Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մատթեոս ավետարանչի մասունքներն ամփոփող հայկական վանքը

Մատթեոս ավետարանչի մասունքներն ամփոփող հայկական վանքը
19.01.2018 | 14:18

Իսիկ Կուլ (Ղրղզստան) լճի հատակում, ափից 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա 11 հոգուց բաղկացած միջազգային պատմահնագիտական արշավախմբի անդամները 2015 թ. հայտնաբերել են, նախնական տեղեկությունների համաձայն, շուրջ 2500-ամյա բնակավայր: Ժամանակին այս կողմերով է անցել Մետաքսի մեծ ճանապարհը: Քաղաքը ջրածածկ է եղել այն բանից հետո, երբ լճի մակարդակը բարձրացել է մոտ 5 մետրով: Սկզբնապես հաղորդվում էր, որ դա սկյութական հին քաղաք է:


Տեղեկություններ կան, որ Իսիկ Կուլի (թարգմանաբար` տաք լիճ) տարածքում հին ժամանակներում եղել է հայկական վանք` կառուցված վաղ միջնադարում (4-8-րդ դդ.), որտեղ հանգչել են Քրիստոսի աշակերտ Մատթեոս ավետարանչի մասունքները: Մատթեոս առաքյալը մահացել է առաջին դարում: Սուրբ Մատթեոս առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է։ Հայաստանյայց առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և Խաչի 6-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ մյուս 3 ավետարանիչների հետ միասին:
Իսիկ Կուլ լիճը, որի խորությունը հասնում է մինչև 668 մետրի, գտնվում է 1608 մ բարձրության վրա, Հյուսիսային Տյան Շանում, Ղրղզստանի հյուսիսարևելյան մասում: Ավանդազրույցի համաձայն՝ հայ հոգևորականները վանքը կառուցել են լճի մոտ թաղված Մատթեոս առաքյալի մասունքներն ամփոփող տապանի վրա, իսկ մասունքներն այդտեղ են տեղափոխել օտարներից, թշնամիների պղծումից փրկելու նպատակով, քանի որ այդ ժամանակաշրջանում նրանց արշավանքները դեպի Հայաստան և մեր տարածաշրջան շատ են եղել: Հետագայում լճի մակարդակը բարձրացել է, ու վանքն անցել է ջրի տակ:


Ղրղզական հնագետների և ՌԴ Տոմսկի պետական համալսարանի «ՍԿԱՏ» ջրասուզակների ակումբի համատեղ արշավախմբի հայտնաբերած կերամիկական, մետաղական և տարաբնույթ այլ գտածոների մասին ուշագրավ տեղեկություններ է հայտնել ջրասուզակների խմբի ղեկավար Դմիտրի Գոռնը: Rosnauka-ի փոխանցմամբ, նա ասել է, որ լճի հատակում հայտնաբերված բնակավայրից 2015 թվականի ամենահետաքրքիր գտածոն, ըստ արշավախմբի մասնակիցների, խեցե խոշոր կաթսան է, որի վրա կան պատրաստողների կնիքները: Նա նաև հայտնել է հայ-սիրիական ինչ-որ գրերի մասին, ինչը կարող է ևս մեկ ապացույց լինել, որ Իսիկ Կուլի տարածքում հին ժամանակներում եղել է հայկական վանք, որտեղ հանգչել են Մատթեոս առաքյալի մասունքները:
Թե ինչու՞ հայ-սիրիական գրեր, անհասկանալի է, հայերենը և արաբերենը բոլորովին տարբեր լեզուներ են, գրերն էլ են տարբեր, հետևաբար պետք է խոսք լինի կամ հայկական, կամ սիրիական գրերի մասին: Այս կապակցությամբ ասում են, որ հին սիրիական լեզուն հատկապես Մերձավոր Արևելքում օգտագործվել է իբրև եկեղեցական լեզու, իսկ հայկական է եղել ոչ թե գիրը, այլ շարադրանքը, ինչը կարող է վկայությունը լինել այն բանի, որ հայկական վանքն իրոք եղել է: Սակայն գտածոներից մեկի վրա (դա խեցե խոշոր կաթսան է, թե ոչ` դժվարանում ենք ասել) երևում են հայկական «վ» (կամ գուցե` «զ» կամ «ջ») և «լ» տառերը:
Պեղումների ընթացքում որոշ թանկարժեք իրեր գտնվել են, օրինակ, ոսկուց ու բրոնզից պատրաստված մուրճ, սակայն գիտնականները մինչ այժմ հստակ չգիտեն՝ որտեղ է հայկական վանքը, ոչ էլ մանրամասներ գիտեն գանձերի մասին: Որոշ տեղեկությունների համաձայն, 19-րդ դարում մարդիկ վանքը լճի ափին դեռ տեսել են, սակայն թե որոշակի որտե՞ղ, որևէ մեկին հայտնի չէ, որևէ մեկը չի ասել:


Հայտնի է նաև, որ հետագայում Իսիկ Կուլի հարավային ափին աշխատանքները հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պլոսկիխի ղեկավարությամբ շարունակվեցին Ղրղզա-ռուսական սլավոնական համալսարանի հնագետների հետ համատեղ: Թե էլ ինչ հայտնաբերեցին նրանք, ինչ պարզեցին, մեզ շատ քիչ բան է հայտնի… Իսիկ Կուլի հատակում հնագիտական գտածոներ հայտնաբերվել են դեռ անցյալ դարի 50-ական թվականներից:
Ջրասուզորդ, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզորդների խմբի ղեկավար, հրահանգիչ Ռաֆայել Մկրտչյանը հիշյալ գտածոների հայտնաբերման դեռ հաջորդ տարում տողերիս հեղինակի հետ զրույցում ասաց.
«Այս վանքի մասին խոսակցությունները նոր չեն: Գոյություն ունի դեռ 1375 թվականի կատալոնյան մի քարտեզ, որի վրա վանքը պատկերված է լճի հարավային մասում: Սակայն տվյալ վայրում այն չի գտնվել: Ենթադրվում է, որ լճի մակարդակը հետագայում մեծ չափով բարձրացել է, ինչի պատճառով վանքը ջրածածկ է եղել: Ընդհանրապես, վերջին տարիներին ավելանում են այն գիտնականները, որոնք հակված են կարծելու, որ այդ վանքը կարող է գտնվել ոչ այն վայրում, ուր փնտրում են:


Ղրղզստանի մայրաքաղաքում լույս տեսնող «Вечерний Бишкек» թերթն ավելի քան տասներկու տարի առաջ տեղեկացրեց Վենետիկից 19-րդ դարի կեսերին մի ռուս գիտնականի բերած այդ քարտեզի, ինչպես նաև այդ քարտեզի վրա Իսիկ Կուլ լճի ափին պատկերված հայկական վանքի մասին, հայտնելով նաև, որ, ըստ ավանդության, հենց այդ վանքում է թաղված Մատթեոս ավետարանիչը:
Ղրղզստանի Իսիկ Կուլ լճում հնագետները Մատթեոս ավետարանչի գերեզմանը որոնում են առնվազն դեռ 2004 թվականից: Այս վայրերում տեղացիները հաճախ են հնագիտական առարկաներ գտնում: Բարձր լեռներում գտնվող լճի ափին հիշյալ վանքը գտնելու նպատակով տասներկու տարի առաջ ստեղծված ռուս-ղրղզական խմբին, չնայած կատարած պեղումներին, չի հաջողվել գտնել հայկական վանքը»:


Ռաֆայել Մկրտչյանի տեղեկացմամբ, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը ռուս աշխարհահռչակ ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովի նախաձեռնությամբ դեռ 2013 թ. սեպտեմբերից մտադիր էր սկսել հայկական միջնադարյան եկեղեցու որոնման աշխատանքները, սակայն դրանք հետաձգվել են, քանի որ Կոնյուխովը նախապատրաստվելիս է եղել Խաղաղ օվկիանոս նավարկությանը և գերծանրաբեռնված է եղել:
«Որոշ տեղեկությունների համաձայն, Մատթեոս ավետարանչին հայ քրիստոնյաներն են հուղարկավորել, առաքյալի մասունքները հասցրել են Տյան-Շան, այսինքն` մի տեղ, ուր հրեաներն ու հռոմեացիները ոտք չեն դրել»,- պատմեց «Այասի» ջրասուզորդների խմբի ղեկավարը և ասաց, որ Կատալոնյան քարտեզին անձամբ ծանոթ չէ, բայց, ըստ վերոնշյալ տեղեկության, դրա վրա գրված է` «Այստեղ են թաղված սբ Մատթեոսի մասունքները եղբայր հայերի վանքում»:
ՈՒշագրավ է, որ Վատիկանը, որը միշտ համարում էր, որ Մատթեոս առաքյալի մասունքները Իտալիայի Սալերնո քաղաքի Սան Մատեո տաճարում են ամփոփված, վերոնշյալ փաստը չի հերքել: Ղրղզստանը գտնվում էր Մետաքսի մեծ ճանապարհի վրա, և քրիստոնեությունն այստեղ նույնպես տարածվել է: Երկար տարիներ մարդիկ պեղումներ են անում, որ այդ վանքը գտնեն, սակայն անարդյունք:


Ռաֆայել Մկրտչյանը դեռ 2016 թվականին մտադրություն ուներ գնալու Իսիկ Կուլ, քանի որ այնտեղ հայկական մեծ գաղութ է եղել, Իսիկ Կուլում ջրի տակ է մնացել հայկական վանքը:
«Պետք է գտնել այդ վանքը, այն մեր ազգի պատմության հետ է կապված,- ասաց Ռաֆայել Մկրտչյանը:- Իսիկ Կուլի տարածքում մոտ մեկ միլիոն հայ է ապրել այն ժամանակ, երբ գործում էր Մետաքսի մեծ ճանապարհը: Ֆինանսավորումից է կախված, թե երբ կգնանք: Մի քանի ռուսական ակումբներ կան` ստորջրյա պեղումներով զբաղվող, որոնք նույնպես գնալու են այնտեղ, հրավիրել են մեզ, որ միանանք այդ աշխատանքներին: Բոլորն իրենց ֆինանսական միջոցներով են գնում, որի բացակայությունը մեզ համար ցավալի է»:
Ֆինանսավորում այդպես էլ չեղավ: Ռաֆայել Մկրտչյանը թողեց Հայաստանը, գնաց Ռուսաստան արտագնա աշխատանքի, որքան տեղյակ եմ, հիմա Սև ծովում ինչ-որ նավի վրա է աշխատում: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, մշակույթի նախարարությունը, ցավոք, չհետաքրքրվեցին Իսիկ Կուլի հատակում հայտնաբերվածով, իսկ եթե նույնիսկ հետաքրքրվեցին, դա ընթերցանությունից այն կողմ չանցավ, այսինքն` չստացավ գործնական արտահայտություն:
Տեղեկացնենք նաև, որ Ղրղզստանը ևս շահագրգիռ է Իսիկ Կուլ լճի ափերին հայկական վանքի որոնման աշխատանքներով, և երկու-երեք տարի առաջ ֆինանսական միջոցներ էր փնտրում այս նպատակով:


2016 թ. նոյեմբերի 28-ին Երևան-Բիշքեկ տեսակամրջի ընթացքում պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վասիլի Պլոսկիխն ասել է, որ Իսիկ Կուլի տարածքում միջնադարում հայկական տաճար է կառուցվել, որը ժամանակի ընթացքում անցել է ջրի տակ: Նա նույնպես պատմել է, որ տաճարի մասին այդ տեղեկությունները ստացվել են կատալոնական ատլասից:
«Հայերը Ղրղզստանի տարածքում եղել են, կարելի է ասել, դեռ մեր թվարկության 1-ին դարից, հայտնի են նաև միջնադարյան քրիստոնեական քաղաքներ,- ասել է Վ. Պլոսկիխը:- Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայկական մշակույթը, քրիստոնեությունը Ղրղզստանի տարածքում միջնադարում բավական լայնորեն են ներկայացված եղել: Այս ողջ պատմությունը սկսվում է աշխարհագրագետ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկուց (1827-1914), որը գտել է կատալոնական ատլաս, որի վրա նշված է եղել Իսիկ Կուլ լիճը: Այն էջում, որի վրա պատկերված է եղել լիճը, նշված է եղել մի շինություն, որի աջ և ձախ կողմերին խաչեր են եղել: Ատլասում կատալոներենով գրված է, որ դա Իսիկ Կուլի շրջակայքն է, և որ դա հայկական տաճար է, որտեղ պահվում են Մատթեոս ավետարանչի մասունքները»:


Պլոսկիխը նշել է նաև, որ տարբեր ժամանակաշրջաններում այդտեղ պեղումներ են անցկացվել, տեղեկություններ են եղել, որ այդտեղ են պահվում Մատթեոս ավետարանչի մասունքները, և որ, բացի այդ, որոշ տեղեկությունների համաձայն, տաճարում գանձեր են թաքցված: Գիտնականը միաժամանակ ասել է, որ դա հաստատված չէ, սակայն հնարավոր է, որ այդ լեգենդի հիմքում լինեն իրական պատմական փաստեր:
Պատասխանելով հայկական վանքի մոտավոր տեղակայման վայրի մասին հարցին, Պլոսկիխն ասել է, թե չի կարելի միանշանակ պնդել, որ տաճարը գտնվել է Կուրմենտիսկի (Կուրմենտինյան) ծոցում, քանի որ դրա վերաբերյալ ուղղակի ապացույցներ չկան, թեև դա անուղղակիորեն հաստատող հնագիտական գտածոներ գտնվել են: Նրա տեղեկացմամբ, հետագայում այդ նույն վայրում ուղղափառ տաճար է կառուցվել, որի ավերակները մինչև այժմ էլ կան: Մեկ այլ վարկածի համաձայն, տաճարը կարող է գտնվել Իսիկ կուլի Լուսավոր հրվանդան տեղանքում, ջրի տակ: Այստեղ 2x5 կմ մեծությամբ օբյեկտ է հայտնաբերվել, որի հետազոտության համար մեծ միջոցներ են անհրաժեշտ: Դրա հետ մեկտեղ, հարավային ափի հետազոտությունները դեռևս արդյունք չեն տվել:


«Հավանական է, որ եկեղեցին գտնվում է ջրի տակ,- նույն տեսակամրջի ընթացքում ասել է գիտնականը:- Ջրի տակ հայտնաբերվել է բավականին մեծ օբյեկտ, որի ուսումնասիրության համար զգալի գումար է անհրաժեշտ: Այնտեղ գտնվել են միջնադարյան կերամիկայից անոթ, նաև աղյուսի մնացորդներ, որոնք օգտագործվել են հայկական ճարտարապետության մեջ»:
Վ. Պլոսկիխը տեղեկացրել է, որ վերջին շրջանում ամեն տարի իրականացվում են ռուս-ղրղզական արշավախմբեր, սակայն, հաշվի առնելով որոնումների մեծ մակերեսը և հետազոտվելիք նյութի բազմաշերտ բնույթը, դեռևս մեծածավալ աշխատանքներ կան: Քանի որ 2016 թ. ձմեռնամուտին ուսումնասիրությունների սեզոնն արդեն ավարտվել էր, Պլոսկիխն ասել է, որ ստորջրյա հետազոտությունները վերսկսելու են գարնանը, նաև հույս հայտնել, որ հայ գիտնականները նույնպես ներգրավված կլինեն այդ աշխատանքներում:
«Հույս ունեմ, որ եկող ամառ կունենանք համատեղ ռուս-հայկական-ղրղզական արշավախումբ,- ասել է գիտնականը:- Մենք շփվում ենք հայ գիտնականների հետ: Անցած ամառ Հայաստանում էի, կլոր սեղան եղավ: Շփում կա հայ մասնագետների հետ: Այստեղ հիմնականում ֆինանսի հարցն է»:


Ղրղզ, թե ռուս հնագետներն առնվազն երկու անգամ իրենց հայ կոլեգաներին առաջարկել են մասնակցել իրենց համատեղ աշխատանքներին, բայց… Ինչպես արդեն նշեցինք, հայ ջրասուզորդները, մասնագետները չֆինանսավորվելու պատճառով չեն մասնակցել Իսիկ Կուլում անցյալ տարի վերսկսված աշխատանքներին: Պլոսկիխը նշել է նաև, որ ռուսները վերոնշյալ պեղումներին մշտապես մասնակցում են, հիմնականում նրանք են ուսումնասիրություններ կատարում լճի հատակում:
Այո, ավանդազրույցների համաձայն, հայ հոգևորականները հիշյալ վանքում նաև գանձեր են թաքցրել, սակայն հայտնի չէ, թե խոսքն ինչ գանձերի մասին է` ոսկուց, արծաթից, ադամանդից, սուտակից, զմրուխտից, թանկարժեք այլ քարերից պատրաստված թագերի, մատանիների, ապարանջանների, ականջօղերի, մանյակների, այսինքն` այն գանձերի՞, որոնք մարդիկ սովորաբար պատկերացնում են «գանձ» ասելով, թե՞ դարձյալ թանկարժեք մետաղներից ու քարերից պատրաստված խաչերի, արարողական այլ իրերի, եկեղեցու սպասքեղենի, որոնք նույնպես գանձ կարելի է համարել:


Գանձերի պատմության մասին ավելի հանգամանորեն խոսելով, Վ. Պլոսկիխն ասել է, որ Չինաստանում ռուս էմիգրանտ ՈՒսպենսկին 20-րդ դարասկզբին ծանոթացել է մի կուսակրոնի հետ: Մահվանից առաջ կուսակրոնն ՈՒսպենսկուն հայտնել է, որ եղել է Իսիկ Կուլի ինչ-որ գանձերի պահապանը: Ղրղզստան վերադառնալով, ՈՒսպենսկին սկսել է գանձերի որոնումները: Նրան հաջողվել է ալեբաստրե սալիկ գտնել, որը զարդարված է եղել եղջերուներով, ոսկե և բրոնզե թագերով: Այս պատմությունը հասել է իշխանություններին, հետագայում պեղումներով զբաղվել են ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ներկայացուցիչները: Ղրղզստանի անկախության հռչակումից հետո գանձերը գտնելու փորձերը վերականգնվել են, սակայն մինչ օրս բոլոր ջանքերը եղել են անարդյունք:
Նկատի ունենալով հայկական վանքի հետ կապված վերոնշյալ լեգենդը, Դավիթ Գալստյանը Armeniasputnik.am կայքում գրել է ` «Գրիգորևյան կիրճի ճանապարհին (Իսիկ Կուլի ամենագեղատեսիլ և գեղեցիկ վայրերից մեկը) էքսկուրսավարն իսկույն հիշում է այդ լեգենդը, երբ իմանում է, որ ունկնդիրների շարքում նաև հայեր կան։


«Ձեզ կհետաքրքրի, դուք գիտե՞ք հայկական վանքի և Սուրբ Մատթեոսի մասին լեգենդը»,- հարցնում է Էլմիրան։
Լեգենդի համաձայն` հենց Ղրղզստանում, Իսիկ Կուլ լճում է գտնվում քրիստոնեության մեծագույն սրբություններից մեկը` Քրիստոսի աշակերտներից մեկի` Սուրբ Մատթեոս առաքյալի մասունքներով տապանը։ Լեգենդը հիմնվում է 1375-ի այսպես կոչված աշխարհի Կատալոնական քարտեզի վրա (պատրաստել է այդ ժամանակ հայտնի քարտեզագիր Աբրահամ Կրեսկուսը), որտեղ նշված է վանքը։
Քարտեզի վրա գրություն կա. «Վայր, որը կոչվում է Իսիկոլ։ Այդտեղ է գտնվում հայ եղբայրների վանքը, որտեղ պահվում է Սուրբ Մատթեոսի մարմինը»։
Ավանդույթի համաձայն` Սուրբ Մատթեոս առաքյալը տանջամահ է եղել հեթանոսների կողմից Սիրիայում Քրիստոսի քարոզչության համար, հենց այստեղ էլ պահպանվել են նրա մասունքները։ Իսկ երբ Հռոմի Դեկիոս կայսրը (249-251) սկսել է հալածել քրիստոնյաներին Հռոմեական կայսրության գրաված բոլոր երկրներում, ապա հավատացյալները, վախենալով մասունքների անարգումից, դրանք տեղափոխել են Միջին Ասիա։


Ըստ ավանդույթի` նեստորական վանականները (նրանց Բյուզանդիայում հալածել են որպես հերետիկոսների), որոնք թաքցրել են Սուրբ Մատթեոսի մասունքները, իմանալով մոտեցող մոնղոլական արշավանքի մասին, 200 բեռնակիր ուղտերից կազմված քարավանը բեռնել են ոսկով, արծաթով և թանկարժեք քարերով, Իսիկ Կուլի հյուսիսային ափով շարժվել են դեպի Չինաստան, սակայն ճանապարհին իմացել են, որ ջոկատներից մեկն արդեն փակել է ճանապարհը։
Հայկական վանքը մոտ է եղել, և նրանք դիմել են վանքի սպասավորներին, հետո ափում կամ լճի հատակում թաքցրել են գանձերի մի մասը։
Առավոտյան քարավանը շարժվել է դեպի սարեր և թաքնվել քարանձավի մոտ, որի մեջ լցվել է լեռնային գետը։ Գետի ջրերը ժամանակավորապես պահել են և մնացած գանձերը թաքցրել են քարանձավում` փակելով քարե սալիկներով։ Դրանցից մեկի վրա խաչ են պատկերել և ծածկել հողի շերտով։ Հետո գետը կրկին հոսել է իր հունով։
XIX դ. կեսին անվանի ռուս գիտնական Սեմյոնով Տյան Շանսկին ուղևորվել է Թուրքեստանը հետազոտելու։ Նա Իսիկ Կուլի ափին վանքի հետքեր չի գտել, բայց ենթադրել է, որ այն կարող էր գոյություն ունենալ Իսիկ Կուլի Կուրմենտինյան ծոցի շրջանում և ավելի ուշ անցել է ջրի տակ։


20-րդ դարի սկզբին գտել են թաքցրած գանձի քարտեզը, սակայն պեղումներին խանգարել է Թուրքիստական ապստամբությունը։ Երկրորդ անգամ այն երևան է եկել խորհրդային շրջանում` անցյալ դարի 20-ականներին։ Այն ցուցադրել են տեղի երկրաբանական վարչությունում և նույնիսկ պեղումների արտոնագիր ստացել։ Քարանձավում, որը քարտեզի վրա նշված է եղել խաչով, հնագետները գտել են ոսկե մուրճ և հանձնել են իշխանություններին։ Դրանից հետո ոչ մի տեղեկություն չկա, իսկ մուրճը, էքսկուրսավարի խոսքով, անհետացել է…
Իտալացիները պնդում են, որ առաքյալի մասունքները դեռ մ. թ. 1-ին դարում հայտնվել են Ապենինյան թերակղզում և հիմա իբր գտնվում են Սալերնո քաղաքի Սան Մատեո տաճարում։ Գերմանական Տրիրում նույնպես համոզված են, որ սբ Մատթեոսի մասունքները գոյություն ունեն, որտեղ կա Սուրբ Մատթեոսի աբբայություն։
Գիտնականների մեկնաբանությունները քարտեզի իսկության և Իսիկ Կուլում սբ Մատթեոսի մասունքները գտնելու հնարավորությունների մասին շատ տարբեր են, սակայն լեգենդի վերաբերյալ լուրջ վերաբերմունքի մասին են խոսում բազմաթիվ գիտարշավները, հետազոտությունները և պեղումները»։
Ըստ հեղինակի, Ղրղզստանի գիտությունների ակադեմիան և բազմաթիվ գիտնականներ լիահույս են, որ լճի հատակում կգտնեն սբ Մատթեոսի մասունքները և վանքի հետքերը։


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տեսանյութ

Դիտվել է՝ 4395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ