Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանում չեն ապահովվում աշխատողի նվազագույն պահանջմունքները

Հայաստանում չեն ապահովվում աշխատողի նվազագույն պահանջմունքները
26.01.2018 | 10:13

Հայաստանը, 1992 թ. մարտի 2-ին անդամակցելով ՄԱԿ-ին, ստորագրել և վավերացրել է միջազգային մի շարք իրավական ակտեր, որոնցից է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի այնպիսի կենսամակարդակի իրավունք, որը բավարար է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և անհրաժեշտ սոցիալական ծառայությունները, ինչպես նաև գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում ապահովված լինելու իրավունք»: Նման կենսամակարդակի իրավունք է սահմանում նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, որի պահանջով մասնակից պետությունները պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկեն այդ իրավունքների իրականացումն ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով նշված միջազգային փաստաթղթերը, պարտավորվել է միջոցներ ձեռնարկել բնակչության բավարար կենսամակարդակի ապահովման համար:

ԿՅԱՆՔՆ ՕՐԵՑՕՐ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
Հայաստանում տարեցտարի արձանագրվող պարենամթերքի գների բարձրացումն առաջին հերթին ազդում է բնակչության կենսապայմանների և բարեկեցության վրա: Գնաճի ֆոնի վրա բնակչությանն առավել շատ հուզում է այն հարցը, թե իրականում ինչքանով է թանկացել իրենց կյանքը: Մինչդեռ պաշտոնական վիճակագրության կողմից հրապարակվող պարենային շուկաներում գների տատանումները լիարժեք չեն կարող ներկայացնել, թե իրականում ինչպես են փոփոխվում մարդկանց կենսապայմանները: Հայաստանում, ինչպես և աշխարհի մի շարք երկրներում, բնակչության կենսամակարդակի գնահատման համար օգտագործվում է կենսապահովման նվազագույն զամբյուղ հասկացությունը, որը լայնորեն կիրառվում է երկրի սոցիալական քաղաքականությունը մշակելիս: Կենսապահովման նվազագույն զամբյուղի օգնությամբ են հիմնավորվում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, նպաստների ու սոցիալական այլ վճարների չափերը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հաշվարկում է ըստ ՀՀ առողջապահության նախարարության մշակած սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի։ Պարենային զամբյուղը ներառում է 11 անուն սննդամթերք (հաց, ալյուր, մակարոնեղեն, ձավարեղեն, ընդեղեն, մսամթերք, կաթնամթերք (կաթ, կաթնաշոռ, պանիր), կարտոֆիլ, բանջարեղեն, միրգ, շաքար, ձու, բուսական յուղ, մարգարին, ձուկ) այնպիսի քանակությամբ, որն ապահովում է օրական 2 412,1 կկալ էներգետիկա՝ 1 շնչի հաշվով։ 2017 թ. 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի արժեքը կազմել է 31407,8 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 55,591,9 դրամ: Մինչդեռ 2016 թվականի 4-րդ եռամսյակի ընթացիկ գներով՝ պարենային զամբյուղի արժեքը 30 934,3 դրամ էր, իսկ նվազագույն սպառողական զամբյուղինը՝ 54 753,7 դրամ։ Ինչպես տեսնում ենք՝ գնաճն ակնհայտ է, որքան էլ իշխանությունները փորձեն անտեսել փաստը:


Իրավական պետություն համարվող Հայաստանի Հանրապետության պարտավորությունները մնում են թղթի վրա: 2004 թ. ընդունվել է «Կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որի 4-րդ հոդվածի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում կենսապահովման նվազագույն բյուջեի սահմանումը նպատակ ունի՝
1. գնահատել ՀՀ-ի բնակչության կենսամակարդակը,
2. կենսամակարդակի գնահատված ցուցանիշներն օգտագործել պետական սոցիալական քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս,
3. հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը,
4. որոշել չհարկվող եկամտի չափը:
Իսկ նշված օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «ՀՀ-ում կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար»:
Սակայն մինչ օրս նշված օրենքը չի կիրառվում: Մինչդեռ գների վերջին բարձրացումները և ահագնացող գնաճը կարող են հանգեցնել աղքատության մակարդակի աճի:
Հայաստանի Հանրապետությունը 2004 թ. վավերացրեց Աշխատանքի միջազգային կազմակերպության «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» թիվ 131 Կոնվենցիան, պարտավորվելով ներդնել նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգ, և հաշվի առնելով կյանքի արժեքը և տնտեսական պայմանները` այն ժամանակ առ ժամանակ պետք է վերանայեր:


Ինչպես վերը նշվեց, 2017 թ. 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի արժեքը կազմել է 31407,8 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 55,591,9 դրամ, մինչդեռ հանրապետությունում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է: Ստացվում է, որ գնաճի այս սարսափելի մարաթոնում նվազագույն աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացու աշխատավարձն անգամ չի բավարարի կոմունալ վճարների և առողջապահության նախարարության սահմանած օրգանիզմի թեկուզ նվազագույն էներգետիկան ապահովելու համար:
Այսինքն, նվազագույն աշխատավարձը, որը պետության սահմանած կարևորագույն երաշխիքներից է, Հայաստանում չի կատարում իր գործառույթը, չի ապահովում աշխատողի նվազագույն պահանջմունքները:
ՈՒ մինչ Հանրային խորհուրդն ու մի շարք շահագրգիռ կազմակերպություններ քննարկում են գնաճի պատճառներն ու հատկապես խոցելի խմբերի սոցիալական բեռը թեթևացնելու ուղիներ փնտրում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կարծում է, որ նշված խնդրի կանոնակարգման գործիք կարող է հանդիսանալ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումը: Վկայակոչելով Աշխատանքի միջազգային կազմակերպության հրատարակած «Նվազագույն աշխատավարձի սահմանման հիմունքները» ձեռնարկը, որում նշված է, որ տարբեր երկրներում նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումը կատարվում է տարբեր հաճախականությամբ՝ յուրաքանչյուր տարի, երկու տարին մեկ անգամ և չսահմանված հաճախականությամբ, ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը նշում է, որ մեր երկրում ՀՀ ԱՕ-ի 182-րդ հոդվածով սահմանված պահանջը՝ աշխատավարձի ինդեքսավորումը օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարվում, մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով բնակչության մոտ 30 %-ը համարվում է աղքատ, որոնց թվում ընդգրկված են նաև աշխատող աղքատներ:


-Սոցիալական ճգնաժամի խորացումն անխուսափելի է առհասարակ բոլոր տեսակի թանկացումների դեպքում, որին հաջորդում են աշխատողների, նրանց ընտանիքների անդամների և, առհասարակ ողջ բնակչության կենսամակարդակի անկումն ու անապահով ընտանիքների քանակի աճը: Այս իրավիճակին մենք առնչվում ենք ամեն անգամ, երբ տարբեր պատրվակներով սկսվող թանկացումների նիշը մնում է անփոփոխ: Թանկացումներ եղել են նաև էլեկտրաէներգիայի, գազի սակագնի քանիցս բարձրացման առիթով, որին հաջորդած լայն սպառման ապրանքների և ծառայությունների գնաճը կարելի էր կանխել անհրաժեշտ մեխանիզմների կիրառման դեպքում, ինչպիսին է, օրինակ «Աշխատավարձի ինդեքսավորման մասին» օրենքի ընդունումը, որով կկանոնակարգվեր նաև աշխատավարձի գնողունակությունը: Եթե այս ամենին հավելենք առայսօր չսահմանված կենսապահովման նվազագույն սպառողական զամբյուղի կազմն ու կառուցվածքը, որի հիման վրա պետք է որոշվեն նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների, սոցիալական այլ վճարների չափերը, ապա այս և հետագա տարիներին դժվար թե հնարավոր լինի հաղթահարել սպառնացող սոցիալական մարտահրավերները,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ:


Նրա համոզմամբ, գների շղթայական բարձրացման պատճառով ծանր իրավիճակում է հայտնվում ոչ միայն աշխատավորությունը, այլև հանրապետության 464698 կենսաթոշակառուներն ու ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող 106089 ընտանիքները: Նրանք ի վիճակի չեն դիմագրավելու այդ բոլոր թանկացումներին, հատկապես ձմռան ամիսներին, երբ եկամուտների առյուծի բաժինը հատկացնում են ջեռուցմանն ու բնակարանային մյուս վարձավճարներին: Նկատի ունենալով սա, ՀԱՄԿ-ն առաջարկում է ընդունել «Աշխատավարձի ինդեքսավորման մասին» օրենք, ապահովել «Կենսապահովման նվազագույն սպառողական զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի կիրառումը, սահմանել բավարար կենսամակարդակի չափը: Սրանք քայլեր են, որոնք կմեղմեն թանկացումների հետագա ընթացքը:
-ՀԱՄԿ-ը վերոնշյալ հարցերով բազմիցս դիմել է ՀՀ կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին և այսուհետ էլ շարունակելու է հետամուտ լինել կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմի և կառուցվածքի սահմանմանը, միջազգային իրավական ակտերով նախատեսված նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգի ներդրմանը և կիրառմանը, և որ ամենակարևորն է ՝ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման կարգի ընդունմանը,- ասաց Էդուարդ Թումասյանը:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔԸ
Անցյալ տարվա վերջերին հայտնի դարձավ, որ Հայաստանում գնաճը 2018 թվականի բյուջեի նախագծով կկազմի 4 տոկոս, որը պետական բյուջեի ձևավորման տեսակետից ստանդարտ ցուցանիշ է, բայց գնաճին զուգահեռ չի նախատեսվում թոշակների, աշխատավարձերի և սոցիալական նպաստների աճ, որպես հիմնավորում պատճառաբանելով երկրի աղքատ վիճակը: Ավելին, իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենց անհարկի ու կրակի վրա յուղ լցնող հայտարարություններով («աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց», «թող գոհանան կարտոլով, ես էլ եմ կարտոլ ուտում», «գնաճն այնքան էլ սարսափելի չէ», «եթե մարդիկ ուտելու հացի փող չունեն, միս ու կարագ չեն կարողանում գնել, ինչպե՞ս են կահույք ու ավտոմեքենա գնում») հանրության շրջանում էլ ավելի թեժացրին դժգոհության «խարույկը»: Իհարկե, հետագայում կրակը մեղմելու նպատակով փորձեցին մեղադրել հանրությանը իրենց մտքերը ճիշտ չըմբռնելու համար, սակայն խոսքերն արդեն նետված էին:


Երկրի կառավարման գործում թերացող և ժողովրդի աղքատությունը երեսով տվող իշխանության ներկայացուցիչները թերևս առաջնորդվեին նորվեգացի տնտեսագետ Էրիկ Ռայներտի՝ «Ինչպես հարուստ երկրները հարստացան և ինչու աղքատ երկրները շարունակում են աղքատ մնալ» գրքի մատնանշած ուղենիշներով, թեկուզ հանուն սեփական եկամուտների բազմապատկման:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ