Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Բանաստեղծությունը խորհրդավոր զրույց է, և որքան խոր է այդ զրույցը, այնքան անխուսափելի են լռություններն ու ծածկագրերը»

«Բանաստեղծությունը խորհրդավոր զրույց է, և որքան խոր է այդ զրույցը, այնքան անխուսափելի են լռություններն ու ծածկագրերը»
26.01.2018 | 12:00

«Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ «Բանաստեղծություններ և էսսեներ» ժողովածուն:
Առաջաբանը («ՈՒ առանց խոսքի տրտմում է հոգին») գրել է Հրաչյա Թամրազյանի դուստրը՝ գրող, թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը, մասնակցել նաև հրատարակչական գործընթացին:
Գիրքը լույս է ընծայվել պետական պատվերով:
Մեր զրուցակիցը ՇՈՒՇԱՆԻԿ ԹԱՄՐԱԶՅԱՆՆ է:

-Շուշանիկ, գիրքը վերնագրված չէ: Դժվա՞ր էր ընտրություն կատարելը, թե՞ մեկ այլ պատճառ կա:
-Իրականում գիրքը վերնագրված է հենց իր՝ բանաստեղծի կողմից. «Բանաստեղծություններ և էսսեներ»: Ըստ բանաստեղծի հղացքի՝ գրքում տեղ էին գտնելու տարբեր շրջաններում գրված բանաստեղծական շարքեր, անտիպ գործեր և խոհագրություններ: Ի դեպ, նմանատիպ մի գիրք, դարձյալ «Բանաստեղծություններ և էսսեներ» վերնագրով, լույս էր տեսել 2010 թվականին: Այն ընդգրկում էր տարբեր շրջաններում գրված բանաստեղծություններ, «Ձայնի տեսիլքը» էսսեների ժողովածուն, հոդվածներ ու գրական դիմանկարներ: Այնպես որ, գրքի հղացքը բանաստեղծինն է, թեև նա չկարողացավ մասնակցել ծրագրի իրագործմանը:
-Փոխարենը խորագրերը շատ խոսուն են՝ «Եթե կարոտը կյանքի նշան է», «Նոր մայրցամաք», «Բառը ձգտում է հավիտենության», «Ձայնի տեսիլքը» և այլն: Առհասարակ, ի՞նչ գործեր են տեղ գտել գրքում, ինչպե՞ս են առանձնացվել բաժինները:
-Գրքում զետեղված են երիտասարդ տարիների բանաստեղծական շարքերը, որոնք չեն վերահրատարակվել 2003 թվականից ի վեր. «Եթե կարոտը կյանքի նշան է» (1983), «Ապակե քաղաք» (1985), «Պատկերների աշուն» (1985), «Ձայների կղզին» (1989): Ժողովածուում ամփոփված են նաև բանաստեղծություններ «Պաշարված ամրոց» (1999), «Զվարթ գիտություն» (2001), «Հարասություններ» (2003), «Ars poetica» (2007), «Ասացող երկիր» (2007), «Մայր հղացք» (2008), «Մարդ-ակնթարթ» (2012) գրքերից: «Էսսեներ» խորագրի ներքո ընթերցողին են ներկայացվում «Խոսքը ձգտում է հավիտենության» (2003) և «Ձայնի տեսիլքը» (2010) ամբողջական ժողովածուները, որոնց հետևում են վերջին տարիներին գրված երկու նոր խոհագրություններ՝ «Կախարդական շղթան» և «Փակուղին»: Իհարկե, գիրքը լիարժեք չէր լինի առանց «Օրհներգեր» անտիպ բանաստեղծությունների շարքի:
-Անտիպ գործերը ե՞րբ են գրվել, ինչու՞ չեն հրատարակվել, կամ ինչու՞ որոշեցիք ընթերցողի դատին հանձնել:
-«Օրհներգերը» գրվել են 2013-2015 թվականներին: Դրանք չէին հրատարակվել, ինչպես վերջին տարիներին գրված մի շարք այլ գործեր: Վերջին շրջանում հեղինակած ստեղծագործությունների մեծ մասն ընդգրկվեց նախորդ՝ «Շղթայված օրեր» (2016 թ., «Նաիրի») գրքի մեջ: Բայց «Օրհներգեր» շարքն առանձնանում էր: 2013-2015 թվականներին գրված այս գործերում խորհրդավոր մի շեմք է ասես ուրվագծվում. «ՈՒ առանց խոսքի տրտմում է հոգին,/Որին տրված է մուտքը պահպանել/Այս լուսաբացի - ուր մտնում ենք մենք/ՈՒ թոթափում ենք մարմինը մթան,/ՈՒ դուրս ենք գալիս թափանցիկ ու մերկ՝/Կյանքի լուսավոր հետքերը գտած»: Եվ այդ շեմքը ասես բխում էր այս ընդգրկուն գրքի ներքին բովանդակությունից. երկարող մի արահետ, ճանապարհ, որ շարունակվում է դեռևս այսօր: Այնպես որ, չէր կարելի «Օրհներգերը» չներառել:
-Գրքում զետեղված են նաև ձեռագիր բանաստեղծություններ: Դրանք վերջին տարիներին գրված գործե՞ր են: Դարձյա՞լ անտիպ:
-Ձեռագիր գործերը երեքն են. Հրաչյա Բեյլերյանին նվիրված բանաստեղծությունը, «Եվ չկա տարիք, ոչ էլ ժամանակ» գործը, որ նվիրված է Վլադիմիր Բարխուդարյանին, և մի ուրիշ բանաստեղծություն, որ վերնագրված է «Լուսաբաց»: Գործերն «Օրհներգեր» շարքից են ու ներկայացվում են նաև տպագիր տարբերակով: Բայց ձեռագիրը միշտ էլ օժտված է ներկայության բացառիկ ուժով. դրանց մեջ բացահայտվում են հեղինակի ողջ էությունը, լեզվի հետ ունեցած նրա փոխհարաբերության խորությունն ու ճշգրտության մակարդակը: Հայրիկիս կապը լեզվի հետ խստապահանջ է, անսեթևեթ, վճիտ: Դա երևում է նրա մանրատառ, նուրբ ու մաքուր ձեռագրի մեջ:
-Ինչո՞վ են առանձնանում վերջին տարիների ստեղծագործությունները:
-Հրաչյա Թամրազյանի պոեզիային միշտ էլ հատուկ է սահմանազանց պարը. սահմանից անդին թրթռացող հարազատ կերպարանքները, խորհրդավոր ձայները քնարական հերոսին ստիպում են հատել լուսափաղփ շեմքը, նոտագրել տարաշխարհիկ մեղեդին: Հեռացածների հայացքն ամեն օր արթնանում է մեր հայացքներում, և մի պահ թվում է՝ դերերը շրջվել են. այդ մենք ենք հեռացել, իսկ նրանք կենդանի՝ հակվել են կյանքի թաղանթին: Սրանք կրկնվող մոտիվներ են բանաստեղծի պոեզիայում և առանձնահատուկ տպավորիչ խորքերի են հասնում վերջին շրջանի բանաստեղծություններում: Եվս մի բան. զրույցը սեփական հոգու հետ: Հոգին հանկարծ լքում է հերոսին, հայտնվում սահմանից անդին, վառում կարոտի տրոփող աստղերը, հետո վերադառնում, մի քանի խոսք շշնջում ու նորից համրացած՝ անցնում հետնաբեմ: Սա խորհրդավոր է, գեղեցիկ, միաժամանակ լուսավոր ու ողբերգական. լինում են համընկնումի բացառիկ պահեր, երբ հերոսը փարվում է իր հոգուն, իր ներքին մարդուն, բայց դրանք ակնթարթներ են տևում։. Այս ապրումը, որ դարձյալ նոր չէ, չափազանց ինքնատիպ մի պատկերաշար է հյուսում Հրաչյա Թամրազյանի պոեզիայում՝ օժտված իր ուրույն գեղագիտությամբ ու մեղեդայնություններով. «Մի Հոգու թատրոն»՝ բանաստեղծի բանաձևմամբ, որ դարձել է նրա ժողովածուներից մեկի վերնագիրը: Վերջին շրջանի գործերում, «Օրհներգեր» շարքում հոգու դրաման դրսևորվում է առանձնահատուկ ուժով, բանաստեղծությունից բանաստեղծություն մենք մասնակից ենք այդ զրույցին... սեփական հոգու հետ, որ հանկարծ հայտնվում է՝ իբրև «լույսի ու մթան անմեկին խորհուրդ», մերձեցնում մեզ մեր ամբողջական, տիեզերական «ես»-ին:
-Շապիկի նկարի մասին երկու խոսք կասե՞ք: Նկարում նկատեցի թախիծ, մշուշ, հեռավորություն, նաև շարժում:
-Կազմի բնանկարը Ծաղկաձորի ճանապարհին, ընթացքի մեջ գտնվող մեքենայից արված մի լուսանկար է: Մի ճանապարհ, որ հարազատ ու սիրելի է հայրիկիս: Նկարը մշուշի պատրանք է ստեղծում, որովհետև պատկերն աղոտ է ընթացքի պատճառով, ինչպես արդեն բացատրեցի: Լուսանկարում վերջալույս է: Բայց ինձ համար այն ոչ թե թախիծ կամ հեռավորություն է արտահայտում, այլ ճանապարհ ու խորհրդավոր մի ձայնակցում կամ համաձայնություն բնության, գոյություն ունեցող ամենի, տիեզերքի հետ: Նաև այն զգացողությունը, որ ճանապարհը շարունակվում է ինչ-որ տեղ, բավական է միայն գտնել այդ բնանկարը, մտնել նրա մեջ:
-«Եթե կարոտը կյանքի նշան է» խորագրի ներքո են զետեղված 1981-1982 թվականին գրված գործերը: Այսօր այս տողերը Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունեն, կարոտը կյանքի նշա՞ն է: ՈՒ ոչ միայն այս, բանաստեղծի հեռացումից հետո նրա տողերում արդյո՞ք տեսնում, գտնում, բացահայտում եք ծածկագրեր, իմաստներ, որ մինչ այդ չէիք նկատել:
-Բանաստեղծությունն ինձ համար խորհրդավոր զրույց է, և որքան խոր է այդ զրույցը, այնքան անխուսափելի են լռություններն ու ծածկագրերը: Բանաստեղծի ֆիզիկական ներկայությունը կամ բացակայությունը որևէ բան չեն փոխում ծածկագրերի օրինաչափության մեջ: Ինչ վերաբերում է ձեր հիշատակած տողերին՝ «Եթե կարոտը կյանքի նշան է», դրանք միշտ էլ նույն նշանակությունն են ունեցել ինձ համար, նույնիսկ պատանեկությանս տարիներին: Այո՛, ինձ համար կարոտը միշտ էլ «կյանքի նշան է» եղել, ես դա շատ վաղ եմ հասկացել, գուցե և հայրիկիս շնորհիվ: Նրա պոեզիան հարուստ է կարոտի բանաստեղծական կերպավորումներով... ՈՒ առօրյա կյանքում էլ անհունի այդ կենսական կարոտը խոր, առեղծվածային կապ էր ստեղծում հայրիկիս ու խորհրդավոր եզերքների, հեռացած ներկայությունների աստղաբույլերի միջև:
-«Քաղաքը հեռվից լսում է իրեն, /Միևնույն լուրն է շրջում շրթեշուրթ.- /Ես ինձ չե՛մ հիշում այս օրերի մեջ, /Ես ինձ չե՛մ հիշում, ես ինձ չե՛մ հիշում»: Քաղաքը հաճախ է հանդիպում բանաստեղծություններում: Սա բանաստեղծի ներքի՞ն քաղաքն է՝ անուն չունեցող, ժամանակի, տեղի հետ կապ չունեցող, թե՞ նաև կարող ենք տեսնել-ճանաչել մեր ժամանակը, մեր իրականությունը, մեր քաղաքը:
-Բանաստեղծի ներքին քաղաքներում միշտ անդրադառնում են արտաքին քաղաքների լույսերն ու արձագանքները: Ներքին չի նշանակում ժամանակից կտրված, օտարված, ճիշտ հակառակը. ներքին քաղաքում ժամանակը, տարածությունը, կարելի է ասել, մինչև վերջ յուրացված են, վերածված են ներքին ինչքի: Մի ամբողջ ներքին քաղաքագրություն կա Հրաչյա Թամրազյանի պոեզիայում աստվածաշնչյան «Ապակե քաղաքի» այնքան ինքնատիպ մեկնությունից մինչև «Ներաշխարհի» կամ «Շղթայված օրերի» սրտի մայրաքաղաքը: Ըստ իս՝ սա առանձին գրականագիտական թեզի նյութ է. հոգու քաղաքագրությունը Հրաչյա Թամրազյանի պոեզիայում՝ իր թափանցիկ փողոցներով, անկյունադարձերով, ոլորաններով, լռող բեմերով և մութ հետնաբեմերով: Իհարկե, նույն «Ապակե քաղաքում» կան նաև պատկերներ, որ թվում են առավել առարկայական, կոնկրետ. «պատանեկության տենդավառ քաղաքը», «գինու փրփուրում» սուզվող մայթերը: Բայց այստեղ էլ բանաստեղծի ներաշխարհն ու արտաքին աշխարհը հանդիպել են իրար, փոխակերպել քաղաքի դեմքը՝ վերածելով այն միաժամանակ ներքին և արտաքին կատեգորիայի: «Ահա և վերջ» բանաստեղծության «շղթայակիր մայրաքաղաքը» («Ներաշխարհ») ներքի՞ն քաղաքն է, թե՞ իրական: Իհարկե, սա բանաստեղծի ներաշխարհի փոխաբերությունն է, բայց դրա վերնափեղկում նշմարվում է, ասես, իրական քաղաքի արտացոլանքը: Իսկ «Շղթայված օրեր» գրքի բանաստեղծական շարքերում հանկարծ հառնում է օտար քաղաքի, այս դեպքում՝ Փարիզի դիմագիծը՝ իր անձրևոտ մայթերով, սաղարթաշատ թխկենիով ու կատուներով: Համենայն դեպս, մշտապես գործում է կենդանի, զգայուն կապը բանաստեղծի ու քաղաքի միջև: Նույնիսկ երբ քաղաքը ներքին է, այն աչքի է ընկնում պատկերների և ներդաշնակությունների նուրբ զգայականությամբ, որը կախարդում է ընթերցողին:
-«Բեմն անիվների վրա» բանաստեղծությունը նվիրված է Արթուր Մեսչյանին: Այդ և էլի մի քանի գործեր հանրությանը ծանոթ են երգի տեսքով: Երգի վերածվելով` բանաստեղծությունը շարունակում է ապրե՞լ, թե՞ մի քիչ հեռանում ինքն իրենից, թամրազյանական աշխարհից և առանձին, այլ կյանքով է ապրում:
-Բանաստեղծությունը շահու՞մ է, թե՞ կորցնում երգ դառնալիս: Ամեն ինչ կախված է կոնկրետ բանաստեղծությունից և երգից: «Բեմն անիվների վրա» բանաստեղծությունը գրվել է որպես ընծա: Այն նվիրված է ընկերոջը: Եվ ընծայատերն այն վերածել է երգի: Ըստ իս՝ դժվար է ավելի գեղեցիկ բան երազել բանաստեղծության ճակատագրի համար: «Բեմն անիվների վրա» գործը ծավալուն պոեմ է՝ շատ ինքնատիպ, ծառս եղող ռիթմով: Ինչպես բանաստեղծի ամբողջ պոեզիան, այն արդեն իսկ չափազանց երաժշտական է, ունի իր անկրկնելի ռիթմը, մեղեդայնությունը, երբ գործը բարձրաձայն ընթերցում ես, հասկանում ես, որ առանձնահատուկ ջանք է պահանջում այն երգի վերածելը: Բովանդակային առումով՝ «Բեմն անիվների վրա» գործն ինձ համար «Հարդագողի ճամփորդների» մերօրյա արձագանքն է, որ պատկերում է որոնող մարդու, արվեստագետի ուղին, նրա ճակատագիրը՝ ողբերգական բեկումներով ու հախուռն վերելքներով, որոնց գինը ներաշխարհի հրկիզվող բեմերն են: Երգում բանաստեղծության մի քանի տուն բացակայում է: Բայց ներքին բովանդակությունը մնում է անաղճատ, թե՛ մեղեդին, թե՛ կատարումը ավելի քան հարազատ են բանաստեղծի ոգուն: Հայրս մեծ ջերմությամբ, սիրով էր վերաբերվում Արթուր Մեսչյանի երգերին և մասնավորապես՝ այս երգին: Ինչ վերաբերում է ինձ, ես և քույրերս պատանեկան տարիքում էինք, երբ երգը գրվեց: Բանաստեղծությունն արդեն ծանոթ էր մեզ, այն ամբողջացնում էր մեր երիտասարդ հայրիկի կերպարը, որ մեզ համար իսկապես կարոտի աստեղատան, հրկիզվող բեմերի ասպետն էր: Երգն ընդունեցինք մեծ խանդավառությամբ, ջերմությամբ, և այն մեզ իսկապես ուղեկցել է պատանեկության, երիտասարդության տարիներին, ուղեկցում է մինչև օրս:
-«Լիարյուն կյանքի այրող կարոտն է, որ ձգում է մեզ»: Տպավորություն ունեմ, որ «լիարյուն կյանքի կարոտը» հոսում է, ապրում բոլոր գործերում։
-Իրավացի եք, հայրիկիս պոեզիան իսկապես կենսաթրթիռ է, ասես ներհյուսված կյանքի երակին, շնչառությանը: Հետաքրքիր է, որ կենսական այդ թրթիռը ոչ միայն մոտիվ է, բովանդակություն, այլև տրոփում է բանաստեղծական հյուսվածքի մեջ՝ որպես երաժշտություն, որպես ռիթմ, բառապատկերի զրնգուն ղողանջ...
-Ժամանակի ընկալումների մասին ի՞նչ կասեք: Բանաձևումները շատ ինքնատիպ են՝ ժամանակը ձևող մկրատ է, վայրկյանը մերկ է, պարող, փխրուն... Կարելի է շարունակել:
-Ինչպես ցանկացած արվեստագետ, բանաստեղծը հակվում է ֆիզիկական ժամանակի անսայթաք, անողոք ընթացքի վրա: Փորձում է իր համար բանաձևել հավերժության և ակնթարթի, տևողության ու վայրկյանի փոխհարաբերությունը, ջանում է սահմանել ներքին ժամանակը, փնտրում տևողությունից փխրուն, բայց բացարձակ ակնթարթը կորզելու, փրկելու եղանակը: Հետաքրքիր է, բայց երբ երեխա էի, հայրիկիս տողերից մեկն առանձնահատուկ ուժով դաջվել էր հիշողությանս մեջ. «Դա պա՛հն է, պա՛հն է, պա՛հը- կույր թռչուն»... Չորս տարեկան էի. այդ երաժշտությունը, այդ հատու շեշտերը ազդեցիկ էին, առեղծվածային: Ինչպե՞ս էի մտապահել. մենք հաճախ էինք այցելում պապիկենց տուն, հայրս ու հորեղբայրներս երեկոյան ուրախ զրույցների ժամանակ սիրում էին կատակել, սրամտել... և երբ հերթը հասնում էր հայրիկիս բանաստեղծական գրքերին, հորեղբայրս, որպես կանոն, հիշում էր «Ապակե քաղաք» գրքում տեղ գտած բանաստեղծության տողը. «Հը՞, Հրա՛չ. Դա պա՛հն է, պա՛հն է, պահը- կույր թռչու՞ն...»: Հայրիկս գունատվում էր ու լռում: Ես շատ փոքր էի, հայրիկս ինձ համար ամենագեղեցիկ արքայազնն էր, ու մտքում որոշել էի, որ այդ տողը շատ կարևոր է, անցաթղթի պես մի բան դեպի թանկ, նվիրական մի ափեզր, որ հեշտ չի տրվում: Հիմա, երբ վերընթերցում եմ բանաստեղծությունը, զարմանում եմ, որ դեռ երեսունը չբոլորած երիտասարդ բանաստեղծը նման համընդգրկուն, հզոր գործ կարող էր ստեղծել՝ ակնթարթի այդքան ինքնատիպ բանաձևումով:
-«Զվարթ գիտություն» էսսեում ասվում է, որ մենք ապրում ենք հոգեզրկված, անզգայացած ժամանակներում, հիվանդ հասարակության մեջ: Ասվում է նաև, որ «այդ ամենից, ահա, մեզ կարող է ազատել նորին մեծություն բառը, բացարձակ առումով՝ բոլոր ժամանակների այդ միակ հերոսը»: Նրա գործերում չկա անդրադարձ հասարակական, քաղաքական խնդիրներին, միաժամանակ տողատակերում շատ ավելին է ասվում:
-Այո՛, մերկապարանոց հղումներ չկան, բայց Ձեր հիշատակած էսսեն ծայրից ծայր բանաստեղծի ներհակ խոհն է մերօրյա հասարակական գործընթացների, միտումների շուրջ, նրա անվրեպ գնահատականը: «Հոգեզուրկ». այս բառը շատ ավելին է ասում, քան երկարաշունչ հռետորական ճառերը։ Բանաստեղծը թվացյալ «արդիական», «սուր» հարցեր հնչեցնելու նպատակ չի դնում իր առջև, անաղարտ է պահում բառաշխարհի տիրույթը, որովհետև հաճախ մերկապարանոց, ամբոխավարական ուղերձները բանաստեղծությունը վերածում են պամֆլետի կամ պաստառի, ցուցանակի: Ճշմարիտ պոեզիային հատուկ չէ տենդագին վազքը իր ժամանակի հետևից, նորաձևության շքերթում առաջինների շարքում հայտնվելու մոլուցքը: Այն, իհարկե, սնվում է իր ժամանակից, բայց բարձր, խոր պոեզիայի դեպքում մենք ամենից հաճախ գործ ունենք ժամանակի առավել լայն, ներքին ընկալման հետ, որտեղ առկա են նաև անցյալի ու գալիքի ստվերները, ինչպես Էլիոթի հանրահայտ տողերում. «Ներկան և անցյալը միասին /Հավանաբար ներկա են ապագայի մեջ /Իսկ ապագան անցյալի մեջ է սոսկ» («Չորս կվարտետ»): Ճշմարիտ պոեզիան վերժամանակյա է, այսինքն, վեր է ժամանակային-տարածական չափումներից։ Եվ դրանում է նրա հարակայության գաղտնիքը. նման գործերը ցանկացած դարաշրջանում դառնում են մեր ժամանակակիցը, որովհետև ժայթքում են մարդկային ներաշխարհի անմեկնելի խորքերից: Բայց դա չի նշանակում, որ դրանք կտրված են իրենց ժամանակից: Բավական է ուշադիր հակվել Հրաչյա Թամրազյանի գործերում ներկայացվող ներաշխարհի պատկերագրության վրա, և այնտեղ զարմանալի ուժով երևակվում են մեր ժամանակի ցնցումները, բեկումները, խելահեղ ընթացքը. և ոչ միայն տողատակերում, այլև վերնագրերում, ամսաթվերում, ինչպես, օրինակ, «Պաշարված ամրոցի» դեպքում, որ գրվել է Վազգեն Սարգսյանի մահվանից հետո ու նվիրված է նրան: Կամ ովքե՞ր են «Դոն Կիխոտ» բանաստեղծության «զազրախոսող» բամբառակները կամ իր միակ հերոսին սպանած վերնախավը. «...ՈՒ վերնախավն է ցնծում նորընտիր /Որ զոհել է իր միակ հերոսին/»... Փշաքաղվում ես այս տողերը կարդալիս. դրանք ունեն կոնկրետ բովանդակություն, բայց և խոր փոխաբերություն են: Դոն Կիխոտի, Համլետի կերպարները հավերժ ժամանակակից են, որովհետև ավելին են, քան պարզապես բողոք այս կամ այն բռնատիրության, այս կամ այն հասարակարգի դեմ: Ինձ թվում է՝ հիսուն տարի անց «Պաշարված ամրոցը» նույնքան թարմ և հարուստ հնչեղություն է ունենալու:
-«Բանաստեղծը» էսսեն սկսվում է «Մեզ տրված չէ ճանաչել բանաստեղծին» խոսքերով: Մեջբերված են նաև Չարենցի տողերը. «Երգերիս մեջ /Դու գիտե՞ս, /Ինձ ոչ ոք չի ճանաչում, /Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս»: Սա օրինաչա՞փ է, ինչպես որ օրինաչափ է, երբ մահից հետո սկսում են ճանաչե՞լ բանաստեղծին:
-Այո և ոչ: Գուցե օրինաչափ է բանաստեղծին մեկուսացնելու միտումը: Մենք կարծես ընկալում ենք նրա այնքան պարզ, կենսական անհրաժեշտությունը՝ «լսի՛ր ինձ, այս տողերի տակ մի մարդ է շնչում», ու միևնույն ժամանակ ձևացնում ենք, թե չենք լսել՝ անձնատուր խառնիճաղանջ կենցաղի լարած թակարդներին, աններդաշնակ առօրյայի անցուդարձին: Առօրյան՝ իր խայտաբղետ մայթերով, ասես չունի այն տարածությունը և ժամանակը, որոնք մինչև վերջ ընդունում են բանաստեղծին, խոնարհվում են Խոսքի բացարձակ հրաշքի առջև: Մինչ մենք մի գործից մյուսն ենք վազում, գիտենք, որ ինչ-որ մեկը մի տող է գրել, որը փոխել է քաղաքի դեմքը, ու արևն ավելի պայծառ է փայլում, ու մայթերը շնչում են լիաթոք, ու տիեզերքը գիտի այդ մասին, բայց ձևացնում ենք, թե դա էական չէ, թե կան առավել էական ու հրատապ հարցեր մեր հասարակության համար: Սա անխուսափելի է նույնիսկ ամենաճանաչված բանաստեղծների դեպքում. առօրյան, կենցաղը ձայնակից չեն նրանց: Բայց միտումի դեմ կարելի է պայքարել, այն ամենակարող չէ: Իսկ հետմահու տրվող ճանաչման ու սիրո հարցում համաձայն չեմ, դա օրինաչափ չէ:
-«Օրն արարել և ընկալել, ապրել և վերապրել այն իբրև արվեստի ստեղծագործություն». այս տողերը «Օրն» էսսեից են: Կարելի՞ է ասել, որ սա բնորոշում է օրը, կյանքը ապրելու նրա կերպը:
-Այո՛: Օրն ապրել՝ իբրև արվեստի գործ, բանաստեղծություն: Ամեն օր անցնող ժամերից կորզել մի բանաստեղծություն, փրկել մի քանի տող։ Տողերը հայրիկիս ամենանվիրական վկան, ուղեկիցն են եղել նույնիսկ կյանքի ամենադժվար պահերին: «Օրը սկսել մի մաքուր շնչից, /Բառեր գրառել թղթին սպիտակ, /Հասկանալ, որ սա ավարտը դեռ չի /Որ նոր ուղիներ մեզ խոսքը կտա»: Նրա դեպքում սա ոչ միայն բանաստեղծական մոտիվ է, այլև կյանքի ընկալում և կենցաղավարություն:
-«Ներքին մարդը» էսսեով եզրափակվում է գիրքը: Բանաստեղծը ներքին մարդու, համընդհանուր «ես»-ի կրո՞ղն է:
-Էսսեն հիշեցնում է, որ մեզնից յուրաքանչյուրն էլ այդ տիեզերական «ես»-ի կրողն է: Պարզապես բանաստեղծը չի խլացնում այդ ձայնը, որ թռչունի պես տրոփում է իր ներսում:


Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ