Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պարադոքսնե՞ր, թե՞ պարադիգմա

Պարադոքսնե՞ր, թե՞ պարադիգմա
23.01.2018 | 09:44

Երբ ֆիզիկոսները մոդայիկ են դառնում, մոդայիկ է դառնում և հարցը` նյութի ու հականյութի հարաբերությունում ո՞վ է հաղթողը: Հնարավո՞ր է նյութ-հականյութ հարաբերությունը տարածել հասարակություն-հակահասարակություն, մշակույթ-հակամշակույթ, քաղաքականություն-հակաքաղաքականություն հարաբերությունների վրա: Ցանկացած գիտնական (կամ` միջին վիճակագրական մտածող մարդ) հարցին պատասխանելու համար նախ հասկացությունների սահմանումը կպարզեր կամ կձևակերպեր: Ելակետ ընդունեք, որ հակահասարակությունը հասարակության այն մասն է, որ կանխում է հասարակության զարգացումը (կամ` դեգրադացիան, նայած` իրավիճակի): Հակամշակույթը մշակույթի այն հատվածն է, որ զարգացնում է մշակույթը (կամ` պահպանողական զանգվածը, որ չինական պարիսպ է կառուցում նորի առաջ): Հակաքաղաքականությունը քաղաքականության այն մասն է, որ խեղդում է քաղաքականությունը (բռնապետական իշխանության դեպքում) և փրկում (բռնապետության դեմ): Փաստորեն, որոշիչը ելակետերն են (ինչն է համարվում նյութ և ինչը` հականյութ), իրավիճակը (մեծամասնություն-փոքրամասնություն համամասնությունը), նպատակը (դեպի նյութի ո՞ր վիճակն է պետք գնալ): Կան օրինաչափությունները հաստատող բացառություններ` երբ բոլորը անցումային շրջանում են, որտեղ գրեթե անհնար է նյութը հականյութից (հասարակությունը` հակահասարակությունից, մշակույթը` հակամշակույթից, քաղաքականությունը` հակաքաղաքականությունից) տարբերելը:


Մենք այդ վիճակում ենք` փորձում ենք վիճակն անվանել: Երբ սկսում ես գիտակցել, հարաբերակցությունը կարող է փոխվել` փոխելով պատկերը: Եթե չի փոխվում ոչինչ, հասունանում է հեղափոխության պահը: Հակահեղափոխությունը կայունության ու զարգացման անվանումը չէ:
Պարադոքսներից անցնենք պարադիգմային: Հայաստանն անցնում է կիսանախագահական կառավարումից խորհրդարանականին: Իշխող մեծամասնությունն առաջադրեց նախագահի իր թեկնածուին` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին: ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին հրավիրեց Բաղրամյան 26 և պաշտոնական դարձրեց առաջարկը:
Նա շեշտեց, որ ապագա նախագահը պետք է լինի քաղաքականապես պատրաստված, բայց չքաղաքականացված: «Նա պետք է կարողանա կազմակերպել երկխոսություն քաղաքական տարբեր ուժերի միջև, հասարակության տարբեր խավերի միջև՝ լարվածությունը թուլացնելու նպատակով: Պետք է կարողանա պատվով ներկայացնել Հայաստանն արտերկրում, ճանաչի սփյուռքը և համախմբի աշխարհասփյուռ հայությանը»։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն ցանկանում են, որ ԱԺ-ն նախագահ ընտրի առաջին փուլով. «Շատ ցանկալի է, որ ՀՀ չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում»: Արմեն Սարգսյանը որոշելու ժամանակ խնդրեց: Նա մտադիր է հանդիպել քաղաքական տարբեր ուժերի և՛ ԱԺ-ում, և՛ ԱԺ-ից դուրս, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին, Արցախի Հանրապետության ղեկավարությանը, սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին` հունվարի 19-ի տվյալներով: Ի՞նչ է ասելու նախագահի թեկնածուն ու ի՞նչ է ակնկալում իմանալ այդ շրջանակներից (եթե իրոք նա ցանկանում է այդ բոլոր հանդիպումները բովանդակային անցկացնել` կես տարուց ոչ պակաս ժամանակ է պետք` փոխադարձաբար պատրաստվելու): Ճանաչողականից բացի` ի՞նչ փոխադարձ արդյունքներ են այդ հանդիպումները ունենալու` դատելով նախագահի իրավասություններից (Սահմանադրությունը խորամանկում է` մի կողմից նախագահը պետության գլուխն է, մյուս կողմից՝ սահմանափակ լիազորություններ ունի` թիվ 1 պաշտոնյան, զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է, նա է ղեկավարում Անվտանգության խորհուրդը, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու որոշումը կառավարության առաջարկությամբ ընդունում է ԱԺ-ն:

Կառավարությունն է հայտարարում ռազմական դրություն և ուղերձով դիմում ժողովրդին: Արտաքին քաղաքականությունը մշակում և իրականացնում է կառավարությունը։ Նախագահին ընտրում է խորհրդարանը` 7 տարով և կարող է նրան պաշտոնանկել Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա, պետական դավաճանության, ծանր հանցագործության կամ սահմանադրության կոպիտ խախտման դեպքում): Այս պարագայում ձևական-ցուցադրական չե՞ն այդքան լայն շրջանակով հանդիպումները մի մարդու համար, որ հազիվ թե Լոնդոնից հասել է Երևան, որ տեղում որոշում ընդունի: Որոշում, որ կայացված է վաղուց և պետք չէ հասարակությանը ի սկզբանե հրեշտակի թևերով ներկայանալ` Հայաստանում վաղուց չեն թռչում: Քայլում են: Տեղ-տեղ` հազիվհազ: Ապագայի համար վտանգավոր է կեղծ սպասումների երկրորդ ալիք առաջացնել, երբ առաջինի տեղատվությունը չի ավարտվել: Փաստացի` Հայաստանի բարձրագույն պաշտոններում տեղաբնակ հայեր չեն լինում ու չեն կարող լինել: Աշխարհաքաղաքականությանը մասնակցությունը Հայաստանում ընկալվում է ուղղակի` վարչապետին հրավիրում են Ռուսաստանից, նախագահին` Մեծ Բրիտանիայից` աշխարհաքաղաքական հավասարակշռությունն ապահովված է: Կա՞ն երաշխիքներ, որ նրանք կդառնան Հայաստանի շահերի ներկայացուցիչներ` մոռանալով անձնական բիզնես շահերը, կապերը, պատասխանատվությունը: Ոչ մի երաշխիք:

Համենայն դեպս, Կարեն Կարապետյանի վարչապետության պարագայում առաջին տեղում եղել ու մնում է «Գազպրոմը» (նույնիսկ ՀՀԿ նա մտավ «գազավիկների» 7000-անոց թիկնազորով), հետո մնացած խնդիրները Ռուսաստանի հետ համաձայնեցնելը, երրորդ կետից նոր սկսվում է Հայաստանն ու հայկականը: Իրականում 8 միլիոն եվրո կարողության տեր (գուցե և ավելի` դատելով բիզնես կենսագրությունից) Արմեն Սարգսյանը, իբրև նախկին վարչապետ ու դիվանագետ, որոշում կայացնելու համար պարզելու մեկ հարց ուներ` ո՞վ է լինելու վարչապետը 2018-ի ապրիլից հետո: Վստահ եղեք` հիմա նա երկրորդ մարդն է, որ Հայաստանում ունի այդ հարցի ստույգ պատասխանը: Միայն այդ հարցի պատասխանից հետո նա կարող էր որոշել` իմաստ ունի՞ Լոնդոնից հեռանալ ու կյանքի 7 տարին Հայաստանում անցկացնել` թողնելով բազմաճյուղ բիզնեսները (սահմանադրությամբ` նախագահը չի կարող բիզնես գործունեություն ծավալել), գուցե զավակներին: Նաև` ի՞նչ հեռանկար կարող է ունենալ 7 տարի հետո` 2025-ին: Կամ` ավելի շուտ (ինչ-որ պահի նա կարող է դառնալ ՀՀ վարչապետ` 2022-ին կամ ավելի շուտ): Այլապես չէին շեշտադրվի նրա կենսագրության բիզնես հատվածը («Knightsbridge Group» ընկերության հիմնադիր, որ արդյունաբերության տարբեր ճյուղերում գործող 15 ընկերություններ ունի` Եվրոպայում, Ռուսաստանում, Չինաստանում, Մոնղոլիայում, Հնդկաստանում ու Ղազախստանում, «Highbury Group»-ի հիմնադիր, որի կազմում գործող «Ленинград» կորպորացիան Ռուսաստանում էլեկտրաէներգետիկ և ինժեներական ծրագրեր իրականացնող «Энергопроект» ընկերության բաժնետերն է) և լայն կապերը ամբողջ աշխարհում: Փաստացի` գործ ունենք համաշխարհային հայի հետ, որ հենց այնպես գալիս է Հայաստան: Եվ ինչպիսի՞ նախագահ է նա պատրաստվում լինել: Բնականաբար, այս հարցի պատասխանը կախված է գլխավոր հարցի պատասխանից` ո՞վ է լինելու վարչապետը: Սահմանադրությունը` սահմանադրություն, իրավասությունները` իրավասություններ, անձի որակներից է կախված, թե ինչպես կկատարվեն այդ իրավասություններն ու պարտականությունները: Կլինի՞ Արմեն Սարգսյանը «անգլիական թագուհի» (ինչպես գրում էր մամուլը` Անգլիայից գալը նկատի ունենալով կամ սահմանադրությունը): Հազիվ թե: Հարուստ կենսագրությունն ու ամբիցիաները թույլ չեն տա: Կամրապնդի՞ ՀՀԿ-ի կառավարման կարծրատիպերը, թե՞ կփորձի կոտրել: Կարո՞ղ է, ինչպես Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, հակառակվել վարչապետին ու խորհրդարանին (իմանալով հանդերձ, որ ԱԺ-ն հնարավորություն ունի շրջանցել իր ստորագրությունը)` ստեղծելով հակակշիռ ու հասարակական տրամադրություններ, որ չեն տեղավորվում իշխանության գծած հունի մեջ:

Կդառնա՞ իշխանության բևեռ, իր գործունեության առանցքում կունենա հասարակությա՞ն, թե՞ սոսկ իրեն առաջադրած կուսակցության շահը, թե՞, ինչպես ԱԺ-ն, կվերածվի վարչապետի անձնական դակիչի` ածանցյալ բոլոր հետևանքներով` չկրելով պատասխանատվություն: Արմեն Սարգսյանը պաշտոնապես կլինի ՀՀ 4-րդ նախագահը, բայց, հաշվի առնելով սահմանադրության փոփոխությունը, նա առաջին նախագահն է, ում խորհրդարանն է ընտրելու: Առաջին փուլով ընտրվելու համար պետք է 105 պատգամավորներից 79-ը նրան կողմ քվեարկեն: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ունեն 65 պատգամավոր, պակասում է 14 ձայն: Հավելեք, որ միշտ ինչ-որ մեկը գործուղման մեջ է կամ գլուխն է ցավում: «Ընդարձակ մեծամասնության» տարածքում «Ելքը» չկա ու չի կարող լինել (ոչ միայն Արտակ Զեյնալյանի պատճառով` 9 ձայնը քիչ է, ևս 5 ձայն է պետք): Մնում է ԲՀԿ-ն: Գագիկ Ծառուկյանը հրապարակավ ոչինչ չի ասի` կհայտարարվի ազատ քվեարկություն, որ 14 և ավելի ձայն կապահովի Արմեն Սարգսյանին: Ի վերջո, ոչ միայն Արմեն Սարգսյանի համաշխարհային հայի կերպարը կաղոտանա հակառակ պարագայում, այլև կստացվի` Սերժ Սարգսյանը նրան Լոնդոնից բերեց ու չի կարողանում հավուր պատշաճի քվեարկություն ապահովել Հայաստանում: Որքանո՞վ իր 14 ձայնը «կվաճառի» Գագիկ Ծառուկյանը: Սկզբի համար ձրի կտա: Հետո կերևա: Այնպես չէ, որ Գագիկ Ծառուկյանը Լոնդոնի տեղը նոր պիտի իմանա: Առաջ էլ գիտեր: 7 տարի հետո էլ կարող է հիշել: Կմտնի՞ Գագիկ Ծառուկյանը կոալիցիա: Եթե վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը, առավել ևս, եթե չդառնա, նա կփորձի դիմադրել: Եթե դիմակայի ներկուսակցական ճնշմանը` պաշտոն ու պորտֆելի ընդհանրական պահանջին, կգերադասի մնալ ազատ նետաձիգի կարգավիճակում, որ շատ հարմար է քաղաքական ու բիզնես շահերին: Եթե ոչ իշխանություն ես, ոչ ընդդիմություն, երբ ուզում ես «մոլի խմբակցություն» ես դառնում, երբ ուզում ես քննադատում ես կառավարությանը, ինչպես ուզում ես քվեարկում ես: Այլ հարց է, որ 2022-ին նա ստիպված է դառնալ «գերբարերար»` գնելու քաղաքականության մեջ տանուլ տված ձայները: Որքան ձևական են Արմեն Սարգսյանի հանդիպումները, նույնքան ձևական է հարցը, թե ինչպե՞ս են քաղաքական ուժերն առաջադրումը գնահատում: Ճիշտ է, հավուր պատշաճի հայտարարվում է, որ դեռ կհանդիպեն, կքննարկեն, հետո գնահատական կտան, բայց դա, մեղմ ասած, թաքնված ինքնագովազդ է` բոլորի գնահատականը ՀՀԿ-ն տվել է: Բացի «Ելքից», որ հայտարարել է իր թեկնածուի անունը` Արտակ Զեյնալյան, ու «սովետի վերականգնում» է համարում առանց այլընտրանքի ընտրությունը:


Կա ևս մեկ կարևոր հարց` իբրև պետության գլուխ Արմեն Սարգսյանը կբանակցի՞ Լեռնային Ղարաբաղի հարցով: Եթե վարչապետը լինի Սերժ Սարգսյանը` ոչ: Իսկ եթե ոչ նա՞: Կարո՞ղ է դեֆակտո առաջին դեմք վարչապետի փոխարեն բանակցել դեյուրե պետության գլուխ նախագահը` ստանալով վարչապետի հանձնարարությունը: Սա ևս այն հարցն է, որ չի կարող կանխավ պատասխանված չլինել, և Արմեն Սարգսյանը դառնում է պահեստային տարբերակ, եթե Սերժ Սարգսյանը չէ վարչապետը, իսկ Կարեն Կարապետյանը… քաղաքականություն չի մտնում: Այս ամբողջ պատմության մեջ չբերեց Կարեն Կարապետյանի բախտը` նա այլևս ՀՀԿ-ի միակ լույսն ու հույսը չէ, խորհրդանիշներն էլ փոխվում են` փաստորեն: ՀՀԿ-ի պարադոքսն է, որ չի փոխում պարադիգման:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Որտե՞ղ կարող եք կարդալ. «Մենք եղել ենք այնպիսին, ինչպիսին դուք եք: Դուք կլինեք այնպիսին, ինչպիսին մենք ենք»: Ինչո՞վ ու ինչպե՞ս լցնել «Մենք»-ից «Դուք» տարածությունն ու ժամանակը: Դա է իրական պարադոքսը, որտեղ յուրաքանչյուրն ունի իր պարադիգման: Եվ` իր հարաբերություններն Աստծո հետ:

Դիտվել է՝ 2487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ