Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Մենք պարտավոր ենք անվտանգության խնդիրներում լինել շատ բծախնդիր»

«Մենք պարտավոր ենք անվտանգության խնդիրներում լինել շատ բծախնդիր»
23.01.2018 | 10:08

Տարածաշրջանային ցանկացած լարվածություն իր ազդեցությունն է ունենում ղարաբաղյան հակամարտության վրա: 2018-ը սկսվեց Իրանում բողոքի ցույցերով, իսկ այս պետությունը մեծ դերակատարում ունի Հայաստանի և ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում, ասել է՝ ցանկացած ապակայունացում ԻԻՀ-ում մեզ համար անհետևանք չի մնա: Իրանում տեղի ունեցած զարգացումներից խոսեցինք ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ` մինչ այդ անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցություններին:

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐՑԱԽԻ ԿՈՂՔԻՆ Է, ԲԱՅՑ ՈՉ ՆՐԱ ՓՈԽԱՐԵՆ»


-Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կրակովյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին, որտեղ ուշագրավ պայմանավորվածության մասին է խոսվում: Հակամարտության կողմերը պայմանավորվել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կազմը: Ի՞նչ վերաբերմունք ունեք այս հարցում, և ի՞նչ կտա դա հակամարտությանը:
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն որերորդ տարին բարձրացնում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կազմն ընդլայնելու հարցը: Ցավոք, Ադրբեջանը մշտապես մերժել է այն, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցեր՝ կապված շփման գծից դիպուկահարներին հանելու և մշտադիտարկում իրականացնելու հետ: Հուսանք, որ կրակովյան հանդիպման հայտարարության հիմքում ձևակերպված այդ միտքն առաջիկայում իրականություն կդառնա:
-Որքա՞ն է հավանականությունը, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները չկատարած, և ընդհանրապես որևէ պայմանավորվածություն չհարգող Ադրբեջանն այս պայմանավորվածությունը կպահի: Ընդհանրապես, արդյունավե՞տ են այս հանդիպումները, եթե որևէ պայմանավորվածություն չի պահպանվում:
-Նախորդ հարցի պատասխանիս մեջ թերահավատությունը, թերևս, պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ Ադրբեջանը երբևէ չի պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները: Բոլոր դեպքերում, անկախ նրանից, հանդիպումներն արդյունավետ են, թե ոչ, դրանցից երբեք պետք չէ խույս տալ, հույսով, որ դրանք, թերևս, այս պահին ինչ-որ առումով իրավիճակն է՛լ ավելի չսրելու դերակատարում ունեն:
-Արցախից պաշտոնական տեսակետ է հնչում, որ բանակցություններին Ղարաբաղի մասնակցությունն արդեն հրամայական է դարձել: Հաշվի առնելով նաև, որ Հայաստանում կառավարման համակարգ է փոխվում, այս իրավիճակում ո՞վ պետք է ներկայացնի հայկական կողմը, և ի՞նչ մեխանիզմով է հնարավոր, որ Արցախը դառնա բանակցային կողմ:
-Այսօր չէ, որ Արցախը պնդում է, թե բանակցություններին Արցախի ներկայությունը պարտադիր է, քանզի առանց Արցախի մասնակցության որևէ բանակցությունում չի կարող որոշվել Արցախի ու նրա ժողովրդի ճակատագիրը: Հայաստանն Արցախի կողքին է, բայց ոչ նրա փոխարեն. սա աքսիոմ է և լրացուցիչ ապացուցման կարիք չունի: Վստահ եմ, որ վաղ թե ուշ բանակցությունները լինելու են Արցախի ու Ադրբեջանի միջև՝ որպես իրավահավասար սուբյեկտների: Հայաստանն այսօր իրականացնում է որոշակի առաքելություն ու շարունակելու է իրականացնել այն: Հայաստանում կառավարման համակարգի փոփոխությունը որևէ ազդեցություն չի կարող ունենալ ընդհանրական գործունեության վրա, իսկ թե ով պետք է վարի բանակցությունները, հստակ ամրագրված է ՀՀ փոփոխված Սահմանադրության մեջ:
-Օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե ղարաբաղյան հակամարտությունը մեկ փաստաթղթով ու միանգամից լուծվող հարց չէ, հարկավոր է փուլային լուծում: Լուծման այս տարբերակը համահու՞նչ է հայկական կողմի մոտեցումներին: Ի դեպ, Հայաստանի քաղաքական դաշտում հաճախ է կիրառվում, «Լավրովի պլան» ձևակերպումը, ի՞նչ եք կարծում, ՌԴ արտգործնախարարը շարունակու՞մ է հետամուտ լինել սեփական «պլանի» կյանքի կոչմանը: Մեկ ենթահարց ևս. խոսքը 90-ականներին շրջանառության մեջ դրված «փուլային» տարբերակի՞ մասին է:
-Խորհուրդ կտայի ցանկացած հայտարարության առնչությամբ լինել անչափ ուշադիր, համատեքստից չհանել ինչ-որ նախադասություն ու փորձել դրա շուրջ իրականությանը չհամապատասխանող տեսություններ ստեղծել: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների համապատասխան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ տարակարծություն չկա ղարաբաղյան խնդրի լուծման առնչությամբ, նույն ինքը՝ Լավրովը բազմիցս ասել է, թե որևէ մեկը չի կարող կողմերին լուծում պարտադրել: Այնպես որ, ամեն ինչ կախված է մեզնից և մեր՝ ղարաբաղյան խնդրի հարցում ունեցած դիրքորոշումից: Սա է պատճառը, որ մենք անընդհատ շեշտում ենք` մեզ պետք է միասնականություն, միակամություն, մեր երկրում առկա սոցիալական, տնտեսական ու քաղաքական խնդիրների օր առաջ լուծման անհրաժեշտություն այն առումով, որ դրանք պատճառ չդառնան ներքին լարվածության, սոցիալական խիստ բևեռվածության, ինչը կարող է հանգեցնել երկրի թուլացման, ինչից և կարող է օգտվել մեր հակառակորդը:
-Ի՞նչ կարելի է ակնկալել այս տարի բանակցային գործընթացից, երբ նախագահի ընտրության իրարանցման մեջ են և՛ ՌԴ-ն, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Հնարավո՞ր է, որ սահմանային միջադեպերի թիվը կրճատվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես Ադրբեջանի ուշադրությունն ավելի սևեռված կլինի ներքին իրադարձությունների վրա:
-Մարտավարական խնդիրների առումով ընտրությունները որոշակի փոփոխությունների հանգեցնում են, բայց ռազմավարական առումով դրանք թերևս մեծ դերակատարում չունեն: Իսկ այլ կարգի դրսևորումները, հատկապես Ադրբեջանում կայանալիք ընտրությունները կապ ունեն այնքանով, թե Ալիևն ինչպիսի ներքին խնդիրների առաջ կկանգնի, և արդյո՞ք հնարավոր են այնպիսի ներքին խնդիրներ, որոնցից հասարակության ուշադրությունը շեղելու համար նա կարող է գնալ արկածախնդրության: Այնպես որ, մենք պարտավոր ենք բոլոր պարագաներում չթուլացնել մեր զգոնությունն ու աշխատենք հատկապես անվտանգության խնդիրներում լինել շատ բծախնդիր:


«ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԱՐՎՈՒՄ Է ՈՉ ՃԻՇՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»


-Տարեսկզբին Իրանում բողոքի ցույցեր էին, և քաղաքագետներից ոմանք պնդում են, թե դրանք տնտեսական «հենք» չունեին, որոշ տերություններ ցանկանում էին ստուգել Իրանի դիմադրողականության չափը: Այս երկրում «արաբական գարնան» սցենարի կրկնությունը որքա՞ն է հավանական:
-Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար տարածաշրջանում անչափ կարևոր երկիր է: Երկիր, որի հետ, մեր անկախության սկզբից մինչ օրս որևէ խնդիր չենք ունեցել: Երկիր, որ ղարաբաղյան հիմնախնդրում ունի ամենաչափավորված ու հավասարակշռված դիրքորոշումը: Ցավոք, շատ պետություններ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ տանում են ոչ ճիշտ քաղաքականություն, բայց աշխարհի ամենահնագույն պետություններից մեկը, որ դիմակայել է շատ փորձությունների, կդիմակայի նաև այս փորձությանը: Իրանի Իսլամական Հանրապետությունն ինձ համար ոչ միայն հարևան պետություն է, այլև իմ ծննդավայրն է, որտեղ հայկական համայնքն իրեն զգացել է ապահով ու անվտանգ. ես ցանկանում եմ, որ դա այդպես էլ մնա, ու հավատում եմ դրան:
-ՈՒ՞մ է ձեռնտու լարվածություն ստեղծել Իրանում, և ով է շահագրգիռ այդ երկիրն ապակայունացնելու հարցում:
-Կարելի է շատ կարճ պատասխանել. կան երկրներ, որոնք ծննդից մինչ օրս իրենց հողի ու հայրենիքի տերն են, դրանցից է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, իսկ շատերին պետք է, որ այսօրվա մարդը լինի անդեմ, աներկիր ու անհայրենիք: Միայն նրանց կարող է ձեռնտու լինել Իրանի Իսլամական Հանրապետության ապակայունացումը:
-Իրանը և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես Հայաստանի համար չափազանց կարևոր պետություն է, ապակայունացումն այս երկրում ի՞նչ է նշանակում Հայաստանի և ղարաբաղյան հակամարտության համար:
-Վստահ եմ, որ ապակայունացնել իրավիճակը Իրանի Իսլամական Հանրապետությունում որևէ մեկին չի հաջողվի, ուստի մենք պետք է շարունակենք մեր բարիդրացիական հարաբերությունները ԻԻՀ-ի հետ, էլ ավելի զարգացնենք դրանք հատկապես տնտեսական ու փոխհամագործակցության տարբեր բնագավառներում:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ