Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիան հարձակվեց Սիրիայի քրդերի վրա

Թուրքիան հարձակվեց Սիրիայի քրդերի վրա
21.01.2018 | 20:52

Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ցամաքային գործողություն սկսելու մասին` ռմբակոծության հաջորդ օրը: Քրդերը պնդում են, որ հարձակումը հետ են մղել: Թուրքիայի իշխանությունները հաղորդել են, որ անցել են Սիրիայի սահմանը թուրքական Գուլբաբա գյուղից ու մտել են սիրիական Աֆրին քաղաքը` «Սիրիական դեմոկրատական ուժերի» աշխարհազորի քրդերի դեմ հայտարարված «Ձիթենու ճյուղ» գործողության երկրորդ օրը: Որ զինվորները մտել են քրդերի վերահսկած սիրիական տարածք` հաղորդեց Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Քրդերը պնդում են, որ հարձակումը հետ են մղել ու ստիպել են թուրքերին վերադառնալ սահմանի այն կողմը: Իրավիճակի սրումը կարող է հանգեցնել կոնֆլիկտի ՆԱՏՕ-ի գործընկեր ԱՄՆ-ի հետ, որ աջակցում է քրդական աշխարհազորին: Քրդական որոշ ջոկատներ օգնել են ԱՄՆ-ին` ԻՊ-ի դեմ պայքարում: Շաբաթ օրը թուրքական ինքնաթիռները ռմբակոծեցին Աֆրինի քրդերի դիրքերը: Անկարան վերջին ամիսներին սպառնում էր ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդերի աշխարհազորի դեմ, որ համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության մի ճյուղը: ՔԱԿ-ը արգելված է Թուրքիայում և 1984-ից պայքարում է քրդական ինքնավարության համար: Թուրքիան փորձում է քրդերին, որ 2012-ից հաստատվել են Սիրիայի հյուսիսում, դուրս մղել Աֆրինից:


Քրդերը հերքում են քաղաքական ուղիղ կամ անուղղակի կապը ՔԱԿ-ի հետ: ԱՄՆ-ը ևս մերժում է Թուրքիայի պնդումները սիրիացի քրդերի վերաբերյալ` նրանց համարելով իր ամենահուսալի դաշնակիցներից մեկը ԻՊ-ի դեմ պայքարում: Սիրիայի իշխանությունները նախազգուշացրել են Թուրքիային` ցանկացած ռազմական գործողությունից և սպառնացել են խփել թուրքական ռազմական ինքնաթիռները: Ազգային ինքնապաշտպանության քրդական աշխարհազորը արաբականի հետ կոալիցիոն ուժերի մեջ է մտնում` Սիրիական դեմոկրատական ուժերի անվան տակ: Հենց այդ ուժերն են ԱՄՆ-ի ավիացիայի օգնությամբ նշանակալից դեր ունեցել ԻՊ-ի ջիհադականների դեմ պայքարում: Թեպետ Թուրքիան ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անդամ է, որ պայքարում է ԻՊ-ի դեմ Սիրիայում, Անկարան միշտ առարկել է քրդերի մասնակցությանը և փորձել է կանխել թուրքական սահմանին հարող տարածքներում քրդերի հաստատվելը: 2016-ին թուրքական բանակն աջակցեց սիրիական ընդդիմության ուժերի հարձակումը ջիհադականների վրա Ջերաբլուս և Էլ Բաբ քաղաքների շրջակայքում: Այն ժամանակ թուրքական բանակը խանգարեց սիրիական ընդդիմության հարձակումը Աֆրինի ուղղությամբ: ԱՄՆ-ը համոզեց Թուրքիային ձեռնպահ մնալ քրդերին գերազանցապես արաբաբնակ Մանբիջից դուրս մղելու փորձերից, իսկ քրդերին` իրենց ուժերը տանել Եփրատից արևելք: Թուրքիան պնդում է, որ քրդերը մնացին իրենց դիրքերում: Քրդական աշխարհազորի վրա Աֆրինի ու Մանբիջի շրջակայքում հարձակվելու որոշմանը Անկարային կարող էր դրդել լուրը, որ քրդերը միավորվելու են Սիրիայի արևելքում սահմանապահ անվտանգության նոր ուժերի հետ, որ ստեղծում է ԱՄՆ-ը` նպատակ ունենալով կանխել ԻՊ-ի զինյալների վերամիավորումը: Ծրագրվում է, որ այդ ուժերում լինելու է 30000 զինվոր, քրդերը նրանց կեսն են կազմելու: Այդ լուրը կատաղության հասցրեց Թուրքիայի կառավարությանը: Նախագահ Էրդողանը ձևավորվող ուժերին անվանեց «ահաբեկչության բանակ» և հայտարարեց, որ միայն անունով է տարբերվում քրդական աշխարհազորից, որ ինքը նույնացնում է ՔԱԿ-ի հետ:


Սիրիայի կառավարությունը, որ հիմնականում խուսափում է քրդերի հետ կոնֆլիկտներից, նոր ուժերի ստեղծումն անվանեց Սիրիայի ինքնիշխանության կոպիտ խախտում: Ռուսաստանը ևս զգուշացրեց, որ իր տեսակետից խոսքը Սիրիայի մասնատմանն ուղղված քայլի մասին է: Թուրքական տվյալներով` Աֆրինի մերձակայքում 8-10 000 քուրդ կա: Պարզ չէ` Մանբիջու՞մ են ԱՄՆ զինվորականները, որ անցյալ տարի էին տեղակայվել:
ВВС


Հ.Գ. Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական օպերացիայի վերաբերյալ` ասել է ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: «Գուտա, Իդլիբ, Աֆրին. Ֆրանսիան խնդրում է ԱԽ արտահերթ նիստ գումարել»,- գրել է Լե Դրիանը իր Twitter-ում։ ՌԴ-ն ՄԱԿ-ում կաջակցի Թուրքիային ուղղված ռազմարշավը դադարեցնելու պահանջին` հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը: Նրա խոսքով՝ թուրքական ռազմարշավն Աֆրինում կոպտորեն խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը:
Թուրքական զինուժը հայտարարում է, թե հարվածներ է հասցրել քրդական 153 օբյեկտների Աֆրին շրջանում: Նրանց թիրախում են եղել քրդերի ռազմական հենակետերն ու զինանոցները: Քրդերը հայտարարում են քաղաքացիական զոհերի մասին: «Ֆրանսպրես»-ի հետ զրույցում նրանք պնդել են, որ թուրքական կողմի հարվածներից առնվազն 7 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա:


Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի հարձակումը Աֆրինի վրա պայմանավորված է Անկարայի քաղաքականությամբ, որը հիմնված է ահաբեկչական խմբավորումներին աջակցության վրա: Արտաքին քաղաքականության հարցերով իրանական մարտավարական խորհրդի պատվիրակության հետ հանդիպմանը Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Թուրքիայի դիրքորոշումը քաջ հայտնի է` Անկարան սիրիական ճգնաժամի սկզբից գործակցել է ծայրահեղական խմբավորումների հետ: Մոսկվայում Հյուսիսային Քրդստանի ներկայացուցիչ Ռոդի Օսմանը կոչ է արել կանգնեցնել Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը: «Թուրքական ՌՕՈՒ-ն սկսել է ռմբակոծել Բուլբուլ նահանգը… Աֆրինի դեմ նման գործողության սատարումը մեծ սխալ է: Ռուսաստանը պետք է կանգնեցնի և չեղարկի գործողության կանաչ լույսը, որ տրվել է Թուրքիային, և չլինի այսպիսի ռեժիմի կողմում: Ռուսաստանն ինքն էլ գիտի, որ թուրքական ֆաշիստական ռեժիմը ահաբեկիչների օջախն ու գործակիցն է»,- ասել է նա: Օսմանը նշել է, որ Թուրքիայի ռազմական գործողությանն աջակցությունը և թուրքական զորքերի կողմից Աֆրինի օկուպացիան վտանգի կենթարկեն մոտ մեկ միլիոն մարդկանց կյանքը: Իրանը կոչ է արել շուտափույթ դադարեցնել թուրքական ներխուժումը սիրիական Աֆրին, հայտարարելով, որ դա կարող է օգնել «ահաբեկչական խմբերին»։ «Իրանը հույս ունի, որ այս օպերացիան անմիջապես կդադարեցվի, որ կանխարգելվի Թուրքիայի և Սիրիայի սահմանային շրջաններում ճգնաժամի խորացումը։ Աֆրինում շարունակվող ճգնաժամը կարող է ուժեղացնել հյուսիսային Սիրիայի ահաբեկչական խմբերին»,- հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Բահրամ Քասեմին։


Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ Թուրքիայի ԶՈՒ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը կանցկացվի 4 փուլով՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Կստեղծվի 30 կմ-անոց անվտանգության գոտի:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը առարկություն չունի Աֆրինում գործողության դեմ: «Մենք աշխատում ենք հեռացնել Իրանի անհանգստությունը, իսկ Ռուսաստանը առարկություն չունի»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Նա նշել է, որ «Անկարան պահպանում է Դամասկոսի հետ կապը Մոսկվայի և Թեհրանի միջնորդությամբ»: Յիլդիրիմը հայտարարել է, որ ով ռազմական աջակցություն կցուցաբերի քրդական կազմավորումներին, կդառնա թուրքական գործողության թիրախը: Կավարտվի՞ այս շաբաթ` անցած շաբաթ սկսված թուրք-քրդական պատերազմը Սիրիայում: Ինչու՞ են քրդերը նահանջում և ի՞նչ կձեռնարկի Թրամփը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ