Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մարդ էր իր ամեն բանով»

«Մարդ էր իր ամեն բանով»
26.01.2018 | 09:46

Մահվան իրողությունից մտքերս ցաքուցրիվ են, հուշերս` դրվագային, խոսքս էլ լինելու է անավարտ…
Մենք մեկմեկու հետ մշտապես «դուք»-ով ենք խոսել, և դա ձևական չէր, դա ճշտիվ արտահայտում էր փոխադարձ հարգանքի վրա հիմնված մեր հարաբերությունները: Այո, ընկերներ չէինք, բայց բարեկամներ էինք ու համախոհներ:


Ծանոթացել էինք 2012-ին: Գրքերիցս մեկը պիտի թարգմանվեր թուրքերեն, բոլոր թարգմանիչները հրաժարվեցին, իսկ ինքը` ծանոթանալով բնույթին, մեծ ուրախությամբ ու պատրաստակամորեն հանձն առավ: Սարգիս Հացպանյանը, որին մինչ այդ ճանաչում էի որպես հասարակական, քաղաքական գործչի, ինձ զարմացրեց իր ահռելի գիտելիքներով, ժայթքուն եռանդով ու բարեխղճությամբ: Երբ թարգմանությունը պիտի ուղարկվեր տպարան, վերջին պահին վերնագրում մի բառ իրեն չբավարարեց: Զանգահարեց երեք-չորս հոգու ու բառը ճշտեց: Նկատեցի, որ, որպես թարգմանիչ, իր անունը չկար, նշել էր երեխաների անունը` Մարիամ Արփի և Նաիրի Արեգ: Հարցրի, պատասխանեց. «Ձեր գիրքը Թուրքիայում մեծ արձագանք կունենա, չեմ ուզում, որ անուն-ազգանվանս պատճառով խնդիրներ ծագեն»: Բանը դրանով չավարտվեց, գրքի լույսընծայումից հետո ծանոթացրեց Ստամբուլի «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքոլուի հետ և մեկ ժամից ավելի թարգմանչի դեր կատարեց:


Եվ ես հասկացա, որ նա մարդուն գնահատում է նրա Գործով, նրա գլխավոր չափանիշը այն Գործն էր, որ ուներ ազգային-պետական արժեք: Կարծում եմ, որ այս նշաձողով առաջնորդվելով էր, որ պաշտում էր Արցախյան ազատամարտի իր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին:
Այդպե՛ս սկսվեց մեր բարեկամությունը, որն, ավա՜ղ, կարճ տևեց:
Մի քանի տարի առաջ ասաց, որ երբեք չի ծխել ու չի խմել, քաղց էլ չի զգում, այլ նայում է ժամացույցին ու հասկանում` ինչ-որ բան պիտի ուտի: Երանի՜ այն ժամանակ իմանար, որ հիվանդ է…
Համոզեցի, որ հանդես գա «Իրատեսի» էջերում: Ծանոթացրի գլխավոր խմբագրի հետ, պայման դրեց, թե` գրելու ժամանակ չունեմ, ես կխոսեմ, թող ձեր լրագրողը տեքստի վերածի: Այդպես էլ եղավ, ու ծնվեց մի ամբողջ հոդվածաշար: Թող ինձ ներեն գործընկերներս, բայց կարծում եմ, որ Սարգիս Հացպանյանի այդ հոդվածները ամենածանրակշիռ ու լրջմիտ հրապարակումներն են, որ տպագրվել են թերթում:


Հպարտանում էր Հայաստանի քաղաքացի լինելու փաստով, անձնագիրն էր ցույց տալիս, բայց ապիկար պաշտոնյաների անհանդուրժող, անզիջում, ամբարիշտ քննադատն էր: Ա՛յդ էր պատճառը, որ նրա առջև փակ էին բոլոր պետական դռները: Սակայն նրա ձեռքում էին հազարավոր մարդկանց սրտի ու մտքի բանալիները…
Հրաժեշտի այս խոսքս կուզենայի ավարտել` դիմելով անձամբ իրեն.
-Սարգիս, թույլ տուր առաջին ու վերջին անգամ քեզ դիմել «դու»-ով: Անկասկած, դու դասվելու ես հայոց մտքի ընտրյալների շարքում: Դու ունեիր մարդու գնահատման քո չափանիշը, բայց քո ապրած կյանքով թողեցիր նոր չափանիշներ: Հիշու՞մ ես` ինչ էր ասում Շեքսպիրի Համլետը. «Մարդ էր, Հորացիո, իր ամեն բանով»: Դու էլ մարդ էիր քո ամեն բանով, բայց առաջին հերթին` ազգիդ, պետությանդ ու ճշմարտությանը անմնացորդ նվիրվածությամբ:
Մնա՜ս բարով, հանգչիր խաղաղությամբ…


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 6168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ