Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Սարգսյանի առաջին վրիպումը

Արմեն Սարգսյանի առաջին վրիպումը
20.01.2018 | 13:27

2018-ի հունվարը լավ է սկսվել` «Ամեն օր մի իրադարձություն» սցենարով, երբեմն էլ` երկու ու ավելի: Օրինակ` հունվարի 19-ին նշանակված էր «Ելք» դաշինքի երթը թանկացումների դեմ: ՀՀԿ-ն ինքնատիպ «մասնակցեց» երթին` ՀՀԿ նախագահը հենց երեկ հրապարակեց Հայաստանի 4-րդ (թեպետ` ճիշտ կլիներ նրան Սահմանադրության փոփոխությունից հետո համարել առաջին` խորհրդարանի ընտրած) նախագահի անունը` տեղեկատվական տարածքը լցնելով այդ իրադարձությամբ` փորձելով շեղող մանևր կատարել: Բայց ջանքերը իզուր էին: Փողոց դուրս եկան նրանք, որ դուրս էին գալու, ու դուրս չեկան նրանք, որ դուրս չէին գալու (համենայն դեպս` «Ելքը» համաժողովրդականի ջանքեր բացահայտորեն չէր գործադրել` սահմանափակվելով միայն Երևանով):


2010-ի փետրվարին Արմեն Սարգսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է. «Ես որևէ հետաքրքրություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու Հայաստանում»: 8 տարի անց նա որոշեց քաղաքականությամբ զբաղվել Հայաստանում: Ճիշտ է` ՀՀ նախագահի առաջարկից հետո Արմեն Սարգսյանը ժամանակ է խնդրել` հանդիպելու
քաղաքական ուժերին ԱԺ-ում ու ԱԺ-ից դուրս՝ կուսակցություններին, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին, Արցախի Հանրապետության ղեկավարությանը, սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին, և դրանից հետո որոշումը կայացնել: Իմաստուն դիրքորոշում է, բայց ի՞նչ է ասելու նախագահի թեկնածուն ու ի՞նչ է ակնկալում իմանալ բոլոր այդ շրջանակներից: Ճանաչողականից բացի` ի՞նչ փոխադարձ արդյունքներ են այդ հանդիպումները ունենալու` դատելով նախագահի իրավասություններից: Ձևակա՞ն չեն լինելու մի մարդու համար, որ հազիվ թե Լոնդոնից հասել է Երևան, որ տեղում որոշում ընդունի: Որոշումն ընդունված է վաղուց և պետք չէ հասարակությանը ի սկզբանե հրեշտակի թևերով ներկայանալ` Հայաստանում վաղուց չեն թռչում: Քայլում են: Պետք չէ կեղծ սպասումների երկրորդ ալիք առաջացնել, երբ առաջինի տեղատվությունը չի ավարտվել: Ընդհանրապես` ստացվում է, որ Հայաստանի բարձրագույն պաշտոններում տեղաբնակ հայեր չեն լինում ու չեն կարող լինել: Սկզբունքորեն: Աշխարհաքաղաքականությանը մասնակցությունը Հայաստանում ընկալվում է ուղղակի` վարչապետին հրավիրում են Ռուսաստանից, նախագահին` Մեծ Բրիտանիայից, աշխարհաքաղաքական հավասարակշռությունն ապահովված է: Կա՞ն երաշխիքներ, որ նրանք կդառնան Հայաստանի շահերի ներկայացուցիչներ` մոռանալով իրենց անձնական բիզնես շահերը, կապերը, պատասխանատվությունը: Ոչ մի երաշխիք: Համենայն դեպս` Կարեն Կարապետյանի վարչապետության պարագայում առաջին տեղում եղել ու մնում է «Գազպրոմը» (նույնիսկ ՀՀԿ նա մտավ «գազավիկների» 7000-անոց թիկնազորով), հետո մնացած խնդիրները Ռուսաստանի հետ համաձայնեցնելը, երրորդ կետից նոր սկսվում է Հայաստանն ու հայկականը: Արմեն Սարգսյանը ներկայացվում է որպես մեծ գիտնական, մեծ բարերար ու համարյա աշխարհահռչակ հայ, որ աշխարհի բոլոր ծայրերում ընկերներ ու բիզնես կապեր ունի: Հրաշալի է: ՈՒ ի՞նչ: Ընկերներն ու բիզնես-գործընկերները հավաքվելու են հետևից գան Հայաստա՞ն ու ասելու են` որ մեր ընկերը դարձավ նախագահ, մենք էլ դառնում ենք երկրի հովանավո՞ր: Այդքան անխե՞լք են այդքան խելոք մարդու ընկերները: Արքայազն Չառլզից սկսած (համենայն դեպս` գահի առաջին ժառանգորդին ոչինչ չխանգարեց, որ 2015-ի ապրիլի 24-ին գահի երրորդ ժառանգորդ արքայազն Հարրիի հետ գնա Գալիպոլիի ճակատամարտում Անգլիայի պարտության և Թուրքիայի հաղթանակի 100-ամյակը Էրդողանի հետ հարգելու) և ոչ մեկով չավարտած:


ՀՀԿ-ն ԱԺ-ում չի կարող մեկ փուլով նախագահ ընտրել` 14 ձայն է պակասում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն քվեարկությանը: Հավելեք, որ միշտ ինչ-որ մեկը գործուղման մեջ է, հիվանդ է կամ գլուխն է ցավում: Ընդարձակ մեծամասնության «տարածքում» «Ելքը» չկա ու չի կարող լինել (ոչ միայն Արտակ Զեյնալյանի պատճառով` 9 ձայնը քիչ է, ևս 5 ձայն է պետք): Մնում է ԲՀԿ-ն: Գործնականում «Ծառուկյան» դաշինքը որոշումը կայացրել է վաղուց ու միանձնյա` Գագիկ Ծառուկյանը կասի` պատգամավորները կանեն: Գագիկ Ծառուկյանը հրապարակավ ոչինչ չի ասի` կհայտարարվի ազատ քվեարկություն, որ 14 և ավելի ձայն կապահովի Արմեն Սարգսյանին: Ի վերջո` ոչ միայն Արմեն Սարգսյանի համաշխարհային հայի կերպարը կաղոտանա հակառակ պարագայում, այլև կստացվի` Սերժ Սարգսյանը նրան Լոնդոնից բերեց ու չի կարողանում հավուր պատշաճի քվեարկություն ապահովել Հայաստանում: Որքանո՞վ իր 14 ձայնը «կվաճառի» Գագիկ Ծառուկյանը: Սկզբի համար ձրի կտա: Հետո կերևա: ՈՒ այնպես չի, որ Գագիկ Ծառուկյանը Լոնդոնի տեղը նոր պիտի իմանա: Առաջ էլ գիտեր: 7 տարի հետո էլ կարող է հիշել:


Եթե օրվա առաջին կեսը նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանինն էր, երեկոն «Ելքինն» էր: Շառլ Ազնավուրի հրապարակից սկսված երթը հրելով տանում էր հնամաշ, կանաչավուն, անսարք, սովետական ավտոմեքենա՝ որպես Հայաստանի տնտեսության խորհրդանիշ: «Ելքի» ջորին հասավ ու մնաց հրապարակում: Խորհրդանիշների մրցակցության մեջ ու՞մն էր ավելի տպավորիչ` դժվար է ասել: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ մարտ-ապրիլին իրենց հավաքները շատ ավելի բազմամարդ կլինեն, երբ մարդիկ սեփական գրպանի վրա կզգան թանկացումները, սոցիալական բեռի ավելացումը: «Այս պահի դրությամբ այստեղ հավաքվել են այն մարդիկ, ովքեր քաղաքական են: Բայց վաղը, մյուս օրը, մարտին, ապրիլին փողոց են դուրս գալու նրանք, ովքեր անգամ աշխատանք ունեն, ովքեր տեսնելու են, որ ոչ միայն չեն կարողանում իրենց օրհասական խնդիրները լուծել, այլև վարկեր վերցնել չեն կարողանում: Ապրիլին, մայիսին մեզ միանալու են նաև գյուղացիները, ովքեր դիզվառելիքի այդ գներով չեն կարողանալու հողը մշակել»: Հաջորդ երթը «Ելքն» անցկացնելու է փետրվարի 5-ին:


Երեկոն խաղաղ էր, հետո իմացանք, որ գրանցվել է պատմական ռեկորդ` օդերևութաբանական տեսանկյունից: Ֆեյսբուքում Գագիկ Սուրենյանը գրեց, որ օդի ջերմաստիճանը Երևանի «Զվարթնոց» օդերևութաբանական կայանում հասել է +15 աստիճանի, որը 3 աստիճանով գերազանցել է 1976-ի ռեկորդը` 12 աստիճանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Իսկ ընդհանրապես` նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանն արդեն բաց թողեց համաժողովրդական նախագահ դառնալու առաջին շանսը: Եթե նա իսկապես լայնախոհ է, մեծ մտածող, մեծ դիվանագետ, մեծ ֆիզիկոս ու մեծ հայասեր, որ ուզում է ծանոթանալ իր թվարկած «շրջանակներին», մի քիչ էլ տիրապետում է PR-ին, երեկ ժամը 17.00-ին պիտի լիներ Ազնավուրի հրապարակում.
1. Միանգամից ստանում էր ամբողջ ժողովրդի համակրանքը` մարդը մի քանի օր է Երևանում ու արդեն հետաքրքրվում է ժողովրդի վիճակով, մտնում էր պատմության մեջ ու չէր իջնում թերթերի առաջին էջերից ոչ միայն Հայաստանում:
2. Տեղում ծանոթանում էր խորհրդարանական ընդդիմությանը և վկայում էր, որ գործող նախագահի խոսքն իր համար շատ կարևոր է` իշխանություն-ընդդիմություն երկխոսություն ապահովելու գործնական քայլերն արդեն անում է:

3. Հայտնվելով ընդդիմության հանրահավաք-երթում` նախ «փչացնում էր» նրանց նախաձեռնությունը` ինքը դառնալով օրվա մեխ, ապացուցում էր, որ իր համար տաբուներ ու պայմանականություններ չկան` կարևորը Սահմանադրության առաջին հոդվածն է, որ իշխանությունը Հայաստանում տվել է ժողովրդին: Եվ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն գալիս է ժողովրդի կողքին լինելու` այդպես են խորհրդանիշին բովանդակություն տալիս: Ձև Հայաստանում` որքան ասես, բովանդակություն` հազվադեպ:

Դիտվել է՝ 2304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ