Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դավոս, Դավոս, Դավոս

Դավոս, Դավոս, Դավոս
25.01.2018 | 12:19

Փարիզն ու Մակրոնը, Ստրասբուրգն ու ԵԽԽՎ-ն ստվերեցին վարչապետ Կարեն Կարապետյանի աննախադեպ սխրանքը` նա ոտքը Հայաստանից դուրս դրեց ու գնաց ոչ թե Մոսկվա, Մինսկ, Բիշքեկ ու Աստանա, լավագույն դեպքում` Թբիլիսի կամ Թեհրան, այլ` Շվեյցարիա: ՈՒ` միանգամից` Դավոս: Համաշխարհային տնտեսական համաժողով, որին Հայաստանը տարիներով չէր մասնակցում` տարբեր պատճառաբանություններով: Հիմնականում` համարվում էր անարդյունավետ մեր պայմաններում: Եվ մինչ հայ լրագրողները ջանադիր փորձում են պարզել` ի՞նչ ու ու՞մ ինքնաթիռով է վարչապետը հասել Ալպեր, կարծես դա ամենակարևոր հարցն է աշխարհում, վարչապետը հանդիպում հանդիպումի հետևից է ունենում: Ճիշտ է` Հայաստանով ու Հայաստանի վարչապետով գերտերություններն ու աշխարհի հզորները առանձնապես հետաքրքրված չեն, բայց ոչ ոք չէր էլ սպասում, որ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպելու է Դոնալդ Թրամփին, Անգելա Մերկելին, Էմանուել Մակրոնին, Սինձո Աբեին, Սի Ցզինպինին ու Նարենդրա Մոդիին:


Կարեն Կարապետյանը դեռ Ցյուրիխում Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ հանդիպմանը ուրվագծեց իր դավոսյան նպատակները: Նա ուրախ-ուրախ պատմում էր, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2017-ին աճել է 3,5 անգամ՝ 2016-ի համեմատ: Պարզ ու անկեղծ կոչ էր անում` ՙԵկեք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկեք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է՚: Համոզիչ լինելու համար բարեփոխումներից էր պատմում` պետական կառավարման, հարկային և մաքսային, կրթության ոլորտներում: Ասում էր` բարելավում ենք բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելու տեղական ձեռներեցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը, զբոսաշրջային ոլորտն ու ծառայությունները: Անտեղյակ մարդու համար ցնցող թվեր էր ներկայացնում` ՀՆԱ-ի աճ 7 տոկոսով, 12,3 տոկոս աճ արդյունաբերության ոլորտում, առևտրաշրջանառության՝ 14,4 տոկոս, ծառայությունների՝ 14,2 տոկոս աճը: Աղքատության, արտագաղթի, գնաճի թվերը ներկայացնելու տեղը չէր Դավոսը: Առանձնապես շահագրգիռ եվրոպացիներ, կարծես, չեղան, կամ եղան, բայց մնացին անհայտ, որ Կարեն Կարապետյանին հարցնեին արդյունաբերության մասին, արդյունաբերական հզորություններում ներդրումների հնարավորությունների, կոռուպցիայի մակարդակի, դատական համակարգի անկախության ու այն պայծառ նպատակի, թե հանուն ինչի պիտի գան Հայաստան իրենց փողերով: ՈՒ վարչապետը օգտվում էր անտեղյակության ու անտարբերության հնարավորություններից` հրավիրելով ներդրումներ անել գյուղատնտեսության և գինեգործության, ՏՏ և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղագործության, ենթակառուցվածքների, էներգետիկայի և հանքարդյունաբերության, ոսկերչության և ակնագործության, ժամագործության մեջ: Գլուխ էր գովում, որ Հայաստանով անցնող շուկաները շատ ավելի մեծ են` 180- միլիոնանոց ԵԱՏՄ ընդհանուր շուկա, Իրան` 80 միլիոն բնակչությամբ, ԵՄ` 500 միլիոն բնակչությամբ ու GSP+ համակարգով: Ասում էր` «Պատրաստված է Հայաստանում» ապրանքները կարող են մրցունակ լինել ԵՄ-ում»:
Հայաստան կգան Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանն ու շվեյցարացի գործարարներ: Նրանց ամեն ինչ ցույց կտան, նրանք խոստումներ կտան ու … Կկարողանա՞ն շվեյցարացիներն աշխատել Հայաստանում, որտեղ ազատ շուկայական հարաբերությունների փոխարեն քվոտաներ են գործում, մրցակցությունը թղթի վրա է ու զեկույցներում, կոռուպցիան` վարքագիծ, ստվերային տնտեսությունը` օրինական իշխանական բուրգի ներսում: Եվ ոչ միայն շվեյցարացիները: «Մեծ եռյակի» ընկերություններից Boston Consulting Group-ին, McKinsey և Bain & Company-ին, VEON-ին, իսպանական ACCIONA Energy-ին… Եվ այլն, և այլք: Նրանց թվում Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետը, Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամը, Աճիմ Շթայները,
Նեչիրվան Բարզանին: Ասենք, բոլորն էլ եկան ու գործ դրեցին, իսկ հետո՞: ՙՕրանժի՚ պես հեռանալու՞ են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ընդունում է, թե ոչ` Կարեն Կարապետյանը ի պաշտոնե քաղաքականության մեջ է և նրա ամեն քայլ ունի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական արդյունք, հետևանք, նշանակություն, ազդեցություն: Դավոսը ունի նաև քաղաքական ենթատեքստ: Ցանկանում է, թե ոչ` Կարեն Կարապետյանը` նրա Շվեյցարիա այցը քննարկվում է Սերժ Սարգսյանի Ֆրանսիա այցի համեմատությամբ: Եվ դառնում է «պատասխան» այց: Ստացվում է` 2018-ի ապրիլից հետո վարչապետի երկու թեկնածուները շարունակում են աշխատանքը ու ներկայացնում են եվրոպաներում իրենց ծրագրերն ու, գուցե, սպասում արձագանքի: Հավելեմ, որ Դավոս-2018-ն անցկացվում է «Ստեղծելով համատեղ ապագա պառակտված աշխարհում» կարգախոսով: Գլոբալ մոտեցում է: Լոկալ խնդիրներին: Մնաց` հաջողությունը:

Դիտվել է՝ 2254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ