«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Եթե դառնում ես սրա-նրա նոքարը, այլևս ստեղծածդ էլ արժեք չի ունենում»

«Եթե դառնում ես սրա-նրա նոքարը, այլևս ստեղծածդ էլ արժեք չի ունենում»
26.01.2018 | 10:31

«Իրատեսի» հյուրը բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ է:

«ՍԻՐՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԱՐԴԸ ԿԱՆԳՆՈՒՄ Է ԴԻՄԱՑԴ ՈՒ ԱՍՈՒՄ ԻՆՉ ՄՏԱԾՈՒՄ Է»


-Խաչիկ, մի առիթով գրառում էիք արել Ֆեյսբուքում, որում ակնարկ կար նախորդ դարի 30-ականներին հաջողություններ գրանցած մատնագրությունների վերաբերյալ: Մեր ժամանակները շա՞տ են տարբերվում 30-ականներից, այսօր «մատնագրության» ժանրը կարելի՞ է համարել ժամանակավրեպ:
-Իհարկե, մեր ժամանակները շատ են տարբերվում 30-ականներից: Այն ժամանակ միանգամից մարդուն կարող էին բանտարկել, աքսորել, գնդակահարել մեկ մատնագրության պատճառով: Հիմա չեմ կարծում, թե մատնագրությանը ուշադրություն կդարձնեն, մանավանդ եթե չկան հեղինակային նշումներ, ստորագրություն: Ես ապրում եմ այնպես, ինչպես իմ ճանաչած արժեքներն ու ճշմարտություններն են թելադրում, և սիրում եմ, որ մարդը կանգնում է դիմացդ ու ասում ինչ մտածում է:
-Աստվածաշնչյան ճշմարտություններին ձեռնոց նետելու քայլ եք արել. Նոյին եք դիմում այսպիսի տողերով.
Քո փրկածը ողբ է ու մահ…
Ջրհեղե՛ղը ինձ կփրկի
-Տե՛ր, տապանը թող Քե՛զ մնա:
Չե՞ք վախենում Աստծուն հակադրվելուց:
-Ո՛չ, Աստված պատժիչ ջոկատային չէ և ոչ էլ երկնքում փռված հրեշ, ինչպես սիրում են երբեմն ներկայացնել խավարամիտները։ Աստված Սեր է, բացարձակ Սեր: Նույն շարքի մեկ այլ բանաստեղծության մեջ ասել եմ՝ «Եվ աստվածային զորությանը քո ո՛չ վայել հնար,/ Դու անգթորեն ջրախեղդ արիր նրանց բոլորին,/ Բայց Քո փայփայած Նոյ-սերմը, ավա՜ղ, նույն հունձքից եղավ,/ Եվ դու ակամա հարություն տվիր դահճին ու զոհին»։
Նոյի պատմությունը ես ավելի շատ հեքիաթային հորինվածք եմ համարում, երբեք չբացառելով կործանարար ջրհեղեղները։

«ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՆՔ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ
ԻՄԱՍՏՈՎ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՎԵՐ ԵՆ ԴԱՍՈՒՄ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»


-Հրանտ Մաթևոսյանը գրեթե երկու տասնամյակ առաջ Ձեզ կապում էր տերյանական երակի հետ. նա լա՞վ գիտեր Ձեր պոեզիան:
-ՀԳՄ նախագահ եղած տարիներին Հրանտ Մաթևոսյանը կանչում էր իր մոտ, զրուցում էինք: Այնպես չէր, որ թեման միայն գրականությունն էր: Երբեմն զրույցի ընթացքում մեկ-երկու բաժակ խմում էինք: Այդ ամենը հիմա փորձում եմ գրառումներով ներկայացնել: Հրանտ Մաթևոսյանն էնպիսի երևույթ էր, որ ինձ թվում էր՝ միշտ լինելու է: Երբեք չէի պատկերացնում, որ գալու է մի օր, երբ չենք ունենալու իր ֆիզիկական ներկայությունը: Նա իսկապես աստվածային էր, լուսավոր, մեծ: Մեջը չարություն չկար, այնքան բարի էր, որ չարը կողքին կանգնելիս ինքն իրեն կպայթեր:
-Հիշեմ Ձեր մի բանաստեղծությունը.
Դու մեղավոր ես - գեղեցիկ ես դու,
Շռա՜յլ ցնորք ես այս պաղ հանդեսում,
Քո հմայքներից պոկված կրակը
Բյուր երակների պատեր է լիզում,
Եվ պարկեշտության ի՜նչ ծովեր են պետք,
Որ կրքի հսկա այս նավը խեղդեն,
Աշխարհում չկա ոչ մի փոթորիկ,
Որ չխոնարհվի առագաստիդ դեմ:
Քանի՜ արքաներ քո բագին ծոցում
Զոհեցին իրենց վարքը թագակիր-
Վեհափառորեն դու՛ էիր օծում
Պատմության ընթացք ու ճակատագիր։
Պատմության ընթացքը լի է ցնցումներով, կորուստներով, զոհերով: Այս բանաստեղծությունը, ի վեջո, հիացու՞մ է առ կինը, թե՞ դատապարտում:
-Կինը ընթացքի առանցքն է: Հանուն կնոջ է ամեն ինչ կատարվում: Հին ժամանակներում պարզ ու հստակ էր. արքաները կարող էին բանակներ իրար դեմ հանել մի գեղեցիկ ու ցանկալի կնոջ համար:
-Հեղինեից, Սաթենիկից, Շամիրամից, Կլեոպատրայից սկսած՝ մեզ հայտնի է կնոջ ճակատագրական նկարագիրը:
-Դե, այո՛: Ի դեպ, կարծում եմ, որ Շամիրամի կերպարը շատ սիրողական է ներկայացված մեզանում: Երբ ես ուզում էի գրել Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին, աղբյուրներ, վկայություններ էի փնտրում, ինձ չէր բավարարում Նաիրի Զարյանի տված լուծումը. խոսքը, իհարկե, գեղարվեստի մասին չէ, որը բավականին հաջող է ստացվել: Իմ ընկեր հոգևորականներից մեկը 17-րդ դարի իտալացի մի պատմիչի գիրք նվիրեց, որը շատ խորությամբ ներկայացնում էր Շամիրամին՝ որպես աշխարհի մեծագույն կանանցից մեկին: Շամիրամի կերպարը մեզանում այդքան միատոն, վավաշոտ ներկայացնելը, ճիշտն ասած, ինձ միշտ չի համոզել: Իտալացի պատմիչը Կլեոպատրայից ավելի հնչեղ Շամիրամի համբավն էր համարում, Արայի մասին էլ ուներ հպանցիկ մի հիշատակություն: Ես օգտվեցի այդ հեղինակից, նրա մոտեցումն ինձ ավելի հոգեհարազատ եղավ: Եվ ովքեր կարդացել են իմ «Արա և Շամիրամ» գործը, հստակ տեսել են, որ Շամիրամը հսկա է և դեպի սերը մղվող անզսպելիություն, ոչ թե վավաշոտ, անհագուրդ կրքերին գերի մեկը: Նա հզոր կին էր և մեծ առաքելություն ուներ իր ժամանակի մեջ։ Փորձեցի այդ կերպարը շնչավորել:
-Անհնար է շրջանցել «Գոյամարտ» բանաստեղծութունը, երբ խոսքը Խաչիկ Մանուկյան պոետի մասին է.
Բարձունքը մերն է, տղերքը չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ՈՒ մրմուռ քսվեց մեր ցամաք հացին։
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
Բարձունքը մերն է, տղերքը… չկան։
Սա հայրենասիրակա՞ն բանաստեղծություն է, թե՞ մարդասիրական:
-Չէի ասի՝ մարդասիրական: Մարդասիրության դեպքում պիտի գնայի պատերազմները ջնջելու ճանապարհով: Պիտի բոլոր կողմերին ասեի, որ ոչինչ չի տալիս պատերազմը, բացի կորստից, բացի մահից: Բայց երբ արդեն քո երկրի վրա հարձակվել են, դու պարտավոր ես գնալ ու պաշտպանել երկիրդ: Որովհետև եթե երկիրն ես կորցնում, ամեն ինչ ես կորցնում, ամեն ինչ անիմաստ է դառնում: Եթե կորցնում ես քո իշխանությունը, եթե դառնում ես սրա-նրա նոքարը, այլևս ստեղծածդ էլ արժեք չի ունենում, որովհետև դու քո ինքնությունից դուրս ես արդեն: Ապրիլյան պատերազմի օրերին իմ որդին սահմանին էր: Արտերկրում ապրող մի ծանոթ լրագրող ինձ հորդորում էր նրան հետ բերել Արցախից՝ ասելով. «Ո՞նց ես էս իշխանություններին վստահում»: Սա իմ հայրենիքն է, իմ իրականությունն է, իմ դառը օրերն են, և եթե ես հետ բերեմ տղայիս, մյուսներն էլ թողնեն դիրքերն ու հեռանան, մեր երկրի սահմանն ո՞վ է պահելու: Մեր իրականության մեջ կարևորում եմ այն գործիչների և, ընդհանրապես, այն մարդկանց ներկայությունը, որոնք գաղափարական իմաստով ամեն ինչից վեր են դասում մեր անկախությունը, հասկացնում, որ չի կարելի այդքան հեշտ հրաժարվել դրանից, եթե անգամ փայլփլուն կոնֆետներ են ցույց տալիս կամ հակառակը՝ զրկանքների երկար ճանապարհ: Մեզանում քաղաքական գործիչներ կան, որոնք անարժեքություններ են, զարմանում եմ, որ դրանց պահում են պառլամենտում: Դրանք հեգնում են անգամ սեփական ժողովրդին. «ձեզ չեն վերաբերում թանկացումները, որովհետև դուք կարտոլ եք ուտում, միսն ու կարագը ձեզ համար չեն»: Կգան արածների ու չարածների համար պատասխան տալու ժամանակները։ Մենք դեռևս ո՛չ մեր միջի հերոսներին, ո՛չ մորթապաշտ ու նյութապաշտ դավաճաններին իրենց ճիշտ գնահատանքին չենք արժանացրել։
-Արմեն Մովսիսյանի և Ձեր «Հաց եմ բերել, տղե՛րք» երգն ինչպե՞ս ծնվեց:
-Բոլորն էին հետևում այդ իրադարձություններին: Ամեն դեպքում առկա մթնոլորտը ոչ մեկին չէր գոհացնում: Եվ որքան էլ հիմա հայտարարեն, թե այդ մարդիկ հանցագործ են, չես կարող դա միանշանակ ընդունել: Բոլորս ենք տեսնում, որ մեր ժողովուրդն իրավացիրոեն դժգոհ է այս վիճակից: Մեկը հայհոյում է, մյուսը լուռ տառապում է, մեկ ուրիշն էլ այլ կերպ է արտահայտում իր վրդովմունքը: Ամեն մեկն էլ ուզում է մի բան ձեռնարկել: Որովհետև անընդունելի է ինքնախաբեությամբ դեպի անդունդ գլորվելը: Եթե իշխանավորը մտածում է, որ ինքն աթոռի վրա է և անձնական հրճվանքով երկիր ու ժողովուրդ է նժարում, ապա մենք իսկապես լքված ու դավաճանված ենք: Նյութին գերվածների ոհմակի կողմից գնահատելի արժեքները սուտ բաներ են, դրանցով կարելի է խաբել նրանց, ովքեր միտված են խաբվելու: Այն պալատները, որոնք որպես շքեղություն ներկայանում են, պատմության առաջ շան բնի արժեք էլ չունեն: Իրենց երազանքին հասնելը հեշտ էր՝ մի քոսոտ պալատ, դժվարը մերն է՝ մեծ ու հզոր Հայաստան։ Ընդվզումներ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել արժանապատվորեն ապրելու մարդկային ընթացքին, քանի դեռ սուտն ու կեղծիքը շարունակում են տիրական մնալ։ Ես ապստամբության կոչ չեմ անում, և չէի ցանկանա, որ իրար դեմ կանգնած, իրար սպանելով հարցեր լուծենք: Ո՛չ: Բայց եթե չփորձենք, սխալները շտկելով, դուրս գալ այս վիճակից, ապա վտանգավոր սահմանին ենք մոտենում։ Սա լուրջ ուսումնասիրության նյութ է, և գրականությամբ զբաղվողս առայժմ չեմ կարող, լուրջ հետևություններ անելով, իրատեսական լուծումներ առաջարկել։ Ասում եմ՝ առայժմ, որովհետև չգիտեմ, թե վաղը ինչ կլինի. գուցե կյանքն ստիպի՞, որ ես էլ հայտնվեմ քաղաքական դաշտում, որովհետև եղած արդյունքները մեզ չեն բավարարում:

«ՇԱՏ ԵՄ ՈՒԶՈՒՄ ՀԱՍՆԵԼ ԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՆ»


-Շուտով լույս կտեսնի Ձեր նոր գիրքը, ո՞րն է նրա պատգամը:
-Գիրքը ունի հետաքրքիր վերնագիր՝ «Շարունակիր մեռնել»: Այստեղ երկվություն կա. եթե շարունակում ես մեռնել, ուրեմն դեռ ապրում ես, բայց նաև սա այն ապրելը չէ, որ կյանք համարես, սա իսկապես մահվան ընթացք է դարձել, մեռնել շարունակելու ընթացք: Շատ եմ ուզում, որ կարողանանք այն շրջանցել, հասնել ապրելու ժամանակներին: ՈՒ հույս ունեմ, որ կգան այդ ժամանակները, որովհետև ես ոգեղենությանն եմ ապավինում:
-Չցանկանալով մեր զրույցը տեղափոխել կենցաղի, առօրյայի ոլորտ՝ խնդրում եմ կարճ պատասխանեք Ձեր բնակարանի շուրջ ծավալված թնջուկով մտահոգ մարդկանց. տրամաբանական վերջաբանի հույս կա՞:
-Սա խճճված պատմություն է, որի մեջ հայտնվեցինք մի շարք վարկառուներս՝ բանկի կառավարչի ինքնասպանությունից հետո։ Ողջ մնացածները պարզապես խաբեցին՝ խոստանալով, թե ամեն ինչ կկարգավորեն: Հայաստանի գրողների միությունը և նախաձեռնող խումբը դիմեցին ՀՀ իշխանություններին՝ այս խնդիրը լուծելու համար, բայց վերջիններս ինձ միայնակ թողեցին բազմագլուխ այս հրեշի դեմ։ Եթե հիմա էլ շարունակեն կեղծիքներով առաջնորդվել, ստիպված կլինեմ ողջ կարողությունս ներդնել՝ ճշմարիտ, արդար լուծմանը հասնելու համար: Եթե մեր երկրի սահմանները պաշտպանած, ազգային բանակից գերատեսչական մեդալներով վերադարձած իմ զավակներին փորձեն տնից դուրս հանել, չեմ կարող լավ բան խոստանալ վերուվարի չարագործներին։
Եվ քանի որ մտել ենք նոր տարի, կցանկանայի, որ այն հեքիաթային հմայք ունենար, որ մենք կարողանայինք իրականացնել մեր նպատակները, մեր երազանքները, մեր համամոլորակային միասնականությունը կարողանայինք կայացնել առանցքային հարցերի շուրջ: Ես հավատում եմ հայի ուժին: Մոլորակի գոյությունը մեծապես պայմանավորվում է նաև մեր տեսակով, այն ազգերի տեսակով, որոնք երջանիկ են զգում, երբ լուսավորում ու ապրեցնում են շուրջը: Հայը այդ տեսակն է: Այս չքնաղ գունդը աստվածային պարգև է իսկապես, բայց մենք այս տեմպերով չենք գնում շարունակության, գնում ենք կործանման: Կուզենայի, որ վերջապես փոխվեր իրական, ոգեղեն արժեքները մերժող այս նյութապաշտական խավար ընթացքը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ