Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում

Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում
25.01.2018 | 12:33

Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով ժամանել է Ստրասբուրգ: Մինչև ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետիի հետ հանդիպումը նա գրառում է կատարել ԵԽԽՎ «Ոսկե գրքում». «Ամեն անգամ մեծ պատիվ ու պատասխանատվություն եմ զգում Եվրոպայի խորհրդում՝ մարդու իրավունքների այս յուրահատուկ դարբնոցում գտնվելիս։ Կառույց, որի ներքո են առաջ մղվում այն արժեքները, որ կոչված են ապահովելու մարդու ազատ, արժանապատիվ և բարեկեցիկ կյանքը:
Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության 17-ամյակի նախօրեին իմ այս այցը ևս մեկ առիթ է հաստատելու Հայաստանի հանձնառությունն այդ արժեքներին: Հավատալով մեր կառույցի ապագային՝ գտնում ենք, որ տարածաշրջանում և դրանից դուրս կարևոր մարտահրավերներին առերեսվելիս՝ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն պետք է խոսեն նույն լեզվով՝ հանուն մեր Կազմակերպության միասնության և հեղինակության»։


ՀՀ նախագահը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Մինչ այդ նախագահը ներկա է գտնվել ԵԽ կոնվենցիաների ստորագրման արարողությանը: Փաստաթղթերը ստորագրել են ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ փաստաթղթերը գալիս են լրացնելու ԵԽ-ի շրջանակներում ՀՀ ստորագրած շուրջ յոթ տասնյակ միջազգային պայմանագրերը: Կողմերը ստորագրել են` «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» ԵԽ (վերանայված) կոնվենցիան, Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» ԵԽ կոնվենցիան (2010թ. արձանագրությամբ փոփոխված), «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» ԵԽ կոնվենցիան, «Ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիային կից՝ լրացուցիչ արձանագրությունը և «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» կոնվենցիան:
Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքներով.
ՈՒրախ եմ կրկին հյուրընկալվել Եվրոպայի խորհրդում: Իմ այցը համարում եմ խորհրդանշական, քանի որ վաղը՝ հունվարի 25-ին, լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 17 տարին: 2018-ի Հայաստանը բոլորովին այլ է, քան 2001-ինը. մեր երկիրը նշանակալի արդյունքների է հասել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման գործում, որտեղ իր զգալի ներդրումն ունի Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա արժեքավոր համագործակցությունը: Մենք շնորհակալ ենք դրա համար։


Ինչպես միշտ, գլխավոր քարտուղար Յագլանդի հետ բովանդակալից քննարկում ունեցանք: ՈՒրախությամբ եմ արձանագրում, որ քննարկված հարցերի շուրջ մեր տեսակետները շատ մոտ են միմյանց։ Երկուստեք արձանագրեցինք, որ հատկապես վերջին տասնամյակի ընթացքում համալիր բարեփոխումներ են կատարվել Հայաստանում հիմնարար ազատությունների երաշխավորման, առավել բաց և արդյունավետ կառավարման, դինամիկ քաղաքացիական հասարակության ապահովման ուղղությամբ։ Այդ մասին են փաստում նաև Եվրոպայի խորհրդի կանոնադրային և մոնիտորինգային մարմինների զեկույցները։ Այս համագործակցության առաջին հասցեատերը և շահառուն, իհարկե, ՀՀ քաղաքացին է. սա է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած հանձնառությունների պատշաճ իրագործման մեր տեսլականը:
Հայաստանը ներկայումս սահուն անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձևին: Շնորհակալ ենք, որ այդ գործընթացին ևս Եվրոպայի խորհուրդն իր արժեքավոր նպաստն է բերում։ Անշուշտ, նոր Սահմանադրության ներքո շարունակում ենք օրենսդրական համալիր բարեփոխումները Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ անկախ մոնիտորինգային կոմիտեների հետ համագործակցությամբ։


Իհարկե, քննարկեցինք նաև ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Շնորհակալություն հայտնեցի պարոն Յագլանդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարելու համար, ինչն էական է բանակցային գործընթացի առաջմղման առումով։ Վերահաստատեցի աջակցությունը Գլխավոր քարտուղարի կողմից քանիցս հնչեցված տեսակետին, որ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ»։ Սա նշանակում է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է հավասարապես դիտարկի հակամարտությունների գոտիներում բնակվող քաղաքացիների իրավունքները՝ առաջնորդվելով կարգավիճակի հարցում «չեզոքության սկզբունքով»։
Համակարծիք էինք միջազգային տարբեր կառույցների իրավասությունների տարանջատման և նրանց միջև «աշխատանքի բաժանման» հարցերում։ Այս համոզմամբ վերստին փաստեցինք, որ Եվրոպայի խորհրդի գերակայությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն է։ Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը, ապա այդ հարցում իրավասու են տվյալ հակամարտության կարգավորման համար միջազգայնորեն համաձայնեցված մանդատ ունեցող կառույցներն ու ձևաչափերը:


ՈՒրախ եմ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ պարոն Յագլանդին հաջողվում է արդյունավետորեն առաջ տանել Եվրոպայի խորհրդի օրակարգը և բարձր պահել կազմակերպության հեղինակությունը: Հավատացած ենք, որ մեր կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման գրավականը երկխոսությունն է, և այդ երկխոսության մեջ պետք է լսելի լինի անխտիր բոլոր անդամ պետությունների ձայնը՝ Եվրոպայի խորհրդի ամբողջականության և միասնականնության ապահովման նպատակով։
Վերահաստատեցի պարոն Յագլանդին ուղղված՝ Հայաստան այցելելու իմ հրավերը՝ մեր բաց ու կառուցողական երկխոսությունը շարունակելու, Հայաստան-ԵԽ օրակարգն առաջ մղելու, ինչպես նաև տեղում գնահատելու սահմանադրական բարեփոխումների արդյունքները, որոնցում, ինչպես արդեն ընդգծեցի, իր ուրույն ներդրում է ունեցել Եվրոպայի խորհուրդը։
Շնորհակալ եմ:

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսքը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով


Ինձ համար շատ հաճելի է և մեծ պատիվ է այսօր այստեղ հրավիրել Հայաստանի նախագահ պարոն Սարգսյանին: Մենք շատ լայն համագործակցություն ունենք Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև: Մենք տեսանք, թե Հայաստանն ինչպես ընդունեց նոր Սահմանադրություն, նոր Ընտրական օրենսգիրք, ընտրություններն անցկացվեցին նոր Ընտրական օրենսգրքով, բոլոր բարեփոխումներն ընթացքի մեջ են և մենք շատ համակողմանի համագործակցություն ունենք այս բոլոր հարցերի շուրջ: Շատ ուրախ եմ, որ պարոն նախագահը մեզ այցելում է՝ նշելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 65-ամյակը:
Մենք շատ հետաքրքիր մտքերի փոխանակություն ենք ունեցել տարբեր հարցերի շուրջ, սակայն մինչև Ձեզ խոսքը փոխանցելը կցանկանայի նշել, որ ես շատ բարձր եմ գնահատում այն բոլոր պայմանագրերը, որ Դուք այսօր ստորագրեցիք: Ես նախկինում երբեք այդքան շատ պայմանագիր չէի ստորագրել որևէ պետության ղեկավարի կամ արտաքին գործերի նախարարի հետ: Երբեք չէի տեսել, որ այդքան շատ կոնվենցիաներ ու պայմանագրեր ստորագրվեն միանգամից: Դա շատ բան է ասում այն առաջընթացի մասին, որ Հայաստանն արձանագրել է այս ընթացքում:

Դիտվել է՝ 2743

Մեկնաբանություններ