Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բռնկված նոր պատերազմը դեռ շատ արյուն է հեղելու

Բռնկված նոր պատերազմը դեռ շատ արյուն է հեղելու
26.01.2018 | 10:08

Հունվարի 19-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին հայտարարել է, որ այդ պետությունը սկսել է բանակի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի շրջանում: Թուրքիայի բանակը Աֆրինում գնդակոծել է «Սիրիայի դեմոկրատական միություն» կուսակցության ուժերի դիրքերը: Իր հերթին, քրդական կողմը նույն օրը հայտնել է, որ թուրքական զորքերը հունվարի 19-ի կեսգիշերից սկսել են ականանետային հարձակումները քրդական գյուղերի ուղղությամբ, հարվածել Աֆրինի շրջանի բազմաթիվ թիրախների` տեղի բնակչությանը նյութական վնաս պատճառելով: Քրդերը հունվարի 19-ին հայտարարել են, որ պատասխանելու են հարձակումներին:
Թուրքիայի պաշտպանության նախարարը ռազմական գործողությունը բացատրել է քրդերի կողմից Թուրքիայի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների օրեցօր աճով, նաև հայտնել, որ Անկարան Աֆրինի գործողությունների վերաբերյալ ու հավանական զոհերի թիվը կրճատելու նպատակով բանակցում է Սիրիայի վրա ազդեցություն ունեցող բոլոր երկրների հետ: Տեղեկացնենք, որ խոսքը մասնավորապես Ռուսաստանի, թերևս նաև Իրանի մասին է, որպեսզի նրանք ազդեցություն գործեն Բաշար Ասադի վրա ու բացառեն Աֆրինի ու շրջակա բնակավայրերի պաշտպանության նպատակով Սիրիայի զինուժի հարվածը թուրքական բանակին:


Խնդիրն այն էր, որ Թուրքիայի պաշտպանության նախարարի վերոնշյալ հայտարարության նախօրեին, լիբանանյան «Ալ-Մայադին» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆեյսալ Միքդադը, մտահոգություն հայտնելով Թուրքիայի զինուժի տեղաշարժերի կապակցությամբ, Անկարային զգուշացրել էր` ասելով. «Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը վերականգնել են իրենց հզորությունը և պատրաստ են պատասխանելու Թուրքիայի ցանկացած օդային ագրեսիայի»:
Միքդադն ասել էր նաև. «Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացի վերահսկման դիտորդներից մեկը համարվող Թուրքիայի ռազմական տեղաշարժերն ավելի են բարդացնում այս երկրի իրավիճակը, քանի որ Անկարան հանդես է գալիս Սիրիայի դեմ ահաբեկչական խմբավորման դերում»:


Թուրքական «Haberler.com» լրատվական կայքի տեղեկացմամբ, Սիրիայի պետական հեռուստաընկերության եթերից արած հայտարարության մեջ Միքդադը նշել է, որ Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվելիք ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես հարձակում:
«Սիրիայի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է ոչնչացնելու թուրքական ռազմական ինքնաթիռները, եթե դրանք փորձեն որևէ հարձակում իրականացնել»,- ասել է Սիրիայի փոխարտգործնախարարը:
Վերջինս Թուրքիային զգուշացրել է, որ ռազմական գործողություն սկսելու յուրաքանչյուր նախաձեռնություն, համաձայն միջազգային իրավունքի նորմերի, դիտարկվելու է որպես ագրեսիայի ակտ թուրքական բանակի կողմից:
Դատելով այն փաստից, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերն առայսօր կրակ չեն բացել թուրքական թեկուզ մեկ ռազմական ինքնաթիռի վրա, կարելի է եզրակացնել, որ Թուրքիային բանակցությունների արդյունքում տրվել է իր ուզած երաշխիքն առ այն, որ թուրքական ռազմական ինքնաթիռները չեն խփվի Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Իրադարձությունների հետագա զարգացումը վկայում է, որ Սիրիայի ղեկավարության վրա հիշյալ նպատակով Ռուսաստանի ազդեցությունը եղել է արդյունավետ, թեև հնարավոր է նաև, որ Սիրիայի փոխարտգործնախարարի վերոնշյալ հայտարարությունն ի սկզբանե ունեցել է քրդերի թեկուզ մի մասին իր դեմ չգրգռելու (իբր թե ուզում էինք ձեզ պաշտպանել, բայց հետո հասկացանք, որ մեր ուժերը բավարար չեն դրա համար) կամ նախասահմանվածից այն կողմ անցնելու անթույլատրելիությունը Թուրքիային զգուշացնելու, այդ դեպքում նրան ատամներ ցույց տալու պատրաստակամությունը հայտնելու զուտ քաղաքական նպատակ:


Հունվարի 20-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը, այնուհետև Թուրքիայի բանակի գլխավոր շտաբը հայտարարեցին, որ Սիրիայի Աֆրին քաղաքում քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը սկսվել է: Թուրքիան այդ կազմավորումները համարում է ահաբեկչական:
«Մենք շատ արագ կվերջացնենք այդ գործողությունը, ահաբեկիչները փախչում են, և մենք բոլորս նրանց քշելու ենք,- ասել է Էրդողանը:- Նրանց հարվածում են մեր ինքնաթիռները, հիմա սկսվել է արդեն ցամաքային փուլը, մենք իրականացնում ենք գործողություն` մեր սահմանները պաշտպանելու համար, և թող Ալլահն օգնի մեր զինվորներին»:
Էրդողանը հայտնել է նաև, որ Աֆրինում ռազմական գործողությունների ավարտից հետո դրանք շարունակվելու են քրդերի կողմից վերահսկվող Մանբիջում: Անկարան միաժամանակ համոզմունք է հայտնել, որ Սիրիայում իր խնդիրները կարող է լուծել արագ` խուսափելով երկարատև ռազմարշավից, որը կարող է Թուրքիայի լուրջ կորուստների պատճառ հանդիսանալ: Սակայն արդեն իսկ որոշակի հիմքեր կան կասկածելու, որ Թուրքիան Սիրիայում իր ռազմական գործողությունները մտադիր է կամ, թեկուզ, կարող է արագ ավարտել: Օրինակ, չնայած Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե «Թուրքիայի բանակն իրագործել է այդ հարձակման նպատակների 95 տոկոսը և միայն ահաբեկիչներին է թիրախ դարձնում», Մոսկվայում Սիրիական Քրդստանի ներկայացուցիչ Ռոդի Օսմանը հունվարի 23-ին «ՀԼԸ ծՏՉՏրՑՌ»-ին հայտնել է, որ սիրիական քրդերը թուրքական բանակին ստիպել են լքել Աֆրինի տարածքը: Նրա խոսքով, թուրքական զորքերն ու նրա հետ կապված խմբավորումները փորձել են ռազմաօդային ուժերի աջակցությամբ հարձակվել Աֆրինի շրջանում քրդերի դիրքերի վրա, սակայն «Սիրիական դեմոկրատական ուժերը» (ՍԴՈՒ) հարվածել են թուրքական զորքերի ու նրանց հետ քրդերի վրա հարձակված «Սիրիական ազատ բանակի» գրոհայինների 5 դիրքերին, Ռաջոյի շրջանում` նրանց 3 դիրքերին, Բիլբիլի շրջանում` 2 դիրքերին: Մոսկվայում Սիրիական Քրդստանի ներկայացուցիչը հաստատել է, որ արդյունքում թուրքական զինվորականները Աֆրինի գավառի տարածքում ստիպված են եղել նահանջել: Քրդերի ներկայացուցչի տվյալներով, մարտերի արդյունքում զոհվել է թուրքական 10 զինվորական և շուրջ 20 հոգի` թուրքամետ «Սիրիական ազատ բանակի» գրոհայիններից:


«Որոշ տվյալների համաձայն, Ազազ են բերել (ընդդիմության հսկողության տակ գտնվող սիրիական քաղաք.- Ա. Հ.) սպանված 18 գրոհայինների մարմիններ»,- ասել է Ռոդի Օսմանը և հավելել, որ զոհվել է նաև Աֆրինի 18 խաղաղ բնակիչ, ևս 16 քաղաքացի վիրավորվել է:
Կասկածից դուրս է, որ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունները Թուրքիայի համար դյուրին չեն լինելու, քանի որ ԱՄՆ-ը քրդերին լավ զինել է:
Թուրքիայի բանակի գլխավոր շտաբից տեղեկացրել են, որ բանակի գործողության նպատակներն են Թուրքիայի սահմանների պաշտպանությունը, տարածաշրջանում անվտանգության ապահովումը, քուրդ աշխարհազորայինների և «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարը: «Ձիթենու ճյուղ» ծածկանվամբ ռազմական գործողության շրջանակում թուրքական ավիացիայի գրոհը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին: Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի տվյալների համաձայն, Աֆրինի շրջանում «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում առաջին իսկ օդային հարձակման ընթացքում օգտագործվել է 72 ինքնաթիռ, որոնք խոցել են 108 թիրախ: Ինքնաթիռները հարվածներ են հասցրել Հալեպ քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք 60 կմ հեռավորության վրա գտնվող Աֆրին քաղաքի մերձակա գյուղերին: Քրդական կողմն ավելի ուշ հայտնել է, որ ավիահարվածներից զոհվել է 9 մարդ, որից 6-ը` խաղաղ բնակիչ:


Ընդգծենք, որ Թուրքիայի բանակի հետ մեկտեղ գործում են նաև Թուրքիայի կողմից աջակցվող, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակի» գրոհայինները, այլ կերպ ասած, Բաշար Ասադի վարչակարգին ընդդիմադիր, նրա դեմ ապստամբած Սիրիայի ընդդիմության ջոկատները:
Ավելի վաղ Թուրքիայի ուժայինները հայտնել էին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի բանակի զրահատեխնիկայի տեղակայման մասին: Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումներին հովանավորելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունից հետո Թուրքիան ի լուր աշխարհի հայտնեց թուրք-սիրիական սահմանին, մասնավորապես՝ Հաթայ, Քիլիս և Մարդին նահանգներում իր զինված ուժերի ու զինտեխնիկայի տեղակայման մասին: Ավելին, Թուրքիան հայտարարեց, որ անպայման նոր ռազմական գործողություն կիրականացնի Սիրիայում, եթե ԱՄՆ-ը չդադարեցնի իր աջակցությունը քրդերին:


Թուրքիայի ղեկավարությունը համոզված է, որ քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (YPG) և քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին հովանավորում են արտերկրի ուժերը (մասնավորապես՝ ԱՄՆ-ը), ինչպես նաև Թուրքիայի «Քրդական աշխատավորական կուսակցությունը», որոնք բոլորը նպատակ ունեն Սիրիայի հյուսիսում ստեղծել ու հռչակել քրդական անկախ պետություն: Հարձակումից առաջ Թուրքիայի նախագահը Սիրիայի հյուսիսում քրդական ուժերին կոչ էր արել հանձնվել ու սպառնացել, որ հակառակ պարագայում պոկվելու են նրանց գլուխները: Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել էր, որ հունվարի 21-ին Աֆրինում կարող են ցամաքային ռազմական գործողություն սկսել:
Հունվարի 21-ին ԶԼՄ-ներում արդեն տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ թուրքական զրահատեխնիկան Սիրիայում առաջ է շարժվել 3,5 կմ, Սիրիա են ուղարկվել նաև հատուկ նշանակության ջոկատներ ու հաուբիցներ: Այնուհետև տեղեկություններ հրապարակվեցին Սիրիայի տարածքից անհայտ ուժի կողմից թուրքական Քիլիս քաղաքի վրա 3 հրթիռի արձակման, դրա պատճառով մեկ մարդու վիրավորվելու և մի շարք շինությունների վնասման, Սիրիայում քրդերի կողմից թուրքական հինգ տանկ, իսկ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից հարյուրավոր նշանակետեր խոցելու, Սիրիայի տարածքում թուրքական զինուժի էլ ավելի խորանալու մասին: Որոշ ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Հալեպի հյուսիսային արվարձանում Թուրքիայի բանակի հրետանային հարձակման թիրախ են դարձել բնակելի շենքերը, Թուրքիան հրետակոծել է Աֆրինի տարածքում գտնվող գյուղերը: Թուրքական զինվորականները հունվարի 23-ին հաղորդեցին, որ Աֆրինում ոչնչացվել է քրդական զինված կազմավորումների առնվազն 260 անդամ:


Նույն օրը ՍԴՈՒ-ի (այս կազմակերպության հիմքը կազմում են քրդական աշխարհազորայինները) հրամանատարությունը հաղորդեց քրդական աշխարհազորայինների ու թուրքական բանակի միջև կատաղի մարտերի շարունակման մասին: Բախումը շարունակվում է Հալեպի մարզի Աֆրինի գավառի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաջոյի շրջանում: ՍԴՈՒ-ի տեղեկացմամբ, քրդական ուժերը ոչնչացրել են 37 «թուրքամետ գրոհայինների» (խոսքը «Սիրիական ազատ բանակի» գրոհայինների մասին է), երկու զրահամեքենա և ռազմական ավտոմեքենա: ՍԴՈՒ-ի հրամանատարությունը հայտնել է նաև, որ թուրքական ինքնաթիռները հարված են հասցրել Ռաջոյի շրջանում, զոհվել է չորս խաղաղ բնակիչ, ևս 14-ը վիրավորվել են, թուրքական հրետանին շարունակել է այդ շրջանում քրդական դիրքերի հրետակոծումը:
Ցավոք, Աֆրինում նաև հայ է վիրավորվել, Թուրքիայի ռազմական գործողությունների ընթացքում ռումբն ընկել է նրա տան վրա:


Կատաղի բախումները շարունակվում էին նաև Ռասմ Ալ-Խամամի շրջանում: ՍԴՈՒ-ի հայտարարության համաձայն, այստեղ իրենց կողմից ոչնչացվել է իսլամիստական «Սամարղանդ» գումարտակի հրամանատար Ֆայադ Ալ-Խալֆը: Տեղեկացնենք նաև, որ թուրքական բանակը Սիրիայում արդեն գրավել է մոտ յոթանասուն բնակավայր, առնվազն 3 ռազմավարական բարձունք, առանց որի Աֆրինի վրա հարձակվել հնարավոր չէր լինի: Զոհերի թիվը գնալով աճում է:
ՈՒշագրավ են Սիրիա Թուրքիայի ներխուժման առնչությամբ Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի պաշտոնական արձագանքները: Չնայած նրան, որ ՌԴ-ն հետաքրքրված է, որ Սոչիում հունվարի 30-ին կայանալիք Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին մասնակցեն նաև քրդերը, Ռուսաստանը Թուրքիայի գործողությունները չդատապարտեց, այդ առնչությամբ սահմանափակվեց ընդամենը մտահոգություն հայտնելով, նաև հաստատեց, որ ռուս զինվորականները Թուրքիայի զինուժի գործողություններից առաջ իրենց անվտանգության համար հեռացել են Աֆրինից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի արտգործնախարարությունն Անկարայում հավատարմագրված Ռուսաստանի և Իրանի դեսպաններին իրազեկել է Աֆրինում Թուրքիայի բանակի գործողությունների մասին: Ավելին, վերջերս Մոսկվա Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի և հետախուզության ղեկավարների կատարած այցելությունները ցույց տվեցին, որ Թուրքիայի գործողությունները համաձայնեցված են Կրեմլի հետ:


Սիրիայի տարածքային ամբողջականության սկզբունքը մնում է հիմնարար, Կրեմլն ուշադրությամբ հետևում է Աֆրին քաղաքում թուրքական բանակի գործողություններին: Վաշինգտոնի կողմից աջակցվող ջոկատների նկատմամբ իրականացվող գործողությունների առնչությամբ Մոսկվայի այս պաշտոնական դիրքորոշման մասին օրերս հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանը քննարկում է Աֆրինում տեղի ունեցող զարգացումները: Նա տեղեկացրել է նաև, որ ռուսական զինվորականները Սիրիայում սկսված ռազմական գործողությունների առնչությամբ մշտական շփումների մեջ են ինչպես Սիրիայի, այնպես էլ Թուրքիայի ղեկավարության հետ: Նախկինի պես հիմնարարը և առաջնայինը համարվում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը:
Կարճ ասած, Ռուսաստանը դեմ չէ Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողություններին, քանի որ ԱՄՆ-ը քրդերին զինել է Անկախ Քրդստան հռչակելու, Սիրիայի իշխանության դեմ ելնելու և այդ երկրի մասնատման նպատակով, սակայն կտրականապես հակազդելու է Թուրքիային, եթե վերջինս նախորոշված ռազմական գործողություններից հետո փորձի մնալ Սիրիայում և օկուպացնի նրա տարածքի մի մասը:


Թուրքիայի հանդեպ մի քիչ ավելի կոշտ, բայց գրեթե նույնն է նաև Իրանի դիրքորոշումը: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին հունվարի 21-ին Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Խուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկելով Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի բանակի գործողությունները, ընդգծել է. «Սիրիայի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը չպետք է խաթարվեն, և Անկարան պետք է ընդգծի, որ որևէ հավակնություն չունի Սիրիայի տարածքի հանդեպ»:
Նույն օրը կարևորելով Սիրիայի ազգային իշխանության հարգումը, Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին հավաստել է. «Իրանը հուսով է, որ շուտով ավարտվելու է Աֆրինի գործողությունը, և Սիրիայի ու Թուրքիայի սահմանային լարվածությունները դադարելու են»:
Ընդգծելով Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և ազգային անվտանգության հարգման անհրաժեշտությունը, Բահրամ Ղասեմին նշել է. «ԻԻՀ-ը մոտիկից դիտարկում է Աֆրինի զարգացումները»:


Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղարը հավելել է նաև, որ «Աֆրինում ճգնաժամի շարունակումը կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսային շրջանում թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի վերստեղծմանը, և այդ տարածքում կրկին կարող է բռնկվել պատերազմը»:
Բահրամ Ղասեմին միաժամանակ կոչ է արել միջազգային հանրությանը և բոլոր երկրներին` զերծ մնալ ցանկացած քայլից, որը խրախուսելու է ահաբեկիչներին և հզորացնելու է այդ տարածաշրջանին միջամտող ուժերի անօրինական ներկայությունը: Մոհամմեդ Բաղերիի հիշյալ պահանջից, դրան համահունչ Ռուսաստանի հրապարակային դիրքորոշումից, Բահրամ Ղասեմիի վերոնշյալ հայտարարությունից հետո Թուրքիան հայտարարեց, որ Աֆրինում իր ռազմական գործողություններն ավարտելուց հետո դուրս է գալու այնտեղից ու մտադիր չէ օկուպացնելու Սիրիայի տարածքը: Սակայն, արդեն բոլորովին այլ խնդիր է, թե կարելի՞ է վստահել Թուրքիայի նման հավաստիացմանը:


Սիրիայի հյուսիսում թեև այլ ուժերի միջև, բայց պատերազմը վերսկսվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հետպատերազմական Սիրիայի տարածքի մի մասի վրա հսկողություն սահմանելու նպատակով հայտարարեց, այսպես ասած, սահմանային պահպանության քրդական ուժերի հենքի վրա 30-հազարանոց զորակազմ ստեղծելու մտադրության մասին: Թուրք-սիրիական սահմանի պահպանությունը ԱՄՆ-ի համար, իհարկե, ձևական բնույթ ուներ և ունի: Միացյալ Նահանգներն աշխարհին այնպես է ներկայացրել, թե «Իսլամական պետության» դեմ պայքարում քրդերին դիտարկում է որպես արդյունավետ ցամաքային ուժ, և իբր այդ նպատակով է նրանց աջակցություն ցուցաբերել ու ցուցաբերում: Սա բլեֆ է, որի նպատակը քրդերին արդիական զենք ու զինամթերք փոխանցելու իրական նպատակները թաքցնելն է: Նաև այն տեսակետն է հրապարակվել, թե Միացյալ Նահանգները սկզբում թերագնահատել, իսկ հետո պարզապես անտեսել է քրդերին զինելով Թուրքիայի սահմանների մոտ անկայունության օջախ ստեղծելու առնչությամբ այդ պետության անհանգստությունը: Սակայն, կարծում ենք, ԱՄՆ-ն իրականում ոչինչ էլ չի թերագնահատել, և այն, ինչ անում է Միացյալ Նահանգները, նման է նախապես շատ լավ պլանավորված շախմատային խաղի, այսինքն` ԱՄՆ-ին նախապես շատ լավ հայտնի էր ու պետք էր Թուրքիայի զինուժի ներխուժումը Սիրիա: Ինչու՞…


Եթե վերոնշյալ հարցին պատասխանենք չափազանց հակիրճ, ապա Միացյալ Նահանգները նպատակ ունի հասնելու Սիրիայի մասնատմանը, ակտիվացնելու այդ երկրում ջախջախված, բայց դեռ լիովին չոչնչացված ահաբեկչական կազմակերպությունները կամ վերջիններիս մնացորդների վրա վերստեղծելու դրանք, կտրուկ սրելու ռուս-թուրքական և իրանա-թուրքական հարաբերությունները և դրանք վերածելու թշնամականի, ինչպես նաև Ռուսաստանը և Իրանը ներքաշելու բազմակողմ ու նախորդից թերևս էլ ավելի ծանր նոր պատերազմի մեջ: Այս ամենի վերաբերյալ, իհարկե, կան համապատասխան հիմնավորումներ, սակայն դրանք արդեն մեկ այլ հրապարակման նյութ են:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ