Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ձմեռվա գլխավոր տրանսֆերները

Ձմեռվա գլխավոր տրանսֆերները
19.01.2018 | 14:41

Միանգամից ասենք՝ Ֆիլիպե Կոուտինիոյի «Լիվերպուլից» «Բարսելոն» տեղափոխությամբ ձմեռային տրանսֆերային պատուհանում կատարվելիք գործարքները կորցրել են գլխավոր հետաքրքրությունը, սակայն գլխավորի բացակայությունը չի նշանակում հետաքրքրությունների իսպառ բացակայություն: Բարեբախտաբար, համաշխարհային ֆուտբոլը վառ անհատականությունների պակաս չունի: Անդրադառնանք դրանցից մի քանիսին ու դրանց թվում գոնե մեզ համար թիվ մեկին:

ՍԱՆՉԵՍ-ՄԽԻԹԱՐՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ


Այն, որ իր տրամաբանական ավարտին է հասնում «Արսենալից» Ալեքսիս Սանչեսի հեռանալը, անվիճելիորեն լուծված խնդիր է հենց թեկուզ միայն նրա համար, որ արդեն կես տարի հետո ավարտվում է թիմի հետ նրա պայմանագիրը, և ակումբն այլևս անզոր է ֆուտբոլիստի գործերին միջամտելու: Բանակցություններ վարելու մեջ ազատ ֆուտբոլիստի հարցը դեռևս մեկ շաբաթ առաջ կարծես թե լուծված էր հօգուտ «Մանչեստր Սիթիի», որի գլխին ֆուտբոլիստին դեռևս բարսելոնյան ժամանակներից քաջածանոթ Խոսեպ Գվարդիոլան է կանգնած, սակայն միանգամայն անակնկալ հորիզոնում հայտնվել է Ժոզե Մոուրինյոն, որը Հենրիխ Մխիթարյանի կարիերան ավարտված է համարում «Մանչեստր Յունայթեդում»: Արդյունքում երկու ակումբների համար ստացվում է իդեալական տարբերակ՝ առանց ֆինանսական կորուստների, նրանք չմոտիվացված ֆուտբոլիստներին փոխարինում են մոտիվացվածներով: Իհարկե, մեր ֆուտբոլիստի պարագայում չմոտիվացված բառը, թերևս, այնքան էլ կիրառելի չէ, բայց Մոուրինյոյի «թեթև» ձեռքով ունենք այն վիճակը, որ ունենք:

ԿՄՆԱ՞ ՕԲԱՄԵՅԱՆԳԸ «ԲՈՐՈՒՍԻԱՅՈՒՄ»
Սկզբունքորեն բոլորի համար էլ արդեն պարզ է, որ՝ ոչ: Այլ բան, որ նա հնարավոր է դեռևս կես տարի էլ մնա ակումբում, սակայն դա «Բորուսիայում» նրան նախասահմանված առավելագույն ժամկետն է՝ պայմանավորված ակումբի հետ ֆուտբոլիստի ունեցած պայմանագրով: Ինչ վերաբերում է օրվա ռեալությանը, գաբոնցին փաստացի հեռացված է թիմից, թիմակիցներն ու մարզիչները նրան առել են քննադատության հրետակոծության տակ, իսկ այլ ակումբները ծանր ու թեթև են անում նրան ձեռք բերելու համար ծախսելիք գումարի չափը: Իսկ թե ինչու՞ է Օբամեյանգը հայտնվել թիմակիցների թիրախում, պատճառի ակունքն ինքը ֆուտբոլիստն է, որը «Վոլֆսբուրգի» հետ խաղից առաջ չէր ներկայացել թիմի հավաքին, ինչի պատճառով էլ տեղ չէր գտել անգամ խաղի համար հայտավորվածների կազմում:

ԱՍԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԵՐԵՎԱՑԵԼ


Խոսքը վերաբերում է Կարիմ Բենզեմային, իսկ ասածը «Սանտյագո Բեռնաբեուում» պարտությամբ ավարտված էլ կլասիկոյից հետո եղել է հետևյալը. «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է: Հանգիստ շարունակում ենք աշխատել»: Այ, հենց այդ խաղից հետո նա չի հայտնվել «արքայականի» կազմում: Վատը չմտածենք ու թիմի կազմում բացակայությունը փորձենք տեսնել հարձակվողի ունեցած վնասվածքի մեջ: Սակայն այստեղ մի ուրիշ հարց կա: Ասենք թե վնասվածքը բուժեց ու թիմ վերադարձավ։ Վերադարձավ ո՞վ՝ մի հարձակվող, որն ընթացիկի տասնութ խաղում երկու գո՞լ է հեղինակել, որը 2017-ին «Սանտյագո Բեռնաբեուում» Մեսիից (կարիք կա՞ ասելու, թե Մեսին ինչ ակումբ է ներկայացնում) ավելի քիչ գո՞լ է հեղինակել: Ոչ մեկն էլ չի առարկում, որ Բենզեման իր տեղաշարժերով դաշտում Ռոնալդուի համար օպերատիվ գործելու անհամեմատ ավելի մեծ տարածք է ապահովում, սակայն ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուի՞ արածն ինչ է:
Մեկ որ անդրադարձանք «Ռեալին», ասենք, որ լրատվամիջոցներն այնտեղ արդեն հասցրել են ուղարկել Քեյնին, Իկարդիին, Սալահին, Նեյմարին ու էլ ինչ իմանաս ում: Թե հիշատակվածներից որ մեկի պարագան է կոչված իրողություն դառնալու, չափազանց դժվար է պատասխանել, որովհետև ամեն մի ֆուտբոլիստի հետևում իր գործերի հավատարմատարը՝ գործակալը, կա կանգնած, թիմի հետ ամեն մեկն իր պայմանագիրն ունի կնքած հստակ գործող ժամանակացույցով և այլն: Սակայն «արքայականի» ենթատեքստում սկզբունքորեն չէր խանգարի իմանալ, թե այն ամռանը մոտավորապես ինչ տեսք կունենա, երբ ակումբի նախագահը ձեռնամուխ կլինի թիմի վերակառուցմանը, իսկ որ Պերեսը հարկադրված է գնալու այդ քայլին, թերևս ոչ մեկի մեջ հարցեր չի կարող առաջացնել:

«ԲԱՐՍԵԼՈՆՆ» ՈՒ ՎԱՃԱՌԵԼԻՔՆԵՐԸ
Marca-ն փորձում է հավաստել, որ Կոուտինիոյին ձեռք բերելուց հետո նոր գնումների համար ակումբի գանձատուփը դատարկ է: Իրականում դա այդպես է, թե այդպես չէ, թողնենք մի կողմ, քանզի գլխավորը մեկ այլ բան է: Մինչև բրազիլացուն ձեռք բերելը կատալոնյան ակումբի աշխատավարձի ֆոնդը ներկայիս հանձնարարելիի դիմաց կազմում էր տարեկան բյուջեի 80 տոկոսը: Հասկանալի է, չէ՞, թե այս գնումից հետո ինչ է ստացվել:
ՈՒԵՖԱ-ի սանկցիաներից խուսափելու համար թիմին հարկ կլինի ֆուտբոլիստներ վաճառել: Գործընթացն արդեն իսկ մեկնարկել է Արդա Թուրանով: Նա արդեն իսկ գնացել է հարազատ թուրքական ափեր: Հերթում են Խավիեր Մասկերանոն (նա արդեն հայտարարել է իր հեռանալու մասին, ու որպես նրան փոխարինող ակումբը ձեռք է բերել Երի Մինային, թեպետ, Մասկերանոյի հետ կապված, Վալվերդեն ունի իր վերապահումները. նա ֆուտբոլիստի հետ հույսեր կապում է), Ռաֆինիան, Խերարդ Դեուլոֆեուն, Ալեքսիս Վիդալը: Ինչևէ: Փաստը մնում է փաստ, որ թիմը պարտադրաբար պիտի ֆուտբոլիստ վաճառի:
Ի դեպ, նույն խնդրի առաջ է կանգնած և «Պարի Սեն Ժերմենը»: Եվ եթե Նեյմարին վաճառելով՝ «Բարսելոնը» կարողացավ իր համար որոշակի պահուստային ֆոնդ ստեղծել, ՊՍԺ-ի վիճակն անհամեմատ ծանր է, քանզի ֆրանսիական ակումբը ոչ մեկին վաճառքի դեռևս չի հանել: Պարիսենժերմենյան ցուցակից նման գործարքի հավանական թեկնածուներ են կիսապաշտպաններ Լուկաս Մոուրան, Խավիեր Պաստորեն ու Ատեմ Բեն-Արֆան:

ԱՅՆՊԵՍ ՉԷ, ԹԵ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Խոսքը Դավիդ Լուիսի մասին է, որը տարաձայնություններ ունի Անտոնիո Կոնտեի հետ, ինչի համար էլ տեղ չի գտնում «Չելսիի» մեկնարկային կազմում, որքան էլ փաստը փորձեն կոծկել ֆուտբոլիստի ունեցած վնասվածքով: Մարզիկն այն դեկտեմբերին է ստացել, մինչդեռ թիմի կազմում հանդես չի գալիս դեռևս հոկտեմբեր ամսից: Ստեղծված պայմաններում, մանավանդ երբ նրա փոխարեն հաջողությամբ հանդես է գալիս Անդրեաս Քրիստենսենը, Դավիդ Լուիսն էլ է ցանկանում հեռանալ, սակայն նրա նկատմամբ հետաքրքրության դրսևորումներ չեն նկատվում ինչպես «Բարսելոնի», այնպես էլ «Արսենալի» կողմից, մինչդեռ ժամանակին առաջինների թվում հենց այս թիմերի անունն էր շրջանառվում: Սակայն այնպես էլ չէ, որ եթե այս երկու ակումբները հետաքրքրված չեն ֆուտբոլիստի ծառայություններով, նրա նկատմամբ հետաքրքրությունը իսպառ հանգած է: Նկատենք, որ նրա անձի շուրջ բարձրաձայնումները շարունակվում են, ու դրանց մեջ հնչող անուններից են «Ռեալից» սկսած մինչև «Մանչեստր Յունայթեդ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ