Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գնաճային պարկինսոն` քաղաքական ավելցուկով (գնդապետ Դանի փորձակայանում)

Գնաճային պարկինսոն` քաղաքական ավելցուկով (գնդապետ Դանի փորձակայանում)
26.01.2018 | 10:49

ՆԱԽԵՐԳ


Գնաճը, չզարմանաք, բայց և այնպես, նախ զգալի է թափառական շների շրջանում, քանզի նրանց կերակրում է շարքային հայը։ Հայկական վերնադասն անգամ չի հիշում, որ նման կենդանիներ կան աշխարհի երեսին, զի նրանք կերակրում են իրենց սեփական երկնագույն թութակներին, սպիտակ և աղանդավոր արջերին, ԼԳԲՏ-ական դելֆիններին և, վերջապես, իրենց սպասարկող անձնակազմին, այգեպանին, մաքրուհուն և թիկնապահին։
Միով բանիվ, թափառական շները սմքում են, նրանց բուրդը ձմռան կեսին նոսրանում է, և նրանցից ոմանք, նզովելով մեզ, արտագաղթում ու ձյունապատ սարերում գայլանում են։

Գնաճի արհավիրքը մեղմում է անգթորեն ջերմ ձմեռը։ ՈՒ բնական ցանկություն է առաջանում արտագաղթելու և միանալու հեռավոր սարերում գայլացող շներին։ Բայց գործեր կան հույժ կարևոր. կազմակերպել փառատոներ (ի տարբերություն համազգային ոչխարախուզին և դեղին ժաժիկի անմահությանը ձոնված անհամ-անհեռանկար փառատոների, «Գնաճը 3-րդ հանրապետության կայուն առաջընթացի գրավականն է» փառատոնը գալիք աշնանն ահռելի քանակությամբ զբոսաշրջիկների կգայթակղի դեպի Երկիր Նաիրի), ցուցահանդեսներ և համաժողովրդական զբոսանքներ, նմանապես կարելի է ֆիլմեր նկարահանել և օրհներգեր երկնել։ Զի ներհայաստանյան գնաճն անբացատրելի արտերևույթ է (ի դեպ, արտերևույթը նույն ֆենոմենն է, չկասկածեք)։ Բնականաբար, անբացատրելին հարկավոր է բացահայտել։ Եվ այս գերբարդ խնդրում մեզ օգնության ձեռք են մեկնում երկու հույժ նշանավոր պետայրեր` հինավուրց ՀՀԿ-ական Գալուստը Սահակյան և վերջինիս կուսընկեր ու նորագիր ՀՀԿ-ական Կարենը Կարապետյան։

ԳՆԱՃԱՅԻՆ ՊԱՐԿԻՆՍՈՆ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՎԵԼՑՈՒԿՈՎ


Երբ գնաճի սանձարձակումն արդեն իսկ պատմական փաստ էր, հուրախություն հայ հանրության և համայն հայության, տիար վարչապետը մի փութ անարատ յուղ քսեց մեր սրտերին։ (Հայտնի է, որ սույն յուղը տեղական կովի էր)։ Վարչապետը հայտարարեց. «Դուք ասում եք` գնաճը սարսափելի է, ես էլ ասում եմ` սարսափելի չէ»։ ՈՒրեմն, հանգիստ խղճով և հոգով անդորր իջնենք խանութ, մտնենք շուկա և 5 հազար դրամով գնենք այն ամենը, ինչը հասանելի էր մեզ 3 հազար դրամով, ասենք, երկու-երեք ամիս առաջ։ Ի դեպ, հենց երեկ իջա խանութ, այնուհետև ներխուժեցի հարակից շուկա։ Հինգ հազար դրամով ձեռք բերեցի բորշչի քաջ հայտնի բաղադրիչները` կաղամբը, գազարը, ճակնդեղն ու անհայտ կենդանու կողոսկրը, բորշչը եփեցինք, ճաշակեցինք և երանության մեջ էինք ընտանյոք հանդերձ, քանզի գնաճը սարսափելի չէ և դեռ ավելին` գնաճում պետությունն ու իշխանությունը մեղավոր չեն։ Չե՞ք հավատում։ Չէ՞ որ ՀՀԿ-ի դարակազմիկ զավեշտների զրահագնաց տիար Գալուստը քարագրեց հետևյալը, շարադրում եմ տառ առ տառ. «Ժողովուրդը պետք է հասկանա, որ այստեղ (իմա` գնաճում- ծանոթ. Հողմաղացի) պետությունն ու իշխանությունը չեն մեղավոր»։ Վերոնշյալ հռչակագրերը թող որ առաջնորդեն մեզ ողջ տարին և թող մեր պետությունն ու իշխանությունը մեղավոր չլինեն որևէ բանում։ Եկեք այսպես մտածենք և թեթևանանք հոգեպես, նաև սմքենք մարմնապես։ Սակայն ո՞վ է մեղավորը։ Կամ պետք է մեղավորին հայտնաբերենք, պատին գամենք, կամ էլ պետք է խոստովանենք, որ ազգովին անմեղսունակ ենք։

Գնաճը ՀՀ-ում բավականին ազնվապետական գործընթաց է. ճիշտ 1 տարի առաջ իշխանամետ, նաև ընդդիմադիր քարոզչամեքենաները գալիք անխուսափելի գնաճի մասին ուղղակի ապշեցնող կանխատեսումներ են կատարում, գրամի և դրամի ճշտությամբ հաշվարկում են կարագի և պանրի գինը, նշում են գնաճից խուսափելու ուղիները, սակայն պետությունն ու իշխանությունն անդրդվելի են` գնաճն անխուսափելի է, զի մենք (իմա` պետությունն ու իշխանությունը) հսկայական պետական պարտք ենք սպասարկում, չենք զլանում, վճարում ենք ձեր ուզվորական կենսաթոշակներն ու աշխատավարձերը, պետական ծառայողների համար տարեկան գնում ենք հազարդոլարանոց 500 գայթակղիչ աթոռ և 500-դոլարանոց հազար հատ անվանական ինքնահոս։ (Ի գիտություն ինձ, նաև ձեզ, վերոնշյալ գայթակղիչ աթոռները բարձրաստիճան պետծառայողին ստիպում են անդուլ գործել, զի ամռանը նրան զովացնում են, ձմռանը ջերմացնում են, օրվա կեսին օրորոցային են երգում և այլն), իսկ անվանական ինքնահոսները անհավանական խնդիր են լուծում` ստորագրում են հերթական վարկի ներկլանման պարտավորագիրը։


Պարկինսոնը ոչ միայն դաժան ախտ է, այլև անբուժելի է։ Իսկ երբ գնաճային պարկինսոնով է ախտահարվում իշխանակառավարական վերնադասը, ապա սոդոմգոմորային պատուհասն անխուսափելի ծխածածկույթով է ծածկում երկիրը (ծուխը, կռահեցիք, բարձրանում ու թմրեցնում է երկիրն ու երկինքը մի կեղծ ոսկյա անոթից, որը լի է թունդ հաշիշով), զի երբ համաշխարհային շուկայի հետնախորշերում (որտեղից ՀՀ է ներկրվում, ասենք, հավի միս) հավի միսը թանկանում է 1 տոկոսով, ՀՀ-ում այն գնաճում է 11 տոկոսով։ Միաժամանակ, երբ արտաքին շուկաներում կտրուկ նվազում է շաքարավազի գինը, ներհայաստանյան վաճառակետերում այն մնում է անսասան, մինչև որ երկրի սահմանից անդին շաքարավազի գինը նորեն վեր կճախրի։ Եվ ահա այս տնտեսական այլասերումն անզուսպ հրճվանք և անսահման բերկրանք է պարգևում նախ` քրեաօլիգարխիային (այս դասը անզուսպ հղփանում է) և իշխանակառավարությանը (զի գնաճը նորանոր վարկերի ձեռքբերման բերկրալի առիթ է)։


Ի դեպ, ժամանակին մի սարկաստիկ միտք է արտահայտել 20-րդ դարի խոշորագույն քաղաքական դեմքերից մեկը` Յուրի Անդրոպովը, որը բավականին խստակյաց անձ էր և այնքան էլ հակված չէր հումորի. «Կարելի է մարդկանց ազատությունը խլել, բայց նախապես պետք է նրանց երշիկ տալ»։ Մեր ներկա կառավարիչները, ինչ խոսք, գերազանցել են գենսեկ Անդրոպովին, ժողովրդին նվիրել են լիակատար ազատություն, բայց խլել են նրա երշիկը։


ԳՆԴԱՊԵՏ ԴԱՆԻ ՓՈՐՁԱԿԱՅԱՆՈՒՄ


Վերջերս «Իրատեսում» (թիվ 3, 16.01-18.01.2018 թ.) հրապարակվեց դժոխքի արտավիժանք գնդապետ Դանի` «Ինչպես փլուզել երկիրը ներսից» ծրագիրը։ Սակայն արցախահայ խորունկ պոետ Վարդանը Հակոբյան զանգահարեց և արտասանեց յուր «Հրաժեշտ» հույժ անհրաժեշտ բանաստեղծության առաջին քառյակը.
Երբ չի հեռանում ծառը տերևից,
երբ արցունքներից
աչքեր են ընկնում,
երբ չասված խոսքը լեզվի
ծայրին է,
սակայն ոչ մի կերպ չի մտաբերվում,
ուրեմն` պահը խորհուրդներ ունի։

Գերարդիական պատկերային համակարգ է, որին կանդրադառնանք քիչ անց։ Այժմ հիշենք, որ գնդապետ Դանի «վերակենդանացումը» «Իրատեսում» ունի մեկ ասելիք, այն է` Հայաստանը Դանի դժոխածրագրի փառավոր կենսագործողն է, և այս տեսանկյունից գուցե թե եզակի է Երկիր մոլորակում։ Այնպես որ, վերընթերցեք նյութը, մի զլացեք։ Ի դեպ, Դանի նյութը պետք է հոտնկայս ընթերցվի ՀՀ ԱԺ-ի յուրաքանչյուր քառօրյայի սկզբում, մեջտեղում և վերջում, ինչպես նաև կառավարության նիստերից առաջ, ի բերկրանք նրանց։

Մենք, անշուշտ, ծառն ենք, նրանք, անվերապահորեն` նշյալ ծառին պատվաստված տերևը։ Ո՞վ և ե՞րբ նրանց պատվաստեց մեզ։ Գուցե «Ղարաբաղ» կոմիտեն, որի անդամների ճնշող մասը, գալով իշխանության, մի զարմանահրաշ դյուրաբեկությամբ կյանքի կոչեց Դան սատանորդու պատվիրանները։ Կամ միգուցե պատվաստումն այս իրագործեց այլախոհական մարտագունդ ԱՄԿ-ն, որը վերադառնալով Պերմի ահարկու զնդաններից` նախ մասնակցեց ՀՀ-ի և ԼՂՀ-ի պաշտպանական (և հաղթական) մարտերին, այնուհետև բռունցք դարձավ (դարձավ նաև փուշ և տատասկ) ՀՀՇ-ի դեմ և վերջապես զգաստացավ ու պատվաստվեց գործող իշխանախմբին, անկախ վերջինիս քաղաքական դավանանքից, գույնից և բույրից։ Միով բանիվ, դեռ էն գլխից Երկիր Նաիրին փլուզվել է ներսից։

Ահավասիկ, հասունացավ ժամանակը կռահելու գալիք մեր անելիքը, հանուն որի հարցեր ուղղենք տիարք հարգարժան Կարենին վարչապետ և Գալուստին պատգամախոս, ա) ե՞րբ է գնաճը համարվում սարսափելի, և բ) եթե պետությունն ու իշխանությունը գնաճում մեղավոր չեն, ապա ո՞րն է մեղքը նրանց առհասարակ։
ՀՀ նախկին ու ներկա մի քանի կառավարիչների եկեք գործուղենք հարկադիր բուժման։ Վստահեք զիս, գնաճային պարկինսոնի քաղաքական արտերևույթը միանգամայն բուժելի է։ Բուժման ուղին ահա սա է, ճիշտ 1 տարի, հանդերձ ընտանյոք, նրանք թող ապրեն ամսական 100 դոլար գումարով, թող վերապրեն ճգնաժամ և գնաճ, ուրիշ ոչինչ։

ՎԵՐՋԵՐԳ


Գաղտագողի ու առերես, բայց պնդերես համառությամբ շարունակ ակնարկում են, թե այս ամենի (իմա` վերջին գնաճի) իրական մեղավորը հայաստանյան քրեաօլիգարխիան է, որի ձեռքը կրակն են ընկել և՛ երկիրը, և՛ երկրի ճակատագիրը, և՛ հայ հանրությունն ու համայն հայությունը, և վերջապես, 3-րդ հանրապետության իշխանությունն ու կառավարությունը։ Ելքը՞։ Անհրաժեշտ է ՀՀ Կառավարական տան բակում կառուցել ճարտարապետ Թամանյանի նախագծած Կառավարական տան հսկա թմբուկը և, ինչ խոսք, անհրաժեշտ է այնտեղ տեղավորել ՀՀ քրեաօլիգարխիային։ Թող վերջինս որպես գերագույն իշխանություն սահմանի երկրի նոր օրակարգը, որի համաձայն ցանկացած գնաճ պետք է անդրադառնա միայն պատգամավորների, նախարարների (նախկին և նաև ներկա) և նրանց հետ փոխկապակցված բազում այրաց ու տիկնանց բարեկեցությամբ։
Հավատացեք, որ սա է ելքը։

Գնաճը, չզարմանաք, բայց և այնպես, նախ զգալի է թափառական շների շրջանում, քանզի նրանց կերակրում է շարքային հայը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ