Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Արթուն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»

«Արթուն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»
26.01.2018 | 00:08

Հոգևոր արթնության այս կոչը Մեծի պահոց նախօրյակին հնչում է հատկապես պարտավորեցնող և առաջնորդող: Մեծ պահքն ինքնին կամավոր փորձության, ավելի ճիշտ՝ փորձառության, հիանալի մի հնարավորություն է: «Պահք» բառն արդեն ենթադրում է աշխատանք կամ գործողություն. պահել, հսկել, արթուն լինել:

Որքան ջանք ու եռանդ ենք մենք ներդնում մեր մարմնական հոգսերը հոգալու, նյութական բարեկեցությունն ապահովելու համար. կյանքի տարբեր իրավիճակներում ցուցաբերում ենք մեծ աշխատասիրություն ու հնարամտություն: Եվ առօրյա այս անդադար թոհուբոհի մեջ որքան հեշտ ենք մոռանում, որ մեր հոգևոր աշխարհը ևս ունի իր անհրաժեշտություններն ու կարիքները, որոնք բավարարելու համար մեզնից նույնպես պահանջվում են ջանք ու եռանդ և նպատակասլաց ձգտում: Ահա, հենց Մեծի պահոց շրջանն է, որ մեզ հնարավորություն է տալիս մեր մտավոր ու հոգևոր կարիքները հոգալու, մեր ներաշխարհում հավասարակշռություն ստեղծելու, Աստծո հետ մեր ուխտը նորոգելու համար:
Ընդհանրապես, պահքի մասին խոսելիս մենք հիմնականում հիշատակում ենք այն ամենը, ինչը չի կարելի անել այս ընթացքում. կաթնեղեն, մսեղեն չուտել, ալկոհոլ չօգտագործել, մոլությունների մեջ չընկնել, զվարճանքի վայրեր չհաճախել և այլն: Բայց մենք մոռանում ենք մի կարևոր հանգամանք. պահքի ընթացքում ավելի շատ բան ունենք անելու, քան չանելու: Սկսած ամենօրյա աղոթքներից, Աստվածաշնչի ընթերցանությունից, խորհուրդներին հաղորդվելուց մինչև մեր անձի վերանայում, մեղքի գիտակցում և դրա արմատի հեռացում մեր անձից. այս ամենը պահքի ընթացքում կատարվելիք պարտադիր գործողություններ են, որ մեզ կարող են հասցնել հոգևոր կատարելության բարձունքներին:


Մարդը միշտ պետք է մի որևէ գործով զբաղված լինի. և երբ բարի գործ է անում, գալիս է նրա մոտ բանսարկուն, սակայն տեղ չգտնելով՝ թողնում-գնում է, իսկ երբ գործերը չար են, ստեպ-ստեպ գալիս է Աստծո Հոգին, սակայն Նա ևս տեղ չգտնելով՝ հեռանում է: Բայց եթե մարդը դարձյալ խնդրի Նրան, իսկույն կվերադառնա: ՈՒստի, ջանք գործադրենք քայլ առ քայլ և չծուլանանք. եթե մեկը չգործի և չաշխատի՝ Աստծուց վարձ չի ստանա: Հանուն Աստծու կրած ամեն դժվարություն խոստովանություն է Աստծուն: Եթե մեր ներքին մարդն արթուն լինի, կարող է մեզ պահել նաև արտաքուստ: Հոգևոր գործեր են հարկավոր. մեծ տառապանք է՝ դուրս գալ մարմնից, սակայն հոգու գործեր չունենալ:
Ով չարհամարհի նյութական բարիքները, մարմնական փառքն ու հանգիստը, ով չկարողանա հատել իր կամքն ու չզսպի բարկությունն ու զայրույթը և չհանդարտեցնի իր անձը, չի կարող ապրել: Եթե մարդը սկսում է փախչել իր կամքից, թողնում է իր մեղքերն ու գնում է առ Աստված, նախ նրա կամքը սկսում է մարտնչել իր հետ և հորդորում է նրան դառնալ դեպի իր մեղքերը: Իսկ եթե մերժի իր կամքը՝ անարատությամբ կընթանա առ Աստված: Եվ եթե անարատությամբ ընթանա, ժուժկալություն կդրսևորի. իսկ ժուժկալությունը պահելը մարմնական տառապանք է: Այնժամ մարդը գոհություն է առաքում առ Աստված և ասում՝ ոչ թե ես, այլ Դու՝ օգնական իմ:


Պետք է իմանալ, որ նեղությունը շարժում է Աստծու ողորմածությունը դեպի մարդը: ՈՒստի պետք է քայլ առ քայլ ընթանալ առաքինության հետևից, ջանք գործադրելով՝ մնալու ժուժկալության մեջ՝ երկյուղով և համբերատարությամբ: Հոգով և մարմնով խոնարհության մեջ լինել, սրտի նեղությանը դիմանալ՝ բազում աղոթքների ու հեծեծանքների մեջ: Լեզվի սրբություն սիրել, աչքերը հեռու պահել գայթակղությունից, անարգվելիս չբարկանալ, չարի փոխարեն չարով չհատուցել, մեր դեմ մեղանչածների դեմ ոխ չպահել, դեպի խաչը ձգտել, դեպի հոգու աղքատությունը՝ կամովին և սիրահոժար, դեպի պահքը՝ ապաշխարության հառաչանքների մեջ, դեպի ճգնությունը՝ մարտի, պայքարի ու հաղթանակի համար: Մեր պատերազմը հոգևոր է. ջանանք համբերել մեծ պատերազմին, քանզի զինվորներն ենք Քրիստոսի՝ երկնավոր թագավորի: Երկրավոր թագավորի զինվորները սաղավարտներ ունեն իրենց գլխին, իսկ մեր զինվորությունը երկնային շնորհներն են: Նրանք երկաթապատ վահաններ ունեն, իսկ մենք՝ հավատ, նրանք՝ գեղարդներ, մենք՝ աղոթքներ, նրանք՝ կապարճներ, իսկ մենք՝ հույս առ Աստված: Նրանց խրախուսողներն ու պսակադրողները զորագլուխներն են, իսկ մեր հավատքի զորագլուխն ու նվիրագործողը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Նրանք մարտի մեջ արյուն են հեղում, իսկ մենք բարեհաճ մտքեր ենք մատուցում: Երկնային թագավորը թույլ է տալիս դևերին մարտնչել մեր դեմ, որպեսզի չմոռանանք Նրա օգնականությունը. ուստի զգուշանանք մեր մտքերն աղտեղի խորհուրդներով ապականելուց:
Փորձանքների կայծակներն աղոթքով մարենք և մեր մարմինը պատարագ մատուցենք կենդանի Աստծուն և մեր բարեպաշտ միտքը՝ որպես ողջակեզ, նվիրենք Նրան:

Տեր Պարգև քհն. Զեյնալյան

Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2359

Մեկնաբանություններ