Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սիմֆոնիա երեք մասից

Սիմֆոնիա երեք մասից
26.01.2018 | 00:44

Մաս 1. Փարիզ-Ստրասբուրգ:
Մաս 2. Ցյուրիխ-Դավոս:
Մաս 3. Երևան: Սիմֆոնիան քաղաքական էր, տեղ-տեղ` աշխարհաքաղաքական, տեղ-տեղ` տնտեսական: Ընդմիջումներ չկային, կային խաղադադարներ: Ազգովին հանում ենք մանչեստրցի կարմիր սատանաների 22 համարի մարզաշապիկը ու հագնում ենք լոնդոնցի զինագործների 7 համարի մարզաշապիկը: Գրողի ծոցը Մոուրինյոն, կեցցե Վենգերը: Հետաքրքիր է` ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, որ այս շաբաթ Լոնդոնում էր, կհանդիպի՞ համայն Հայաստանի հպարտություն Հենրիխ Մխիթարյանի հետ, որ նույնպես այս շաբաթ արդեն Լոնդոնում է, թե՞ այդ հանդիպումը կապ չունի հասարակության լայն շերտերին շփվելու համազգային ծրագրի հետ:


Մաս 1. Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Փարիզ: Աշխատանքային այցով: Եթե ծրագրում պսակ դնել լիներ Շանզելիզեի անմար կրակին ու հանդիպում վարչապետի հետ, այցը կլիներ պաշտոնական: ՀՀ նախագահին ընդունեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, քաղաքապետարանում կազմակերպվեց հայ համայնքի հետ հանդիպումը: Սերժ Սարգսյանին ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժը, հանդիպում եղավ ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և պատգամավորական խմբերի անդամների հետ: Գլխավոր հանդիպումը նախագահ Էմանուել Մակրոնի հետ էր: Ելիսեյան պալատում: Պերճաշուք հանդիպում էր: Ի՞նչ կարող էր լինել Սերժ Սարգսյանի օրակարգում: Պարզել նրա վերաբերմունքը`
1. իր վարչապետությանը,
2. ԼՂՀ հարցին,
3. ՀՀ-ԵՄ հարաբերություններում Ֆրանսիայի դերին: Եվ` ընթացիկ հարցեր: Ի՞նչ կարող էր լինել Էմանուել Մակրոնի օրակարգում:
Պարզել`
1. Սերժ Սարգսյանի դերը Հայաստանի ապագայում,
2. Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում,
3. Հայաստանում ու տարածաշրջանում Ֆրանսիայի ազդեցության ընդլայնման իմաստն ու շանսերը: Հավելեք` ընթացիկը: Սերժ Սարգսյանի օրակարգի առաջին հարցով տեղեկություններ չեն լինի: Ինչպես` Մակրոնի: Երկրորդ հարցը, որ միանշանակ Ադրբեջանի ու Թուրքիայի ուշադրության կենտրոնում է, լիուլի լուսաբանվեց: ՀՀ նախագահը հրապարակավ ավելի բացվեց բարեկամության խմբի հետ հանդիպմանը ու ԵԽԽՎ-ում: Մակրոնի հետ հանդիպմանը նա բարձր գնահատեց Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի, մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և տարածաշրջանում անվտանգության, կայունության ու համագործակցության հաստատմանը, ասաց, որ Հայաստանը հանձնառու է շարունակել համանախագահների միջնորդությամբ բանակցությունները. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության, ինքնորոշման համար, և այդ պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ»: Ստատուս քվոն կայուն չէ, ԼՂ հակամարտությունը սառեցվածներից չէ, Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ դիտարկում է բանակցությունն առաջ մղելու հնարավորությունը, լուծումը պահանջելու է համարձակ փոխզիջումներ և կոնկրետ գործողություններ` ասաց Մակրոնը: Այսինքն` ինչ սովորաբար ասում են համանախագահները: Նա հիշատակեց Կրակովում ԱԳ նախարարների հանդիպումը` վկայելու, որ տեղյակ է գործընթացի մանրամասներին: Գուցե հարկ չհամարեց բացել փակագծերը` շփման գծում վերահսկողության մեխանիզմների առնչությամբ: Գուցե կարևորը թողեց հոկտեմբերին Երևանում ասելու: Սերժ Սարգսյանի օրակարգի երրորդ հարցը, թերևս, լավագույնս պատասխանվեց` այո. «Ֆրանսիան եղել է ու կլինի Հայաստանի կողքին միշտ»: Մակրոնի երրորդ հարցին Սերժ Սարգսյանը չէր պատասխանելու` նա հեռացող նախագահ է: Մակրոնը լիուլի ներկայացրեց իր ծրագիրը` Ֆրանկոֆոնիայից մինչև համաժողովի օրերին բիզնես ֆորում անելը` ֆրանսիականի ու ֆրանսերենի տարածում կրթական համակարգից` մշակութային համագործակցություն, ֆրանսիական ընկերությունների ներդրումներ` զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի, սննդի արդյունաբերության ոլորտներում: Դա լուրջ հայտ է` քաղաքական ու տնտեսական:

Հունվարի 24-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը և այցի, և ԵԽԽՎ-ում Հայաստանի անդամակցության 17 տարիների ամփոփում, և ծրագիր: Նախորդ ելույթից 5 տարի անց` Սերժ Սարգսյանը, իբրև տանտեր, խոսեց և Հայաստանի, և ԵԽԽՎ-ի մասին: Նա հիշեցրեց խավիարային խայտառակությունը, ՄԻԵԴ-ի վճիռները, որ առնչվել են ղարաբաղյան խնդրին. «2014-ից ի վեր մի շարք քաղաքականապես կողմնակալ և աղմկահարույց զեկույցներ, բանաձևեր հայաստանյան հասարակության շրջանում Վեհաժողովի նկատմամբ վերաբերմունքի խիստ փոփոխություն առաջացրին»: ՀՀ նախագահը, մեղմ ասած, Ադրբեջանի պատվիրակությանը տեղում սպանեց ելույթով ու հարցերին պատասխաններով` միջազգային հանրությանը պատրանքներից ձերբազատվելու ու իրական դաշտ վերադառնալու մաղթանքով: «Հակամարտությունը կարգավորելու ժամանակը վաղուց արդեն հասունացել է: Դրա համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել հաստատված հրադադարի ռեժիմը և կատարել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ և հաղթահարի արդարության պակասուրդը: Ես այս հարցում նույնպես միշտ առաջին շարքերում եմ լինելու, որտեղ էլ գտնվեմ: Կողմերը պետք է միասին ստանձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվությունը՝ գտնելով փոխզիջումային հանգուցալուծում»,- մեխեց Սերժ Սարգսյանը: «Եվրոպայում չպետք է լինեն «գորշ գոտիներ», երբ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է, ինչպես իրավացիորեն նկատել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։ Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ Արցախի կողքին կկանգնի նաև այս կազմակերպությունը՝ իր ողջ փորձագիտական ներուժով: Արցախի բնակիչը դրան արժանի է և այդ իրավունքը վաղուց արդեն վաստակել է»,- սա երկրորդ գամն էր: Երրորդը ստացավ Սամադ Սեիդովը` Այազ Մութալիբովով ու ցեղասպանվելու հանդեպ «ազգային նախանձով»:


Մաս 2. Ցյուրիխ-Դավոս: Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջապես միջազգային ասպարեզ մտավ ու նույնիսկ խոսեց ԼՂ հարցի մասին: Մինչև մեկնելը նա հարցազրույց տվեց ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը` ալիբի ապահովելով այն ամենի համար, ինչ ասելու ու անելու էր Դավոսում` շեշտելով. «Մենք շատ բաց ենք և պատրաստ ենք համագործակցելու ոչ միայն ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի տեղակայման, այլև համատեղ ներդրումային համագործակցության հիման վրա»: Ցյուրիխում նա աշխատանքային ճաշ ունեցավ Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ և նրանց կոչ արեց. «Եկեք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկեք ու ներդրումներ արեք: Մեր երկիրը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է: Մենք նշանակալի բարեփոխումներ ենք նախաձեռնել տարբեր՝ պետական կառավարման, հարկային և մաքսային, կրթության ոլորտներում, մենք բարելավում ենք բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելու տեղական ձեռներեցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Մենք բարելավում ենք զբոսաշրջային ոլորտն ու ծառայությունները»: Կգան-չեն գա, վարչապետը ներկայացրեց պատկեր, որ եվրոպացուն կարող է հմայել` ՀՆԱ-ի 7 % աճ, 12,3 % աճ արդյունաբերության ոլորտում, առևտրաշրջանառության՝ 14,4 %, ծառայությունների՝ 14,2 % աճը, արտահանման ծավալների աճ 23,5 %-ով, ներմուծման` 28 %-ով: Միով բանիվ` աճի ամենաբարձր տեմպը տարածաշրջանում:

Կարեն Կարապետյանը ներդրումների ոլորտներն էլ բացեց` գյուղատնտեսություն, գինեգործություն, ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, դեղագործություն, ենթակառուցվածքներ, էներգետիկա և հանքարդյունաբերություն, ոսկերչություն և ակնագործություն, ժամագործություն: Ասաց` Հայաստանը փոքր է, բայց Հայաստանով անցնող շուկաները մեծ են` ԵԱՏՄ` 180-միլիոնանոց շուկայով և Իրան` 80 միլիոն բնակչությամբ, ԵՄ` 500 միլիոն բնակչությամբ ու GSP+ համակարգով: Ստացվեց` իսկական Շվեյցարիան Հայաստանն է: Հընթացս Դավոսի համաժողովի, որի կարգախոսն է` «Ստեղծելով համատեղ ապագա պառակտված աշխարհում», Կարեն Կարապետյանը հանդիպեց միջազգային ընկերությունների ղեկավարների հետ` խորհրդատվության ոլորտում «Մեծ եռյակի» ընկերություններից մեկի՝ Boston Consulting Group-ի նախագահ Հանս-Պոլ Բյորների, VEON ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի և արտաքին կապերի ղեկավար Մարկ Մաքգանի, իսպանական «Ակցիոնա»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոզե Մանուել Էնտրեկանալեսի և ACCIONA Energy-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆայել Մատեո Ալկալայի, Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի, Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների, Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի: Թեման` համագործակցություն, բիզնես ծրագրեր, այցեր, չվերթերի բացում: Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամն ասաց, որ Հայաստանը կարող է կարևոր դեր ունենալ Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի միջև հարաբերությունների զարգացման համար:

«Ակցիոնա»-ի ղեկավարները խոստացան տեսանելի ապագայում այցելել Հայաստան՝ տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալ: Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին ցանկացավ խորացնել առևտրատնտեսական կապերը, Երևան-Էրբիլ կանոնավոր չվերթ բացել: Իսկ եթե բոլորը չէ, կեսը գա՞ն, ասենք` Շվեյցարիայից, Սինգապուրից ու Իսպանիայից: Քանի՞ ամիս կդիմանան հայկական ջունգլիներում` ռուսական վերահսկողության տակ ու քրեաօլիգարխիկ բիզնես-դաշտի, քերթող հարկերի ու անվանական արդարադատության ճիրաններում: «Օրանժի» չա՞փ: Ընդունում է, թե ոչ` Կարեն Կարապետյանը ի պաշտոնե քաղաքականության մեջ է, և նրա ամեն քայլ ունի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն ու հետևանք: Ցանկանում է, թե ոչ Կարեն Կարապետյանը` Շվեյցարիան դառնում է Ֆրանսիայի «պատասխան»: Ստացվում է` 2018-ի ապրիլից հետո վարչապետի երկու թեկնածուները աշխատանքը շարունակելու իրենց մտադրությունն ու ծրագիրը ներկայացրին Եվրոպաներում և, գուցե, սպասում են արձագանքի: ՈՒ սա ԵԱՏՄ-ից բացի` ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու գործնական առաջին արդյունքն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Մաս 3. Այս ամենը սքանչելի կլիներ, եթե «Եվրոպական քաղաքակրթության անքակտելի մաս Հայաստանում» (այդպես բնորոշեց Սերժ Սարգսյանը Փարիզում) հունվարի 23-ին գնաճի ԱԺ լսումներում իշխանական ամբողջ համակարգը չապացուցեր, որ
1. գնաճ չկա,
2. իսկ եթե կա, հօգուտ սպառողի է,
3. Հայաստանում խոսքի ու գործի հակասությունը օրենք է: Եվ ուրեմն, Հայաստանը Եվրոպայի ասիական գարշապարն է: Իսկ ընդհանրապես` հիշեցնեմ, որ վարչապետը կընտրվի ապրիլի 17-ին, ժամը 12-ին՝ ԱԺ հատուկ նիստում: Նախագահ կլինի արդեն Արմեն Սարգսյանը: ԱԺ նախագահ կլինի Արա Բաբլոյանը: Վարչապետ կլինի` դեռ Կարեն Կարապետյանը: 8 օր Սերժ Սարգսյանը կլինի միայն ՀՀԿ և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: 8 ամենավտանգավոր օրերը նրա կյանքում: Իսկ հունվարի 19-ին Բաքվի նավահանգիստ մտավ ռուսական ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։ ԱՊԱ-ն գրեց, որ զենքի այդ տեսակը «հաջողությամբ կիրառվել է» 2016-ի ապրիլի մարտական գործողությունների ժամանակ, և նոր խմբաքանակի մեծ մասը փոխանցվելու է առաջնագիծ։ Ռուսաստանը և Ադրբեջանը սպառազինության վաճառքի՝ 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել: Իլհամ Ալիևը հայտարարեց, որ 2 երկրները բանակցում են սպառազինության նոր խմբաքանակի շուրջ: Ֆրանսիացիները ճիշտ են` Vouloir, c՚est pouvoir` ցանկանալ նշանակում է կարողանալ: Սա սիմֆոնիայի շարունակությունն է` քաղաքական, գուցե ռազմական: Բայց բնավ` երաժշտական ու համամարդկային:

Դիտվել է՝ 1883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ