ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Իրանի քրդերը «լռում էին» երկրում օրերս տեղի ունեցած հուզումների ժամանակ

Իրանի քրդերը «լռում էին» երկրում օրերս տեղի ունեցած հուզումների ժամանակ
23.01.2018 | 10:30

Իրանում օրերս բնակչության սակավաթիվ խմբերի հուզումների կապակցությամբ ակամա (թեև բացահայտորեն դրանում շահագրգռված շրջանակների փոխանցմամբ) տեղեկատվական հոսքի մեջ էր նետվել նաև «Իրանի քրդերի» թեման: Զարմանալի էր այդ մասին բավական տարօրինակ դատողություններ գտնել և կարդալ ինչպես արևմտյան, այնպես էլ ռուսական լրատվամիջոցներում: Բայց տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով Իրանում տիրող իրավիճակի մասին քրդական աղբյուրներում գրվածի հետազոտության շնորհիվ պարզ դարձավ, թե որտեղից են «տեղեկություններ» քաղում Արևմուտքի ու Ռուսաստանի այն շրջանակները, որոնց աչքին, չգիտես ինչու, քրդական ինչ-որ բան է «երևացել» Իրանում: Հասկանալի դարձավ, որ գրչակից եղբայրների մեծ մասն առհասարակ տեղյակ չէ, որ եթե անգամ Իրանում էլ կա իրանալեզու ցեղախմբերն ինչ-որ «քրդեր» ազգի մեջ ընդգրկելու «ավանդույթ», իրականում թե՛ իրանական պետական մարմինները, թե՛ քրդերն իրենք շատ լավ գիտեն ու գիտակցում են, որ բնավ էլ ոչ բոլոր (տվյալ դեպքում օգտագործենք «քրդալեզու» տերմինը) քրդերն են հենց քրդեր: Պարզապես երբեմն արևմտյան և ռուսական հետազոտողները հեշտության համար կարող են «տաք-տաք» քրդեր անվանել նաև լեզվով նրանց մոտ ցեղերի, ասենք, լուրերին (լորերին), բախտիարներին, գորանիներին, դեմլիներին (դեմլիները նույն զազաներն են) և այսպես շարունակ:
Արդյունքում ասպարեզ են գալիս տարօրինակ անվանումներ, ինչպես՝ «Զագրոսի քրդեր», թեև բոլոր իրազեկներին հայտնի է, որ Զագրոսի լեռներում ապրող ցեղերը գորանիներ են (գուրանի, ինքնանվանումը՝ հևրամանի կամ հևրամի), որոնց լեզուն միայն երբեմն որոշ լեզվաբաններ են անվանում «քրդերենի բարբառ», թեև քիչ թե շատ լուրջ գիտնականներին հայտնի է, որ մինչև հիմա էլ միասնական քրդերեն լեզու չկա, և որ քրդեր համարվող բոլոր ցեղախմբերը խոսում են հնդեվրոպական լեզուների ընդհանուր իրանական լեզվախմբի իրենց բարբառներով: Այսպես, գորանիի համար ամենամոտիկը դեմլի (զազա) ժողովրդի լեզուն է համարվում՝ զազակին: Զազակին (հետևաբար և գորանին) պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական լեզվախմբի հյուսիսարևմտյան ճյուղին, որի տարածման շրջաններն են Արևելյան Թուրքիան (Հայկական լեռնաշխարհ), հանդիպում է նաև Վրաստանում, Իրաքում, Ղազախստանում: Զազակին (այսինքն և գորանին) շատ նմանություններ ունի թալիշերենին և այլ կասպյան ու քրդերեն լեզուների: Բանասեր Լյուդվիգ Պաուլի կարծիքով, զազակին ամենաշատը մոտ է հին իրանական (հիմա գործնականում չհանդիպող) ազարի լեզվին: Եթե դեռ հասկանալի չէ, ավելացնենք. զազակի և քրդերեն բարբառների միջև տարբերությունները բավական խոր են, նրանք իրար համարյա չեն հասկանում, ինչի պատճառով էլ լեզվաբանների շրջանում ընդունված է զազակին համարել առանձին լեզու: Այս դիրքորոշմանն են եղել 19-րդ դարի-20-րդ դարի սկզբի գերմանացի իրանագետները (Պ. Ի. Լերխը, Օ. Մաննը, Կ. Հադանկը): «Զազակիի բարբառները» գրքի (Պրուսիայի գիտությունների ակադեմիայի պարսկերենի ու քրդերենի վերաբերյալ աշխատությունների լիակատար ժողովածուի 10-րդ հատոր) հրատարակումից հետո այդ տեսակետը գերիշխող դարձավ Գերմանիայում:


Իսկ եթե մենք հավելենք, որ դեմլի և գորանի ժողովուրդների մեծ մասը շիա է և շիաներին հավասարեցված ալևիներ ու ալավիներ, մինչդեռ քրդերի մեծ մասը սուննի է, ապա, կարծում եմ, այն հարցը, թե Իրանում (ոչ միայն Իրանում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում ու ժամանակակից Թուրքիայում) ովքեր պետք է հավասարեցվեն քրդերին, մի տեսակ օդից կախված է մնում: Մի ոչ պակաս կարևոր հավելում. օրինակ՝ եզդիները, որոնք հիմնականում խոսում են կուրմանջի բարբառով, որի կրողներին էլ կարելի է վերապահումներով ընդունել որպես միասնական քրդական ազգ, այնուամենայնիվ, իրենց կտրականապես քուրդ չեն համարում և խորապես վիրավորվում են, եթե նրանց «ընկերովի» քուրդ են անվանում: Ավելին, Իրաքում ԻՊ խմբավորման դեմ պատերազմի հետ կապված վերջին ողբերգական իրադարձություններից հետո եզդիները իրենց ժողովրդի ցեղասպանության մեջ մեղադրում էին ոչ միայն ԻՊ-ի զինյալներին, այլև Մասուդ Բարզանիի կլանի (սորանի բարբառով խոսող) իրաքցի քրդերին: Այնպես որ, եթե որևէ մեկը մտադրվի դատողություններ անելու Իրանի «քրդական խնդրի» մասին, ապա լավ կլինի, որ նախ ճշտի, թե ովքեր են Իրանում իրոք քրդեր:
Սակայն վերադառնանք օրերս տեղի ունեցած հուզումների առիթով արծարծվող «Իրանում քրդական հարցին»: Ժամանակակից Իրանում քրդերն ապրում են, փաստորեն, ամենուր: Եվ եթե «հանկարծ» որևէ մեկն ի հայտ բերի, թե մինչև մեկ միլիոն քուրդ ապրում է Թեհրանում, մի՞թե դա կնշանակի, թե Իրանի մայրաքաղաքը «քրդական քաղաք» է: Մինչդեռ հուզումների վերաբերյալ հաղորդագրություններում ակնհայտ էր, որ մտադրություն կա մեզ որպես քրդական ներկայացնելու շատ հինավուրց օստան և քաղաք Քերմանշահը (Քերմանշահի քրդեր, քերմանշահցի քրդեր և այլն, և այլն): Եվ կողմնորոշիչն էր, երևի, հունվարի 2-ի հետևյալ ձևակերպումը. «Դրանց մասնակցում են նաև իրանական Քրդստանի, այդ թվում Սենենդեջի ու Քերմանշահի բնակիչներ»: Իհարկե, կան շրջաններ, որտեղ քրդերն ապրում են ավելի կամ պակաս համահավաք` Հայաստանի, Նախիջևանի, Թուրքիայի և Իրաքի հետ սահմանակից արևմտյան օստաններ: Զգալի թվով քրդեր դարեր ի վեր ապրում են պատմական, հինավուրց Խորասանում, և հայտնի է, որ «հավկիթային հուզումներն» սկսվել են հենց շիական սրբավայր Մեշհեդում: Ընդ որում` աղբյուրներից և ոչ մեկը, այդ թվում՝ քրդական, ոչ մի անգամ չի ասել, թե որպես հուզումների էպիկենտրոն հանդես են եկել Խորասանի քրդերը: Այնպես որ, փառք Աստծո, «քրդական Քրդստանի» մասի չեն վերածել Խորասան-Ռեզավի օստանը՝ Պարթևական կայսրության միջուկ, պարթևական մշակույթի միջնաբերդը, որն աշխարհում ճանաչում ունի որպես հին Պարսկաստան-Իրանի պատմության ու մշակույթի բաղկացուցիչ մաս: Բայց Քերմանշահը «իրանական Քրդստանին» վերագրելը հիմարության ու անամոթության գագաթնակետն է, որովհետև քաղաքն իր անվանումն ստացել է դեռևս Հերոդոտոսի հիշատակած հարավիրանական «գերմանիի» ցեղի էթնոնիմից (ազգանվանումից-խմբ.): Քաղաքը ճանաչված է որպես ամենահներից մեկն Իրանում: Քերմանշահի մոտ է գտնվում Բեհիստունի ժայռը՝ Աքեմենյանների ու Պարթևների դարաշրջանի ժայռապատկերներով ու գրերով (ներառյալ Հերակլեսի արձանն ու «Որսորդների անձավը»): Դրանք այն նույն բեհիստունյան արձանագրություններն են, որոնցից երևում է, թե ովքեր են եղել հին Իրանի հարևանները: Եվ ընդգծեմ՝ այդ արձանագրություններում ոչ մի բառ չկա ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Քրդստանի մասին և այլն: Փոխարենն ընդգծված է Հայաստանը՝ «Արմինա աշխարհը», ինչպես փորագրված է բեհիստունյան արձանագրություններում: Քերմանշահի մոտ են գտնվում նաև Սասանյանների դարաշրջանի Թաք-Է-Բոստան ժայռաշղթան, Դո-Աշկաֆտ քարանձավը: Ասեք, այս թվարկման շարքում ի՞նչ կա «քրդական»:
Բոլոր տարածքներից ու բնակավայրերից, որոնք արտացոլում են իրողությունը քրդերի համահավաք խմբերի բնակության առումով, Իրանի իրադարձությունների վերաբերյալ տեղեկանքներում ամենից հաճախ երևում էին Սենենդեջը (Քրդստանի օստան) և Շեհրե-Կորդը (Չհարմահալի և Բահթիարիայի օստան): Բայց այդ քաղաքներից ստացված հաղորդագրություններում էլ «քրդական թեմայով» խոսակցություն չկա: Զարմանալի է, բողոքավորների Իլամ քաղաքում (Իլամի օստան) ունեցած ելույթների վերաբերյալ հաղորդագրություններում էլ քրդերի մասին հիշատակություն չկա: Թեև հայտնի է, որ բուն Իլամ քաղաքում մոտավորապես 168 հազար բնակչության հիմնական մասը քրդեր են: Եվ ոչ ոքի մտքով իսկ չի անցել Իլամն էլ համարել «իրանական Քրդստանի» մաս: Երևի դեր է խաղում այն, որ, այնուամենայնիվ, հնամյա Էլամ աշխարհի ու նրա բնակչության՝ էլամցիների անգամ մակերեսային ճանաչողությունը լիովին փչացնում է տրամադրությունը՝ «քրդական ձկնիկ որսալու» ժամանակակից Իլամում:


Միևնույն ժամանակ, մարդկանց, ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակումների ու սպանությունների վերաբերյալ բոլոր տեղեկությունները հիմնականում ստացվում էին Իրանի արևմտյան շրջաններից, ուր 100 տոկոսով կամ ենթադրաբար իրոք քուրդ բնակչություն կա: ՈՒշադրության առնենք նաև 2018 թ. հունվարի 10-ին Թեհրանից ստացված տեղեկությունները: Հանդես գալով լրագրողների առջև, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին դատապարտեց վերջին անկարգությունների ընթացքում տեղ գտած մահվան դեպքերի կապակցությամբ Իրանի հասցեին ամերիկյան մեղադրանքները և ընդգծեց, որ այդ անկարգությունների ընթացքում անվտանգության ծառայություններից ոչ մեկը մարտական զենք չի ունեցել ցուցարարների դեմ գործադրելու համար, հաղորդում է «Tasnim News»-ը: Բաքերին նշել է, այդ անկարգությունների ընթացքում մարդկանց զոհվելու դեպքերի մեծ մասը կասկածելի է, քանի որ սպանվածներին խոցել են թիկունքից և կրակոցները կատարվել են չպարզված տեղերից, կասկածելի հանգամանքներում: Այդ փաստերը ոչ ոքի չե՞ն հիշեցնում, օրինակ, 2000 թվականին Բելգրադում հակամիլոշևիչյան հանրահավաքներում կատարված առեղծվածային սպանությունները: Կամ 2014 թ. Կիևի «մայդանում» տեղի ունեցած իրադարձությունները՝ անհասկանալիորեն սպանված ոստիկաններով ու ցուցարարներով: Մեր կարծիքով, զուգահեռներն ակնհայտ են:


Առաջին սպանությունները կատարվեցին արևմտյան Լուրիստանի օստանի Դորուդ քաղաքավանում: Ինչպես դեռ հունվարի 3-ին հայտարարեց ԻԻՀ-ի տեղեկատվության (հետախուզության) նախարարությունը, «Կալանավորվել է Դորուդ քաղաքում տեղի ունեցած հուզումների ընթացքում խաղաղ քաղաքացիների սպանած և հրշեջ մեքենաներ զավթած մի մարդ, որն այնուհետև թաքնվել է Թեհրանում», հաղորդել է IRNA-ն: Հաղորդումից երևում է, որ սկզբում քննությունն ու մյուս միջոցառումները դրված են եղել ո՛չ թե Իրանի ՆԳՆ-ի, ո՛չ թե ԻՀՊԿ-ի վրա, այլ հենց հետախուզության և հակահետախուզության վրա: Սակայն Դորուդի ողբերգություններից հետո՝ հունվարի 6-ին, նույն նախարարությունը հայտարարեց Բորուջերդ քաղաքում «Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության» ահաբեկչական խմբավորման հետ կապված բջիջների ջախջախման մասին (այդ խմբավորումը ավելի շատ հայտնի է «Մոջահեդդին հալք» անվանմամբ, որպես ահաբեկչական է ճանաչված աշխարհի շատ երկրներում, բացի ԱՄՆ-ից, Իսրայելից ու ԵՄ-ի անդամ որոշ երկրներից): Մահվան ելքով այլ միջադեպեր են եղել Արևմտյան Ադրբեջանի օստանի Փիրանշեհր քաղաքավանում՝ «կարգի երեք պահապան»՝ իրանական լրատվամիջոցների վարկածով, և «հետախուզության երեք աշխատակից»՝ քրդական լրատվամիջոցների վարկածով: Եվ այս գործը վարում էր ԻԻՀ-ի տեղեկատվության նախարարությունը, որը դեռ հունվարի 4-ին հայտարարեց. «Զինված ահաբեկչական մի բջիջ, որը ծրագրում էր պայթեցումներ կազմակերպել և սպանել անմեղ մարդկանց՝ վերջին հուզումներին աջակցելու համար, թափանցել էր Իրան»: Հակաահաբեկչական գործողության ընթացքում «մեկ ահաբեկիչ սպանվել է, իսկ խմբավորման մի քանի այլ անդամներ վիրավորվել են: Գործողության ընթացքում բռնագրավվել է զենք, այդ թվում Կալաշնիկովի ինքնաձիգներ, նռնակներ, զինվորական հանդերձանք և անկարգություններ հրահրելու հրահանգներ, ավելի վաղ երեք այլ ահաբեկչական խմբավորումներ ի հայտ էին բերվել Արևմտյան Իրանում ու ջախջախվել էին», հաղորդել էր IRNA-ն:


Ինչպես տեսնում ենք, մահվան ելքով միջադեպերից մեկն է միայն «նման» քրդերի հնարավոր մասնակցության, բայց միևնույն ժամանակ իրանական հետախույզները պնդում են, որ այդ խմբավորումը իրանական չէ, այն «Իրան է թափանցել» ինչ-որ տեղից: Նայենք, թե ում հետ է սահմանակից Արևմտյան Ադրբեջանի օստանը. Հայաստան, Նախիջևան, Թուրքիա, Իրաք (Սուլեյմանիայի կողմում): Իսկ ահա, այսպես ասած, «քրդական պարտիզանական պայքարի» ավանդական կենտրոնները Օրոմիյե (ՈՒրմիա), Մեհաբադ (սա ևս Արևմտյան Ադրբեջանի օստանն է, ընդ որում` քրդերն առհասարակ Մեհաբադը համարում են «իրանական Քրդստանի մայրաքաղաք»), Սեքքեզ (Քրդստանի օստան), Քասր-Շիրին (Քերմանշահի օստան) և այլ քաղաքները առհասարակ չեն մտել Իրանում տեղի ունեցած հուզումների վերաբերյալ ոչ մի ամփոփագրի մեջ: Հատկապես զարմանալի է սորանի քրդերի «լռությունը». չէ՞ որ դա Բարզանիի կլանի քրդական «Մեհաբադի հանրապետության» պատմական շրջանն է: Բայց այդ հանգամանքները մեզ հնարավորություն են տալիս պնդելու, որ իրականում վերջին հուզումներին Իրանի քրդերի մասնակցությունը չնչին է եղել: Բացի այդ, Իրանի արևմուտքում ցուցարարների կարգախոսների մեջ չի եղել ոչ մի քրդամետ հայտարարություն:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ