցքեր, սակայն չէ՞ որ տեսանելի ապագայում ընտրելու ենք 3-րդ, արդեն խորհրդարանական հանրապետության խորհրդանշական նախագահին: Միով բանիվ, լցվենք հույսով:

Երրորդ հանրապետության բնաշխարհում ճգնաժամ է: Սակայն կատակաբան-գիտունները համոզում են, որ հենց քաղաքական վայրիվերումներն են խառնշտորում բնաշխարհի նախասահմանված կարգն ու կանոնը: Եվ ոչ թե հակառակը: Քանզի քաղաքականությունը ՀՀ-ում շատ է նման 2 ամսում 3 անգամ ավանդույթով խիստ ծիսական (հարսնաքողով ու օժիտով) և խնձորով կուսակարմիր ամուսնացող պառվաբոզի: Այսպիսով տարվա առաջին ձյունը երկիր է եկել Սահարայի անապատից: Եվ ահա ես, ծառան ձեր հեզ, լուսումության երազում առերեսվեցի «ֆարս» մաժորային մի իրողության. պատկերացրեք, պատշգամբիս բազրիքի վրա կաչաղակի ու տատրակի փոխարեն հանապազօր ցորնահատիկներն էին ճաշակում անապատի սողունակեր թռչուններն ու մի անվրդով, տխմար ջայլամ: Ի՞նչ է ուզում այս երազը:

ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի «ԱՊՐԻԼԻ 2-Ը»


2016-ի ապրիլի 2-ին երկրի սահմանի վրա լույսը բացվում էր հոգեմաշ լռությամբ: Դավադիր էր լռությունը. և այդ դավը հունդավորված էր մայր հողի ընդերքում, թե ում ձեռքով և՛ անհայտ է, և՛ ակներև է, ինչպես լուսաբացին պայթած ականի դղրդոցը: Սահմանապահ հայ զինվորը անտեղյակ էր դավին, բայց մարտն ընդունեց Ավարայրի ու Սարդարապատի խորհրդին հարիր, զի թիկունքում հայությունն էր, Երկիր Նաիրին, ուրիշ ոչինչ:


2018-ի հունվարի 8-ին մայրաքաղաքի աշխարհիկ-հոգևոր մի հատվածում, այնտեղ, ուր Աբովյան և Սայաթ-Նովա փողոցներն են միմյանց խաչվում և այնտեղ, որտեղ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն է ու Վեհափառ Հայրապետի երևանյան նստավայրը (այստեղ են նաև վեհանում միջնադարյան և մերօրյա եկեղեցիները), վաղորդյան լռությունը դարձյալ դավադիր էր, զի դավն այնտեղ հունդավորվել էր ասֆալտի տակ: Ենիչերին խոյահարեց երկու արմենոիդ ջահել սպայի, որոնց մեղքը միայն մեկն է. ակամա կտրել էին «ենիչերու» ճանապարհը, ընդհատել վերջինիս կատաղի ընթացքը, և պատիժը չհապաղեց: Այո, պատվարժան իմ ընթերցող, 3-րդ հանրապետությունում վաղուց է ձևավորվել այս քայքայիչ, բիրտ աղանդը: Թերևս այն անվանակոչենք ահա այսպես՝ նոր-ենիչերիական աղանդ: Թերևս նաև հիշենք, թե ովքեր էին դասական ենիչերիները: Թուրքերեն «դա նոր զորքն է, Yeniceri»: Ստեղծվել է 14-րդ դարում, կազմավորվել նախ ռազմագերիներից, ավելի ուշ շրջանում Օսմանյան կայսրության քրիստոնյա հպատակներից: Ենիչերիները սուլթանական գահի հենարանն էին և հաճախ էին դառնում պալատական տարբեր հեղաշրջումների շարժիչ ուժ: Այս ամենից խիստ ձանձրացած Մահմուդ 2-րդ սուլթանը 1826-ին վերացնում է նրանց: Սրանք չոր ու ցամաք հանրագիտարանային տվյալներ են: Սակայն բանավոր զրույցներում և գրավոր այլ հիշատակություններում ուշագրավ բազում հուշումներ կան: Ականջ դնենք զրույցներին և թերթենք հիշատակությունները: Ենիչերիները հավաքագրվում էին մանուկ հասակում, թլպատվում և իսլամացվում էին և իսպառ կտրվում էին և՛ հայրենի բնօրրաններից, և՛ հարազատ օջախից ու ծնողից: Հատուկ զորակայաններում նրանց վարժեցնում էին ռազմական գործին, պարտադրում էին միմյանց հետ խոսել պերճաշուք թուրքերենով, և լինել անվարան դաժան սուլթանական գահի թշնամիների նկատմամբ: Հասկանալի է, որ ենիչերիական զորքերի հիմնական զանգվածը հայ պատանիներն էին, կային նաև լեհեր, հույներ և այլք: Սա ազգային-պետական համակարգված և հեռանկարային ծրագիր էր, որը մեծ հաջողությամբ կյանքի կոչվեց ուղիղ 5 դար, հինգ հարյուր տարի, ոչ ավելի: Ո՞րն էր սրա խորհուրդը: Տեսեք, նախ քրիստոնեական համայնքները զրկվում էին արական սեռի ընտրանուց, զի լավագույն տղեկներին էին զորակոչում, տնից քաշում: Այնուհետև այս տարաբախտ տղեկները մանկուրտացվում էին, կորցնում էին հիշողությունը, լեզուն, հայրենիքի զգացումը: Նրանք սուլթանական մենիշխանության համար դառնում էին արտաքուստ լուսաչք, բայց հոգեպես հավկուրացած, իրենց գործում խիստ հմտացած անողորմ պատժիչ գործիք, և շատ հաճախ արշավում էին հենց իրենց ծննդավայր ու նախճիրի էին ենթարկում հարազատ բնակավայրն ու արյունակիցներին, հորը, մորը, եղբայրներին և քույրերին: Տե՜ր իմ Երկնավոր, 5 հարյուր տարում քանի՜-քանի հազար ու մի հայկական օջախ է մարել նույն օջախի հարազատ մանչի ձեռքով: Եվ ահա ես, ծառան ձեր հեզ, հիշեցնում եմ այս ամենը՝ հնչեցնելով համազգային մի ահազանգ՝ նոր-ենիչերիական այս աղանդը (հապավենք անվանումը՝ ՆԵԱ) ծանր սպառնալիք է երկրի համար, ուրիշ ոչինչ: Ահազանգն այս արդյո՞ք հնչեց ի գիտություն ամենեցուն, հուսանք, այո: Այժմ վերադառնանք Օսմանյան Թուրքիա: Ինչ-որ մի հեռավոր վիլայեթում ապստամբություն է բռնկվում: Ենիչերիները ճնշում են ապստամբությունը ահարկու դաժանությամբ, արմատից թռցնելով 30 հազար գլուխ: Սուլթանը սեխաձև (իմա՝ բուն թյուրք-օղուզական) գլուխն առած թաթերի մեջ ելք է փնտրում: Եվ ահա նրան օգնության ձեռք է մեկնում գերմանացի մի ռազմական խորհրդական, փարատում է սուլթանի կասկածն ու կսկիծը, առաջարկելով չեղարկել ենիչերիական զորքերը: Եվ պատճառաբանում է ահավասիկ այսպես՝ ենիչերին հիշողությունն է կորցրել, սակայն նրա էության մեջ չի մահացել իր նախնյաց արյան կանչը, հետևաբար, թուրք ապստամբները նրա համար թշնամի են: Այսպիսով հասկանալի է նրանց արյունարբությունը: Ի դեպ, միջնադարի ենիչերիները հետևակ էին, ի տարբերություն նոր-ենիչերիական աղանդի, որը հեծելակ է, ավարառության է ելնում՝ սանձած ականակիր իր մեքենան:

ՃՈ աշխատակից երկու խոյահարված երիտասարդ սպաները երկրի զինվոր էին, ներկա հակահամակարգի հերթական զոհերը: Եվ, ինչ խոսք, խոյահարիչ-ենիչերի համապետական, կասեի անգամ՝ համահայկական նշանակության արժանի պատիժը կհիմնավորի՝ հանրապետությունում վերջապես մեկնարկու՞մ են արմատական բարենորոգումները, թե՞ երկիրը շարունակելու է իր անմեղ արյունը հեղել սահմանագլխին և մայրաքաղաքի սրտում: Հեղվող արյունը, Տերը մի արասցե, կվերածվի հեղեղի, իսկ թե ինչի է ունակ անմեղ արյան հեղեղը, վախենում եմ մտածել անգամ:


ԵՆԻՉԵՐԻՆԵՐԻ ՔԱՎԱՐԱՆԸ ՍԱՀՄԱՆԻ ԳԼԽԻՆ


Անվարան և դյութագիր պոետ Դավիթը Հովհաննես, մի օր անցնելով Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկով, չզլացավ ու գրեց-կերտեց «Մութն իջնում է Հայոց աշխարհին» հուզախռով բանաստեղծությունը, որի առաջին 2 քառյակը եկեք համատեղ ունկնդրենք.
Մութն իջնում է Հայոց աշխարհին,
հեռվում լույսեր են կայծկլտում աղոտ.-
օ, սուրբ Հայրենիք, օ, աշխարհ իմ հին,
խաչված Քրիստոս, առաջին աղոթք:

Սիրտս լցվում է լքումի ահով,
քամին խոհեր է ծալում անանուն.-
հեռվում լույսեր են կայծկլտում աղոտ...
Ովքե՞ր են այնտեղ և ի՞նչ են անում:

Նրանք անում են հնարավորը, երկնում են անհնարը մեզ ամեն օր ու ամենուր խաչելու համար: Դավեր են նյութում և դյութում են երկիրը ցնորական խոստումներով: ՈՒ երդմնազանց են լինում ազգափրկիչ խոստումներից վայրկյաններ անց: Բնականաբար, ՀՀ-ի գոյակերպը վերահսկող հայտնի-անհայտ, ասել է՝ դրսից ուղղորդվող, ներսից էլ ուղղորդումները կյանքի կոչող վերնախավը ժամանակին գտավ ելքը, ձևավորեց ՆԵԱ-ն, և մեր լույսերը վաղուց արդեն կայծկլտում են հեռուներում: ՆԵԱ-ի հրոսակախմբերը, մի՞թե պարզ չէ, վերնախավի հենարանն են, ցերեկները զբաղվում են համաժողովրդական ընտրակեղծարարությամբ, գիշերները մանկուրտացնում են երկիրը գիշերային ակումբներից արտավիժող վայրագ կաղկանձով և պանդոկներից հեղեղվող է՛լ ավելի վայրագ հրավառությամբ: Եվ ահա ես, ծառան ձեր հեզ, տալիս-առնում, քիչ է մնում մտագարվեմ: Մի՞թե սեփական ժողովրդի հանդեպ նրանք չունեն թեկուզ արյունակցական խղճմտանք, հարգանքի մասին խոսելն այստեղ ավելորդ է միանգամայն: Ո՞վ է սրանց մանկուրտացրել: Անշուշտ, կասեք, որ գաղտնիք չէ, մանկուրտացնողները հանրահայտ են, իշխանակառավարական վերնախավը իր արյունակից դրածո քրեաօլիգարխիայի և վարչաբյուրոկրատական գանձագողերի համադաշնությամբ: Բարի, սակայն ո՞վ է վերոնշյալ եռապետությանը մանկուրտի վերածել, մի՞թե պարզ չէ, ինչպես 2x2 գերբարդ թվաբանական գործողությունը: Համաշխարհային օլիգարխիան, Վենետիկի հանձնաժողովը, մորմոններն ու ռուսական ահաբեկչական գազը (ի դեմս «Գազպրոմ Արմենիայի» և «Տրանսգազի»)՝ կբացականչեք դուք, իմ պատվարժան ընթերցողներ, և երիցս ճիշտ կլինեք: Բայց և այնպես, ո՞րն է ելքը, կհարցնեք դուք, կպատասխանեմ ես, ծառան ձեր հեզ, և ահա իմ պատասխանը. մեր արժանի պատասխանը խաղաղ դիմակայությունն է: Գուցե պետք է 1 շաբաթով (մի յոթ օրով) բարիկադվել սեփական բնակարանում, հետո անջատել կապի բոլոր միջոցները, այնուհետև ծոմ պահել, աղոթել ՆԵԱ-ի և նրա հայկական կնքահայրերի մեղքաթողության համար և կարգավորե՞լ 3-րդ հանրապետության կյանքը: Թող մեկ շաբաթ (մի 7 օր) տրանսպորտը երթևեկի իստակ դատարկ, թող մեկ շաբաթ (մի 7 օր) գնորդի կարոտից հալումաշ լինեն սուպերմարկետները այլազան և մոլերը զանազան: Եվ թող որ այս ամենը միանգամայն լուրջ ընկալվի: Ամե՜ն:

ՎԵՐՋԵՐԳ
Նախ և առաջ անհրաժեշտ է ՆԵԱ-ի, ասել է՝ նոր-ենիչերիական աղանդի բոլոր ներկայացուցիչներին քշել սահման, առաջին գիծ: Թող սահմանագլխին սրանք ցուցադրեն զենքին տիրապետելու (ինչպես նաև հակառակորդին մերձիմահ շանսատակ անելու) իրենց անուրանալի հմտությունները:
Նախ և հետո բոլոր նրանք, ովքեր ժամանակին հովանավորել են նոր-ենիչերիականներ Սարգիս և Սերժ Վարդանյան եղբայրներին (այն է՝ բոլոր իրավապահ մարմինները) պետք է պաշտոնազրկվեն և ուղևորվեն սահմանագլուխ, թիկունքից հսկելու առաջնագծում կանգնած ՆԵԱ-ականների անբասիր ծառայությունը:

Ձյունը, որ ավելի ստույգ անձրև էր, ժամանեց ուշացած շոգեքարշի նման հևիհև: Ձյունը, սա հանրահայտ է, բնաշխարհի անաղարտության խորհրդանշանն է: Ինչպիսի՞ն կլինի գալիք խորհրդարանական աշունը երկրում...


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ