Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞րն է ՀՀԿ-ի կադրերի տրենդը

Ո՞րն է ՀՀԿ-ի կադրերի տրենդը
26.01.2018 | 10:22

Նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ասաց, որ Ֆրանսիան միշտ եղել ու լինելու է Հայաստանի կողքին: Մտածեք հարցի մասին` իսկ որքանո՞վ է Հայաստանը Ֆրանսիայի կողքին: Ընդունեք, որ հավերժական մուրացկանի ու թշվառականի կերպարն աշխարհում ոչ մեկին չի հետաքրքրում: Մարդասիրական օգնության ժամանակներն անցյալ են, տրենդում գործընկերությունն է` փոխադարձ շահերի պաշտպանությամբ: Հայաստանը չի կարող ակնկալել իր շահերի պաշտպանությունը` հակասելով ու անտեսելով գործընկերոջ շահերը:

Ամենավերջին օրինակը` հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողով կազմակերպող Հայաստանի համալսարաններից մեկում փակվում է ֆրանսերենի ամբիոնը` փոխարինվելով ռոմանական լեզուների ամբիոնով: Եթե նույնիսկ դա ուսումնական գործընթացի բովանդակությունից ու ձևերից անտեղյակ նորանշանակ ռեկտորի անձնական նախաձեռնությունն է` օպտիմալացման ու «ավելորդ կադրերից» ազատվելու շրջանակներում և Բրյուսովում չի գտնվել մեկը, որ կարող էր պաշտպանել ուսանողների ու դասախոսների լիարժեք աշխատանքի ու սովորելու օրինական իրավունքները` ՀՀԿ-ում զորեղ հովանավորներ ունեցող ռեկտորի առաջ, ՀՀԿ-ում պիտի գտնվեր մեկը, որ պարզ հարց տար` կրճատված ամբիոնների վարիչների աշխատավարձի խնայու՞մն է ռեկտորի խնդիրը, թե՞ «կառուցվածքային բարեփոխումները» բուհում ուսումնական գործընթացի որակն ու մակարդակը բարձրացնելու համար են: Ֆրանսերենը իսպառ «հանձնում են» Ֆրանսիական համալսարանի՞ն, թե՞ իրենք էլ ուզում են Մակրոնի Երևան այցի հասցեներում լինել` հետագա ուսումնական ու ֆինանսական ծրագրերում ընդգրկելով: Ե՞րբ է ՀՀԿ-ն հասկանալու, որ իր կադրերը ամենագետ ու ամենափորձառու մասնագետները չեն ոչ մի ոլորտում և նրանց կարճատես ու գործի նրբություններից անտեղյակ որոշումները ուղղվում են ոչ միայն կոնկրետ ոլորտում հաջողության հասնելու դեմ, այլև հենց իր դեմ: Թե՞ դա էլ պահպանողական ՀՀԿ-ի հավերժական տրենդն է` «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսով: Ու` ինչքա՞ն:

Միջազգային ատյաններում փայլուն ելույթներով կյանքը չի փոխվում: Մարդը կարող է ամբողջ կյանքն աշխատել կրթության ու գիտության նախարարությունում, բայց պատրաստ չլինել համակարգում ինքնուրույն գործելու ու որոշումներ ընդունելու: Դա վերաբերում է բոլոր համակարգերին: Եվ արդեն ոչ միայն կոնկրետ Բրյուսովի համալսարանին, այլև բոլորիս վերաբերող հարց է, որ նման պարագաներում բոլորը կարող են աշխատանքից ազատվել` բացի ՀՀԿ-ի հովանավորյալները: ՀՀԿ-ն իրականում կադրերի մեծ սով ունի թե պետական ամենաբարձր պաշտոնների նշանակումներում, թե համակարգային: Պատճա՞ռը: Պատճառները մի քանիսն են, հիմնականը` չեն կարևորվում մասնագիտական կարողությունները, փորձը ու գործիմացությունը, հիմք է ընդունվում «յուրային» լինելու կասկածելի որակը ու կեղծ հավատարմությունը: Միայն նրանց համար են ստեղծվում «կոմֆորտով» աշխատանքային պայմաններ: Դա է ՀՀԿ-ի ու նրա կադրերի տրենդը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ու ի՞նչ: Վերանայվելու՞ է Բրյուսովի ռեկտորի ամբիոնները վերակազմավորելու վիճահարույց որոշումը: Իհարկե` ոչ: Լռեցվելու են բողոքողները: Թե բուհում, թե այլուր: Իսկ ֆրանսերե՞նը: Իսկ Ֆրանկոֆոնիա՞ն, որի մասին ոգեշունչ խոսում էր ՀՀ նախագահը: Սա Հայաստանն է: Ու` վերջ:

Դիտվել է՝ 2202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ