«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Լեռնային Ղարաբաղ` բանակցությունները վեր են պայմանագրերից

Լեռնային Ղարաբաղ` բանակցությունները վեր են պայմանագրերից
19.01.2018 | 20:34

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Կրակովում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Նրանք քննարկեցին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հետագա քայլերը: Այդ հանդիպումից առաջ Նալբանդյանն ու Մամեդյարովը բանակցել էին ՄԽ համանախագահներ Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (ՌԴ) հետ: Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը 2017-ի դեկտեմբերի 7-ին Վիեննայում էր, որին հաջորդեցին կարծես հուսատու հայտարարություններ երկու կողմերից: Մամեդյարովը մամլո ասուլիսում հայտարարեց, որ հանդիպումը «8 ժամից ավելի է տևել» և կողմերը քննարկել են «հարցերի համաձայնեցման ճանապարհները, որ հարուցում են այս կամ այն կողմի անհամաձայնությունը»: Եվ հավելեց` «Մենք համանախագահներից առաջարկներ ենք սպասում հաջորդ հանդիպմանը»:

Նալբանդյանն ասաց, որ «բանակցությունները բավականին լուրջ էին և կողմերը քանիցս մոտ էին երկկողմ համաձայնագրին հասնելուն»: Դրական արձագանքեց Մոսկվան: ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն ընդգծեց, որ Ռուսաստանը «ողջունում է բանակցային գործընթացի ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով» և մատնանշեց գլխավոր թեման` պետք է «ձեռնարկել լրացուցիչ քայլեր կոնֆլիկտի կողմերի շփման գծում լարվածության թուլացման համար», որ նախատեսված է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնություններով: Բացի այդ` կողմերին փոխանցվեցին կոնկրետ առաջարկներ` ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնման վերաբերյալ, որ, կարծես, և եղել է բանակցային օրակարգի առանցքը Կրակովում: Բայց հետո հայտնվեցին նյուանսներ:


2018-ի սկզբին ամենամյա մամլո ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը պետք է մոտենալ փուլ առ փուլ. «Այդ հարցը լուծել մեկընդմիշտ` մեկ փաստաթղթով անհնար է: Այդ հարցում պետք է փուլային մոտեցում: Փուլային մոտեցումը ցույց կտա` ինչ է հնարավոր անել հիմա, կորոշարկի ճանապարհները, որտեղ պետք են լրացուցիչ քննարկումներ կոնֆլիկտի վերջնական կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առնչությամբ»: Խոսելով փուլայնության մասին` Լավրովը հասկացրեց, որ պետք է որոշակիացնել ուղիները այն հարցերի վրա աշխատելու, որ պահանջում են լրացուցիչ քննարկումներ` վերջնանպատակին հասնելու համար: Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը ողջունում է ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի փուլային կարգավորման մասին»: Սակայն Հայաստանի ԱԳ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը ճշտեց, որ խոսքը «փաթեթային կարգավորման մասին է, բայց ձեռքբերված պայմանավորվածությունների փուլային կատարմամբ»: Կրակովում Նալբանդանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից հետո ու Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ ևս մեկ ճշտում արեց. «Համանախագահները երկար տարիներ հայտարարում են, որ փաթեթային կարգավորման փուլային իրականացմանն ուղղված իրենց առաջարկած սկզբունքներն ու տարրերը մեկ միասնություն են և նրանցից մեկին մյուսների նկատմամբ գերակայություն տալու փորձերը կարգավորումն անհնար են դարձնում: Որքան արագ Բաքուն գիտակցի այդ իրականությունը, այնքան արագ հնարավոր կլինի կարգավորման գործընթացը գործնական հուն ուղղել»:
Այդպես նորից ի հայտ եկան փուլային ու փաթեթային կարգավորան խնդիրները, որ հասկացությունների խառնաշփոթ չէ, քանի որ «փուլային կարգավորումը» ըստ էության հակադրվում է «փաթեթային կարգավորմանը»: Բաքվի համար փուլային ծրագիրը հանգում է Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների ազատագրմանը, որ կապվում է ուժի կիրառումից հրաժարվելու կողմերի պարտավորվածությանը, հաղորդակցուղիների ապաշրջափակմանը և դիվանագիտական ու տնտեսական կապերի հաստատմանը: Ադրբեջանի կարծիքով` դրանից հետո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար անհրաժեշտ են ավելի երկարատև բանակցություններ: Բայց և փաթեթային տարբերակը որոշարկված վերջնանպատակով, որ ամրագրված է ընդհանուր «շրջանակային» համաձայնությամբ, պահանջում է հետևողականություն գործողությունների որոշակի մոդելի իրականացման դեպքում: Երևանը կարծում է, որ Բաքուն պետք է որոշարկի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և միաժամանակ կարելի է լուծել տարածքների հարցը: Բաքուն հակառակը` նախ տարածքներ, հետո, գուցե, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Առավել կոնկրետ` Բաքվի սցենարով` Երևանի ցանկացած փոխզիջում կարելի է ներկայացնել «հերթական հաղթանակ»` առանց հիշատակելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Խոսքը կոնֆլիկտի կարգավորման «պրակտիկ փիլիսոփայության» մասին չէ, այլ կարևորագույն սկզբունքների, որտեղ առանց համապատասխան համաձայնության` կոնֆլիկտի կողմերից յուրաքանչյուրի ձեռնարկած քայլը միշտ լինելու է անորոշ ու միջանկյալ: Իհարկե, դա անորոշ ժամանակով հետաձգում է և կոնֆլիկտի վերջնական կարգավորումը: Այսինքն` Բաքուն ու Երևանը շարունակում են վազել փակ շրջանակով: Այդ զգացողությունն է մնում, երբ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարը Կրակովում երկու նախարարների հանդիպումից հետո առաջինը Twitter-ում հաղորդեց. «Ադրբեջանը կողմ է կոնֆլիկտի կարգավորման սուբստանտիվ ու տրամաբանական բանակցությունների»: Հետո կլինեն և այլ հայտարարություններ: Գլխավորը` բանակցային գործընթացը, ավելի ճիշտ` բանակցությունները բանակցությունների մասին, շարունակվում են: Ապագայում առավել հիմնարար հարցերի քննարկման հող նախապատրաստելու ժամանակը դեռ չի եկել:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իհարկե, ճիշտ կլիներ, որ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարը Կրակովի հանդիպումից հետո Twitter-ում գրեր. «Ադրբեջանը կողմ է կոնֆլիկտի կարգավորման սուբստանտիվ ու անտրամաբանական բանակցությունների»: Ամենապարզից ամենաբարդ տրամաբանությունը թելադրում է քայլերի հավասարակշռություն, իսկ Բաքուն ուզում է ստանալ ու ոչինչ չտալ: Տվեք տարածքները, հետո կմտածենք կարգավիճակի մասին` և որտե՞ղ է տրամաբանությունը: Որևէ տրամաբանություն ի հայտ կգա, երբ Բաքուն ընդունի երեք սկզբունքների հավասարությունը: Ժամանակը և փորձը ցույց են տվել, որ Իլհամ Ալիևը դրան ընդունակ չէ: Մնում է երկու ճանապարհ` բանակցել բանակցելու համար, մինչև Ադրբեջանում կկատարվի իշխանափոխություն, այսինքն` անորոշ ժամանակով` մեկ, և երկու` փոխել սկզբունքները, որը ոչ միայն ժամանակ է պահանջում, այլև` քաղաքական կամք և կոնֆլիկտի կողմերի նախագահներից, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներից: Կրակովում ձեռք բերված պայմանավորվածությունը` ընդլայնել Կասպրշիկի դիտորդների թիվը, կարևոր է, բայց կոնֆլիկտի կարգավորման ճանապարհի քայլ չէ, այլ` իրավիճակի լիցքաթափման: Հուսանք` գոնե այս հարցում Բաքուն հետքայլ չի անի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ