Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Հայը Հայաստանում պետք է ապրի»

«Հայը Հայաստանում պետք  է ապրի»
26.01.2018 | 10:26

Վրաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ ՍԵԴԱ ՋԱՆԻԿՅԱՆԸ թատրոնը սիրել է մանկուց: Բակում նա կազմակերպում էր ներկայացումներ հարևանների երեխաների մասնակցությամբ: Դպրոցում մասնակցում էր աշակերտական բեմադրություններին, նույնիսկ խաղացել է Պեպոյի դերը:


Ավարտել է Թբիլիսիի Ստ. Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիան: 1947 թվականից նույն թատրոնի հիմնական կազմում է: Խաղացել է բազմաթիվ դերեր դասական և ժամանակակից պիեսների բեմադրություններում:
-Ծնվել եմ Թբիլիսիում: Հայրս հացթուխ էր և շատ էր սիրում արվեստը: Զարգացած մարդ էր. ջութակ էր նվագում, լավ երգում էր: Մեծ հաջողություն էր ունեցել, երբ խաղացել էր Գիժ Դանելի դերը սիրողական ներկայացման մեջ: Երբ արդեն դերասանուհի էի, մեր տուն հաճախ էին գալիս թատրոնի մարդիկ՝ ռեժիսորներ, դերասաններ: Նրանք հաճույքով զրուցում էին հայրիկիս հետ ու հաճախ ասում էին. «Հայրիկիդ հետ անիմաստ է վիճել, նա ամեն ինչ գիտի, կարդացած մարդ է, բազմակողմանի զարգացած»: 37 թվականին հայրիկիս ձերբակալեցին: Նա բարի մարդ էր և շատերի կյանքը փրկեց: Երբ նրան տանում էին աշխատանքի՝ հաց թխելու, նա իր հետ որպես օգնական տանում էր որևէ բանտարկյալի, և այդ օրը օգնականն իրեն շատ լավ էր զգում, կուշտ հաց էր ուտում: Մայրս տնային տնտեսուհի էր, բայց հայրիկիս ձերբակալվելուց հետո սկսեց աշխատել թղթի գործարանում, որտեղ արտադրում էին տետրեր, բլոկնոտներ: Լավ աշխատող էր մայրս, լավ անուն ուներ:


Հայրս դեմ էր, որ ես դերասանուհի դառնամ: Երբ ես գնում էի սիրված դերասանների լուսանկարները, նա բարկանում, պատռում էր դրանք: Ես նրանից գաղտնի ընդունվեցի հայկական թատրոնի դերասանական ստուդիա: Եվ երբ ստացա առաջին դերը՝ փոքրիկ դեր էր, հայրիկիս թատրոն հրավիրեցի: Ներկայացումից հետո նա շնորհավորեց ինձ ու ասաց. «Դու ճիշտ ես արել, խաղա, հաջողություն եմ մաղթում»:
Այդ տարիների մեր թատրոնը շատ լավն էր: Հիմա էլ կան լավ թատրոններ, դերասաններ, բայց մերն ուրիշ էր, ուրիշ էին և՛ դերասանները, և՛ ռեժիսորները, և՛ ներկայացումները...
Երբ Վահրամ Փափազյանը գալիս էր հյուրախաղերի, ասում էր. «Սա է, որ կա, ես էլ ոչ մի տեղ չեմ գնա»:


Իմ ուսուցիչները եղել են իմ ավագ գործընկերները, մեր թատրոնի տաղանդավոր դերասաններն ու ռեժիսորները: Նրանք ինձ դաս չեն տվել, բայց դա կարևոր չէ: Յուրաքանչյուր շփում նրանց հետ ինձ համար դաս է եղել: Ես ինձ համարել եմ նրանց աշակերտը: Ես շատ բան եմ սովորել Արտեմ և Մարի Բերոյաններից, Դորի Ամիրբեկյանից, Արտո Լուսինյանից: Մի լավ ընկերուհի ունեմ, տաղանդավոր դերասանուհի է, գեղեցիկ, լավ գիտի թատրոնի պատմությունը: Ես միշտ հետևել եմ նրան՝ ինչ է կարդում, ինչպես է խոսում... Դա էլ է ինձ համար դաս եղել:

Սեդա Ջանիկյանի ամուսինն էր Ֆերդինանդ Բժիկյանը: Նա ՀՀ ժողովրդական արտիստ էր, Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ: Նա եղել է Խարկովի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Տեղափոխվելով Թբիլիսի, զբաղեցրել է Շահումյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Ոչ միայն տաղանդավոր ռեժիսոր էր, այլև շնորհալի դերասան:

-Նրա Մինթոևը («Մորգանի խնամին») անզուգական էր: Վահրամ Փափազյանի կողքին նա խաղացել է Սգանարել «Դոն Ժուանում»: Եվ ամեն ներկայացումից հետո Փափազյանն ասել է. «Էս ինչ է անում...»:
Բժիկյանին էլ եմ համարում իմ ուսուցիչը: Նա մեծ արվեստագետ էր: Ես լավ գիտեի նրա մտածելակերպը, վարվելակերպը, շնորհքը: Բացի դրանից, նա իմ ամուսինն էր, տղայիս հայրը: Մենք միասին էինք թատրոնում, տանը և շատ լավ էինք իրար հասկանում: Նրա հետ աշխատելն ու ապրելը մեծ «շկոլա» էր ինձ համար:
Շատ եմ խաղացել և մյուս տաղանդավոր ռեժիսորներ Ալեքսանդր Աբարյանի և Հայկ ՈՒմրիկյանի ներկայացումներում: ՈՒմրիկյանը շատ էր վստահում ինձ, գիտեր ինչ պետք է խաղամ:
Կան դերասաններ, որոնց թվում է, թե նրանք միշտ հերոսուհի պետք է խաղան, գլխավոր դերեր: Ես այդպես չեմ կարծում: Դերասանուհին ամեն ինչ պետք է խաղա: Կարևորը՝ լավ պետք է խաղա: Ես խաղում էի քրդուհու փոքր դերը «Սիամանթո և Խջեզարե» ներկայացման մեջ: Փոքրիկ դրվագ էր, բայց շատ լավ էին ընդունում: Նույնիսկ հանդիսականներից շատերն ասում էին թատրոնի տոմսավաճառին. «Չփակեք տոմսարկղը, մենք գալու ենք այդ դրվագը նայելու ու գնանք»:
Լենինականում հյուրախաղերի էինք: Շիրազը եկավ դիտելու ներկայացումը: Ներկայացումից հետո մեծ բանաստեղծը եկավ հյուրանոցի իմ համարը, շնորհավորեց, լավ խոսքեր ասաց:
Երբեք չեմ բողոքել, խաղացել եմ ինչ տվել են: Եղել են ներկայացումներ, որ խաղացել ենք 200-250 անգամ: Երկարակյաց էին ներկայացումները ըստ Ա. Պապայանի, Ար. Բարսեղյանի, Ժ. Անանյանի պիեսների: Տղաների դերեր էլ եմ կատարել. Կինտո՝ «Կամո»-ում, ցանցառ տղա՝ վրացական մի պիեսում: Լավ էին ընդունում, երկար էլ հիշում էին իմ դերակատարումները: Ես խարակտերային դերասանուհի եմ և հպարտ եմ դրանով: Ես գոհ եմ հանդիսատեսից, իմ խաղընկերներից, ռեժիսորներից, որ ճիշտ դերաբաշխում են արել, տեսել ինձ այս կամ այն դերում:
Թբիլիսիի թատրոնը ինձ շատ բան է տվել: Շատ բան են տվել և հայ բեմի մեծերը, որ գալիս էին մեզ մոտ հյուրախաղերի:
Մեծ պատիվ էր ինձ համար խաղալ Վահրամ Փափազյանի կողքին: Նրա հետ բեմ եմ դուրս եկել «Օթելլոյում», «Դիմակահանդեսում»: Ինձ դիմում էր «Պոլի մեյմուն»: Մի գեղեցիկ նկար նվիրեց Օթելլոյի դերում: Մակագրեց. «Обаятельной обезьянке Седе от директора зоопарка. Շատ էր սիրում իմ պատրաստած ուտեստները: Հարցնում էր. «Տոլմա եփե՞լ ես... Իսկ լոբի՞...»: Պատասխանում էի. «Այո, եփել եմ»:
Խաղացել եմ և Հրաչյա Ներսիսյանի կողքին («Պատվի համար»): Իսկ Բաբկեն Ներսիսյանը մեր թատրոնից տեղափոխվեց Երևան: Շատ տաղանդավոր դերասան էր, լավ պարտնյոր էր, հոյակապ մարդ և ընկեր...
Երևանից եկել էին Վարդուհի Վարդերեսյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը: Խաղում էին «Պաղտասար աղբար»: Ես Սալոմե էի խաղում, 7 օր խաղացինք: Դահլիճը լեփ-լեցուն էր:
Ես սիրում եմ մեր մեծերին, երջանիկ եմ, որ խաղացել եմ նրանց հետ:

Սեդա Ջանիկյանի որդին՝ Արթուր Բժիկյանը, ավարտել է Թբիլիսիի թատերական ինստիտուտը: Փոքր երեխա էր, որ նկարահանվեց «Քաղաքավարության վնասները» գեղարվեստական կինոնկարում (ռեժիսոր՝ Հրաչյա Ղափլանյան): Իսկ նրա խաղընկերն էր Վահրամ Փափազյանը: Ինստիտուտն ավարտելուց հետո Արթուրը տեղափոխվել է Երևան, խաղացել տարբեր թատրոններում, բեմ է բարձրացել Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի և այլ տաղանդավոր դերասանների հետ:

-Երբ տղաս տեղափոխվեց Երևան, ես որոշեցի գալ իր հետ: Թբիլիսիի թատրոնի ռեժիսորները դեմ էին: Բայց ասացի. «Ես պետք է լինեմ տղայիս կողքին»: Այստեղ դարձա «Թբիլիսահայերի միջազգային ակումբի» անդամ, որը ղեկավարում է ճանաչված ռեժիսոր Էդուարդ Եդիկիսելովը: Ակումբն ունի թատրոն, երգչախումբ, զբաղվում է բարեգործությամբ: Հաճախ ենք այցելում Հայաստանի տեսարժան վայրեր: Ինձ համար դա շատ կարևոր է, որովհետև ապրելով Վրաստանում, ես քիչ բան գիտեի Հայաստանի մասին:
Այստեղ ես ձեռք բերեցի նոր, լավ, հոգատար ընկերներ: ՈՒ հիմա հանգիստ եմ, եթե ինձ մի բան պատահի, գլխիս տեր կա: Այստեղ ես նկարահանվեցի Ռոդիոն Նահապետովի «Մեծ հայկական հարսանիք» գեղարվեստական կինոնկարում: Հիանալի մթնոլորտ էր նկարահանումների ժամանակ, Նահապետովը շատ ուշադիր էր դերասանների նկատմամբ: Մենք նրանից մեծ ջերմություն ստացանք:


Երևանում նա գտավ բարեկամներին, գտավ հոր գերեզմանը: Շատ հուզված էր և կարծես ավելի հայացավ: Հայաստանում ես ինձ շատ լավ եմ զգում: Ես շրջապատված եմ հայերով: Ճիշտ է, այսօր ես բնակարան չունեմ, աշխատանք չունեմ, բայց եկել եմ այն եզրակացության, որ հայը Հայաստանում պետք է ապրի: Մանավանդ հիմա... Եվ ես էդպես եմ՝ հայ եմ ու ապրում եմ Հայաստանում:

Հաղորդումը Սեդա Ջանիկյանի մասին ես պատրաստել էի 2007 թվականին:
2016-ին Սեդա Ջանիկյանը ծերանոցում կնքեց իր մահկանացուն:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1243

Մեկնաբանություններ