Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Գործ ունենք իրականության հայելաշրջության հետ

Գործ ունենք իրականության հայելաշրջության հետ
23.01.2018 | 10:51

Անցյալ տարեվերջին, «զարմանալի զուգադիպությամբ» 2017 թ. դեկտեմբերի հենց 13-ին ՀՀ ԱԺ-ն հայ ընտանիքի, հայ հասարակության ու ժողովրդի նկատմամբ կատարեց մի շատ վտանգավոր ու հանցագործության նմանվող քայլ` ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը: Պատգամավորները, ովքեր կողմ քվեարկեցին ընտանիքաքանդ այդ օրենքին, հավանաբար մոռացել էին հայտնի ճշմարտությունը` ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում…


Մեր ընթերցողներին և, ընդհանրապես, հայ հասարակությանը, հավանաբար, հետաքրքիր է, թե մի շարք քննարկումներից, բանավեճերից, խիստ քննադատություններից, օրենքի նախագծի պարունակած վտանգների մատնանշումից ու հիմնավորումներից հետո կատարվեցի՞ն արդյոք ՀՀ արդարադատության նախարարության և իշխող քաղաքական ուժի առանձին ներկայացուցիչների խոստացած բարեփոխումները, ի վերջո, օրենքն ի՞նչ շարադրմամբ ընդունվեց, վտանգավո՞ր է այն, և եթե այո, ինչո՞վ:
Միանգամից նշենք, որ մինչ օրենքի ընդունումը, դրա նախագծում կատարվել են հիմնականում «կոսմետիկ» բնույթի փոփոխություններ, ինչից, բնականաբար, օրենքը չի զրկվել ընտանիքաքանդ էությունից և հասարակական մեծ վտանգավորությունից, որին այս վերլուծականով չենք կարող ամբողջությամբ անդրադառնալ լրագրային ծավալի սղության պատճառով:


Քանի որ հանդես գալով հիշյալ նախագծի հետևողական քննադատությամբ, ես և գործընկերներս քանիցս նշել ենք, որ այն օրենքի վերածվելու ու գործադրվելու դեպքում ոչ հեռավոր ապագայում հարվածի տակ է դնելու բազմաթիվ հայ ընտանիքների, նվազեցնելու է ամուսնությունների թիվն ու մանկածնությունը հանրապետությունում, փաստարկել ենք, որ հանգեցնելով մեծաթիվ ամուսնալուծությունների, քանդելու է շատ ու շատ ընտանիքներ, որոնք, ՀՀ Սահմանադրության համաձայն, հասարակության բնական ու հիմնական բջիջներն են, օրենքի նախագիծը «բարեփոխածներն» այդ բնորոշումը (ընտանիքը հասարակության բնական ու հիմնական բջիջն է) կեղծավորաբար բերել են առաջին պլան և որպես ԱԺ-ի կողմից օրենքի ընդունման առաջին նպատակ ներկայացրել հենց ընտանիքի՝ որպես հասարակության բնական ու հիմնական բջջի, հատուկ պաշտպանության ապահովումը: Եվ սա` այն դեպքում, երբ տվյալ օրենքն իրականում ունի ընտանիքաքանդ բնույթ, եթե չասենք` նաև նպատակ: Այսինքն` մենք գործ ունենք իրականության հայելաշրջության հետ, ինչպես իր հրեա, ծպտյալ հրեա, սիոնիստ ու մասոն ղեկավարներով հայտնի երիտթուրքերի «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսի պարագայում, որը Ֆրանսիական մեծ հեղափոխության (մասոնական հեղափոխության) կարգախոսն էր, ոչ միայն Էյֆելյան աշտարակով, այլև իր «Մեծ Արևելք» մասոնական օթյակով հայտնի Ֆրանսիայի ներկայիս պետական կարգախոսը և մասոնականության կարգախոսներից մեկը: Այս առումով ոչինչ պատահական չէ. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի հետևում կանգնած է Եվրամիությունը, որը գտնվում է սատանայի երկրային զորքի` մասոնների իշխանության տակ, եթե, իհարկե, չասենք, որ նրա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հենց մասոններ են, որոնք զբաղված են Համաշխարհային կառավարության և նեռի` իշխանության գալու նախապատրաստմամբ, որպես այդ կառավարության ղեկավարի:


Կեղծիքը, թե ՀՀ Ազգային ժողովը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ընդունել է՝ նպատակ ունենալով ապահովելու ընտանիքի՝ որպես հասարակության բնական ու հիմնական բջջի, հատուկ պաշտպանությունը, շատ հեշտ է մերկացնել: Դրա համար բավարար է թեկուզ միայն հետևյալ փաստի մատնանշումը. քանի որ օրենքը, ինչպես փաստաթղթի անվանմամբ է հռչակված, առաջնահերթորեն ունի ընտանիքում բռնության կանխարգելման նպատակ, տողերիս հեղինակի կողմից ավելի վաղ ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին, ինչպես նաև գրեթե բոլոր պատգամավորներին գրավոր (էլ. փոստով) առաջարկվել էր օրենքի նախագծում ավելացնել հետևյալ հոդվածը.
«Ընտանիքում բռնության կանխարգելման նպատակով արգելել հայաստանյան որևէ հեռուստաալիքով ընտանիքում բռնության տեսարաններ պատկերող կադրերի հեռարձակումը, բացառությամբ իրավապահ մարմինների պատրաստած տեսանյութերի և լրագրողների ռեպորտաժներում այդ պահին տեղի ունեցող իրադարձությունները պատկերող կադրերի»: Քանի որ բռնության կանխարգելումը և ընտանիքի պաշտպանությունն իրականում օրենքի ընդունման ոչ թե նպատակն էին, այլ պատրվակը, նշված առաջարկությունը, ինչպես ենթադրելի է, առանց պատճառաբանության չընդունվեց:
Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, ընտանիքում բռնության տեսակներից է նաև ֆիզիկական բռնությունը, որը սահմանված է հետևյալ կերպ.
«Ֆիզիկական բռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծեծը և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը»:


«Այլ բռնի գործողություններ» ասվածը թեև ՀՀ քր. օր.-ով նախատեսված է որպես քրեորեն պատժելի արարք, սակայն սահմանված չէ, թե ինչ բան է դա: ՀՀ քրեական օրենսգիրքը, ինչպես հայտնի է, պաշտոնական մեկնաբանություններ չունի, «այլ բռնի գործողություններ» արարքը սահմանելու առնչությամբ չկա նաև ՀՀ վճռաբեկ դատարանի որևէ նախադեպային դատավճիռ, որը թեկուզ մասամբ կտար վերոնշյալ հարցի պատասխանը: Ո՞վ կարող է հիմնավորել, որ ծնողի՝ դաստիարակչական նպատակով իր երեխային ապտակելը կամ երեխայի ականջը ձգելը հիշյալ օրենքի ընդունումից հետո ոստիկանների, նրանց կայացրած որոշման բողոքարկման դեպքում նաև դատարանների կողմից չի կարող համարվել այլ բռնի գործողություն, որտե՞ղ է երաշխիքը, որ չի համարվի…
Հաշվի առնելով վերը շարադրվածը, ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին և գրեթե բոլոր պատգամավորներին առաջարկել էի օրենքի նախագծի 3-րդ հոդվածում ֆիզիկական բռնության սահմանումից հանել «և այլ բռնի գործողությունները» բառերը, սակայն այդ առաջարկս նույնպես անտեսվեց:


Օրենքի նախագծի համաձայն, ֆիզիկական բռնություն էր նաև ընտանիքի անդամին դիտավորությամբ ֆիզիկական տառապանք պատճառելը: Որոշակի հիմնավորմամբ առաջարկել էի օրենքի նախագծի 3-րդ հոդվածում ֆիզիկական բռնության սահմանումից հանել «ինչպես նաև դիտավորությամբ ֆիզիկական տառապանք պատճառելը» բառերը: Դրանք հանվել են, սակայն փոխարինվել «դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը» բառերով, այսինքն` օրենքով ֆիզիկական բռնություն է համարում նաև ընտանիքի անդամին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը:
Թե ինչ բան է «ֆիզիկական ուժեղ ցավ» ասվածը, ոչ միայն օրենքի նախագծի 4-րդ հոդվածում (Օրենքի հիմնական հասկացությունները), այլև ՀՀ որևէ այլ օրենքում կամ օրենսգրքում բացատրված կամ սահմանված չէ: Հետևաբար դարձյալ, ինչպես «այլ բռնի գործողություններ» ասվածի պարագայում, ըստ օրենքի, ոստիկանի հայեցողությանն է մնում երեխային կանխարգելիչ կամ դաստիարակչական նպատակով ծնողի ապտակելը, նրա ականջը ձգելը կամ, օրինակ, գիշերային ակումբից, դիսկոտեկից գիշերվա, ասենք, 1-ին վերադարձող դեռահասին հարկ եղած դեպքում ապտակով կամ ականջը ձգելով խրատելը համարե՞լ երեխային դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառել, թե՞ չհամարել, եթե դեռահասը բողոքել է և, «դիտավորությամբ» բառը նշելով կամ չնշելով, հայտնել, որ ապտակով կամ ականջը ձգելով, ասենք, հայրը, մայրը կամ եղբայրն իրեն ուժեղ ցավ են պատճառել: Դարձյալ ոստիկանի հայեցողությանն է մնում, ասենք, իր երեխային դաստիարակչական կամ կանխարգելիչ նպատակով ծնողի ապտակելը կամ նրա ականջը ձգելն այլ բռնի գործողություն չհամարե՞լ, թե՞ համարել:


Վերը նշված վիճակը ծնողներին իրենց դաստիարակչական իրավունքից ու պարտականության կատարումից զրկելուց բացի, հայեցողական վերաբերմունքի ու կոռուպցիայի շատ մեծ հնարավորություններ է տալիս ոստիկաններին, որոնք ցանկության կամ շահագրգռության դեպքում կարող են ծնողի հիշյալ արարքը չհամարել երեխային դիտավորությամբ ուժեղ ցավի պատճառում կամ այլ բռնի գործողություն: Մինչդեռ, ծնողին պատժելու դիտավորության դեպքում կարող են երեխային, ասենք, հարցնել` ձեր ծնողը ձեզ ապտակելով (կամ` ձեր ականջը ձգելով), ձեզ դիտավորությամբ ուժեղ ցա՞վ է պատճառել, և նրա «այո»-ն լսելուց հետո, ծնողի նկատմամբ ձեռնարկել օրենքով իբրև «կանխարգելիչ» նախատեսված, սակայն, ըստ էության, պատժիչ գործողություններ կամ այդ գործողությունները կատարել առանց երեխային տվյալ հարցը տալու, ուղղակի համարելով, որ ծնողն իր նշված այս կամ այն արարքով երեխային դիտավորությամբ ուժեղ ցավ է պատճառել կամ կատարել այլ բռնի գործողություն:
Առնվազն իրականությունից կտրված է այն պնդումը, թե բոլոր երեխաներին և բոլոր դեպքերում կարելի է դաստիարակել միայն բառերով, և դա կարող են անել բոլոր ծնողները: Այս պնդումը բացարձակապես հաշվի չի առնում իրական կյանքում առկա մի շարք անառարկելի իրողություններ: Ի դեպ, «դաստիարակել» բառն ունի նաև խրատել իմաստը, որը ներառում է նաև ապտակը:


Ո՞վ կարող է հիմնավորել, որ երեխայի կողմից հենց իր կամ այլոց, հանրության համար վտանգավոր արարքը կանխելու նպատակով, ծնողի, ասենք, ապտակը նրան չի կարող համարվել այլ բռնի գործողություն կամ դիտավորությամբ ուժեղ ցավի պատճառում, հետևաբար ֆիզիկական բռնություն: Հակառակը` հաշվի առնելով այն երկրների դառը փորձը, որոնք Եվրամիության անդամ են, և որտեղից թելադրված է հիշյալ օրենքը, ինչպես նաև իր օրենսդրությունն ու կարգերն այլ երկրների ընդունելի դարձնելու Եվրամիության միտումը, կարող ենք ասել, որ երեխային, ասենք, ապտակելը, ականջը ձգելը նույնպես կարող են համարվել այլ բռնի գործողություն կամ դիտավորությամբ ուժեղ ցավ պատճառել, ավելին` ոչ թե կարող են համարվել, այլ մի քանի տարի հետո իրավակիրառ պրակտիկայում հաստատապես համարվելու են, եթե խնդրո առարկա օրենքում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ չկատարվեն:
Ըստ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ֆիզիկական բռնություն է համարվում նաև ընտանիքի անդամին ազատությունից ապօրինի զրկելը, ընդ որում՝ «ազատությունից ապօրինի զրկելը» բառերից առաջ չի նշված «ընտանիքի չափահաս անդամին»: Մինչդեռ, օրինակ, իր դեռահաս երեխայի դաստիարակության շահերից ելնելով, ծնողն իր երեխայի մասնակցությունը, օրինակ, այլասերվածների շքերթներին կամ քայքայիչ, ամբողջատիրական աղանդի հավաքներին կանխելու, գիշերային ակումբ կամ խաղատուն այցելելն արգելելու նպատակով, կարող է նրան ազատությունից ժամանակավորապես զրկել (օրինակ` տան կամ սենյակի դուռը բանալիով փակել անչափահաս երեխայի վրա) կամ սահմանափակել ազատ տեղաշարժվելու նրա իրավունքը: Ավելին. նույն կերպ կարող է վարվել նաև իր չափահաս, ասենք, 18-19-ամյա երեխայի կամ այլոց անվտանգության շահերից ելնելով: Մինչդեռ այժմ ծնողի նշված գործողությունը կարող է համարվել իր երեխային ազատությունից ապօրինի զրկում: Նկատի ունենալով վերը շարադրվածը, հիշյալ պաշտոնյաներին առաջարկել էի օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «ազատությունից ապօրինի զրկելը» բառերից առաջ կատարել հետևյալ լրացումը` չափահաս անձին, այսինքն` գոնե այդպես մեղմել վտանգը, սակայն տվյալ առաջարկը նույնպես չընդունվեց: Խնդիրը կարելի է լուծել, եթե օրենքում համապատասխան փոփոխությամբ ֆիզիկական բռնություն համարվի ոչ թե ազատությունից ապօրինի զրկելը, այլ ազատությունից ոչ իրավաչափ զրկելը:


Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում հոգեբանական բռնության սահմանումը դարձյալ վտանգավոր և անընդունելի ձևակերպումներով է նշված որպես ընտանիքում բռնության տեսակ: Հոգեբանական բռնություն է համարվում նաև սոցիալական ծայրահեղ մեկուսացումը: Ի տարբերություն մինչ ՀՀ կառավարություն ներկայացնելը հրապարակված օրենքի նախագծի, որի հոդված 4-ում («Օրենքի հիմնական հասկացությունները») տրված էր սոցիալական ծայրահեղ մեկուսացման սահմանումը, օրենքի նույն հոդվածից սոցիալական ծայրահեղ մեկուսացման սահմանումը կամ բացատրությունը հանված է ու տվյալ հասկացությունը թողնված է անորոշ մեկնաբանության:
Ընդգծեմ, որ հիշյալ նախագծի համաձայն, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը սահմանված էր հետևյալ վտանգավոր և անընդունելի ձևակերպմամբ՝ «սոցիալական կյանքին մասնակցելու, իսկ չափահաս անձանց պարագայում՝ նաև ինքնուրույն այլ անձանց հետ շփումներ ունենալու հնարավորությունից զրկում»: Սա նշանակում է, որ սոցիալական կյանքին մասնակցելու հնարավորությունից զրկումը վերաբերում է նաև անչափահասներին, այսինքն՝ եթե դեռահասը, անչափահասը սոցիալական ցանցերով կամ անմիջականորեն շփվում է այնպիսի անձանց հետ, մասնակցում այնպիսի սոցիալական կյանքի, որը, ծնողի համոզմամբ, հակադաստիարակչական, վտանգավոր կամ վնասակար է իր երեխայի համար, նա իրավունք չի ունենալու իր անչափահաս երեխային զրկելու այդպիսի սոցիալական կյանքին մասնակցելու հնարավորությունից, այլապես նրա տվյալ արարքը համարվելու է ընտանիքում հոգեբանական բռնություն ու նա ենթակա է լինելու օրենքով նախատեսված պատժիչ սանկցիաների: Չկա որևէ երաշխիք, որ «սոցիալական ծայրահեղ մեկուսացում» հասկացությունն առաջիկայում չի կիրառվի այն սահմանմամբ կամ բացատրությամբ, որով նշված է նախագծում:


Նկատի ունենալով վերը շարադրվածը, հիշյալ պաշտոնյաներին առաջարկել էի օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում հոգեբանական բռնության սահմանումից հանել «սոցիալական ծայրահեղ մեկուսացումը» բառերը, սակայն այդ առաջարկս նույնպես անտեսվեց:
Վտանգավոր և անընդունելի է նաև օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում տնտեսական բռնության սահմանումը: Ըստ այդմ, տնտեսական բռնություն է նաև անձի աշխատանքի ընտրության ազատության իրավունքը սահմանափակելը, և քանի որ նշված չէ` չափահաս անձի, ստացվում է, որ տնտեսական բռնություն է նաև դեռահասի աշխատանքի ընտրության ազատության իրավունքը սահմանափակելը: Դա նշանակում է, որ եթե 17-ամյա դեռահասը ցանկանում է աշխատել խաղատանը, դիսկոտեկում, գիշերային ակումբում, աղանդավորական կազմակերպությունում, աշխատանքն ուշ ժամի ավարտող կամ գիշերային հերթափոխ ունեցող որևէ այլ հաստատությունում, կամ զբաղվել իր առողջության համար վտանգավոր որևէ աշխատանքով, ծնողն իրավունք չի ունենալու սահմանափակել իր դեռահաս երեխայի աշխատանքի ընտրության ազատության այդ իրավունքը, այլապես նրա տվյալ արարքը դարձյալ համարվելու է ընտանիքում բռնություն, ու նա ենթակա է լինելու օրենքով նախատեսված պատժիչ սանկցիաների:
Նկատի ունենալով վերը շարադրվածը, առաջարկել էի օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը» բառերից առաջ ավելացնել «չափահաս անձի» բառերը, սակայն տվյալ առաջարկը նույնպես անտեսվեց:


«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը չի կարող ավելի խիստ լինել ՀՀ քրեական օրենսգրքից, որը նախատեսում է արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներ` անձին նույնիսկ մահ պատճառելու դեպքում: Մասնավորապես` նկատի ունենալով նշված իրողությունը, հիշյալ պաշտոնյաներին առաջարկել էի օրենքի նախագծում ներառել «Արարքի ընտանեկան բռնություն լինելը բացառող հանգամանքները» գլուխը և այն շարադրել առաջարկվող բովանդակությամբ, սակայն հիշյալ օրենքն ընդունվեց` նույնիսկ չնախատեսելով արարքի` ընտանիքում բռնություն լինելը բացառող հանգամանքներ, այս առաջարկս նույնպես անտեսվեց:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ