«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀՀ տնտեսությունը ցանկալիի և իրականության արանքում

ՀՀ տնտեսությունը ցանկալիի և իրականության արանքում
23.01.2018 | 10:15

Հայաստանաբնակները, ինչպես Երկիր մոլորակի տասնյակ երկրներում ապաստանած մեր հայրենակիցները, անգամ հայրենական տնտեսության այս անհասկանալի ու անորոշ շրջանում ինչ-որ դրականի զգացումը չեն կորցնում։ Մեր մարդիկ շարունակում են մասամբ, թե հիմնականում լավատես մնալ, յուրաքանչյուր Ամանորի միմյանց բարեմաղթանքներ հղել, թեև համոզված են, որ դրանք իրականություն չեն դառնում, ինչպես ընդունված է ասել՝ տառապանքս փորձ ունի։


Արդեն տեսանելի անցյալի 10-րդ տարին միմյանց հաջորդող ՀՀ կառավարության ղեկավարներն ու առանձին ոլորտների պատասխանատու նախարարները, որոնցից մի քանիսը «տարած-հետ բերած», խոսում, նշում, փաստում ու հավաստում են ձեռքբերումներից մինչև նվաճումների, համաշխարհային ընկերությունների Հայաստանի տնտեսության գրավչության հանդեպ հետաքրքրությունից, երբ իրողությունն այլ է՝ ՀՀ տարածքում ստեղծվող համախառն ներքին արդյունքը, երկրների կայացածության հիմնական ցուցանիշը, ըստ ազգային վիճակագրական ծառայության ամենամյա հաղորդումների 10 մլրդ դոլարի սահմաններում է, աննշան մինուս-պլյուսով։ Սա արտառոց երևույթ է, որը որևէ տրամաբանված կամ հիմնավորված բացատրություն ու արդարացում չունի, քանզի ճգնաժամերի, ռազմական ծախսերի, արտերկրներից արժութային փոխանցումների վերաբերյալ հիշատակումներն ու պարզաբանումները որևէ կերպ չեն առնչվում մարդ-արարածի աշխատելու և արդյունք ստեղծելու միջոցով իր կյանքն ու կենցաղը տեսանելիորեն բարեփոխելու երևույթի հետ։ Հենց միայն այն, որ հայաստանյան գործարար միջավայրն ու օլիգարխիան նշված տասնամյակի յուրաքանչյուր տարում աներևակայելի չափերի ու ծավալների բարեգործական ձեռնարկումներ են իրականացրել, հաստատումն է այն իրողության, որ ՀՀ-ում տնտեսական կյանքը տեղում չի դոփել։ Ասվածը ուրիշի փողերը հաշվելու դրսևորում չէ, այլ ընդամենը իրերն իրենց անունով կոչելու պարզ ցանկություն. այս տարիներին երկրում թռչնաֆաբրիկաներ են բացվել, գարեջրի գործարաններ հիմնվել, հիդրոկայաններ կառուցվել, գերժամանակակից հյուրանոցներ, հանգստի ու զվարճանքի համալիրներ ստեղծվել, տեղեկատվական տեխնոլոգիաները, ոսկեգործությունն են զարգացել, զբոսաշրջությունն է 1 մլրդ դոլարի, արտահանումը 2 մլրդ դոլարի սահմանները հատել, իսկ ՀՆԱ-ն անգամ 15 մլրդ դոլարի չի հասել։ Թե ինչ թիվ է ակնկալվածը, նշենք, որ մեր բնակչությանը մոտ, ասենք, երբեմնի սոցիալիստական Ալբանիան դեռ 2005-ին ուներ 19 մլրդ դոլար ՀՆԱ, 1,3 մլն բնակչությամբ Էստոնիան 22 մլրդ դոլար, 3,8 մլն բնակչությամբ հայաշատ Լիբանանը՝ 24 մլրդ դոլար: Ըստ ԱՄՆ-ում 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2018» տեղեկատուի, հիմա նշված երկրների ՀՆԱ-ները համապատասխանաբար 34 մլրդ, 39 մլրդ և 85 մլրդ են։ Աճող ցուցանիշները փաստում են այն մասին, որ տնտեսական գործունեությունը, ուզենք թե ոչ, անխուսափելի երևույթ է, մարդկային հասկանալի պահանջ, քանզի աշխատանքի արդյունքով է հնարավոր դրսևորել սեփական ունակությունները, ցուցադրել կարողությունները, հաստատել իր տեսակի առանձնահատկությունը։


Բնականաբար այսօրինակ մտորումների տրվելիս հասունանում է հարցը՝ Հայաստանում ինչու՞ չի կազմավորվում այն միջավայրը, որն անկախ որևէ մեկի կամքից պարզ ու հասարակ աշխատանքը պահանջ է դարձնում։ Չենք ասում համաշխարհային զարգացումների մաս կազմել, այլ ընդամենը վերագործարկել էլեկտրալամպերի գործարանը, բուսական յուղ արտադրել, զուգարանաթուղթ պատրաստել, ասֆալտը նորմալ փռել: Ի վերջո ինչ ենք մտաբերում, դիցուք, Հոլանդիա ասելիս. առաջնահերթը կարտոֆիլ, պանիր, ծաղիկ, աշխատունակ հատվածի էլ 80 տոկոս սպասարկման ոլորտում ընդգրկվածներ։
Մեր պարագայում լսելով միմյանց հաջորդող իշխանական մեծամասնություն ունեցող կառավարությունների պատասխանատուներին, կարելի է հավատալ, որ անհրաժեշտ առավելագույնն արվում է ՀՀ տնտեսությունը գերժամանակակից միջոցներով գրեթե մեռյալ կետից շարժելու համար, որը չգիտես ինչու շարքայիններիս տեսանելի չէ։ Ինչու են մոռացվում յուրաքանչյուր ընտրությունից հետո ասվող այն խոստում-պարտավորությունները, թե իշխանությունը ծառայելու է ոչ միայն իրենց ընտրողներին, որոնց չգիտես ինչ կերպ գիտեն ովքեր են, այլ ողջ ժողովրդին, որոնք թե դեմ քվեարկողներն են, թե հուսալքված անտարբերները։


Եթե ընդունենք, որ վերջին 10-ամյակում միմյանց փոխարինած 4 վարչապետների պաշտոնավարության ընթացքում աշխատավարձերն ու կենսաթոշակներն ավելացել են, դրանք որևէ դրական հետևանք չեն թողել, որովհետև սպասվածից շատ ավելի են բարձրացել էլեկտրաէներգիայի, գազի ու հեղուկ վառելիքի, սննդահումքի ու կենցաղային տեխնիկայի գները. վաղուց մոռացել ենք, որ ուղևորատար տրանսպորտը 50 դրամով էր ծառայություն մատուցում, գարեջուրն ու գինին համեմատաբար շատ ավելի մատչելի էին, միսն ու պանիրը 1000 դրամով էին վաճառվում: Իսկ խոստումներն ինչքա՜ն գրավիչ էին. այ կբացենք «Մարս» գործարանի տարածքի ազատ տնտեսական գոտին, և ներդրողները վայրկյան առաջ կժամանեն, նոր աշխատատեղեր կստեղծվեն, տեղական շուկան կհագենա, արտահանումը կավելանա։ Կառավարության հերթական ղեկավարը նույն ցանկությունները հայտնեց 2-րդ ազատ տնտեսական գոտին Մերգելյան ինստիտուտի տարածքում բացելու ընթացքում, վկայաբերելով արդեն աշխուժացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Այն, անշուշտ, որոշակի արդյունք երաշխավորում է, բայց և... շուկայում հայտնված գնողունակ հատվածը, տեղական արտադրանքի առաջարկ-պահանջարկի անհամապատասխանության մեղքով գնաճի պատճառ է դառնում։
Հեղինակն այսկերպ է բացատրում, ասենք, տեղական արտադրության համեմատաբար նախընտրելի միս-մսամթերքների ու կաթ-կաթնեղենի նախորդ ողջ տարվա ընթացքում արձանագրված պարբերական թանկացումները, որը փորձ արվեց ներկայացնել համաշխարհային շուկայում նկատված երևույթ։ Փաստում եմ. վերջին 10-ամյակի որոշակի հատվածներ, ընտանեկան հանգամանքների բերումով, հյուրընկալվելով Ավստրիայում, միս-մսամթերքի գների աճ չեմ զգացել, կաթնամթերքի, այդ թվում՝ 82 տոկոս յուղայնությամբ կարագի գինն այնքան աննշան է աճել, որ այն շատ հաճախ վաճառվում է զեղչով, կգ-ը մինչև 8 եվրոյով, որը մեր 4500 դրամն է։ Նշեմ, որ այս գումարի շուրջ 50 տոկոսը զանազան հարկերն են, որոնցով կազմվող բյուջեն ֆինանսավորում է երկրի կրթական, առողջապահական, գիտական, սոցիալական և այլ ոլորտները, թվով 12 նախարարությունների գործունեությունը, երբ մեզանում դրանք 16-ն են, գումարած ՀՀ կառավարությանը կից կոմիտեները, գործակալությունները, ծառայությունները, վերջին շրջանում էլ հիմնադրամների անվան տակ հայտնվող այլևայլ կենտրոնները։


Տարեմուտին ՀՀ կառավարությունն ավետեց հերթական 3-րդ ազատ տնտեսական գոտու կազմավորման մասին, այս անգամ Մեղրիում։ Նշվեց, որ առաջիկա տարիներին, սովորական դարձած անորոշ ժամանակահատվածում, այստեղ 1500 աշխատատեղ կբացվի, 130 մլն դոլարի ներդրում կիրականացվի։ Այս մասին պատմող հեռուստահաղորդումներից մեկում նկարահանված պահ կար, երբ Իրանից խոշոր տակառներով բերված տոմատը վերալցվում էր մանրածախ առևտրում ներկայացվող տարողությունների մեջ։ Դրանք, անշուշտ, կարտահանվեն, ինչպես ՀՀ-ից արտահանվող որոշակի ծավալներ զբաղեցնող աղացած ու հատիկ սուրճի, մսատու անասնապահություն չունենալով մսամթերքի արտահանման պարագայում է «Արտադրված է ՀՀ-ում» կամ «Շշալցված է ՀՀ-ում» պիտակներով։ Իսկ ու՞ր մնաց ՀՀ տոմատի մածուկը, որով ընդամենը 3-4 տարի առաջ հպարտանում էինք։
Համանման պատկեր է այլ ոլորտներում, ասենք, հավի մսի հարցում։ Բոլորս լսեցինք, երբ ՌԴ նախագահի հետ դեկտեմբերի 14-ի հանդիպման ընթացքում հայտարարվեց, որ երկրում հավի մսի կիլոգրամի գինը 100 ռուբլի է, մոտ 800 դրամ։ Օրեր առաջ կապվեցի ուկրաինական Զապորոժիեում բնակվող բարեկամուհուս հետ, որը փաստեց, որ հավի 1 կգ-ի դիմաց վճարում է մոտ 50 գրիվնա, որը մեր 850 դրամն է։ ՀՀ-ում այս ապրանքի կգ-ի գինը 1300-1450 դրամ է, որը երբևէ խնդիր չի դիտարկվում տնտեսության պատասխանատուների կողմից։ Այստեղ առաջնորդվում են «Մերն ուրիշ է» կարգախոսով, որտեղ առաջնահերթը ՀՀ պարենապահովությունն ու պարենանվտանգությունը չեն, այլ վերամշակողների միջոցով այլոց պահանջ-վայելքների բավարարումը։ Որ անգամ արտահանումը 400-500 մլն դոլարից ներկայիս 2 մլրդ դոլարի հասցնելը նկատելի ոչինչ չի փոխել մեր մեծամասնության կյանքում, աճում են աղքատությունն ու արտագաղթը, դա ոչինչ... Այ, կշահագործենք Ամուլսարի ու Թեղուտի հանքավայրերը, աշխատատեղեր կստեղծվեն, մարդիկ 100-120 հազար դրամ աշխատավարձ կստանան և կօգտվեն անհայտ պայմաններում արտադրված ու ներմուծված հավի մսից, որը պարզվում է, սպառման համար կարող է և նպաստավոր չլինել։
ՀՀ գործադիր իշխանությունը չի ցանկանում նկատել, որ հանրության բոլոր օղակների, որոնց թվում 500 հազար կենսաթոշակառուների կողմից ավելացված արժեքի, ակցիզի, տարբեր տուրքերի ձևով վճարումների արդյունքում գոյացող բյուջեի փոշիացումը ինչ-ինչ բացատրությունների միջոցով արդարացնելն ընդամենը զավեշտի միջավայր է ստեղծում։ Գրացի հարևան թաղամասում բնակվող երբեմնի երևանցի ծանոթս հարցնում է, թե ինչ եղան ավստրիական այն 1700 կովերը, որոնք մի քանի տարի առաջ բավականին բարձր գներով Հայաստան ներմուծվեցին։ Դրանք պետք է օրը մինչև 40 լիտր կաթնատվություն ապահովեին, վերարտադրության արդյունքում բազմանային, կանխեին ներմուծվող չոր կաթի օգտագործումը։ Կամ ե՞րբ կստեղծվեն այն պայմաններն ու միջոցները, որոնց շնորհիվ միջազգայնորեն ընդունված աշխատաոճին համապատասխան խաղողագործներից ու կաթ արտադրողներից մի քանի հարյուրն իրենք կվերամշակեն սեփական արտադրանքը, գինեգործներ ու պանրագործներ կդառնան, կհամալրեն փոքր ու միջին գործարարների շարքերն ու այդ կերպ մրցակցային դաշտում կհայտնվեն։ Պարզվում է՝ դեռ դրա ժամանակը չէ, մերոնց մտահոգություններն այլ են, մերը պարզապես ուրիշ է։ Հարազատներս, ի դեպ, նշում են, որ իրենց աշխատանքային ընկերներն ու շրջապատը հիմնականում նախապատվությունը տալիս են ավստրիական արտադրանքին, և շատ հազվադեպ՝ ներմուծվողին, բնականաբար գնի շատ ավելի մատչելիության պարագայում։ Այստեղից էլ տեղական արտադրողի բարձր պատասխանատվությունն իր աշխատանքի արդյունքի հանդեպ, որը մեզանում եվրոպական չափորոշիչ է դիտարկվում։ Ասենք, խոզի, տավարի, հավի մսատեսակների միացյալ արտադրությունը Ավստրիայում անցնում է մեկ միլիոն տոննան, մեկ բնակչի հաշվով կազմում 120 կգ, որն էլ հեղինակս նախապայման է դիտարկում առողջ միջավայրի հաստատման համար։ ՀՀ-ում, հատկապես նախաամանորյա շրջանում պատկերը հակառակն էր. հարցը՝ ինչն ու ով է խոչընդոտում ՀՀ տնտեսության կայացմանը, հնչում է ինքնաբերաբար։


Ցանկալին իրականություն դարձնելու համար գերմարդկային ջանքեր չէ, որ պահանջվում են, այլ պարզ ու հասարակ ծրագրեր, որոնք Հայաստանում, պարզվում է, չկան։ Թե Հայաստանում, թե այստեղ շրջապատս տարօրինակ է դիտարկում վարչապետական այն մոտեցումը, թե տեղական ինքնակառավարման մարմինները, շարքայիններիս պատկերացմամբ` գյուղապետերը, ծրագրեր չեն կազմում ու ներկայացնում, քանզի իրենք լավ գիտեն իրենց խնդիրները։ Գյուղապետերի համար այդպիսիք են համայնքի փողոցների վիճակն ու լուսավորությունը, բարեկարգ մանկապարտեզն ու դպրոցը, հանգստի ու մարզական հրապարակները, որոնց համար կառավարությունը մշտապես ֆինանսներ չունի։ Իսկ իրականում բոլորս ենք համոզված, որ ծրագրեր կազմելը մասնագիտական կառույցների խնդիրն է, հարկատուների հատկացումներով պահվող պաշտոնյաների գործը, որոնք երկրի ու բնակչի հանդեպ իրական հարգանք պետք է տածեն։ Մեզանում չինովնիկ դարձած ղեկավարի այս տեսակն է պարտավոր, ասենք նպաստել.
1. երկրում առաջնահերթություն համարվող կաթնա-մսամթերքների բավարար քանակի, որակի ու մատչելիության արտադրությանը, երբ իշխանության կողմից խրախուսվողը բարձր ինքնարժեքով ջերմոցային գերհզորությունների շահագործումն է, այլոց պահանջների ապահովումը,
2. ցեմենտի և գաջի գործարաններում գազի օգտագործումը փոխարինել աղբահանքերի այրման պիտանի թափոններով, այդ կերպ հասնելով հիշյալ շինանյութերի ներկայիս սահմանափակ ծավալների արտադրության ավելացմանը, ներմուծման դադարեցմանը, գների նվազեցմանը,
3. առկա պետական և աջակցային միջոցները նպատակաուղղել սոցիալական բնակարանաշինության ծավալմանը, արտոնյալ և մատչելի բնակտարածությունների հատկացումով կանխել արտագաղթը և նպաստել իրական հայրենադարձությանը։
Համաշխարհային փորձը հաստատում է, որ այսօրինակ գործընթացները Եվրոպայում, Չինաստանում, ամերիկյան մայր ցամաքներում կայուն զարգացում են ապահովում, հարյուր հազարավոր աշխատատեղեր ստեղծում, ներքին կայունություն ու հանրություն-իշխանություն բարերար միջավայր կազմավորում։ Պարզ է, որ ցանկալիի և իրականության արանքում գտնվող այս շարքի ծրագրերը դժվար է լրագրային էջի սահմաններում անհրաժեշտ մանրամասնությամբ ու ծավալներով ներկայացնել, որը մտահոգ քաղաքացիներից առավել պետական կառույցների խնդիրն ու անելիքն է։ Թե ինչպես ու ինչքանով դրանք կյանքի կկոչվեն, կտեսնենք ու կհամոզվենք այս տարի։ Ինչպես մարդ արարածի մեր տեսակն է ասում՝ լավ է ուշ, քան երբեք։
Այնպես որ՝ բարին ընդ մեզ։

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Գրաց, Ավստրիա

Դիտվել է՝ 2391

Մեկնաբանություններ