Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիային ներքաշեցին Սիրիայում պատերազմի մեջ

Թուրքիային ներքաշեցին Սիրիայում պատերազմի մեջ
23.01.2018 | 00:30

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը անցավ «անվերադարձ կետը»: Նա սկսեց «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը սիրիական Աֆրին քաղաքի շրջակայքում: Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Սիրիայի սահմանի մոտ շարունակվում է թուրքական ռազմական տեխնիկայի կուտակումը: Տարածքից ստացվում են հակասական լուրեր: Բոլոր դեպքերում` Սիրիայի հյուսիսում դրությունը լարված է և դաժան մարտեր են մղվում: Թուրքիայի ղեկավարությունը իր գործողությունները պայմանավորում է ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի` Սիրիայում 30000 զինյալով նոր զինված խմբավորում ստեղծելու որոշումով` Սիրիայի ու Թուրքիայի սահմանի երկայնքով անվտանգությունն ապահովելու համար: Խմբավորումը ծրագրվում էր ստեղծել «Ժողովրդավարական Սիրիայի ուժերից», որի կորիզը քրդական աշխարհազորն է: Անկարան նրանց համարում է ահաբեկիչներ: The Wall Street Journal-ը հաղորդում է, որ Վաշինգտոնը որոշել է «արագ սրբագրել իր ծրագրերը»: Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «տարածաշրջանում անվտանգության սահմանային ուժեր ստեղծելու ձգտում չունի» և կոչ է արել Անկարային «ձեռնպահ մնալ քրդերի դեմ ռազմական գործողություններից` փոխարենը միասին կենտրոնանալով ԻՊ-ի զինյալների դեմ պայքարի վրա»: Սակայն էսկալացիայի թափանիվը չհաջողվեց կանգնեցնել: ՌԴ ՊՆ-ում կարծում են, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ճգնաժամային իրավիճակի զարգացմանը նպաստած հիմնական գործոնը «ԱՄՆ-ի սադրիչ քայլերն են` ուղղված գերազանցապես քրդաբնակ շրջանների առանձնացմանը»: Անկարա-Մոսկվա-Վաշինգտոն եռանկյունում եղել են խորհրդակցություններ արտաքին քաղաքական և ռազմական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Այդ բանակցությունների արդյունքները, հրապարակային մակարդակով, այնքան էլ ակնհայտ չեն: Պենտագոնում ընդգծել են Մոսկվայի հետ սերտ գործակցության կարևորությունը «սխալ հաշվարկները կանխելու» համար: Կողմերը համաձայնել են գաղտնի պահել քննարկումների մանրամասները: Ի՞նչ առանձնահատկություններ ունի իրավիճակը:


1. Ռուսաստանը Սիրիայում դաշինքի մեջ է Թուրքիայի ու Իրանի հետ: Բայց Մոսկվայի համար կարևոր է խաղաղ համագործակցության բերել և ԱՄՆ-ին: ԻՊ-ի դեմ Սիրիայում հաղթանակը հայտարարելուց հետո ուրվագծվում է դիրքային դիմակայություն: ԱՄՆ-ը առաջ է քաշում 30000-անոց «սահմանային ուժերի» ձևավորման նախագիծ, որի հիմքը սիրիացի քրդերն են: Նրանց կաջակցեն Սիրիայում տեղակայված 2 000 ԱՄՆ զինվորները: Հավելեք ֆրանսիացի հատուկջոկատայիններին: Նրանց վերահսկողության տակ է Թուրքիային ու Իրաքին սահմանակից սիրիական տարածքի մեկ երրորդը, որտեղ նավթի գլխավոր հանքավայրերն են: Թուրքական Haber 7-ը գրում է, որ «Աֆրինը Թուրքիայի համար կարևոր է տնտեսական տեսակետից»: Կա հյուսիսային Իրաքից նավթի ու բնական գազի Միջերկրական ծով փոխադրման ծրագիր` Թուրքիային շրջանցելով: Աֆրինը այդ ծրագրի անքակտելի մասն է:
2. Թուրքիան սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի բացման նախօրեին, որ նախատեսված է հունվարի 29-30-ին Սոչիում: Իրանի ԱԳ փոխնախարար Խոսեյն Անսարիի կարծիքով` թուրքական ռազմական գործողությունը «կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ կոնգրեսի վրա»: Սիրիացի քրդերը, որոնց ԱՄՆ-ը ինքնավարություն էր խոստանում, կարող են դուրս գալ Սոչիի խաղաղության գործընթացից:


3. Աֆրինի սարերը բնական պաշտպանություն են սիրիացի քրդերի համար, այնտեղից նրանք կարող են անարգել գնդակոծել թուրքական Քիլիս քաղաքը և Խատայ նահանգի մեծ մասը: Դա կնշանակի մարտական գործողությունների գոտու տեղափոխում Թուրքիայի հարավ-արևելք: Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ սիրիացի քրդերի դեմ ռազմական գործողությունը «զանգվածային արձագանք կհարուցի Թուրքիայի ներսում, կստեղծի շրջադարձային պահ Թուրքիայի քրդերի համար»: ԱՄՆ-ը հասցրել է սիրիացի քրդերին փոխանցել մեծաքանակ ժամանակակից զենքեր (տակտիկական զրահամեքենաներ և TOW ու «Ստինգեր» հրթիռներ): Աֆրինի դեմ, որ «Սիրիայի տարածքի անբաժանելի մասն է» Անկարայի «կոշտ ագրեսիան» դատապարտել է Դամասկոսը: Վաշինգտոնը հերքում է Թուրքիայի պնդումները սիրիացի քրդերի մասին և նրանց անվանում է իր ամենահուսալի դաշնակից ԻՊ-ի դեմ պայքարում:


4. Անկարան ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անդամ է, որը պայքարում է ԻՊ-ի դեմ Սիրիայում: Ստեղծվում է ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների` Թուրքիայի ու ԱՄՆ-ի բախման հավանականություն: ԱՄՆ-ը կարծում է, որ Էրդողանը «ԻՊ-ի դեմ պայքարի ծանրության կենտրոնը տեղափոխում է սիրիացի քրդերի վրա` հյուսիսային Սիրիայում սահմանների անվտանգության ապահովման պատրվակի անվան տակ»: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հարցին` ինչպե՞ս կարձագանքի Թուրքիան քրդական զինված խմբավորումներին ԱՄՆ-ի հնարավոր նյութատեխնիկական աջակցությանը, պատասխանել է. «Ցանկացածը, որ ռազմական աջակցություն ցույց կտա սիրիական Աֆրինի քուրդ կազմավորումներին, կդառնա թուրքական զինված ուժերի թիրախը»: Hürriyet-ը զգուշացնում է, որ «եթե Թուրքիան չկարողանա Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսություն կառուցել` սիրիացի քրդերի նկատմամբ դիրքորոշման պատճառով, կարող է կորցնել և Ռուսաստանին: Դա կթուլացնի Սիրիայի առնչությամբ Անկարայի ձայնի իրավունքը: Հենց հիմա են ստուգվում Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցության սահմանները Սիրիայում, ինչպես և Թուրքիայի ու ԱՄՆ-ի»: Yeni Şafak-ը գրում է, որ «Վաշինգտոնի վերջին բոլոր քայլերը Սիրիայում նպատակ ունեն քանդել Թուրքիայի դաշինքը Ռուսաստանի ու Իրանի հետ»: Յիլդիրիմը խոստանում է, որ «գործողությունը 4 փուլ կունենա, որ ստեղծի ահաբեկիչներից մաքրված 30- կիլոմետրանոց անվտանգության գոտի»: Որոշ փորձագետներ կարծում են, որ «թուրք զինվորականները, ավելի շուտ, ցուցադրական գործողությունների կդիմեն` առանց վճռական հարված հասցնելու, պատերազմից կնախընտրեն մանևրները»: Հնարավոր են տարբերակներ: Որոշ ժամանակ անց Անկարան կփորձի իրավիճակը կարգավորել, քանի որ «ԱՄՆ-ի հետ բաց առճակատման գնալու ռիսկին չի դիմի»: Այլ փորձագետներ, հակառակը, վստահ են, որ ԱՄՆ-ին հաջողվեց Թուրքիային ներքաշել զինված կոնֆլիկտի մեջ Սիրիայի տարածքում, իսկ հետո կսկսեն գործել «ավելի լայն աշխարհաքաղաքական սցենարներ»: Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, բայց պետք է պարզվի առաջիկայում, իրավիճակը չի կարող երկար ժամանակ օդում կախված մնալ:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Գուցե պայմանավորվածության արդյունք է, գուցե պատահականություն` Սիրիայի կառավարական ուժերը մտել են Իդլիբ, որ տևական ժամանակ չէին կարողանում թուրքերի պատճառով: Սա` համենայն դեպս: Իրականում այս անհասկանալի պատերազմում դժվար է ասել` ով ում դաշնակիցն է և ով ում դեմ է կռվում, ով ում դավաճանեց և ով ում է հավատարիմ: Էրդողանը անվերջ հոխորտում է, բայց քրդերը լավ էլ կռվում են ու Աֆրինից գնդակոծում են Թուրքիայի տարածքը: Նա իրագործեց իր «Մի անգամ գիշերը կգանք» սպառնալիք-խոստումը: Պենտագոնը հաղորդել է, որ Աֆրինի վրա հարձակվելու մասին Անկարան նախապես էր տեղեկացրել:


Փաստացի` ԻՊ-ի ասպարեզից դուրս գալը բացահայտ է դարձրել Սիրիայում արտաքին ուժերի բուն նպատակները` տարածաշրջանում մեծացնել իրենց ազդեցությունը, որ կարևոր է աշխարհաքաղաքական առումով ու բացառիկ խոցելի է: Փաստը, որ թուրքերը հարձակման հնարավորություն են ստացել, վկայում է, որ Մոսկվան փոխել է քաղաքականությունը` մի ժամանակ Կրեմլը փորձում էր օգտագործել քրդական գործոնը: Քրդերը լավ կռվում էին ԻՊ-ի դեմ և ռուսները նրանց հետ համագործակցում էին: Անկարայի հետ մերձեցման պահից քրդերը ռուսների համար, կարծես, կորցրին իրենց գինը: Ինչ-որ պահի թվում էր, որ քրդական ուժերը կարող են օգուտ քաղել սիրիական կոնֆլիկտից` մեծ ազդեցություն ու հնարավոր ինքնավարություն ստանալով Սիրիայի տարածքում: Հիմա նրանք դարձել են խաղաքար` ուրիշների խաղում: Քրդերը լավ զինված են և պատերազմը, թեկուզ կարճատև, բազում զոհերի պատճառ կարող է դառնալ: Եթե Թուրքիան հաղթի, Էրդողանին կհաջողվի նվազեցնել ԱՄՆ-ի ներգործությունը Սիրիայում, իսկ դա Մոսկվային միայն կուրախացնի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ