Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կյանքս` հայրենիքին, հոգիս` Աստծուն, պատիվս` ոչ մեկին»

«Կյանքս` հայրենիքին, հոգիս` Աստծուն, պատիվս` ոչ մեկին»
23.01.2018 | 10:38

Արժանապատիվ մի սկզբունք, որը, թերևս, ամենուրեք հայտարարվի և հնչի որպես սրբազան երդում-աղոթք. բայց արդյոք մենք` ազգովին, երկու հազարամյակ շարունակ, նաև այսօր առաջնորդվե՞լ ենք «Կյանքս հայրենիքին, պատիվս` ոչ մեկին» ամենաարժանապատիվ սկզբունքով: Արցախյան հերոսամարտի տարիներին հայ զինվորն ու սպան հպարտորեն առաջնորդվել են այս սրբազան սկզբունքով և, ի փառս նրանց, երբեք երդմնազանց չեն եղել:
Բայց արդյոք միայն զինվորն ու սպան պետք է առաջնորդվեն այս սկզբունքով: Թերևս այս սկզբունքը, որպես սրբազան երդում-աղոթք, հարկ է հնչեցնել ամենուրեք, ամեն քայլափոխի` դպրոցում, բուհում, հասարակական-քաղաքական, տնտեսական, պետական կառույցներում, որպեսզի յուրաքանչյուր ոք առմիշտ հասկանա, որ երդմնազանց լինելը շատ մեծ մեղք է: Եվ եթե ամենուրեք առաջնորդվենք այս սկզբունքով` երդում-աղոթքով, ապա յուրաքանչյուր պատանի, աղջիկ, յուրաքանչյուր քաղաքացի կհասկանա, որ իր քաղաքը, գյուղը, փողոցը, այգին, անտառը, լիճը, գետը մաքուր պահելը, խնամելը նաև իր պատվի խնդիրն է: Եվ եթե յուրաքանչյուր պետական, տնտեսական գործիչ, հարկատու, գործարար, վարչական, դատաիրավական աշխատող իր գործի ազնիվ նվիրյալը չէ, պատիվն է արատավորում, երդմնազանց է, ուրեմն այս սկզբունքը թող սրբազան աղոթք դառնա յուրաքանչյուր հայի համար:


Թերթենք մեր պատմության հազարամյա էջերը և տեսնենք, թե երդմնազանցությունը ինչ աղետալի հետևանքներ է ունեցել մեր հայրենիքի, ժողովրդի համար:
Արտավազդ արքան` Մեծն Տիգրանի որդին, չանսալով իր խորհրդականների մարտաշունչ կոչին` զենքով ելնել ընդդեմ զավթիչ թշնամու, երկչոտաբար, անարժանապատվորեն երդմնազանց եղավ` իր և ժողովրդի պատիվը դրեց թշնամու ոտքերի տակ, ամբողջ ընտանիքով դարձավ հռոմեացի նվաճող Անտոնիոսի և նրա եգիպտացի սիրուհի Կլեոպատրայի գերին` հայրենիքը մատնելով անտերության:
Տրդատ արքան որդեգրեց նոր կրոն և կրակի մատնեց հազարամյակների մեր մշակույթը` անգիտության, անորոշության մեջ թաղելով մեր պատմության ողջ անցյալը. սկսվեց դինաստիական` պարթևա-սասանյան և կրոնական կործանարար հակամարտությունը հազարամյակների հարևան պարսից հզոր պետության հետ, կարճ ժամանակ անց պատճառ դառնալով մեր պետականության փլուզմանը:
Արշակ 2-րդ արքան չկարողացավ հնազանդեցնել երկիրը պառակտող նախարարներին, գյուղացիության հաշվին ապրող, պետական վիթխարի կալվածքներ յուրացրած, բազմահազար պորտաբույծ վանականներով, կուսանոցներով, անկելանոցներով երկիրը ամլացրած հոգևոր դասին, ենթարկվեց նրանց անհեռատես, ոչ պատվաբեր ճնշմանը, ընդունեց պարսից Շապուհ արքայի Տիզբոն այցելելու դավադիր հրավերը` իբր պարսից հնարավոր հարձակումից խուսափելու համար: Հայոց արքան, ցուցաբերելով աններելի անխոհեմություն, իր հետ Տիզբոն տարավ նաև հայրենիքի հզոր պաշտպան, սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Արշակը դարձավ Շապուհի դավադրության գերին` անարժանապատիվ մահվան դատապարտելով նաև հայրենիքի պաշտպանին, որը բազմիցս պարտության էր մատնել պարսից բանակները:


Նախարարական երկպառակությունների, բյուզանդական դավադրությունների զոհ դարձավ երիտասարդ, տաղանդավոր Պապ թագավորը. հայրենիքը մատնվեց քաոսի, անտերության, խարխլվեցին պետականության հիմքերը:
428 թվական: Դավաճան, անարժանապատիվ, տգետ, եսամոլ հայ նախարարները պարսից արքային խնդրեցին գահընկեց անել հայոց թագավորին, կաթողիկոսին, իբր Հայաստանում կարգուկանոն հաստատելու համար. և եղավ բարձումը (վերացումը) Արշակունյաց հարստության, փլուզվեց հազարամյակների հայոց պետականությունը:
9-րդ դարի վերջերին հայրենասեր Բագրատունիները վերականգնեցին չորսուկես դար կորսված պետականությունը: Մեկուկես դար պայքար մղվեց արաբա-բյուզանդական, սելջուկյան հորդաների դեմ: Բայց հայկական պառակտողական ոգին, մի շարք կենտրոնախույս թագավորիկներ, որոնք հայրենիք էին համարում իրենց ընտանիքը, դղյակը, պալատը, դարձյալ կործանեցին պետականությունը. գլխապատառ, հազար-հազարներով, անեցիներ, վասպուրականցիներ, հայրենադավ Սենեքերիմ թագավորի գլխավորությամբ, լքեցին հայրենիքը, ապահովություն որոնելով Բյուզանդիայի խորքերում` հայրենի չքնաղ բնաշխարհը հանձնելով քոչվոր ցեղերին:


Դավաճան Սենեքերիմը վասպուրականցիներին քարոզում էր հայրենալքություն, երդմնազանց զառանցանքով. «Տերն ասում է` քեզ հալածեն, փախիր մի ուրիշ տեղ, այնտեղ էլ կհալածեն, փախիր մեկ այլ տեղ, որ ծիլը ծառ դառնա». հայրենապաշտ Արշավիր Կամսարական` «Սենեքերիմ, ծիլը ծառ կդառնա, բայց անտառ չի դառնա» (Վարդան Գրիգորյան, «Դար կորստյան»): Եվ ծիլը գուցե ծառ դարձավ, բայց անտառ չդարձավ, լուծվեց, կորավ աշխարհի ծագերում: Այսպես դարեդար պատվազրկվում էր հայրենիքը` «որտեղ հաց, այնտեղ կաց»` հայրենադավ սկզբունքով:
Փառաբանեցինք Անին. թե պարիսպներից ներս ծաղկում էր Անին, պարիսպներից դուրս խամրում, քայքայվում, ոտնակոխ էր լինում մեծ հայրենիքը. «Հայաստանն Անի դարձավ, Անին Հայաստան չդարձավ»` ցավագնորեն արձանագրում է Վարդան Գրիգորյանը «Դար կորստյան» հայրենաշունչ գրքում: Ցնցող է գրքի բնաբան ընտրված պատմիչ Մատթեոս ՈՒռհայեցու, որպես մեղադրանք, այո՛, նաև 20-21-րդ դարերի համար, հնչող խոսքը` «Այս է մեղաց պտուղն, զոր ցանեցին հարքն մեր և եօթնապատիկ ժողովեցին»:
Ավելորդ չեմ համարում ներկայացնել տաղանդավոր գրողի նույնքան հայրենաշունչ «Հավերժական վերադարձ» գրքի այսօրվա հնչեղություն ու զգուշացում պարունակող բնաբանը` «Ով տեսնում է ներկան, նա տեսել է ամեն ինչ` ժամանակի հավերժական հոսքում անցած-գնացածը և այն ամենը, ինչ լինելու է» (Մարկոս Ավրելիոս` Հռոմի փիլիսոփա արքա):
Այս բնաբանները, թերևս, զգուշացում և զգոնության կոչ են այսօրվա բոլոր հայ առաջնորդներին, ղեկավար այրերին:
Այո՛, Հռոմի փիլիսոփա արքայի դեռ այսօր էլ հնչեղություն ունեցող, սթափեցնող խոսքը. իսկ մեր անխոհ արքանե՞րը.
Նրանք են սերմանել մեր ժողովրդի մեջ
Ոչնչության սերմեր, անխոհության,
Թշվառ անհողության և աղապատանքի
Եվ դրել մեր դեմքին կնիքը գերության:
(Ե. Չարենց, «Պատմության քառուղիներում»)
Այո՛, պարիսպներից ներս ծաղկում էր Անին. եսամոլ, շահամոլ, ոսկի և արծաթ կուտակելու մոլուցքով տարված երիտասարդությունն ամբողջ օրն անցկացնում էր շուկաներում, էժան առնելով, թանկ վաճառելով, բոլորովին չմտահոգվելով ոչ միայն Անիի անվտանգության, այլև քոչվորների ոտնակոխ մեծ հայրենիքի փրկության մասին: Եվ Արշավիր Կամսարականի բերանով ցավագնորեն հնչում է հայրենասեր գրողի խոսքը` «Պղինձ, երկաթ չունեի՞ք, որ զենք կռեիք և քուրդ ամիրայից ազատագրեիք ձեր հինավուրց մայրաքաղաք Դվինը»: Ահա այսպես` «նախիրն արածում էր»` ոտնակոխ թողնելով հայրենիքը: Ի վերջո, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և իշխան Վեստ Սարգսի դավադրությամբ երիտասարդ արքա Գագիկ 2-րդին խաբեությամբ ուղարկեցին Բյուզանդիա, որտեղ էլ Բագրատունի վերջին թագավորը դարձավ գերի պատանդ, իսկ Անին դավաճանաբար վաճառվեց խարդախ Բյուզանդիային, որն էլ չպաշտպանեց քաղաքը` այն թողնելով սելջուկ հորդաներին:
Մեծ հայրենիքը մնաց քոչվորների ոտնատակ, խամրեց, քամվեց, դատարկվեց և ողջ հազարամյակ մի կերպ ֆիզիկական գոյություն պահպանեց թուրքական ամենաստորացուցիչ, ստրկական լծի տակ, մինչև որ զոհ դարձավ աբդուլհամիդյան, թալեաթ-քեմալական, բոլշևիկյան հայակործան քաղաքականությանը: Ամբողջ մի հազարամյակ մեր ժողովուրդը երդման սրբազան սկզբունքից ի միտ առավ միայն` «հոգիս Աստծուն» և եղավ այն, ինչ եղավ...
Եթե Սարդարապատի հերոսամարտում հայ զինվորները, սպաներն ու ժողովուրդը երդմնազանց չեղան, ապա 1920 թ. Կարսի խայտառակ, ամոթալի անկման օրերին բոլորն էլ պատվազրկվեցին. ինչու՞ այդ ճակատագրական պահին հայ զինվորները, տասնյակ փառապանծ զորավարներ` Սարդարապատի հերոսներ, իրենց դրսևորեցին այնքան անարժանապատիվ, առանց մի կրակոցի արյունարբու, ցեղասպան թուրքին հանձնեցին Կարսը, Անին, Արարատը, այնուհետև` Նախիջևանն ու Արցախը: Փառապանծ զորավարներ անարժանապատվորեն գերի հանձնվեցին Կարաբեքիրի հորդաներին և դարձան թուրքական բանակի համար գերաններ կրող բեռնակիրներ...
Որոշ կուսակցական գործիչներ այսօր էլ փորձում են արդարանալ` բոլշևիկյան հակահայ, թրքամոլ քարոզչություն էր և զանգվածային դասալքություն... Իսկ տասնյակ փառապանծ զորավարներն ու սպաները, զինվորական նախարար կոչեցյալը որքա՜ն էին հեղինակազրկված, որ չկարողացան ոգեկոչել այնքան տառապանք, վիշտ ու կորուստ տեսած զինվորներին, վրեժի, ատելության մղեին ցեղասպան թրքության դեմ... Իսկ ինչպես էր մեծն Նժդեհը, վատ զինված, կիսաքաղց, ոգեկոչում Սյունիքի զավակներին` ընդդեմ բոլշևիկաթուրքական դիվիզիաների և ջախջախիչ պարտության մատնում: Այո՛, Սյունիքում թևածում էր մեծ մտավորական ու փիլիսոփա, փառապանծ զորավար, հայրենապաշտ Նժդեհի ոգին, որն անձնուրաց մարտի էր մղում յուրաքանչյուր հայորդու` փրկելով հայրենիքը վերջնական մասնատումից ու կործանումից:
Ակնհայտ է, որ եթե չընկներ Կարսը, այսօր Արցախը, Նախիջևանը, Ջավախքը հայրենիքի հետ կլինեին, և 21-րդ դարում չէին զոհվի մեր զավակները, հայրենիքը չէր լինի այսքան անապահով, անհեռանկար, խոցելի: Անցյալի ոչ մի հերոսականություն չի կարող արդարացնել Կարսի անկման մեղավորներին, քանզի հարկ է անվերապահորեն առաջնորդվել «ինչ եք արել, որ չպետք է անեիք, ինչ չեք արել, որ պարտավոր էիք անել» հայրենապաշտ սկզբունքով: ՈՒրեմն հարկ է անաչառ գնահատական տալ յուրաքանչյուր պատասխանատու անհատի, յուրաքանչյուր կուսակցության գործունեությանը, որ բոլորն էլ հասկանան` պետք է ապրել ու գործել «Կյանքս` հայրենիքին, պատիվս` ոչ մեկին» երդում-աղոթքով:
Թերևս 1920 թ. պետական, քաղաքական, ռազմական պատասխանատու գործիչները աշխարհից հեռացան իրենց բոլորովին մեղավոր չզգալով, թե Կարսի անկմամբ ինչ աղետ բերեցին այնքան տառապյալ հայրենիքի, ժողովրդի գլխին: Հայրենիքը, ժողովրդին դաժանորեն պատվազրկող այդ գործիչներն իրենց հուշերում, հոդվածներում անդրադարձե՞լ են այնքան ճակատագրական ողբերգությանը, ընդունե՞լ են, որ եղել են անվճռական, երկչոտ, թուլամորթ, անճարակ, հայրենակործան` արդարանում են բոլշևիկյան քարոզչությամբ: Իսկ Սյունիքում բոլշևիկները քարոզչություն չէի՞ն ծավալում: Ահա թե ով էր մեծն հայրենապաշտ Նժդեհը, և ովքեր էիք դուք, որ ծախեցիք հայրենիքը, ժառանգեցիք այսօրվա անապահով, անհեռանկար վիճակը: Ինչպե՞ս էր Նժդեհը բոցաշունչ, հայրենաշունչ ճառերով Ղարաքիլիսայում հուսալքված զինվորներին, գյուղացիներին հաղթական մարտի կոչում: Ցավոք, դու՛ք` ռուսախոս զորավարներդ ու սպաներդ, հայերենին էլ կարգին չէիք տիրապետում, որ հայաշունչ լեզվով ոգեկոչեիք հայ զինվորին: Հապա ինչպես էր Դրոն իր փոքրաթիվ զորամասով Սուրմալուում, Կարակալայում պարտության մատնում բազմապատիկ թուրք-քրդական հորդաներին, որովհետև նրա հոգում հնչում էր. «Կյանքս՝ հայրենիքիս, պատիվս` ոչ մեկին»: Եվ արդյոք զինվորական նախարար Ռուբեն Մինասյանն իր 7-հատորանոց հուշերում անդրադարձե՞լ է իր անվճռականությանը, երկչոտությանը, թուլամորթությանը, անճարակությանը, անպատասխանատվությանը, նաև իր մեղքով` հայրենիքի մեծագույն կորստին, թե՞ շարունակել է բամբասել ու զրպարտել մեծն Նժդեհին, փառապանծ Անդրանիկին, ինչպես միշտ: Նաև գրե՞լ է այն մասին, որ Սուլուխի կամրջի մոտ Գևորգ Չավուշին` մարտական ընկերոջը, զարմանալի հերոսին վիրավոր վիճակում թողնելով թփերի մեջ, տմարդորեն փախել է. արդյոք հեքիաթներ չի՞ հորինել իր տմարդությունն արդարացնելու համար, չէ՞ որ կուսակցական անհեռատեսությամբ նախատեսված էր հեռանալ Արևմտյան Հայաստանից` ժողովրդին թողնելով անտեր, որին համաձայն չէր մեծ հայորդին: Չավուշի մահը թերևս ցանկալի էր ոմանց: Եվ որոշ գործիչներ, մոռանալով մտավորականի անաչառության մասին, փառաբանում են Ռուբեն Մինասյանին:
Այնպես որ, պարոնա՛յք, հարկ է արժանի, անաչառ գնահատական տալ այդ օրերի դերակատարների, պատասխանատուների դավաճանական, հայրենակործան գործելակերպին, որ ոչ մի պայմանով մեր հայրենիքին, Արցախին չպարտադրվեն անհեռանկար, վերջնական ապահովություն, անվտանգություն չերաշխավորող մադրիդյան, կազանյան և օտարների կողմից թելադրվող նմանատիպ սկզբունքներ:
Մեր ձեռքում է արդ բախտը մեր երկրի,
Չկա աշխարհում այնպիսի մի ուժ,
Որ մեզ դուրս քշի հայրենի հողից,
Սոսկ թուլամորթը հաշտ է այս մտքին (Շեքսպիր):
«Քրքրեք մեր ողջ պատմությունը և կտեսնեք, թե ինչ ավեր են գործել դավաճանությունը, եսամոլությունը, պառակտողականությունը, հոգևոր զանազան արատները մեր հայրենիքի, ժողովրդի ճակատագրում» (Նժդեհ): Նույնիսկ Ղազար Փարպեցին դեռ 5-րդ դարում ցավով գրում էր` «Դավաճանությամբ, անմիաբանությամբ մեզ շատ վնասեցինք»:
Այո՛, Կարսի անկումը անջնջելի խարան է մեր ողբերգական պատմության էջերում, ամոթալի խարան պետական, քաղաքական, ռազմական գործիչների ճակատին.
Մեզ ժառանգած գանձի օ՜, վատնիչներ հետին,
Որ ապրում եք հեռու` ձեզ ապաստան գտած-
Կերտեցիք ապարանքներ ու դղյակներ,
Մեր անունից մրրիկ սերմանեցիք
Եվ այսօրվա ձեր խեղճ ոչնչության անգետ
Վերջին խարիսխը մեր վաճառքի հանեցիք
(Չարենց, «Պատմության քառուղիներում»):
Դաս չառնելով այդ ազգակործան պարտությունից, հայ ազգադավ բոլշևիկները շարունակեցին վարել հակահայ քաղաքականություն, առանց լուրջ պայքարի, հակամարդու (ըստ Բերդյաևի, Բունինի, Կուպրինի, Կորոլենկոյի, Լեռ Կամսարի, Կոստան Զարյանի, շատ ուրիշների) հայ բոլշևիկների հարազատ քեռու, թանկագին Իլյիչի (ինչպես քծնաբար գրում էին հայատյացին ուղղված նամակներում ու հեռագրերում) հայադավ թելադրանքով ցեղասպանություն տեսած ժողովրդի հայրենիքից անջատեցին հայությամբ լեցուն Նախիջևանը, Արցախը, Ջավախքը` ընդառաջ գնալով Քեմալի և Նարիմանովի բոլոր ցանկություններին: Լենին-Քեմալ նախիջևանյան գործարքը ցեղասպանություն տեսած ժողովրդի նկատմամբ բացահայտ հայատյացության, նվաստացման, ստորացման, արհամարհանքի մի հրեշավոր դրվագ է, որի նմանը չի արձանագրվել աշխարհի որևէ ժողովրդի կյանքում: Պուտինյան Ռուսաստանը, լենինյան Ռուսաստանի ժառանգորդը, իրեն բոլորովին պատասխանատու չի զգում 1921 թ. հայատյաց դավադրության համար, պատասխանատու չի զգում, թե թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմը ինչ է որոճում մեր հայրենի Նախիջևանում: Եվ պարզապես նողկալի է, պարոն Պուտին, որ հակամարդու, հայ ժողովրդի դահճի գարշահոտ դիակը սուրբ մասունք եք հռչակում:
Հայ բոլշևիկներն իրենց անարժանապատիվ կեցվածքը դրսևորեցին 1920 թ. սեպտեմբերին, Բաքվում կայացած Արևելքի ժողովուրդների կոնգրեսում. նրանք Էնվերի հետ դաշունապար էին խաղում և կոկորդով մեկ ոռնում` մահ իմպերիալիստական Հայաստանին: Որևէ ժողովուրդ չի ունեցել այսքան անարժանապատիվ, ազգադավ քաղաքական ուժ, ինչպիսին հայ բոլշևիզմն էր: 1921-1922 թթ. Հայաստանի բոլշևիկյան լրագրերը ցավակցական մահախոսականներ էին ձոնում Ջեմալի, Թալեաթի և այլ թուրք դահիճների սատակման կապակցությամբ: Տառապյալ հայրենիքում արգելում էին երգել «Կռունկը», որ Արաքսից այն կողմ թուրք եղբայրները չնեղանան, քանզի համարձակվում էինք հարցնել` կռունկ, մեր աշխարհից խաբրիկ մը չունի՞ս (Կոստան Զարյան, «Անցորդը և իր ճամբան»):
Ահա այսպես ոտնահարում էինք մեր ազգային, մարդկային արժանապատվությունը: Բոլշևիկները, դասակարգային մոլագարությամբ տարված, չէին ճանաչում ազգ, հայրենիք. Ալ. Մյասնիկյան` «Պրոլետարը ազգ, հայրենիք չի ճանաչում», իսկ Վահան Տերյանը` «Բոզը, գողը, չարչին հայրենիք չունեն, պրոլետա՞րն էլ» (Աշոտ Ավետիսյան, «Մենավոր աստղը»):
Ոմանց պաշտելի Լենին-Իլյիչը պարզապես ցնորվել էր դասակարգային մոլագարությունից` «Մենք գնդակահարում ենք ոչ թե հանցագործության, այլ դասակարգային պատկանելության համար»` բացահայտ հայտարարում էր դահիճը: Հոգեկան հիվանդի, մարդատյաց մոլագարի մտածողություն, ըստ ոմանց, իբր հակամարդը փոխեց աշխարհը, իրականում այլասերեց, բարոյազրկեց, ամենուրեք ատելություն, թշնամություն սերմանեց: Հապա նայեք խորհրդային կայսրության, նաև Թուրքիայի քարտեզներին, տեսեք, թե լենինյան հակաազգային, հակաժողովրդական, հակամարդկային, «բաժանիր, որ տիրես» նենգ քաղաքականության պատճառով որքա՜ն թշնամանք ու ատելություն է կուտակվել` պատճառ դառնալով հազար-հազարավորների մահվան: Լենինն ու Ստալինը կործանումից փրկեցին Թուրքիան, որն այսօր չարիքի և հետադիմության խորհրդանիշ է. ծնեցին կեղծ Ադրբեջան` մարդատյացության, հետադիմության, կեղծարարության խորհրդանիշ: Եվ երբ ասվում է` Լենինն ու Ստալինը դրականի ու բացասականի խառնուրդ են, հարկ է հիշեցնել` դահճային կերպարների ներքո դրական ոչինչ լինել չի կարող. «Չի եղել ավելի զարհուրելի թույն, քան առաջնորդի վատ օրինակը, որը շատ վարակիչ է» (Նժդեհ): Իսկ այդ դահիճները աշխարհով մեկ այնպիսի թույն էին շաղ տվել, որ շուրջբոլորը դժոխք էր դարձել:
Այո, եթե չլիներ բոլշևիկյան հոկտեմբերյան հանցագործ արկածախնդրությունը, Ռուսաստանը և ողջ տարածաշրջանը կընթանային սահմանադրական դեմոկրատական ճանապարհով: Դեռ 1870-1880 թթ. Ալեքսանդր 2-րդ ցարը և նրա տաղանդավոր վարչապետ, մեծն հայորդի Լոռիս-Մելիքովը նախապատրաստվում էին երկիրը տանելու սահմանադրական ուղիով, և այդ պարագայում Ռուսաստանը կապրեր էվոլյուցիոն զարգացում, չէր լինի ոչ մի արկածախնդիր հեղափոխություն: Սակայն տեռորիստ մարդասպանները, այդ թվում՝ Ալեքսանդր ՈՒլյանովը, սպանեցին Ալեքսանդր 2-րդին և ասպարեզ եկած հետադիմական ուժերը մեկուսացրին, դուրս մղեցին Լոռիս-Մելիքովին. և եղավ այն, ինչ եղավ: Մարդասեր մեծն հայորդին վախճանվեց արտասահմանում, միայնության, աղքատության մեջ. ռուսաստանյան երախտամոռ իրականությունը արգելել էր պետական մեծ գործչին, զորավարին վերադառնալ Ռուսաստան` մոռացության տալով նրա վիթխարի, բազմակողմանի ծառայությունները երկրին:
Այո, Ռուսաստանը կընթանար էվոլյուցիոն սրընթաց զարգացման ճանապարհով: Ստոլիպինյան ռեֆորմները Ռուսաստանը մղել էին արագ զարգացման ուղի: Արդեն 1913 թ. երկրում սրընթաց զարգանում էին արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, կրթությունը, կյանքը, կենցաղը դառնում էին ավելի բարեկեցիկ: 1913 թ. Ռուսաստանում միջին աշխատավարձը ավելի բարձր էր, քան եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում: Քաղաքացին իր միջին աշխատավարձով 1913 թ. կարող էր գնել 1229,5 կգ կարտոֆիլ, 1929 թ. ՆԷՊ-ի եռուն շրջանում` 918 կգ, 1953 թ.` 1152 կգ: Ռուսաստանի ողջ պատմության ընթացքում տնտեսությունը չէր զարգացել այդպիսի շշմեցուցիչ տեմպերով. 1913 թ. ցորենի արտադրությամբ աշխարհում երկրորդ, արտահանմամբ` առաջին տեղը, ոսկու պաշարով նույնպես առաջինն էր: Տառացիորեն «ոսկե անձրև» էր տեղում բնակչության բոլոր խավերի վրա: Տարեկան տպագրվում էր 71 մլն կտոր գիրք, լույս էր տեսնում ամենօրյա 440 լրագիր:
Ֆրանսիացի խոշորագույն տնտեսագետ Էդմոն Տերին գրում էր. «Եթե Ռուսաստանը շարունակի զարգանալ 1910-1913 թթ. տեմպերով, ապա դարի կեսերին Եվրոպային կգերազանցի տնտեսական, ֆինանսական, նաև քաղաքական տեսակետից»:
Առաջին համաշխարհային պատերազմն ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց. բոլշևիկյան հակապատերազմական, այն է` պարտվողական, հայրենադավ քարոզչությունն իր սև դերը խաղաց: Ի վերջո, բոլշևիկների, Լենինի ակտիվ քարոզչությամբ ռուսական բանակը կազմալուծվեց, Ռուսաստանը պարտվեց՝ մարդկային ու տարածքային մեծ կորուստներով:
Այո՛, Ռուսաստանը Կերենսկու ժամանակավոր կառավարությամբ կգնար էվոլյուցիոն զարգացման ճանապարհով. այդ պարագայում հայ ժողովուրդը չէր կորցնի Արևմտյան Հայաստանը, Արարատը, Անին, Կարսը, Նախիջևանը, Արցախը, Ջավախքը, չէին լինի հարյուր հազարավոր նորանոր զոհեր: Ի դեպ, Կերենսկին կտրականապես դեմ էր ռուսական զորքերը Արևմտյան Հայաստանից հանելուն: 1917 թ. հունիսին, դեռ իշխանության չտիրացած հակամարդը Կերենսկուց պահանջում էր ռուսական զորքերը հանել Արևմտյան Հայաստանից. մարդասեր Կերենսկին զարմացավ, հայտարարելով` եթե զորքերը հանենք, մնացյալ հայերն էլ կոչնչանան: Բայց հայատյաց հակամարդն իր խոսքի տերն էր. հոկտեմբերյան արկածախնդրությունից երկու շաբաթ առաջ «Պրավդայում» գրեց` «Երբ բոլշևիկները գան իշխանության, անմիջապես ռուսական զորքերը դուրս կբերվեն Արևմտյան Հայաստանից»: Այսինքն, թրքամոլ դահիճը Էնվեր-Թալեաթ-Ջեմալ եռյակին բաց տեքստով հասկացնում էր` դուք ձեր ցեղասպան գործը կարող եք շարունակել: Իսկ 1917 թ. դեկտեմբերի 29-ին հռչակեց դեկրետ` «Արևմտյան Հայաստանի ինքնորոշման մասին» հրեշավոր կեղծիքը` նենգորեն մոլորության մեջ գցելով այնքա՜ն կամակատար հայ բոլշևիկներին: Եվ 1918 թ. հունվարի 30-ին զորքերը հեռացան ցեղասպանված տարածքից` հարյուրհազարավորների մատնելով նոր ցեղասպանության:
Այս առումով թերևս անհանդուրժելի է հակամարդու կամակատարների անվամբ փողոցների և արձանների առկայությունը մեր հողի վրա. առավել ևս դահճի անվամբ փողոցի (Լենինգրադյան) առկայությունը մայրաքաղաքում:
Բելառուս նշանավոր գրող Սվետլանա Ալեքսիևիչը «Ցինկե տղաները» գրքում համարձակորեն մերկացրել է կոմունիստական քաղբյուրոյի, Բրեժնևի աֆղանական արկածախնդրությունը, որին զոհ գնացին խորհրդային երկրի հազարավոր երիտասարդներ, նաև աֆղան ժողովրդի բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Գրողը համարձակորեն պնդում է` չի կարելի հերոսացնել աֆղանական արկածախնդիր պատերազմի մասնակիցներին: Հեղինակն ուշագրավ մի դեպք է պատմում. «Հայրենական պատերազմի վետերաններից մեկն իր մեդալներն ու շքանշանները հանձնում է եկեղեցուն. նրան հարցնում են` ինչու՞ թանգարան չես հանձնում, պատասխանում է` ճիշտ է, ես կռվել եմ հայրենիքի համար, բայց մարդ եմ սպանել, և խիղճս տանջում է, չեմ կարող թանգարան հանձնել»: Իսկ Լենինն ու Ստալինը երբևիցե խղճի զգացում չունեցան միլիոնավոր անմեղ զոհերի, նրանց մայրերի, կանանց, զավակների ծով արցունքների համար: Դե, նրանք պարզապես զուրկ էին լաց լինելու մարդկային ազնվագույն հատկությունից:
Տաղանդավոր գրողը «Կարմիր մարդու վախճանը» խոհափիլիսոփայական գրքում համարձակորեն մերկացրել և ճշգրիտ գնահատական է տվել ստալինյան աներևակայելի ոճրագործությանը. «Մենք ապրել ենք, մեծացել դահիճների ու զոհերի շրջապատում, ոչ թե նորմալ մարդկանց, նորմալ գրականության, նորմալ խոսակցությունների մթնոլորտում, խոսակցություններ` բռնության, պատերազմի, գուլագների, մարդու կողմից մարդու ոչնչացման մասին: Մենք զրկվել էինք կողմնորոշվելու ունակությունից` ո՞րն է բարին, ո՞րն է չարը. գաղափարին ծառայելը արդարացնում էր ամեն մի չարիք»:


Գրքում հերոսը անուն չունի, բայց նա գլխավոր դերակատարն է. դա ատելությունն է, որ ամեն ինչ ոչնչացնում է, բաժանում է և մարդկանց, և հասարակությանը, դա «կարմիր» ատելությունն էր, որ ծնվել էր մարդատյաց գաղափարից: Գրքի բնաբանն է փիլիսոփա Ֆյոդոր Ստեպունի ասույթը. «Այն ամենի համար, ինչ տեղի է ունենում աշխարհում, պատասխանատու են ոչ թե չարի կույր կատարողները, այլ բարու տեսանող ծառաները»: Բոլորը մոռացել են, թե ինչ էին զգուշացնում Պլեխանովն ու մենշևիկները` «աղքատ, հետամնաց երկրում չի կարելի սոցիալիզմ կառուցել, արյունահեղությամբ կավարտվի»: Պլեխանովը 1918 թ. բացականչել էր. «ՈՒլյանովը ցնդել է»:
Այնուհետև գրողը զգուշացնում է. «Ստալինը փորձում է սողալով դուրս գալ կայսրության փլատակների տակից: Երեսունյոթ թվի մի դահիճ ծերունու փեսան հարցնում է. «Մարդու մեջ քանի՞ մարդ կա». իսկ նա. «Վիեննական աթոռի ոտքը մտցրեք հետույքը և մարդուց ոչինչ չի մնա»: Ահա այսպես են գործել Լենինի և Ստալինի դաստիարակած բազմահազար դահիճները իրենց միլիոնավոր զոհերի հետ»: Բայց ոչ միայն այդպես, այլև այնպես, ինչպես անում էին գազանաբարո թուրքը, ֆաշիստը, իսպանական ինկվիզիցիան: Կարմիր դահիճներն առնետին օրերով քաղցած էին թողնում, ապա գցում էին ամանի մեջ և զոհին, ասենք մի մեծ մտավորականի, լրիվ մերկ նստեցնում ամանի վրա, և գազազած, քաղցած առնետը հոշոտում էր զոհի սեռական օրգանները...
Ինչու՞ Եվրոպայում չհաղթանակեց բոլշևիկյան-կոմունիստական գաղափարախոսությունը, որովհետև քաղքենին չգնաց դրա հետևից, իսկ այդ խավը շատ մեծ, ուժեղ շերտ էր Եվրոպայում: Ռուսաստանում քաղքենի չկար, գաղափարին ընդդիմացող չեղավ:


Պարոնա՛յք լենինիստ-ստալինիստներ, վերջապես հասկացե՛ք, բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, օրինակ` Ն. Զարյանը, Հ. Քոչարը, Ա. Ֆադեևը, որը խղճի խայթից ինքնասպան եղավ, շատ շատերը կարող էին ազնիվ կյանքով ապրել, մաքուր անցյալ ունենալ, հպարտանալ դրանով, բայց դարձան բոլշևիկյան գաղափարամոլագարների կամա, թե ակամա զոհերը և ամոթալի պիտակավորմամբ շարունակեցին և ավարտեցին իրենց կյանքը, դառնորեն զղջալով մարդատյաց, բարոյազուրկ գաղափարախոսության ծուղակն ընկած լինելու համար:
Դասակարգային մոլագարությունը Լենինին, Ստալինին, բոլշևիկյան ողջ հանցախմբին դարձրել էր այն աստիճանի մարդատյաց, բարոյազուրկ, որ հակամարդը հեռագիր հեռագրի հետևից էր ուղարկում նահանգապետներին, Ձերժինսկուն` բոլոր բուրժուաներին գնդակահարել, կախել ծառերից, սյուներից` ի տես ամենքի: Պարզապես ապշում ես, ցնցվում, երբ կարդում ես, թե կարմիր մարդը ինչպես է Բակունցին տանում գնդակահարելու, բահը տալիս է մարդասեր գրողի ձեռքը և հրամայում փորել սեփական գերեզմանը` իբր համարձակվել է «Ծիրանի փողը» պատմվածքում հիշել կորուսյալ հայրենիքը, այսպես ասած, տարածքային պահանջ ներկայացնել եղբայրական Թուրքիային:


Սվետլանա Ալեքսիևիչը «Կարմիր մարդու վախճանը» գրքում հիշեցնում է` կարմիր մարդու համար մարդն ընդամենը միջոց է և ոչ թե նպատակ. միջոց` իր սև գործերը անելու համար, ինչպես Նժդեհն է ասում` գույնը կարմիր, գործերը` սև: Ալեքսիևիչը գրքում մեջբերում է 1930-ական թթ. մոսկովյան լրագրում տպագրված բոլշևիկյան կարմիր դահճի մարդատյաց ատելությամբ հնչող խոսքը. «Բուրժուա մասնագետները մեզ պետք են, խոսք չկա, բայց մինչ այն պահը, երբ մեր կուսակցականները նրանցից կսովորեն բոլոր իմաստությունները. այժմ մենք նրանց հետ վարվում ենք, ինչպես կովերի` կթելու համար, լավ ենք վարվում, լավ կերակրում, լավ վճարում. երբ կգա ժամանակը, մենք նրանց կոչնչացնենք, ինչպես մյուս բոլոր բուրժուաներին»: Ահա հակամարդու ինչպիսի՜ բազմահազար կերպարներ էին կերտել ոմանց պաշտելի, այսպես ասած, բացասականի և դրականի խառնուրդ, Լենինն ու Ստալինը:
1988 թ., Արցախյան շարժում. շատ շատերը իրենց դրսևորեցին արժանապատվորեն, հոգիներում ունենալով «կյանքս` հայրենիքին, պատիվս` ոչ մեկին» երդում-աղոթքը: Եղան նաև մարդիկ, ովքեր արցախյան շարժման հորձանուտում անպատիվ կարիերա, մեծամեծ հարստություններ, դղյակներ վաստակեցին, երդմնազանց եղան: Բայց մենք հետևենք Մոնթեի խրատին` «Վատ հայեր մի փնտրեք, հիացեք լավերով»:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 5710

Մեկնաբանություններ