«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Թուրքերը, հատկապես Էրդողանի իշխանությունը, շատ անհուսալի են, ամեն րոպե կարող են պայմանավորվածությունները խախտել»

«Թուրքերը, հատկապես Էրդողանի իշխանությունը, շատ անհուսալի են, ամեն րոպե կարող են պայմանավորվածությունները խախտել»
26.01.2018 | 09:41

Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմը կարծես խաղաղվելու նպատակ չունի: Սիրիան վերածվել է եռացող կաթսայի: Գերտերությունները լուռ հետևում են Թուրքիայի ագրեսիային, իսկ վերջինս էլ իրավիճակն ավելի թեժացնելու հայտարարություններով է պարբերաբար հանդես գալիս: Պատերազմական գործողությունները, գերտերությունների վարքագիծը «Իրատեսի» հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ:

-Թուրքիան «Ձիթենու ճյուղ» օպերացիան է անցկացնում քրդաբնակ Աֆրինում և ավելի հեռուն գնացող նպատակներ ունի: Ինչի՞ է հանգեցնելու այս իրավիճակը:
-Թուրքիայի ագրեսիայի պատճառով ստեղծված այս լարվածությունը դեռ գագաթնակետին չի հասել: Սա կունենա շատ երկար ընթացք, էլ ավելի կլարվի իրադրությունը: Կարծես թե Սիրիայում ավարտվել էր ռազմական գործողությունների հիմնական փուլը, «Իսլամական պետությունը» պարտված էր, ու պետք է սկսվեին բանակցությունները: Եվ այդ պահին Թուրքիան կազմակերպում է իր ագրեսիան, ըստ էության, այդ պետությունը բանակցային խաղաղ գործընթացը վիժեցնում է: Այս պայմաններում դժվար է պատկերացնել որևէ բանակցություն: Ի դեպ, այս ամսի 29-30-ին կողմերը պետք է Սոչիում հանդիպեին և Աստանայի գործընթացների շրջանակում կկարողանային լուրջ արդյունքների հասնել:
-Ինչու՞ Թուրքիան հենց բանակցությունների նախաշեմին ագրեսիան կազմակերպեց:
-Սա պայմանավորված էր նրանով, որ ռազմական գործողությունների մի փուլն ավարտվել էր ու սկսվում էր հաջորդ էտապը: Թուրքիան ուզում է ցույց տալ, որ այս երկրորդ փուլում ինքը մեծ դերակատարում կունենա: Տարածք է գրավում, ճնշում է քրդերին ու դրանով ապացուցում, որ ինքը կարևոր դեր ունի և ապագա գործողությունների ժամանակ իր հետ պետք է հաշվի նստել: Պահի ընտրությունը սրանով է պայմանավորված: Իսկ այն խնդիրը, որը նա լուծում է, շատ պարզ է: Այն է՝ քրդական շարժմանը հարված հասցնել, որը չի սահմանափակվի միայն Աֆրինով: Թուրքիայի վերջնական նպատակն է` թուրք-սիրիական սահմանի ողջ երկայնքով, որտեղ բնակվում են քրդերը, ստեղծել 30-կիլոմետրանոց անվտանգության գոտի:
-Ինչո՞վ է պայմանավորված գերտերությունների լռությունը: Թուրքիան կարծես դարձել է աշխարհի միակ պետությունը, որին ոչ մեկը չի կարող պատժել: Ինչու՞ է նրա ագրեսիան անպատիժ մնում:
-Սիրիայի խնդիրը շատ բարդ է: Ամեն մեկն ուզում է իր շահերն առաջ տանել, դրա համար հնարավոր են և՛ գաղտնի համաձայնություններ, և՛ գաղտնի բանակցություններ, և՛ գործարքներ: Պետք է հասկանալ, թե ով ինչ խնդիր է լուծում Սիրիայում:
-Ժամանակին Աֆրինում ռուսական զորքերն էին տեղաբաշխված, հետո նրանք հանեցին իրենց զորքերը, որպեսզի իրենց տեղը զիջեն թուրքերի՞ն: Փաստորեն, ստեղծվեց ռուս-թուրքական տանդե՞մ:
-Ռուսաստանի նպատակն է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և Ասադի իշխանության պահպանումը: Պատահական չէ, որ մինչև այս իրադարձությունները Ռուսաստանը մի փոքր ռազմաբազա ուներ, հիմա արդեն երկուսն ունի, ու դրանք կպահի այնտեղ: Այս գործողություններից մի շաբաթ առաջ Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը և ազգային հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը եկան Մոսկվա և բանակցություններ վարեցին: Համոզված եմ, որ այդ բանակցությունների ընթացքում էլ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Ռուսաստանը Աֆրինի կենտրոնում ուներ շուրջ երեք հարյուր մարդ: Մի մասը, այսպես ասած, հատուկ խաղաղեցման կենտրոնում էր, մյուս մասն էլ՝ ռուսական ռազմական ոստիկանության ներկայացուցիչներն էին: Նրանց Աֆրինից դուրս բերեցին: Ռուսաստանն աչքերը փակեց Թուրքիայի ագրեսիայի վրա: Համոզված եմ` դրա փոխարեն ինչ-որ բան ստացել է, հավանական է` մի քանի բան: Պատահական չէ, որ համարյա միևնույն ժամանակ Սիրիայի կառավարական ուժերը հարձակում սկսեցին Իդլիբի շրջանում և ըստ էության, առանց կռվելու ռազմական օդանավակայան գրավեցին, այսինքն` թուրքերը դա տվել են նրանց: Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել մի հանգամանք ևս: Ինչպես քրդական շարժման ներկայացուցիչներն են ասել, մինչև թուրքերի հարձակումը, երբ քրդերը դիմել են ռուսներին իրենց պաշտպանելու համար, ռուսները նրանց առաջարկել են Աֆրինը հանձնել Սիրիայի կառավարությանը, իսկ նրանց էլ Սիրիան կպաշտպանի: Իհարկե, քրդերն այդ համաձայնությանը չեն գնացել: Այստեղ քրդերի հետ կապված մեկ այլ կարևոր ստրատեգիական խնդիր էլ կա. սկզբում նրանք փորձեցին ռուսների հետ համագործակցել, հետո հասկացան, որ ԱՄՆ-ից ավելի շատ օգնություն կարող են ստանալ, ԱՄՆ-ն էլ որոշակի խոստումներ տվեց: Եթե հետևենք ռուսական մամուլին, նրանք ասում են. «Մենք քրդերի նկատմամբ ոչ մի պարտավորություն չունենք, նրանք մեզ չեն դիմել, մենք նրանց դաշնակիցը չենք, նրանց դաշնակիցը ԱՄՆ-ն է»: Փաստորեն, բավական բարդ իրավիճակ է:
-Իսկ ո՞րն է Սիրիայում ԱՄՆ-ի նպատակը:
-ԱՄՆ-ն ուզում է Ասադին հեռացնել իշխանությունից, թուլացնել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը: Սրա համար նրանք օգտագործում են քրդերին: Որպես պատմաբան եմ ասում, հերթական անգամ մենք տեսնում ենք, որ քրդերն օգտագործվում են, ինչպես Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքերը նրանց օգտագործեցին մեր դեմ: Դեռ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ էլ այլ տերություններ էին օգտագործում: Հիմա էլ հերթական անգամ օգտագործվեցին, ու ոչ մեկը չօգնեց նրանց: ԱՄՆ-ն էլ հայտարարեց, թե քրդերն իրենց դաշնակիցներն են, բայց Թուրքիան իրենց համար շատ ավելի կարևոր է:
-ԱՄՆ-ը և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություններ են, միևնույն «ընտանիքի» անդամների շահերն ավելի կարևոր չե՞ն, քան քրդերին պաշտպանելը:
-Բացի ՆԱՏՕ-ի անդամ լինելուց, Թուրքիան տարածաշրջանում ավելի ուժեղ պետություն է, դրա համար էլ նրանք նախընտրությունը տալիս են Թուրքիային, և հիմա էլ ամերիկացիները հայտարարում են, որ սրանից հետո չեն օգնելու քրդերին, զենք չեն տալու: Այսինքն, թուրքական շանտաժը, ագրեսիան իրենց արդյունքներն են տալիս: Մի կողմից` ռուսները հետ քաշվեցին, մյուս կողմից էլ` ամերիկացիները:
-Սիրիայում ռուսներից ու ամերիկացիներից բացի, մեծ է նաև Իրանի դերակատարումը: Այս իրադրության մեջ իրեն ինչպե՞ս պահեց այս երկիրը:
-Միայն Իրանը պաշտոնապես հայտարարություն արեց և հստակ դատապարտեց այդ գործողությունները:
-Այսուամենայնիվ, Սիրիան վերածվել է թեժ կետի, որտեղ գերտերություններից ամեն մեկն իր նպատակներն ունի, արդյունքում երբեմնի հզոր այդ երկիրն ավերվում է ու զրկվում մարդկային ռեսուրսից: Ի վերջո, ի՞նչ է սպասում այս երկրին:
-Եթե թուրքական ագրեսիան չլիներ, կարելի է ենթադրել, որ կլիներ բանակցային գործընթաց, որը երկու ուղղությամբ զուգահեռաբար էր ընթանում: Մեկն Աստանայի գործընթացն էր, որ Սոչիում պետք է շարունակվեր, այն հովանավորում էին Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, մյուսն էլ, ՄԱԿ-ի հովանու ներքո, ժնևյան բանակցություններն էին, և հիմնական հովանավորն Արևմուտքն էր: Այս երկուսն իրար հետ համատեղ պետք է ընթանային և, ի վերջո, կմիանային, ու ինչ-որ լուծում կգտնվեր, որը բոլոր կողմերին շատ, թե քիչ կգոհացներ: Մինչդեռ Թուրքիան կտրուկ փոխեց իրադրությունը: Այս պահին ես չեմ տեսնում բանակցային գործընթացի հեռանկարները:
-Եթե այս պահին և՛ Թուրքիայի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի շահերը համընկնում են, հնարավո՞ր է Սիրիայի քրդական շարժումը վերջնականապես տապալել:
-Սիրիայի տարածքի 25 տոկոսը քրդերի ձեռքում է: Ընդ որում, նաև այն տարածքներում, որտեղ քրդերը փոքրամասնություն են: Այսինքն, նույնիսկ սուննի արաբներով բնակեցված տարածքներն էլի քրդերի ձեռքում են: Երբ քրդերը ԱՄՆ-ի հետ բանակցում էին, համոզված եմ` հույս ունեին նրանց օգնությամբ Սիրիայում ստեղծելու իրենց պետությունը: Հիմա, երբ ամերիկացիները նրանցից ձեռք են քաշել, դժվար է ասել, թե ինչ կանեն: Քրդերը շատ շատ են, միայն Աֆրինում 1-1,5 մլն մարդ է ապրում, ու մեծ մասը քուրդ է: Նրանց բոլորին հնարավոր չէ ոչնչացնել: Ամերիկացիներն ու ռուսները թուրքերի առաջ կարմիր գծեր են դրել, որ թուրքերը դրանք չանցնեն: ԱՄՆ-ի առումով իրադրությունը ավելի պարզ է, մինչև հիմա էլ նրանք ասում են, որ Աֆրինն իրենց համար կարևոր չէ, այսինքն` այստեղ նրանք հետաքրքրություն չունեն, բայց որ թուրքերն ասում են, թե հաջորդ էտապը լինելու է Մանբիջը, ահա այստեղ ամերիկացիներն իրենց ստրատեգիական հետաքրքրություններն ունեն և հավանական է, որ նրանք թուրքերին թույլ չեն տա գործողությունների դիմել: Այնպես որ, կարծում եմ` թուրքերի առաջ հաստատապես կարմիր գիծ դրվել է: Չնայած Էրդողանը հայտարարեց, որ Ռուսաստանն իրենց առջև ոչ մի նախապայման չի դրել, բայց մի բան կա, որով կփորձեն թուրքերին սանձել: Սակայն մեծ հարց է՝ արդյոք կհաջողվի՞ թուրքերին սանձել: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան շատ հանգիստ բոլոր պայմանավորվածությունները խախտում է: Դրա լավագույն օրինակը Էրդողանի և Ասադի սերտ կապերն էին: Նրանք ընկերացել էին ընտանիքներով, միասին հանգիստ էին անցկացնում, կանայք միասին «շոպինգ» էին անում, մեկ էլ միանգամից շուռ եկան ու թիկունքից հարվածեցին: Այսինքն, թուրքերը, հատկապես Էրդողանի իշխանությունը, շատ անհուսալի են, ամեն րոպե կարող են պայմանավորվածությունները խախտել: Դրա համար մեծ տերությունները՝ և՛ ՌԴ-ն, և՛ ԱՄՆ-ը, կարծում եմ, մեծ սխալ են անում, որ թուրքերին այսքան հնարավորություն են տալիս: Ես մտավախություն ունեմ, որ այն տարածքներից, ուր թուրքերը մտնեն, այլևս դուրս չեն գա: Մի հանգամանք էլ կա. Էրդողանն արագ տեմպերով փորձում է ստեղծել նոր Թուրքիա, իսկ երբ հետևում ես թուրքական մամուլին, բազմաթիվ հրապարակումներ կան, թե դա իրենից ինչ է ներկայացնում: Տպվում է նաև քարտեզը, որտեղ Սիրիայի հյուսիսային շրջանները, նույնիսկ Հալեպը, մտնում են Թուրքիայի կազմի մեջ: Իմա՝ նրանք այսպիսի հեռահար նպատակներ ունեն, մի կողմից` հարված հասցնել քրդական շարժմանը, մյուս կողմից` հարվածել Ասադի կառավարությանը, որովհետև վախենում են միասնական Սիրիայից (այն էլ Ռուսաստանի և Իրանի ազդեցության տակ): Չնայած, մյուս կողմից էլ, վերջիններիս էլ է ձեռնտու Սիրիայի պառակտումը, որպեսզի հյուսիսային շրջանների մի մասն էլ նրանք պոկեն:
-Բայց Թուրքիայի թիկունքն արդյո՞ք ամուր է: Նրանք ներսում ևս քրդական հարց ունեն: Որոշ ժամանակ առաջ ակտիվ քննարկվում էր, որ հնարավոր է Թուրքիան մասնատվի: Թուրքիան մտավախություն չունի՞, որ իր ներսի քրդերը ևս կարող են «գլուխ բարձրացնել»:
-Ճիշտն ասած, ոչ միայն Թուրքիան չունի այդ մտավախությունը, ես էլ կարծում եմ, որ նման բան չի լինելու: Հիմա դա իրատեսական չէ: Թուրքական բանակը «Քրդական բանվորական կուսակցությանն» ուղղակի պարտության մատնեց և կարողանում է հսկողության տակ պահել իրադրությունը՝ առանց մեծ կորուստների: Չպետք է գերագնահատել քրդական շարժման ուժը: Իմ ընկալմամբ, դեռ քրդերի ազգային ազատագրական պայքարի փուլը չի սկսվել, այսինքն՝ տարբեր երկրներում ապրող քրդերը, ասում են, 40 մլն են, որոնք չեն տոգորվել պետություն ստեղծելու, պայքարելու գաղափարներով, փոքր մասն է այդ պայքարի մեջ: Դեռ այդ ժողովրդի ինքնագիտակցությունը չի հասունացել: Ասում են` Թուրքիայում շուրջ 20 մլն քուրդ է ապրում։ Եթե անգամ 15 կամ 10 մլն լինեին, ազգային ազատագրական պայքար սկսվեր, Թուրքիայից բան չէր մնա: Բայց նման բան չկա, փոքր խմբեր են, որոնք կապված են Քրդստանի բանվորական կուսակցության հետ, շատ փոքր մտավորականություն ունեն, նոր-նոր են ստեղծում ազգային գաղափարներով տոգորված մտավորականություն, քիչ են, դեռ ժամանակ պետք է անցնի:
-Քանի որ Թուրքիան անպատժելի պետություն է, իրեն թույլ է տալիս ցանկացած ագրեսիա, հնարավո՞ր է ղարաբաղյան հակամարտությանը ևս խառնվի: Հայտնի է, որ Թուրքիան մշտապես ցանկություն է հայտնում դառնալու բանակցային կողմ։ Ըստ Ձեզ, գերտերություններն այս հարցու՞մ էլ կընդառաջեն նրան:
-Մի կողմ թողնենք գերտերությունների ցանկությունները, բանակցություններում միջնորդ լինելու համար հարկավոր է բանակցող երկու կողմերի հավանությունը ստանալ: Հայաստանը, Արցախը երբեք դրան հավանություն չեն տա, այս դեպքում պարզապես հնարավոր չէ միջնորդական առաքելություն իրականացնել, որովհետև Թուրքիան բացահայտ աջակցում է ադրբեջանական կողմին: Մեծ տերությունների խաղերը, ինտրիգները թողնենք, այդ միջնորդությունը հավանական չէ:
-Մեր տարածաշրջանում թուրքական վտանգ, այդուհանդերձ, չկա՞:
-Մտավախությունը միշտ էլ կա, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի նկատմամբ իրականացնում է ճնշման, հարկադրման քաղաքականություն: Նախապայմաններ է դնում, որ Հայաստանը փոխի իր քաղաքական որոշումը: Քիչ պատահող քաղաքականություն է, երբ երկու երկրներից մեկը բացահայտ ճնշում է մյուսին: Սա ժամանակակից աշխարհում երկկողմանի միջպետական հարաբերություններում շատ քիչ տոկոս է կազմում: Թուրքիան այսպիսի քաղաքականություն է ընտրել: Ասել է՝ մենք ունենք անկանխատեսելի հարևան` Էրդողանի նման ղեկավարով (վերջինս շատ խարիզմատիկ է, մեծ հեղինակություն ունի, շատ բան հենց նրա վրա է հիմնված, արկածախնդիր մարդ է և այսպիսի բաներ անել կարող է աշխարհում), ունի հզոր բանակ, լավ տնտեսություն, քաղաքական առումով մեծ խաղերի մեջ է, իհարկե, այդ երկրից մշտապես վտանգ կա: Բայց առավել իրատեսական վտանգ կլինի, եթե Թուրքիան, իր շահերից ելնելով, Ադրբեջանին օգտագործի, հրահրի մեր դեմ:


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ