ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Փարիզ ու Ցյուրիխ` նույն օրը

Փարիզ ու Ցյուրիխ` նույն օրը
23.01.2018 | 15:56

Շատ հետաքրքիր օր էր երեկ` ՀՀ ապագա նախագահը Լոնդոնում է, ՀՀ ներկա նախագահը` Փարիզում, ՀՀ վարչապետը` Ցյուրիխում: Շատ եվրոպական օր ստացվեց: Հունվարի 22-ին Սերժ Սարգսյանը մեկնեց Ֆրանսիա` 2 օր Փարիզում անցկացնելուց հետո նա կմեկնի Ստրասբուրգ, իսկ այսօր առաջին անգամ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Որպես ՀՀ նախագահ առաջին ու վերջին հանդիպումը շատ բազմաշերտ է լինելու: Իսկ երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ, ապա` քաղաքապետարանում` հայ համայնքի հետ, որ ինքնին նշանակալից փաստ է:
Հայաստանի նախագահը և Փարիզի քաղաքապետը ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները Փարիզում ու Երևանում` ընդգծելով գործընկեր մայրաքաղաքների զարգացող ու ամրապնդվող համագործակցությունը, որում մեծ է քաղաքապետ Անն Իդալգոյի անձնական ներդրումը։ Նախագահը հույս է հայտնել, որ փոխադարձ վստահությունը, ինչպես նաև տիկին Իդալգոյի՝ Հայաստան կատարած այցերի տպավորությունները կնպաստեն Երևանի ու Փարիզի միջև առավել համարձակ և առարկայական ծրագրերի իրականացմանը։ Նրանք անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ստորագրված շրջանակային համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության խորացմանը և Հայաստանում իրականացվելիք բարեփոխումներին: Փարիզի քաղաքապետարանում դիմելով հայ համայնքի ներկայացուցիչներին` Սերժ Սարգսյանը ասել է. «Իմ սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ նաև այս ջերմ մթնոլորտում ձեր ներկայության համար։ Նաև շնորհիվ ձեզ եմ մշտապես հպարտություն զգում այս երկիր այցելելիս։ Ի դեմս ձեզ՝ ֆրանսահայությունն իր աշխատասիրությամբ, մտավոր ներուժով և արժանապատիվ կեցվածքով ուրույն տեղ ունի այս քաղաքի, այս երկրի բարգավաճման գործում։ Ամեն անգամ այցելելով Փարիզ և Ֆրանսիայի այլ հայաշատ վայրեր՝ նորովի եմ բացահայտում, թե որքան խորն են մեր պատմական կապերը:
…Հայաստանը հաղթահարում է դժվարությունները՝ համալիր բարեփոխումների միջոցով ամրապնդելով ժողովրդավարական հաստատությունները, խթանելով ազատ շուկայական տնտեսության զարգացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների աճը, նորարարական գաղափարների իրագործումը։


…Տարեցտարի մեծանում է նաև Հայաստանի միջազգային ներգրավվածությունը՝ որպես կայուն ու վստահելի գործընկեր, ամրապնդվում են առկա կապերն ավանդական գործընկերների հետ։ Այս առումով, իհարկե, նշանակալի էր 2017-ի նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի լիարժեք կյանքի կոչումը մեզ համար առաջնային հանձնառություն է։
…Ես մեծապես կարևորում եմ այն համագործակցությունը, որ ծավալվում է մեր երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով։ Յոթ տասնյակից ավելի փոխգործակցության համաձայնագրերի շրջանակներում իրականացվող բազմաթիվ համատեղ ծրագրերը զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում մեզ համար ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև արժեքներ փոխանցելու կարևորություն ունեն:
Իհարկե, հետամուտ ենք Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում եվրոպական նորմերի ու չափանիշների ներմուծմանը, մեր քաղաքներն ավելի գեղեցիկ, բնակիչների և հյուրերի համար ավելի հարմարավետ դարձնելուն։ Ուրախ եմ, որ 2017-ին Փարիզը ճանաչվել է Եվրոպայի ամենաստեղծարար քաղաքը՝ «Հորիզոն-2020» ծրագրի կողմից: Վստահ եմ, որ մեր մայրաքաղաքը սովորելու շատ բան ունի Փարիզից թե լավ կառավարման փորձի, թե նոր տեխնոլոգիաների և թե բնապահպանական ծրագրերի ներդրման առումով: Իհարկե, երբեք Երևանը Փարիզ չի լինելու, բայց շատ-շատ բաներ մենք ժամանակի ընթացքում վերցրել ենք և շարունակելու ենք վերցնել, և որպեսզի մեր հինավուրց մայրաքաղաքները մշտապես իրար օժանդակեն, օգնեն, մեր շփումները պետք է լինեն երկարատև, պետք է լինեն հավերժ, որովհետև շփումներով են ամրապնդվում բարեկամությունը, համագործակցությունը, շփումների ժամանակ է, որ ծնվում են նոր գաղափարներ»:


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի ճանապարհին առաջին կանգառը հունվարի 22-ին արել է Ցյուրիխում և աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի և Շվեյցարիայի ապրանքաշրջանառությունը 2017-ին աճել է շուրջ 3,5 անգամ՝ 2016-ի համեմատ: Դիմելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը պարզ ու անկեղծ է՝ եկեք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկեք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է: Մենք նշանակալի բարեփոխումներ ենք նախաձեռնել տարբեր՝ պետական կառավարման, հարկային և մաքսային, կրթության ոլորտներում, մենք բարելավում ենք բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելու տեղական ձեռներցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Մենք բարելավում ենք զբոսաշրջային ոլորտն ու ծառայությունները:


Ու իսկապես, 2017-ի արդյունքները խոստումնալից են և, ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք կատարված աշխատանքով:
Մենք ակնկալում ենք, որ 2017-ի համար ՀՆԱ-ի աճը կհասնի շուրջ 7 տոկոսի: Այս արդյունքին նպաստել է 12,3 տոկոս աճը արդյունաբերության ոլորտում (2017 թ. հունվար-նոյեմբերին 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ), առևտրաշրջանառության՝ 14,4 տոկոս, ծառայությունների՝ 14,2 տոկոս աճը (բացառությամբ առևտրի):
Ունենք նաև աճի այլ ոլորտներ: Օրինակ, դոլարային արտահայտությամբ արդեն նոյեմբերին մենք կարողացանք արձանագրել արտաքին առևտրի ռեկորդային բարձր մակարդակ անկախությունից ի վեր: Եվ դա շնորհիվ այն փաստի, որ 2017թ. հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մեր արտահանման ծավալներն աճեցին 23,5%-ով, իսկ ներմուծումը՝ 28%-ով: Կարծում եմ՝ մենք կունենանք աճի ամենաբարձր տեմպը տարածաշրջանում:


Եթե ինձ հարցնեք, թե կոնկրետ ո՞ր ոլորտում դուք պետք է ներդրում կատարեք, ես կպատասխանեմ, որ կան մի շարք ոլորտներ. գյուղատնտեսություն և գինեգործություն, ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, դեղագործություն, ենթակառուցվածքներ, էներգետիկա և հանքարդյունաբերություն, ոսկերչություն և ակնագործություն, ժամագործություն և այլն: Այո, Հայաստանը չափերով փոքր է, բայց Հայաստանով անցնող շուկաները շատ ավելի մեծ են: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որն իրենից ներկայացնում է 180 միլիոնանոց ընդհանուր շուկա և տնտեսական միություն:
Մենք սահմանակցում ենք Իրանին, որն ունի ավելի քան 80 միլիոն բնակչություն և որի հետ Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություններ: Վերջերս Իրանի հետ սահմանին մենք հիմնեցինք Մեղրի ազատ տնտեսական գոտին, որն իր հերթին կարող է հետաքրքրել նրանց, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Իրանը դրսից, բայց բավականաչափ մանրակրկիտ:
Այս ամենին գումարվում է Եվրամիությունն իր ավելի քան 500 միլիոն բնակչությամբ, որի հետ Հայաստանը բոլորովին վերջերս ստորագրեց Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը, ի հավելումն ԵՄ-ի հետ ունեցած GSP+ համակարգի: Հայաստանում արտադրության և ծառայությունների ծախսերը մատչելի են, ուստի «Պատրաստված է Հայաստանում» ապրանքները կարող են մրցունակ լինել ԵՄ-ում»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինքներդ գնահատեք Հայաստանի հնարավորությունները եվրոպացու աչքով, համեմատեք և եզրակացություններ արեք: Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ ՀՀ վարչապետը շվեյցարացիներին առաջարկում է Հայաստանում ներդրումներ անել, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որն իրենից ներկայացնում է 180 միլիոնանոց ընդհանուր շուկա և տնտեսական միություն և մենք սահմանակցում ենք Իրանին, որն ունի ավելի քան 80 միլիոն բնակչություն: Իսկ ի՞նչ է ասելու նա Դավոսում: Նու՞յնը:

Դիտվել է՝ 2561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ