Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ոչ թե տեղանքն է դեր խաղում, այլ անունը»

«Ոչ թե տեղանքն է դեր խաղում, այլ անունը»
23.01.2018 | 10:57

2018-ին նոր թանգարաններ ենք ունենալու: Հաղպատի վանական համալիրի հարևանությամբ կգործի Սայաթ-Նովայի թանգարանը: Արա Գյուլերի անվան լուսանկարչության թանգարանի տարածքի հարցը «բանակցությունների» օրակարգում է: Ամռանը կբացվի Լուսինե Զաքարյանի թանգարանը, Գորիսում կբացվի Սերո Խանզադյանի տուն-թանգարանը:
«Իրատեսի» հետ զրույցում Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ասաց, որ ոգևորող է հանրապետության թանգարանային ցանցի համալրումը. «Առավել ոգևորող է, որ համալրումը հատկապես մարզային աշխարհագրություն ունի, ինչով նախարարությունը հետամուտ է մարզային մշակութային կյանքի աշխուժացմանը: Ձեր թվարկած նախաձեռնություններին կավելացնեմ նաև Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնի կառուցման աշխատանքները, որոնց ավարտին ինքս էլ անհամբեր սպասում եմ»:


Մեր` «Որքանո՞վ է նպատակային թանգարանների բացումը, ունե՞ն արդյոք այցելուներ մարզային, հատկապես հեռավոր շրջաններում գտնվող տուն-թանգարանները» հարցերին ի պատասխան ԳԱԹ-ի տնօրենն ասաց, որ, իրենց փորձից ելնելով, կարող է ասել, որ ոչ թե տեղանքն է դեր խաղում, այլ անունը: «Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը տասնյակ հազարավոր այցելուներ է հասցնում Դսեղ»: ԳԱԹ-ի տնօրենը նշեց, որ Սերո Խանզադյանի տուն-թանգարանի հետ ուղղակի առնչություն ունեն, որովհետև ցուցադրության հայեցակարգն իրենք են մշակել: «Գորիսում դա շահեկան կլինի Բակունցի թանգարանի հետ մեկտեղ, որը ԳԱԹ-ի մասնաճյուղերից է: Մեզ տարիների ընթացքում հաջողվեց ոչ միայն հիմնանորոգել, նոր ցուցադրություն բացել, այլև Բակունցների այգին այնպես ենք խնամել, որ դրախտավայր է հիշեցնում: Բայց դրա կողքին չեմ կարող չհիշատակել Լոր գյուղում Համո Սահյանի տուն-թանգարանը: Սահյանը մեր ամենահնչեղ անուններից է, բայց թանգարանը տարվա ընթացքում 10-15 այցելու էլ չունի»: Կարո Վարդանյանը վստահեցրեց, որ խնդիրը միայն ճանապարհային դժվարությունը չէ: Նրա խոսքով` պապական տան փոխարեն շքեղ կառույց է վեր խոյացել, քրոջ տրտունջն է նշում, թե` մեր հոր, պապի շունչը կարծես թե կտրեցին այս տնից:


Իսկ առհասարակ, մեր զրուցակցի կարծիքով` ողջունելի է, որ շատանում են մշակութային օջախները, սակայն ընդգծում է, որ համայնքները պետք է անպայման որոշակի պարտավորություն ունենան իրենց համերկրացի մեծերի օջախների ստեղծման և պահպանման գործում. «Օրինակ` Վանաձոր քաղաքը կարողանում է Ստեփան Զորյանի տուն-թանգարանը հրաշալի պահել: Գյումրին, որի մասին շարունակ ասում ենք, որ սոցիալական հետին պլանում գտնվող քաղաք է, միանգամից հինգ հուշային թանգարան է պահում: Բայց, վաղ թե ուշ, պետք է ստեղծվեն մեկ կամ մի քանի մշակութային կենտրոններ, որտեղ ըստ իրենց ասպարեզների կներկայացվեն արվեստի գործիչները»,- ասաց Կարո Վարդանյանը, կարծիք հայտնելով, որ մի քանի գրական-մշակութային խոշոր կենտրոնների ստեղծման հարցը միշտ էլ օրախնդիր է լինելու. չէ՞ որ երբևէ որոշակի նախաձեռնող խմբեր հանդես են գալու, ասենք, Գուրգեն Մահարու, Խաչիկ Դաշտենցի, Վահագն Դավթյանի, Աղասի Այվազյանի, Գևորգ Էմինի և նման տասնյակ ու տասնյակ այլ մեծերի տուն-թանգարաններ հիմնելու առաջարկներով: Նույնը վերաբերում է թատերարվեստին, երաժշտարվեստին: «Նշածս մի քանի կենտրոններն ըստ ուղղությունների կլուծեն այս հավերժական խնդիրը, քանզի այդ կենտրոններում կարելի կլինի ներկայացնել բոլորին և իրենց ժամանակի, և իրենց ժամանակակիցների մեջ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ